Ստեփան Դեմուրյան
Ստեփան Դեմուրյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 12 (24), 1871[1] Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | հունվարի 13, 1934[1] (62 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Գերեզման Ստեփան Դեմուրյանի և Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն |
Մասնագիտություն | խմբավար, ազգագրագետ և կոմպոզիտոր |
Կրթություն | Ներսիսյան դպրոց (1892)[1] և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1901)[1] |
![]() |
Ստեփան Գուրգենի Դեմուրյան (հունիսի 12 (24), 1871[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 13, 1934[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ երաժշտագետ, ֆոլկլորագետ, մանկավարժ, կոմպոզիտոր և երգիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեփան Դեմուրյանը ծնվել է 1872 թվականին, Թիֆլիսում, ձկնորսի ընտանիքում։ Մոր ջանքերով 1883-1892 թվականներին խմբավարություն, երգ-երաժշտություն է սովորել Ներսիսյան դպրոցում, 1892 թվականին՝ Մակար Եկմալյանի մոտ։ 1898 թվականին մեկնել է Պետերբուրգ, ընդունվել կոնսերվատորիա, վոկալ արվեստ սովորել Ս. Գաբելի մոտ։ Մասնավոր կարգով զբաղվել է նաև կոմպոզիցիայով։ Դասերի ծախսերը հոգացել է Ալեքսանդր Սպենդիարյանը։ 1901 թվականին ստիպված վերադարձել է հայրենիք՝ անավարտ թողնելով ուսումը և նորից սկսել աշխատել։
Դեմուրյանը երգ-երաժշտություն է դասավանդել Շուշի քաղաքի թեմական և Մարիամյան դպրոցում (1892-1917, ընդմիջումներով), Գորիում՝ 1895-1898, Ռուսաստանի, Հարավային Կովկասի և Հյուսիսային կովկասի զանազան քաղաքներում (1903-1924), Բաքվում (1924-1926), Երևանի Աբովյանի և Միասնիկյանի դպրոցներում (1926-1934)։ 1921 թվականին Դեմուրյանն աշխատել է Պյատիգորսկում որպես ուսուցիչ, անվճար համերգներ է տվել կարիքավոր ընտանիքների համար և բեմադրել Արմեն Տիգրանյանի Անուշ օպերան։
Դեմուրյանների տունը հավաքատեղի է եղել հայ մտավորականներից շատերի համար՝ կոմպոզիտորներ Ռոմանոս Մելիքյան, Արամ Քոչարյան, Սպիրիդոն Մելիքյան, Մարտին Մազմանյան, երգչուհի Արուս Բաբալյան, երգիչ Պավել Լիսիցյան և երաժշտագետ Ռուբեն Թերլեմեզյան, գրողներ Չարենց, Ազատ Վշտունի, Գուրգեն Մահարի, դերասաններ Ջանան և Հրաչյա Հերսիսյան, ռեժիսոր Վարդան Աճեմյան և ճարտարապետ Գևորգ Քոչար, նկարիչ Միքայել Արուտչյան։
Մահացել է 1934 թվականին հունվարի 13-ին կարճատև, տառապալից հիվանդությունից (արյան զեղում)[2]։
Ստեղծագործական գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեմուրյանն իր ստեղծագործական կյանքի ընթացքում հավաքել և կորստից փրկել է հայ երգի բազմաթիվ նմուշներ, կրթական գործունեություն է ծավալել, պրոպագանդել երգ-երաժշտություն, փորձել իր ուժերը երաժշտական տեսության բնագավառում, ներդաշնակեցրել ժողովրդական երգեր և վերջապես, հորինել իր սեփական ստեղծագործությունները։ Դեմուրյանի ստեղծագործական գործունեությունը հիմնականում ծավալվել է անսամբլային ժանրում։
Դեմուրյանի կյանքը սերտորեն կապված էր բեմի հետ. կազմակերպել է հայ օպերաների բեմադրություններ (Արմեն Տիգրանյանի «Անուշը» և Դ. Ղազարյանի «Գյուլնազ տատի հեքիաթը» 1917 թվականին Շուշիում, «Անուշը»՝ 1921 թվականին Պյատիգորսկում և այլն)։ Նկարահանվել է «Երկու գիշեր» կինոֆիլմում։ Դեմուրյանի խաղը ռազմական ղեկավարի դերում բարձր գնահատականի է արժանացել։ Կատարել է Պեպոյի դերը ուսուցչական ուժերով կազմակերպած «Պեպո» ներկայացման մեջ։
Երեք տարի աշխատել է Գորի քաղաքում (1895-1898), որտեղ նրա կազմած երգեցիկ խումբը համերգներ է տվել ինչպես այդ քաղաքում, այնպես և մոտակա գյուղերում ու շրջաններում՝ Սուրամում, Ախալքալաքում և այլուր։
Շուշիում իր գործունեությունը ավարտելուց հետո Դեմուրյանը 1926 թվականի ամռանը համերգներ է կազմակերպում նաև Լենինականում և Երևանում։ Նույն թվականից նա Երևանի Մյասնիկյանի և Աբովյանի անվան դպրոցի ուսուցիչ էր, ուր աշխատել է մինչև կյանքի վերջը։ Բազմաթիվ համերգներ է տվել Կարմիր բանակի զինվորների համար։ 1929 թվականի ամռան ամիսներին Ստեփանակերտում կազմակերպել է մասսայական համերգներ, հանդես է եկել տարբեր ակումբներում։
Դեմուրյանի գործունեությունը, որը հիմնականում ծավալվել է մանկավարժական և կատարողական ասպարեզում, մշտապես զուգակցվել է երաժշտագիտական, բանահավաքչական և գիտական աշխատանքի հետ։ Բոլոր բնագավառներում էլ նա դրսևորել է մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմ` հենված գիտական մեթոդաբանության վրա, ինչը հնարավորություն է տվել ձևավորելու հայ երաժշտագիտական, մանկավարժական և մշակութաբանական մտքի կայացման համար։
Մանկավարժությունը և խմբավարությունը կարևոր տեղ են զբաղեցնում Դեմուրյանի ստեղծագործության մեջ։ Նա կարողացել է դասավանդման ճիշտ մեթոդի շնորհիվ աշակերտների և խմբի երգիչների մոտ սեր արթնացնել դեպի երաժշտությունը։ Երգը նրա ընկալմամբ կյանքն իմաստավորող և խթանող մի միջոց էր։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1904 թվականին ամուսնացել է Օսաննա Հովհաննեսի Յարալյանի հետ (հետագայում՝ Սոֆյա Իվանովնա Դեմուրյան)։ Դեմուրյանի որդիներն են՝ Գուրգեն Դեմուրյանը՝ գիտությունների թեկնածու, բիոքիմիկոս, և Թամար Դեմուրյանը՝ Հայաստանի վաստակավոր արտիստուհի, ասմունքի վարպետ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարգարիտ Բրուտյան (1969). Ստեփան Դեմուրյան. Երևան.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Չարենցի անվ. ԳԱԹ. Դեմուրյանի արխիվ.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Դեմուրյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 346)։ ![]() |
- Հունիսի 24 ծնունդներ
- 1871 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Հունվարի 13 մահեր
- 1934 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևան քաղաքում թաղվածներ
- Կոմիտասի անվան պանթեոնում թաղվածներ
- Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի շրջանավարտներ
- Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ երաժշտագետներ
- Հայ մանկավարժներ
- Հայ կոմպոզիտորներ
- Հայ երգիչներ
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով