Jump to content

Անահիտ Մխիթարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ա. Մխիթարյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մխիթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անահիտ Մխիթարյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 6, 1969(1969-03-06) (55 տարեկան)
ԾննդավայրՎաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն{{{2}}} Հայաստան
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ՄասնագիտությունԵրգչուհի, սոպրանո
Պարգևներ և
մրցանակներ

ՀՀ վաստակավոր արտիստուհի,
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալ
Հետևյալ միջազգային մրցույթների Առաջին մրցանակակիր,
«Գրան Պրի» և Ոսկե մեդալ

  1. 1990 թ. «Ֆրանցիսկո Վինյաս»
  2. 1991 թ. «Վինչենցո Բելլինի»
  3. 1996 թ. «Գայարե Կարերաս»
Կայքanahitmekhitarian.com
 Anahit Mekhitarian Վիքիպահեստում

Անահիտ Հարությունի Մխիթարյան (մարտի 6, 1969(1969-03-06), Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օպերային երգչուհի, սոպրանո, միջազգային մրցույթների եռակի Ոսկե մեդալակիր և երեք «Գրան Պրի»-ների թագակիր, Հայաստանի վաստակավոր արտիստ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անահիտ Մխիթարյանը ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժինը, այնուհետև՝ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի վոկալ բաժինը։ Սովորել է նաև նույն կոնսերվատորիայի վոկալ բաժնի ասպիրանտուրան։

1990 թվականին նոյեմբերին մասնակցել է Իսպանիայի Բարսելոնա քաղաքում անցկացվող «Ֆրանցիսկո Վինյասի» անվան վոկալիստների միջազգային մրցույթին, որտեղ նվաճել է առաջին մրցանակը՝ Ոսկե մեդալ, «Գրան Պրին»։ Ժյուրիի նախագահն է եղել հանրահռչակ օպերային երգչուհի Մագդա Օլիվիերոն։ Անահիտ Մխիթարյանին շնորհվել է նաև Կատալոնիայի Կառավարական Հատուկ պարգևը։

1991 թվականի հոկտեմբերին Անահիտ Մխիթարյանը Իտալիայի «Վինչենցո Բելլինիի» անվան միջազգային մրցույթում նվաճում է առաջին մրցանակը, «Գրան Պրին» և Ոսկե մեդալը։ Պարգևներն Անահիտ Մխիթարյանին է հանձնում ժյուրիի նախագահ, աշխարհահռչակ երգչուհի Ջոան Սադրլենդը։

1996 թվականի սեպտեմբերին մասնակցում է «Գայարե Կարերաս» միջազգային մրցույթին, որը տեղի էր ունենում Իսպանիայի Պամպլոնա քաղաքում։ Այստեղ երգչուհին նվաճում է առաջին տեղը, «Գրան պրին» և Ոսկե մեդալը։ Ժյուրիի պատվավոր նախագահն էր հանրահայտ տենոր Խոսե Կարերասը։ Կարերասը Անահիտին համարել է բացառիկ երգչուհի և նշել, որ Անահիտ Մխիթարյանը կփայլի աշխարհի լավագույն բեմահարթակներում։

1991 թվականից Անահիտ Մխիթարյանը Հայաստանի Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնի առաջատար մեներգչուհին է։

Երգչուհին մշտապես ելույթ է ունենում աշխարհի լավագույն բեմահարթակներում։ Մեծ հաջողությամբ մենահամերգներ և օպերային ներկայացումներ է ունեցել Ավստրիայում (Վիեննա), Անգլիայում (Լոնդոն), Շվեդիայում (Ստոքհոլմ, գոտեբուրգ), Շվեյցարիայում (Ժնև), ԱՄՆ-ում (Լոս-Անջելես, Վաշինգտոն), Ավստրալիայում (Սիդնեյ, Ֆրանսիայում (Փարիզ), Ռուսաստանում (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ), Իսպանիայում (Մադրիդ, Բարսելոնա, Սան-Սեբաստիան, Պամպլոնա, Լա Կորունիա, Մերիդա, Սևիլյա), Լիբանանում (Բեյրութ), Եգիպտոսում (Կահիրե, Ալեքսանդրիա), Միացյալ Արաբական Էմիրություններում (Դուբայ, Աբու Դաբի), Բրազիլիայում (Ռիո Դե Ժանեյրո, Սան Պաուլո) և այլուր։

Բազմիցս հրավիրվել է համերգների՝ կազմակերպված ՀՀ դեսպանությունների կողմից. Բրազիլիա, Եգիպտոս, Սիրիա, Լիբանան, Ռուսաստանի Դաշնություն և Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորություն։

Տնտեսագիտության դոկտոր Արմեն Հակոբյանի կինն է։

Օպերային բեմում Անահիտ Մխիթարյանը հանդես է եկել հետևյալ գլխավոր դերերգերով՝

Բեմահարթակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անահիտ Մխիթարյանը հանդես է եկել՝ Գայարրեի օպերային թատրոնում՝ (Լյուչիա «Լյուչիա Դի Լամերմուր»), Մերիդայի հնագույն Ամֆիթատրոնում, հանրահայտ "Festival de Teatro Classico"-ում՝ (Պաոլինա «Պողիկտոս»), Սևիլյայում և Կորունիայի Կոլոն թատրոնում՝ (Դեզդեմոնա «Օթելլո»), Լոս Անջելեսի հանրահայտ Շռայն Աուդիտորիումում՝ (Անուշ «Անուշ»), Մոսկվայի Մեծ թատրոնում (Նորմա «Նորմա») և այլուր։

Համերգներով հանդես է եկել մի շարք հանրաճանաչ բեմահարթակներում՝ Գրան Տեատրո դել Լիսեո, Պալաու դե լա Մուզիկա Կատալոնիա (Բարսելոնա), Սալ Գավո համերգասրահ (Փարիզ), Մալմոյի համերգասրահ (Շվեդիա), Աուդիտորիում դե Մադրիդ (Մադրիդ), Սան Ջոնս Սմիթ Սքուեր (Լոնդոն), Սյունազարդ դահլիճ (Մոսկվա), Մարինյան թատրոն (Սանկտ Պետերբուրգ) և այլուր։

Համագործակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անահիտ Մխիթարյանը համագործակցել է հետևյալ նվագախմբերի հետ՝

  • Մադրիդի RTVE սիմֆոնիկ նվագախումբ
  • «Պաբլո Սարասատե» սիմֆոնիկ նվագախումբ
  • Մալմոյի սիմֆոնիկ նվագախումբ
  • Բարսելոնայի Գրան Տեատրո դել Լիսեո օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբ
  • Լիբանանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
  • Ռուսաստանի ազգային սիմֆոնիկ նվագախումբ

Համագործակցել է հանրահայտ դիրիժորներ Գոմես Մարտինեսի, Ջիանանդրեա Նոզեդայի, Վլադիմիր Սպիվակովի, Միգել Օրտեգայի և այլոց հետ։ Միգել Օրտեգան ղեկավարել է նաև Մխիթարյանի Գալա համերգը Երևանում, որը երգչուհին նվիրել է Ազգային օպերային թատրոնի 75-ամյակին։

Քաղվածքներ մամուլից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անահիտ Մխիթարյան՝ հրաշաձայն երգչուհի

Ոսկեփայլ ձայն, բացառիկ դիապազոն, համեստ և միևնույն ժամանակ հպարտ ներկայություն, որն այնքան ջերմ էր, մեղմ և հրեշտակային. ահա կոլորատուրային սոպրանո Անահիտ Մխիթարյանի տաղանդը։ Հնչում է Մեյերբերի շողշողուն «Դինորան»՝ կայտառ ու կենսուրախ ձայնային ճկուն ելևէջներով։ Կախարդող վայրկյան. Անահիտ Մխիթարյանի ձայնը մրցում է սիրահարված սոխակի ձայնի հետ։ Անթերի, անբասիր ոճ, վոկալ վիրտուոզ վարպետություն։

"L'orient le jour", Լիբանան

Ինչպես ասում են Իտալիայում՝ «Una donna spolverata»։ Իր պլաստիկ շարժումներում, իր վեհ կեցվածքով, հանդիսատեսին ներկայանալու և ողջունելու ունակությամբ, այդ ամենում զգացվում է թատրոնի գիտակը։ Բեմի վրա իր պահվածքով, դիրքով, խոնարհման ձևով, ամեն ինչում նա հանդես բերեց իր թատերական և արտիստական բարձր շնորհը։ Սակայն հայուհին դյութում էր ոչ միայն բեմում իրեն պահելու հմտությամբ, այլև չափազանց հաճելի, հնչեղ, սքանչելիորեն շարժուն ձայնով, որն ունի անզուգական տեմբրային երանգավորում։ Ընդունակ է հնչյունը նվազեցնել մինչև նրբագույն հյուլեն՝ միաժամանակ ցուցադրելով կոլորատուրայի անբասիր տիրապետում։

"Scherzo" երաժշտական ամսագիր, Մադրիդ

«Անուշ» օպերան մեր մեջ

Լոս Անջելեսի Շրայն թատերասրահի անծայրածիր դահլիճում ծովածավալ բազմություն էր՝ «Անուշ » օպերան էր։ Մենք տեսանք ու ապրեցանք Անուշի աստիճանական զարգացումը երաժշտականորեն և բեմականորեն, անհոգ գյուղական մի պար ու խաղեն մինչև խելագարություն։

Անուշի հոգեցնցումները շատ նուրբ և իրական ապրումներով տրվեցան Անահիտ Մխիթարյանի կողմեն, որ արդեն իսկ վավերական Անուշ մըն է և ոչ՝ լոկ դերասան։ Ձայնային անհամար կարողություններ, փայլուն և թավշային արտահայտչականություն, անթերի խաղարկություն, դերի ամբողջականության ստանձնում՝ զարգացման միակերտ մարմնավորումներով, մինչև անխուսափելի դրաման։

«Ասպարեզ» օրաթերթ, Լոս Անջելես, ԱՄՆ

«ՆՈՐՄԱ»

Մխիթարյանի հոկակապ սոպրանոն, անհավանական թեթևությամբ ճախրելով նվագախմբի վրայով, կախարդում է շմչառությամբ գրեթե չընդհատվող հիանալի ձայնային գծով, որը հանրահայտ Կաստա Դիվային տալիս է գլխապտույտ առաջացնող մի այլ հնչողություն... Անահիտ Մխիթարյանը ցուցադրեց իսկական բելկանտո երգեցողություն, կարողանալով վերհանել Բելլինիի գլուխգոգծոցի ողջ հմայքը։

«Ռուսսկի Ժուրնալ», Մոսկվա

Պարգևներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2003 թվականին Անահիտ Մխիթարյանին շնորհվեց Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում։
  • 2013 թվական մայիսի 28-ին, Հայաստանի Նախագահի հրամանգրով, Հանրապետության տոնի առթիվ պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]