Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար (Արամ Խաչատրյան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար»
(Արամ Խաչատրյան)
ԺանրԿոնցերտ
ԿոմպոզիտորԱրամ Խաչատրյան
Մասերի քանակերեք
Տևողություն32 րոպե
Ստեղծման տարեթիվ1936 թվական
Առաջնախաղի տարեթիվ1937 թվականի հուլիսի 12
Առաջնախաղի վայրՄոսկվա
Հրատարակման տարեթիվ1946 թվական
ՏոնայնությունD-flat major

Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար (ռե բեմոլ մաժոր) Արամ Խաչատրյանի 3 մասից բաղկացած կոնցերտն է՝ գրված 1936 թվականին (պարտիտուրան ավարտել է 1936 թվականի աշնանը)։ Եռամաս Կոնցերտը կոմպոզիտորի ավարտական աշխատանքն է Նիկոլայ Մյասկովսկու կոմպոզիցիայի դասարանում Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան ավարտելիս։

Դաշնամուրի կոնցերտը առաջին անգամ կատարվել է 1937 թվականի հուլիսի 12-ին Մոսկվայում՝ Սոկոլնիկիի զբոսայգու սիմֆոնիկ բեմահարթակում հայտնի դաշնակահար Լև Օբորինի կատարմամբ, Լև Շտեյնբերգի ղեկավարությամբ։

Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար (պարտիտուրա) – առաջին անգամ հրատարակվել է 1946 թվականին Մոսկվայում Մուզգիզ–ի (Музгиз) կողմից։

Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար (երկու դաշնամուրի համար փոխադրումը, փոխադրությունը՝ հեղինակի) առաջին անգամ հրատարակվել է 1940 թվականին Մոսկվայում Մուզգիզ–ի (Музгиз) կողմից։ Խաչատրյանի ընծայագրով Գ. Վ. Սարաջևին (1944 թվական) տարբերակը գտնվում է Արամ Խաչատրյանի տուն–թանգարանի ֆոնդերում։

Պրեմիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսանկար՝ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը դաշնակահար Լև Օբորինի հետ, Մոսկվա,1936 թվական

Դաշնամուրի կոնցերտը նվագախմբի հետ առաջին անգամ կատարվել է 1937 թվականի հուլիսի 12-ին Մոսկվայում՝ Սոկոլնիկիի զբոսայգու սիմֆոնիկ բեմահարթակում հայտնի դաշնակահար Լև Օբորինի կատարմամբ, Լև Շտեյնբերգի ղեկավարությամբ։

«Աշխատելով Կոնցերտի վրա՝ ես երազում էի այն լսել Լև Օբորինի կատարմամբ։ 1937 թվականի ամռանը իմ երազանքը կատարվեց։ Հռչակավոր երաժիշտի փառահեղ կատարումը մեծ հաջողություն բերեց այս ստեղծագործությանը։ Դա նշանակում էր ոտք դնել ինձ համար շատ թանկագին և հարազատ ստեղծագործական մի նոր ճանապարհ՝ գործիքային կոնցերտների ժանր» [1]:
- Արամ Խաչատրյան

Լենինգրադում Կոնցերտը կատարվել է 1937 թվականի հոկտեմբերի 27-ին կրկին անգամ Լև Օբորինի կատարմամբ, դիրիժոր Եվգենի Մռավինսկու ղեկավարությամբ։ Նույն երեկոյի ընթացքում հնչում է նաև Դմիտրի Շոստակովիչի 5-րդ սիմֆոնիան (պրեմիերա)։ Այդ ժամանակ Արամ Խաչատրյանը Երևանում էր և Լենինգրադից հեռագիր է ստանում ավելի քան 40 կոմպոզիտորների ստորագրությամբ, որոնք իրենց հիացումն ու շնորհավորանքն էին հայտնում Կոնցերտի կապակցությամբ։ Դմիտրի Շոստակովիչի Սիմֆոնիայի պրեմիերային շատ կոմպոզիտորներ էին ժամանել Մոսկվայից, իսկ Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը, որ ներկայացնելու էր կրկին Լև Օբորինը, ներառված էր այդ հիշարժան երեկոյի համերգային ծրագրում[2]։

Կոնցերտը կրկին անգամ կատարվեց Սովետական երաժշտության համամիութենական տասնօրյակի հիշարժան օրերին՝ 1937 թվականի նոյեմբերի 14-ին, Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում դարձյալ Լև Օբորինի կատարմամբ, այս անգամ արդեն նվագախումբը ղեկավարում էր դիրիժոր Ալեքսանդր Գաուկը[3]։

Կոնցերտի նվագախմբաին պրեմիերային նախորդել են կատարումները երկու դաշնամուրով։

Կոնցերտի առաջին կատարողը Լև Օբորինն էր, բայց մինչ նա, Կոնցերտի առաջին մասը սովորել և կատարում էր Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանի Արամ Խաչատրյանի մտերիմ ընկերներից մեկը՝ տաղանդավոր դաշնակահար Ալեքսեյ Կլումովը։ Մոսկվայի կոնսերվատորիայում մասնակցելով Խորհրդային կոմպոզիտորների ստեղծագործությունների լավագույն կատարման մրցույթին՝ Կլումովը արժանացել է առաջին մրցանակի։ Կոնցերտը կատարվել է երկու դաշնամուրով. նվագախմբի մասը կատարել է Մարկ Միլմանը[2]։

Կոնսերվատորիայի Մյասկովսկու դասարանում նոր Կոնցերտը կատարվել է երկու դաշնամուրով Ալեքսեյ Կլումովի և կոնցերտմայստեր Բերտա Կոզելի կատարմամբ։ Կատարման ընթացքում դասարանում ներկաներից երաժշտագետ Բորիս Յարուստովսկին տարիներ անց գրում է. «Հիշում եմ, թե ինչպիսի «ցնցում» ապրեցին ունկնդիրները… զգացողությունը այնպիսին էր, իբրև թե կենդանի հողից հյութ էր ժայթքում»[4]։

1936 թվականի նոյեմբերի 28-ին Ալեքսեյ Կլումովը և Մարիա Գրինբերգը Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը կատարեցին Կոմպոզիտորների Միության ստեղծագործական հանդիպմանը։ Քննարկմանը մասնակցում էին դաշնակահարներ Գենրիխ Նեյգաուզը, Կոնստանտին Իգումնովը, ինչպես նաև այլ հայտնի երաժիշտներ։ Նոր ստեղծագործությունը բարձր գնահատանքի արժանացավ բոլորի կողմից։ Այդ տարիներին պրոֆեսոր Գենրիխ Նեյգաուզը Մոսկվայի Կոնսերվատորիայի տնօրենն էր։ Նրա կողմից տրված բարձր գնահատականը հնարավորություն տվեց Կոնցերտը ներառելու ուսանողների կրթական ծրագրերում։ Հենց այս տարիներին Գ․ Նեյգաուզի դասարանում իր հմտություններն էր կատարելագործում Էմիլ Գիլելսը։ Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը կատարել են նաև Վլադիմիր Սոֆրոնիցկու ուսանողները, այդ թվում՝ Անդրեյ Էշպայը, ով հետագայում իր ասպիրանտուրան շարունակեց Արամ Խաչատրյանի ստեղծագործական դասարանում։

Դաշնամուրի կոնցերտը Եվրոպայում՝ Լոնդոնում առաջին անգամ կատարել է հայտնի դաշնակահարուհի Մուրա Լիմպանին 1940 թվականին (Եվրոպական պրեմիերա)։ Ինչպես Ու․Կապելլը Ամերիկայում, այնպես էլ Լիմպանին Անգլիայում Կոնցերտը կատարել են բազմաթիվ անգամներ։ Այս ստեղծագործությունը երկար ժամանակ դառնում է հռչակավոր դաշնակահարուհու այցեքարտը ամբողջ Եվրապայում։ Մինչև Մեծ հայրենական պատերազմի ավարտը Լիմպանին Կոնցերտը կատարում է նոր ազատագրված Փարիզում, Բրյուսելում և Միլանում։

1942 թվականի փետրվարի 14-ին Բոստոնում տեղի է ունեցել Կոնցերտի ամերիկյան պրեմիերան։ Մենակատարը երիտասարդ դաշնակահար Ուիլյամ Կապելլն էր, որ Կոնցերտը բազմակի անգամ կատարել է ԱՄՆ-ի, Կանադայի, Լատինական Ամերիկայի տարբեր քաղաքներում։

Կոնցերտի գաղափարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակնհայտ է, որ իմ ստեղծագործական անհատականությանը բնորոշ է ձգտումը դեպի «կոնցերտայնությունն» ու վառ վիրտուոզային ոճը։ Իմ հոգուն մոտ է այնպիսի ստեղծագործության ստեղծումը, որում գերիշխում է մենակատար-վիրտուոզի և սիմֆոնիկ նվագախմբի միջև ազատ մրցակցությունը:
- Արամ Խաչատրյան

Խաչատրյան-սիմֆոնիստի մասին ամբողջական տպավորություն կարելի է ստանալ իր 3 կոնցերտներով՝ Դաշնամուրի և նվագախմբի, Ջութակի և նվագախմբի, Թավջութակի և նվագախմբի համար, որոնք մեծ նշանակություն ունեցան XX–րդ դարում այդ ժանրի զարգացման գործում՝ օրինակ հանդիսանալով շատ կոմպոզիտորների համար։ Արամ Խաչատրյանի կոնցերտները իր առավել հայտնի, շատ կատարված ստեղծագործություններից են, որոնք վառ կերպով բացահայտում են իր երաժշտական ոճի յուրահատկությունները։ Երբ նա 1936 թվականին ձեռնամուխ եղավ Դաշնամուրի կոնցերտի ստեղծմանը, նրա մտքում անգամ չկար երաժշտական գործիքային եռապատման մասին։

Արամ Խաչատրյանը իր Կոնցերտների առաջին կատարողների հետ․ 1947 թվական Ս. Կնուշևիցկի, Դ. Օյստրախ, Ա. Խաչատրյան, Լ. Օբորին, Ա. Գաուկ,

Այդ տարիների խորհրդային կատարողական արվեստը բուռն զարգացում էր ապրում և ծնունդ էր տալիս համաշխարհային հռչակ վայելող երաժիշտ կատարողների։ 1928 թվականին Վարշավայում կայացած դաշնակահարների Շոպենի անվան Առաջին միջազգային մրցույթում դաշնակահար Լև Օբորինը զբաղեցնում է առաջին տեղը։ Երաժիշտ-կատարողների առաջին Համամիութենական մրցույթում 1933 թվականին Մոսկվայում մեծ հնչեղություն են ստանում դաշնակահար Էմիլ Գիլելսի և թավջութակահար Սվյատոսլավ Կնուշևիցկու անունները, իսկ 1935 թվականին Լենինգրադում կայացած երաժիշտ-կատարողների երկրորդ Համամիութենական մրցույթում դափնեկիրներ են դառնում ջութակահար Դավիդ Օյստրախը և դաշնակահար Յակով Ֆլիերը։ Ավելի ուշ, Է. Գիլելսը և Յ. Ֆլիերը ևս մեկ հաղթանակ են տոնում 1936 թվականին Վիեննայում Դաշնակահարների միջազգային մրցույթում։ Դավիդ Օյստրախը նաև Վարշավայի (1935 թվական) Գ. Վենյավսկու և Բրյուսելի (1937 թվական) Է. Իզայիի անվան միջազգային մրցույթների դափնեկիր է դառնում։ Երրորդ Համամիութենական երաժշտական մրցույթում 1937 թվականին հաղթանակ է տոնում թավջութակահար Դանիիլ Շաֆրանը և այլն։ Դիրիժորների Համամիութենական մրցույթում 1938 թվականին Լենինգրադում աչքի է ընկնում տաղանդավոր դիրիժոր Եվգենի Մռավինսկին։

Այս տարեգրությունը կարելի է դեռ երկար շարունակել։ Թվարկված են միայն մի քանի հայտնի երաժիշտների անուններ, ընդ որում այն երաժիշտների, որոնք հետագայում սերտորեն համագործակցում են Արամ Խաչատրյանի հետ։ Վերոնշյալ երաժիշտ - կատարողներից դաշնակահար Լև Օբորինը, ջութակահար Դավիդ Օյստրախը և թավջութակահար Սվյատոսլավ Կնուշևիցկին Արամ Խաչատարյանի երեք կոնցերտների (դաշնամուր, ջութակ, թավջութակ) առաջին կատարողներն են, որոնց էլ հենց կոմպոզիտորը նվիրել է իր ստեղծագործությունները։ Դաշնամուրի և թավջութակի կոնցերտների անզուգական կատարումներով աչքի ընկան նաև Է. Գիլելսը, Յա. Ֆլիերը և Դ. Շաֆրանը՝ հետևելով Լ. Օբորոինին և Ս. Կնուշևիցկուն։ Ե. Մռավինսկու ղեկավարությամբ է Դաշնամուրի կոնցերտը առաջին անգամ հնչում Լենինգրադում[5]։ Արամ Խաչատրյանը միշտ հիշում էր այն աներևակայելի ուժեղ տպավորությունները, որ նրա վրա թողել էին հանդիպումները վերոհիշյալ երաժիշտ կատարողների հետ։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Խաչատրյանին դաշնամուրը գրավել էր դեռ մանկուց։ Ավելի ուշ նա գրում է. «Ինձ գրավում է դաշնամուրի բազմակողմանիությունը, նրա հարուստ և բազմաբնույթ ռեսուրսները, որոնք հնարավորություն են տալիս արտահայտելու մարդկային զգացմունքների ամբողջ տատանողականությունը (ամպլիտուդը)։ Հատկապես, ուզում եմ նշել, որ ռոյալը հանդիսանում է ամենատարածված համընդունելի երաժշտական գործիքը»[6]։

Արամ Խաչատրյանը Դաշնամուրի կոնցերտը նախաձեռնեց իր Առաջին սիմֆոնիայի հաջողությամբ ոգևորված։ Այս ընթացքում նա արդեն իսկ հասցրել էր գրել իր մի շարք դաշնամուրային պիեսները, այդ թվում՝ Վալս-կապրիսը (1926), Պոեմը (1926/27) և Տոկատտան (1932), որոնցում ակնհայտորեն դրսևորվում էր ֆրանսիացի իմպրեսիոնիստների, ինչպես նաև հայկական ժողովրդական երաժշտության ազդեցությունը։ Եվ այնուամենայնիվ, դեռ ուսանող տարիքում վարպետորեն գրված դաշնամուրային այս ստեղծագործություններում արդեն իսկ նկատելի էր Արամ Խաչատրյանի կոմպոզիտորական ձեռագիրը։  

Հիմա միտքս Կոնցերտն է զբաղեցնում․ պիտի որ փայլուն ստացվի…Իսկական արվեստագետի յուրաքանչյուր ստեղծագործություն իրադարձություն պետք է լինի և խնդիր պիտի առաջադրի։ Իմ Կոնցերտը, քանի որ դաշնամուրի համար ազգային առաջին Կոնցերտն է, կարող է մտքեր խռովել, թեկուզ միայն երիտասարդների, և ստիպել մեր ապագա իսկական վարպետներին ազգային թեմաների գործադրմամբ մտածել այդ ժանրի մասին՝ հիմնվելով այդ ուղղությամբ արդեն առկա փորձի վրա։ Հավատում եմ, ուժ, եռանդ և ստեղծագործական երևակայություն շատ ունեմ…[7]։
- Արամ Խաչատրյան,
Գ․Հ․ Հովհաննիսյանին, 1935 թվական, 1 նոյեմբերի, Սոչի

Դաշնամուրի կոնցերտը Արամ Խաչատրյանը գրել է վեցից մի փոքր ավել ամիսների ընթացքում։ Որպես Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտ՝ նա ուղղորդումներ էր ստանում նաև Նիկոլայ Մյասկովսկուց։ Կոնցերտը ստեղծագործելիս Արամ Խաչատրյանը խորհրդակցել է նաև Սերգեյ Պրոկոֆևի հետ։ Նրանից ստացած արժեքավոր խորհուրդների մասին Արամ Խաչատրյանը մեծ երախտագիտությամբ գրում էր իր հիշողություններում[8]։

Երաժշտությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշնամուրի կոնցերտը Արամ Խաչատրյանի, ինչպես նաև հայկական դասական երաժշտության այս ժանրի առաջին ստեղծագործությունն է։

Դաշնամուրի կոնցերտը աչքի է ընկնում կոմպոզիտորի կողմից ժողովրդական երաժշտության ավանդույթների համարձակ և նորարարական վերաիմաստավորման բազմաթիվ օրինակներներով[5]։

…Ես կարծում եմ ամբողջ Կոնցերտը, ավելի ճիշտ՝ նրա թեմաները, տոգորված են ժողովրդական ինտոնացիաներով։ (…) ժողովրդական գործիքների նմանեցումներ առկա են[9]։
- Արամ Խաչատրյան,
Դ․Ա․Սվետոզարովին,1950 թվական, 21 փետրվարի, Մոսկվա

Կոնցերտի դանդաղ մասը աչքի է ընկնում ֆոլկլորային երաժշտական մեղեդիներով։ Կոմպոզիտորի խոսքերով, «…երկրորդ մասի հիմնական թեման շատ հայտնի մեղեդիներից մեկի հիմքով է ստեղծված։ Դա հեռավոր անցյալում Թիֆլիսում տարածված երգի մեղեդի է, որ հայտնի էր Անդրկովկասում։ Այս մեղեդիի վերաիմաստավորման, ընդլայնման և զարգացման արդյունքում ես կարողացա ստանալ իմ թեման։ Հետաքրքիր է, որ անգամ վրացի և հայ երաժիշտները, որոնց հետ առիթ եմ ունեցել խոսելու այս մասին, չէին ճանաչում իմ թեմայում ժողովրդական հիմունքները, չնայած ամենապարզագույն վերլուծությունն անգամ բացահայտում է ինտոնացիոն ընդհանրությունը»[10]։

30-ականների քննադատները Կոնցերտի Andante-ն մի շարքում էին դասում ռուսական երաժշտության այնպիսի գլուխգործոցների կողքին, ինչպիսիք են Ալեքսանդր Բորոդինի «Երկրորդ քառյակից» Նոկտյուրնը կամ «Առաջին Սիմֆոնիայի» Andante-ն[11]։

Արամ Խաչատրյանի հեղինակային համերգի ազդագիր 1970 թվական

Հիմնվելով Լիստի, Պ․Ի․Չայկովսկու, Ս․ Ռախմանինովի, Մ․Ռավելի, Ս․ Պրոկոֆևի կոնցերտային ոճի ավանդույթների վրա՝ Արամ Խաչատրյանը նոր ուղիներ բացեց այս ժանրի զարգացման, ձևի մեկնաբանության, կոմպոզիցիոն կառուցվածքի և թեմայականության ասպարեզներում։

Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը՝ որպես հայկական դասական երաժշտության այս ժանրի առաջին ստեղծագործություն, մեծ դեր և ազդեցություն է ունեցել հայ կոմպոզիտորների հետագա ստեղծագործական գործունեության վրա։ Նրանց շարքում մեծ ճանաչման են արժանացել Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադը» (դաշնամուրի և նվագախմբի համար, 1949 թվական) և «Կոնցերտը թավջութակի և նվագախմբի համար» (1962 թվական), Ալեքսանդր Հարությունյանի «Կոնցերտինոն դաշնամուրի և նվագախմբի համար» (1951 թվական) և «Կոնցերտը շեփորի և նվագախմբի» (1950 թվական), Էդուարդ Բաղդասարյանի «Ռապսոդիան ջութակի և նվագախմբի համար» (1958 թվական), որոնցում էական է Արամ Խաչատրյանի ստեղծագործական փորձառնության ազդեցությունը։

Կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնցերտը եռամաս է․

  1. Allegro ma non troppo e maestoso
  2. Andante con anima
  3. Allegro brillante

Կոնցերտը գրված է հետևյալ գործիքային կազմի համար՝

Փայտյա փողայիններ

Պղնձյա փողայիններ

Հարվածային գործիքներ

Լարային գործիքներ

Բեմական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ստեղծագործություն երջանիկ ճակատագրով» կարելի է կոչել Արամ խաչատրյանի հռչակավոր Կոնցերտը դաշնամուրի և նվագախմբի համար։ Հաջողությունը և ճանաչումը ուղեկից են նրան իր համերգային կյանքի ամենասկզբից, և անգամ ավելի վաղ։ Այն գրավել է շատ հայտնի երաժիշտների ուշադրությունը նաև մինչև նրա հրապարակային կատարումը[6]։

Դաշնամուրի կոնցերտը մեծ ոգևորությամբ ընդունվել է նաև տարբեր երկրներում։ Այն Արամ Խաչատրյանի առաջին ստեղծագործությունն էր, որ նրան մեծ հռչակ բերեց թե՛ ԽՍՀՄ-ում, և թե՛ արտերկրում։

Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը կատարվել է աշխարհի լավագույն նվագախմբերի և երաժիշտների կողմից։ Կոնցերտը հատկապես շատ հաճախ է հնչել Երկրորդ աշխարհամարտի տարիներին, երբ օտարերկրացիները ուշադրության կենտրոնում էին պահում խորհրդային կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ այդ տարբերակով արտահայտելով իրենց աջակցությունը խորհրդային միության ժողովրդին ընդդեմ հիտլերյան հարձակումների։ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Դաշնամուրի կոնցերտը մեծ հռչակ էր վայելում հատկապես Ամերիկայում։

Արամ Խաչատրյանի ստեղծագործություններին ամերիկացիները սկսել են ծանոթանալ հեռավոր 30-ականների վերջին և 40-ականներին, երբ Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը աշխարհի լավագույն դաշնակահարների կատարմամբ սկսել էր իր հաղթարշավը եվրոպական մի շարք երկրներում և ԱՄՆ-ում։ Միայն 1943/44 թթ. համերգաշրջանի ընթացքում Կոնցերտը ԱՄՆ-ում կատարվել է 40 անգամ։ «Ինձ շատ հաճելի է վերհիշել Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտի ամերիկյան պրեմիերայի փառահեղ հաջողությունը, - կոմպոզիտորի ծննդյան 60-ամյա հոբելյանի շրջանակներում, ողջունելով Արամ Խաչատրյանին, գրում է ամերիկացի հայտնի կոմպոզիտոր Սեմյուել Բարբերը։ Հիշելով ամերիկյան պրեմիերային Կոնցերտի փառահեղ կատարումը՝ Սեմյուել Բարբերը նշում է. «…այսուհետ, ուր էլ որ հայտնվում էր Կոնցերտի առաջին ԱՄՆ կատարողը՝ Ուիլյամ Կապելլը, հանդիսատեսը նրանից պահանջում էր նվագել այս ստեղծագործությունը։ Հենց այդպես էլ անվանում էին՝ «Կոնցերտը»[12]։

Բոստոնում 1942 թվականի փետրվարի 14-ի Կոնցերտի ամերիկյան պրեմիերայից հետո դիրիժոր Սերգեյ Կուսևիցկին «Արտասահմանի հետ մշակութային կապերի համամիութենական ընկերությանը» (ВОКС) ոգեշունչ մի հեռագիր է ուղարկում՝ նշելով, որ իր կյանքի վերջին քսան տարում չի մտաբերում ժամանակակից կոմպոզիտորի նոր ստեղծագործության նման հաջողություն։ Մենակատարը երիտասարդ դաշնակահար Ու.Կապելլն էր, որ Կոնցերտը բազմակի անգամ կատարել է ԱՄՆ-ի, Կանադայի, Լատինական Ամերիկայի տարբեր քաղաքներում։

Արամ Խաչատրյանը այդ տարիներին հաճախ էր լինում Արտասահմանի հետ մշակութային կապերի համամիութենական ընկերությունում (ВОКС), նա այդ ժամանակ վերջինիս Երաժշտական բաժնի նախագահի տեղակալն էր և հետաքրքրությամբ էր ծանոթանում խորհրդային կոմպոզիտորների ստեղծագործությունների արձագանքներին։ Նա շատ ուրախացավ, երբ երաժշտագետ Գրիգորի Շնեերսոնը նրա համար թարգմանեց ամերիկյան մամուլում տպագրված արձագանքները իր Կոնցերտի մասին։ Հետաքրքրական էր թղթակիցներից մեկի արձագանքը «Globe and Mail» թերթի իր հոդվածում, որտեղ բնութագրելու համար ամերիկացիների վերաբերմունքը Արամ Խաչատրյանի արվեստին, գրել էր. «այսուհետ, ամերիկացիները դառնում են «Խաչատրյանագիտակից կամ Խաչատրյանընկալունակ» (անգլ․՝ “Khachatryanconscious”)։ Հետագայում, երբ կոմպոզիտորը սկսեց հանդես գալ նաև որպես դիրիժոր և իր համերգներով շրջում էր ԽՍՀՄ տարբեր երկրներում, ինչպես նաև արտերկրում, Դաշնամուրի կոնցերտը հաճախ էր ներառվում իր համերգային ծրագրերում հռչակավոր խորհրդային և արտասահմանցի դաշնակահարների կատարմամբ[2]։

Կոնցերտը բազմաթիվ Կոնսերվատորիաների և երաժշտական ուսումնարանների մանկավարժական պրակտիկայում լայնորեն հանձնարարվող ստեղծագործություններից մեկն է դարձել։

Կոնցերտի կատարողները[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ինձ թվում է, դժվար հնարավոր լինի նշել հռչակավոր մի դաշնակահարի, որի կատարումների ցանկում ներառված չլինի այս ստեղծագործությունը։ Այն միաժամանակ սիրված է թե՛ ավագ, թե՛ երիտասարդ սերունդի երաժիշտ – կատարողների կողմից», - այս տողերով սկսում է Դաշնամուրի կոնցերտի մասին իր կարծիքը հռչակավոր դաշնակահար, Կոնցերտի առաջին կատարողը՝ Լև Օբորինը[13]։

Լուսանկար՝ Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը ամերիկացի դաշնակահար Արթուր Ռուբինշտեյնի հետ իր բնակարանում,
Մոսկվա, 1964 թվական

Օբորինի կատարմամբ սկսվեց Դաշնամուրի կոնցերտի բեմական կյանքը։ Դաշնակահարի վաստակը ստեղծագործության հաջողության մեջ անվիճելի է։ Կոնցերտը հանդիսատեսի ջերմ ընդունելությանը արժանացավ հենց Օբորինի մեկնաբանության շնորհիվ, ինչը չէր կարող ազդեցություն չունենալ Կոնցերտի հետագա կատարումների վրա։

Լև Օբորինի կողմից Կոնցերտի Մոսկվայի, ապա նաև Լենինգրադի փայլուն կատարումներից հետո տասնյակ խորհրդային, ապա նաև ամերիկացի, ֆրանսիացի, ֆին, չեխ և այլ ազգի դաշնակահարներ այն ներառեցին իրենց մշտական երկացանկերում։

Եվ իսկապես, պատվով անցնելով ժամանակի փորձությունը, Դաշնամուրի կոնցերտը հռչակավոր երաժիշտ կատարողների նվագացանկում իր պատվավոր տեղն է զբաղեցնում։ Առաջին կատարողների թվում էին հռչակավոր դաշնակահարներ Արթուր Ռուբինշտեյնը, Ուիլյամ Կապելլը, Յուլիոս Կետչինը, Էյլին Ջոյս (ԱՄՆ), Մուրա Լիմպանի (Մեծ Բրիտանիա), Ալեքս դե Վրիս, (Բելգիա), Ժակլին Էյմար, Րաֆֆի Պետրոսյան (Ֆրանսիա), Ալեքսանդր Էններ (Ավստրիա), Լյուբա Ենչևա (Բուլղարիա), Օսկար Լևանտը, Բևերիջ Ուեբստերը և այլք։ Վերոնշյալների շարքում Արամ խաչատրյանը առանձնացնում էր հատկապես Յ. Կետչինին, Մ. Լիմպանիին, Էլ. Էններին, Ա. դե Վրիսին և այլոց։ Կոնցերտը խորհրդային Միությունում կատարել են բացի Լև Օբորինից նաև հայտնի դաշնակահարներ Էմիլ Գիլելսը, Յակով Ֆլիերը, Նիկոլայ Պետրովը, Սամվել Ալումյանը և այլք։

Յակով Ֆլիերը, որ Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտին անդրադարձավ շատ ավելի ուշ, գրում է, որ Օբորինի մեկնաբանությունը բոլոր դաշնակահարների համար շարունակում է պահպանել կատարողական չափանիշային իր դերը։ Իր իսկ սեփական՝ ֆլիերյան կատարումը շոշափելիորեն տարբերվում էր ընդունելի այդ մեկնաբանությունից[5]։

Հայաստանում Դաշնամուրի կոնցերտը կատարել և շարունակում են կատարել գրեթե բոլոր դաշնակահարները։ Այս ստեղծագործության տարածման գործում մեծ ներդրում են ունեցել Հայֆիլհարմոնիայի դաշնակահարուհի Էլեոնորա Ոսկանյանը, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, դաշնակահարուհի Աննա Ամբակումյանը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, դաշնակահար Յուրի Հայրապետյանը, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, դաշնակահար Գեորգի Սարաջևը։ Տարբերվող և կատարողական նոր մեկնաբանությամբ է առանձնանում ՀԽՍՀ ժողովրդական և վաստակավոր արտիստ Սվետլանա Նավասարդյանը, ով Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի ժյուրիի նախագահն էր 2011 թվականին։

Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտի ժամանակակից կատարողներից են անվանի դաշնակահարուհի Դորա Սերվիարյան-Կյուն (ԱՄՆ), Բորիս Բերեզովսկին (ՌԴ) և այլք։

Արամ Խաչատրյանի Դաշնամուրի Կոնցերտին անդրադարձել և շարունակում են անդրադառնալ դաշնակահարների նոր սերունդներ։ Նրանցից յուրաքանչյուրը պարտիտուրում բացահայտում է այն, ինչը հենց իրենն է և չի նկատվել այլոց կողմից, որն էլ հենց չթառամող և չծերացող երաժշտության գրավականն է։ Կասկած չկա, որ մոտ ապագայում ևս մենք ականատեսը կլինենք Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտի մի շարք այլ մեկնաբանությունների, որոնք արդեն իսկ գրեթե մեկդարյա հեռավորությունից կգնահատեն Արամ Խաչատրյանի վեհությունը և իրենցը բացահայտած նոր մեկնաբանությամբ կկատարեն նրա Դաշնամուրի կոնցերտը։

Կոնցերտի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվ ինչո՞վ է ինձ արդեն ահա մի քանի տարի գրավում այս երաժշտությունը. հզոր խառնվածքով, եզակիությամբ, մենակատարի և նվագախմբի մասերի վառ արտահայտված վիրտուոզությամբ։ Ինձ թույլ եմ տալիս ասել, որ Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը այս ժանրի ժամանակակից սակավաթիվ այն ստեղծագործություններից է, որ իսկապես «Կոնցերտ» է իր բնույթով, ոչ թե դաշնամուրի և նվագախմբի համար գրված պիես[13]։
- Լև Օբորին

Այս խոսքերով է ավարտում Դաշնամուրի կոնցերտի մասին իր կարծիքը աշխարհահռչակ դաշնակահարը, Կոնցերտի առաջին կատարողը՝ Լև Օբորինը։

Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտի մասին հետաքրքրական, փոխլրացնող և միևնույն ժամանակ տարբերվող էին Դմիտրի Շոստակովիչի և Գենրիխ Նեյգաուզի կարծիքները։

«Կոնցերտում դեպի առաջ նշանակալի քայլ է կատարվել՝ ի համեմատություն Առաջին սիմֆոնիայի, - նշում է Դ․Շոստակովիչը։ - Բարձր վիրտուոզ փայլով հանդերձ՝ Կոնցերտում զգացվում էր մեծ և խորը գաղափար և ավելի մեծ սիմֆոնիկ բացվածք, քան Առաջին սիմֆոնիայում։ Այս Կոնցերտում Խաչատրյանին հաջողվել է համադրել վիրտուոզ հարստությունը բովանդակային խորության հետ»[14]։

Իսկ Գենրիխ Նեյգաուզը, երբ ծանոթացավ ստեղծագործությանը (հեղինակի կատարմամբ, որ միավորել էր մենակատարի և նվագախմբի պմասերը), զգալով երաժշտության թարմությունն ու նորությունը՝ չսպասելով պրեմիերային, անմիջապես հանդես եկավ հոդվածով.

«Խաչատրյանի երաժշտությունը կենդանի է, խառնվածքային, զգացմունքային, բայց դա դեռ բոլորը չէ, - գրում է Նեյգաուզը։ - Երաժշտության մասին կարելի է խոսել այնպես, ինչպես կխոսես պոեզիայի մասին. ինչքան շատ է նրանում գաղափարը, այնքան այն ավելի կարևոր և խորն է ընկալվում։ Մեծ արվեստը (Միքելանջելոյի, Շեքսպիրի, Բեթհովենի, Պուշկինի արվեստները) իր մեջ պարունակում է աշխարհաճանաչողության տարրեր։ Իսկ ի՞նչ է ճանաչողությունը, եթե ոչ այն «մասնիկը /ռադիումը/», որ ստացվում է արվեստագետի «հազարավոր տոննա» գաղափարներից, զգացմունքներից, ապրումներից, ազդեցություններից։ Հենց այդ «մասնիկն» է, որ Խաչատրյանը պետք է սովորի արդյունահանել իր մեծ տաղանդի հարուստ հանքաքարից»[15]։

Այս կարծիքները ավելի շատ Արամ Խաչատրյանի մեծ տաղանդի գնահատականն են տալիս և իրենց մեծ սպասումները տաղանդավոր կոմպոզիտորից։ Նեյգաուզի հոդվածում նաև կարդում ենք.

Արամ Խաչատրյանի՝ վերջերս ավարտած Կոնցերտը դաշնամուրի և նվագախմբի համար, ինձ անկեղծորեն ուրախացնում է։ Կոնցերտը փաստում է, որ կոմպոզիտորը աճում է, աճում է նրա ոճի վարպետությունը, երաժշտական լեզուն դառնում է առավել պարզ և արտահայտիչ[15]։
- Գենրիխ Նեյգաուզ

Նրանք, իրոք, չէին սխալվում։ Եվ իսկապես, Արամ Խաչատրյանը պատվով անցավ ժամանակի փորձության միջով։ Նրա հեղինակած հետագա ստեղծագործությունները ևս եկան ապացուցելու իր մեծ տաղանդի դրսևորման լայն հնարավորությունները։ Իսկ Դաշնամուրի կոնցերտը շարունակում է իր հաղթարշավը մինչև օրս։ Այն հնչում է աշխարհահռչակ երաժիշտների կատարմամբ շատ երկրների բեմերում և շարունակում է պահպանել իր թարմությունը, իր բացառիկ գրավչությունը նոր սերնդի կատարողների և ունկնդիրների համար։

Գ․ Խուբովը անդրադառնալով Արամ Խաչատրյանի Կոնցերտներին (դաշնամուրի, ջութակի և թավջութակի)՝ այն բնորոշել է որպես գործիքային եռապատում։ «Ժամանակային տարածությունները այդ երեք գործերը հեռացնում են, բայց չեն անջատում իրարից։ Այդ երեք Կոնցերտները, անտարակույս, լիովին ինքնուրույն են, ավարտուն։ Նրանցից յուրաքանչյուրը անշուշտ, տարբերվում է իր ստեղծագործական պրոֆիլով և յուրաքանչյուրում յուրովի դրսևորվում է և՛ ժողովրդայնության ուժը, որը օրգանապես ներհատուկ է Խաչատրյանի երաժշտությանը, և՛ նրա անհատական վարպետությանը։ Դրա հետ միասին, նրանք հոյակապ լրացնում են միմյանց որպես լայն պլանով մտածված ցիկլի, կասեի, յուրօրինակ «կոնցերտների կոնցերտի» մասեր, որտեղ «Դաշնամուրի կոնցերտը» լուսավորված է վաղորդայնի ջինջ լույսով, «Ջութակի կոնցերտի» երաժշտությունը ներծծված է միջօրեի արևի այրող շողերով, իսկ «Թավջութակի կոնցերտը» իրիկնային պոեմ է, որի երաժշտությունը արծաթին է տալիս վերջալույսի ցոլքերի մեջ»[16]։

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար (պարտիտուրա), առաջին հրատարակություն, Մոսկվա, Մուզգիզ (Музгиз) հրատարակություն, 1946 թվական։
  2. Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար (երկու դաշնամուրի համար փոխադրումը, փոխադրությունը՝ հեղինակի), Մոսկվա, Մուզգիզ (Музгиз) հրատարակություն, 1940 թվական։ Խաչատրյանի ընծայագրով Գ. Վ. Սարաջևին (1944 թվականին) տարբերակը գտնվում է Արամ Խաչատրյանի տուն–թանգարանի ֆոնդերում։
  3. Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար (պարտիտուրա), Մոսկվա-Լենինգրադ, Госмузиздат հրատարակություն, 1946 թվական։ Գտնվում է Արամ Խաչատրյանի տուն–թանգարանի ֆոնդերում։
  4. Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար (երկու դաշնամուրի համար փոխադրումը, փոխադրությունը՝ հեղինակի), Մոսկվա, Госмузиздат հրատարակություն, 1947 թվական։ Ա. Խաչատրյանի ընծայագրով տարբերակը գտնվում է Արամ Խաչատրյանի տուն–թանգարանի ֆոնդերում։
  5. Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար (երկու դաշնամուրի համար փոխադրումը, փոխադրությունը՝ հեղինակի), Նյու Յորք, 1954թվական, Խաչատրյանի ընծայագրով տարբերակը պահպանվում է Արամ Խաչատրյանի տուն–թանգարանի ֆոնդերում։
  6. Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար (պարտիտուրա), Փարիզ, 1957 թվական։ Գտնվում է Արամ Խաչատրյանի տուն–թանգարանի ֆոնդերում։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 թվականին Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակի կապակցությամբ Արամ Խաչատրյանի անվան Տրիոն (դաշնակահարուհի՝ Արմինե Գրիգորյան, ջութակահար՝ Կարեն Շահգալդյան, թավջութակահար՝ Կարեն Քոչարյան) իրականացրել է լայնածավալ նախագիծ․ «Արամ Խաչատրյանի երեք Կոնցերտները մեկ երեկոյի ընթացքում», որը շարունակվել է նաև հետագա տարիներին՝ Ռուսաստանի տարբեր քաղաքներում (Նիժնի Նովգորոդ, Վլադիմիր, Կրասնոդար, Մուրմանսկ), ինչպես նաև Երևանում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար․ կատարում է Չեխիայի սիմֆոնիկ նվագախումբը (Czech Philharmonic Orchestra), դիրիժոր Եվգենի Մռավինսկու ղեկավարությամբ, դաշնակահար՝ Լև Օբորին, ձայնագրվել է 1946 թվականին, Youtube
  2. Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար․ կատարում է Բոստոնի պետական սիմֆոնիկ նվագախումբը (Boston Symphony Orchestra), դիրիժոր Սերգեյ Կուսևիցկու ղեկավարությամբ, դաշնակահար՝ Ուիլյամ Կապելլ, ձայնագրվել է 19 ապրիլ, 1946 թվականին, Youtube
  3. Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար․ կատարում է Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը (Moscow Philharmonic Symphony Orchestra), դիրիժոր Կիրիլ Կոնդրաշինի ղեկավարությամբ, դաշնակահար՝ Յակով Ֆլիեր, ձայնագրվել է 1963 թվականին, Youtube
  4. Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար․ կատարում է Մոսկվայի Ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը (Moscow Radio Symphony Orchestra), դիրիժոր Արամ Խաչատրյանի ղեկավարությամբ, դաշնակահար՝ Նիկոլայ Պետրով, ձայնագրվել է 1972 թվականին, Youtube
  5. Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար, I–ին մաս․ կատարում է ԽՍՀՄ պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը, դիրիժոր Արամ Խաչատրյանի ղեկավարությամբ, դաշնակահար՝ Նիկոլայ Պետրով, Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճ, ձայնագրվել է 1977 թվականին, Youtube
  6. Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար, I–ին մաս․ կատարում է Մոսկվայի «Ռուսական ֆիլհարմոնիկ» սիմֆոնիկ նվագախումբը (Moscow City Symphony - Russian Philharmonic), դիրիժոր Ֆաբիո Մաստրանջելոյի (Իտալիա) ղեկավարությամբ, դաշնակահար՝ Բորիս Բերեզովսկի, ձայնագրվել է 4 մարտ, 2014 թվականին, Youtube

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Хачатурян А., «Музыку надо писать сердцем! ...» С. 26։
  2. 2,0 2,1 2,2 Хачатурян А. И. Страницы жизни и творчества, (беседы с Г. М. Шнеерсоном). - М.: Сов композитор, 1982. – стр.13-14; 80-92.
  3. Хачатурян А., Друг советской музыки // Александр Васильевич Гаук: Мемуары. Избр. статьи. Воспоминания современников / Сост. и обшая ред. Л. Гаук, Р. Глезер и Я. Мильщтейна. - М., 1975. С. 172
  4. Ярустовский Б., Личный вкус плюс гражданская позиция // Сов. Музыка. 1970. № 10. С. 15.
  5. 5,0 5,1 5,2 Юзефович В., (1990)։ Арам Хачатурян: Монография.։ – М.։ էջ 85-94․
  6. 6,0 6,1 Хараджанян Р., Фортепианное творчество Арама Хачатуряна. _ Ереван, 1973. С. 18; 80-112․
  7. Арам Хачатурян: письмo, Г. А. Ованесяну, 1 ноября 1935 г., Сочи – стр. 27-28 из сборника: Письма / Арам Хачатурян. - Ер.: Дом-музей Арама Хачатуряна, “Гракан Айреник” ЗАО (изд-во “Айастан”), 2018, стр. 504.
  8. Хачатурян А. Несколько мыслей о Прокофьеве. – в книге.: С.С.Прокофьев. Материалы, документы, воспоминания. М., 1956, С. 239.
  9. Арам Хачатурян: письмo, Д. А. Светозарову, 21 февраля 1950 г., Москва – стр. 105-106 из сборника: Письма / Арам Хачатурян. - Ер.: Дом-музей Арама Хачатуряна, “Гракан Айреник” ЗАО (изд-во “Айастан”), 2018, стр. 504.
  10. А․Хачатурян, Концерт для фортепиано с оркестром (партитура), Москва: изд. «Музыка», 1982, С. 8-9.
  11. Хубов Г., Арам Хачатурян // Сов. музыка. 1939. № 9-10. С. 33.
  12. С.Барбер. Юбиляра поздравляют. «Советская музыка», 1963, № 6, стр. 36.
  13. 13,0 13,1 Л.Оборин. Юбиляра поздравляют. «Советская музыка», 1963, № 6, стр. 33.
  14. Шостакович Д., Подлинная народность // Коммунист (Ереван). 1963. 6 июня.
  15. 15,0 15,1 Нейгауз Г., Новый фортепианный концерт // Сов. искусство. 1936. 29 дек. Նեյգաուզը այստեղ ի նկատի է ունեցել արվեստագետի խնդիրը, որ իր ժամանակին իր պոեզիայում արտահայտել է Մայակովսկին. “Поэзия – та же добыча радия, в грамм добыча, в год труды. Изводишь единого слова ради тысячи тонн словесной руды…”
  16. Хубов, Г.Н., Арам Хачатурян: монография / Г. Н. Хубов. - 2-е изд. - Москва : Музыка, 1967. - 439 с. , с․ 133․