Գևորգ Շերենց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գևորգ Շերենց
Ծնվել է1848
ԾննդավայրՎան, Թուրքիա
Վախճանվել էփետրվարի 5, 1921(1921-02-05)
Վախճանի վայրԹիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Մասնագիտությունբանաստեղծ, բանահավաք, ազգագրագետ և մանկավարժ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
Գևորգ Շերենց Վիքիդարանում

Գևորգ Շերենց (1848, Վան-1921 թվականի փետրվարի 5, Թիֆլիս), հայ բանահավաք, ազգագրագետ, մանկավարժ, բանաստեղծ, հասարակական գործիչ։ Եղել է Արմենական կազմակերպության անդամ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Շերենցը ծնվել է 1848 թվականին, Վանում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում, ապա՝ Հիսուսյան վարժարանում։ 1870 թվականին մեկնել է Թիֆլիս, զբաղվել ուսուցչությամբ։ Թիֆլիսում սերտ կապեր է հաստատել տեղի մշակութային, հասարակական գործիչների հետ, ուշի-ուշով հետևել հայրենիքում կատարվող իրադարձություններին, թուրքերի կողմից հայերի նկատմամբ իրականացվող բռնարարքներին: 1877 թվականին հին Բայազետի ու նրա շրջակա գյուղերում հայերի նկատմամբ կատարված բարբարոսությունների ազդեցության ներքո իր խոհերն ու տրամադրություններն արտահայտել է «երգեր գրելով ու տաղաչափելով»[1]: 1880-ական թվականներից սկսած «Արձագանքի» էջերում տպագրել է Տաճկահայաստանում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ տեղեկատվական հոդվածներ («Նամակ Վանից», 1882, N 4, «Տաճկահայաստանի ուսումնաբանական դրությունից», 1884, N 38): 1883 թվականին Խրիմյան Հայրիկի հրավերով ուսուցչական աշխատանքի է անցել Վարագա Ժառանգավորաց դպրոցում: 1884 թվականին Թիֆլիսում 146 հայ մշակութային, հասարակական գործիչների, այդ թվում և Հովհաննես Թումանյանի օժանդակությամբ հրատարակել է «Սրտի թարգման կամ բանաստեղծություններ» ժողովածուն, որը նվիրել է Խրիմյան Հայրիկին: Գրքում տեղ են գտել իր և Վարագա դպրոցի սաների գրած հայրենասիրական, կոտորածի, գաղթի, սիրո, բնության վերաբերյալ ստեղծագործություններ: 1885 թվականին Շերենցն անդամակցել է Վանում հիմնադրված Արմենական կուսակցությանը, համագործակցել կուսակցության նշանավոր դեմքերի՝ Մ. Ավետիսյանի, Գ. Թերլեմեզյանի և այլոց հետ: 1880-ական թվականներին, արձագանքելով Արևմտահայաստանում և Արևելահայաստանում բանահյուսական և ազգագրական նյութերի գրառման շուրջ ծավալված աննախադեպ շարժմանը, Շերենցը Վանից, Շատախից ու Մոկսից գրառում է տարաբնույթ նյութեր և դրանք 1885 թվականին Թիֆլիսում տպագրում «Վանա սազ» խորագիրը կրող առաջին պրակում: 1885 թվականին Թիֆլիսից Վան վերադառնալիս ձերբակալվել է։ Բանտից ազատվելուց հետո նշանակվել է Վանի Սուրբ Թարգմանչաց դպրոցի ուսուցիչ, որտեղ աշխատել է շուրջ 10 տարի։

1893 թվականին Շերենցը հրավեր է ստացել Բաղեշի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգաբարձության կողմից Վանի վերաքննիչ ատյանի նախագահ, սիրիացի արաբ Ահմեդ Վասֆի էֆենդու հետ ուղևորվելու Բաղեշ՝ տեղի Սուրբ Գևորգ դպրոցում դասավանդելու: Դպրոցում նրա գործընկերն են եղել ավագ ուսուցիչներ Մ. Մկրյանը, Հ. Դոդոխյանը: Թուրքերի հետապնդումները շարունակվել են և Բաղեշում:

1894 թվականի մարտի 15-ին Շերենցը դասը վարելիս, երբ աշակերտներին ներկայացնում էր օսմանյան պատմության այն հատվածը, թե առաջին Օսմանը, հաջորդելով Էրթողրուլին, ինչպես է հիմնել ներկա տերությունը, անակնկալ դասարան է մտել թաղային մի պաշտոնյա՝ ոստիկանի ուղեկցությամբ: Շերենցին դպրոցից տարել են ոստիկանատուն, ապա նահանգական դատախազի մոտ: Հարցաքննությունից պարզվել է, որ Շերենցը, ուսուցչական կազմը և հոգաբարձությունն ամբաստանել են թուրքերին ինչ-որ «էրմենի մեսե-լեսիով»՝ Հայկական հարցով: Տեղի երևելիներից Բաղդալյանի երաշխավորությամբ նրան ժամանակավորապես ազատ են թողել: Շերենցի մի վկայությունից պարզվում է նաև, որ թուրքական կառավարության կողմից հատկապես ուսուցիչներն էին վերահսկվում, և կասկածյալներն անմիջապես բանտարկվում էին[2]:

1896 թվականից հաստատվել է Թիֆլիսում, որտեղ 1899 թվականին հրատարակել է «Վանա սազի» երկրորդ պրակը: Հայրենաբաղձության կարոտը սրտում՝ Շերենցը Թիֆլիսում շարունակում է իր նվիրական գաղափարների իրագործումը, ձեռնամուխ է լինում Վան-Վասպուրականի պատմական հուշարձանների, սրբավայրերի նկարագրման աշխատանքներին[3]:

Գրել է բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը («Հերիք որդյակ այսքան տարվա տառապանք» և այլն) վերածվել են երգի։ Հետագայում մանկավարժական-հասարակական գործունեությանը զուգընթաց զբաղվել է բանահավաքչական-ազգագրական աշխատանքով։ Առավել հայտնի է Շերենցի «Վանա սազ» (մաս 1-2, 1885-1899) բանահյուսական-ազգագրական ժողովածուն, որն ընդգրկում է Վասպուրականի հեքիաթները, զրույցները, երգերը, առած-ասացվածքները, հանելուկները, անեծքները, օրհնանքները և այլն։ Առանձին գրքերով լույս է ընծայել նաև «Սրբավայրեր» (1902), «Ալթուն դերեսի կամ մի գիշեր Բաղեշի բանտում․ 1893-1896» (1910) գործերը[4]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սրբավայրեր: Տեղագրութիւն Վասպուրականի-Վանայ նահանգի գլխաւոր եկեղեցեաց Վանօրէից և ուսումնարանաց: Թիֆլիս, 1902[5]:
  • Վանայ սազ: Հաւաքածոյք Վասպուրականի ժողովրդական երգերի, հեքիաթների, առածների և հանելուկների: Առաջին մաս: (Տեղական բարբառով): Թիֆլիս, 1885[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 486 CC-BY-SA-icon-80x15.png