Jump to content

Հայ-կիպրական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ-կիպրական հարաբերություններ
Կիպրոս և Հայաստան

Կիպրոս

Հայաստան

Հայ-կիպրական հարաբերությունները միշտ սերտ են եղել։ Կիպրոսը Հայաստանի կողմնակիցն է եղել Հայոց ցեղասպանության ճանաչման, տնտեսական կայունության և Արցախի հիմնախնդրի կարգավորման համար պայքարում։ Հայաստանն էլ 1974 թվականի թուրքական ներխուժումից հետո հանդես է եկել միասնական Կիպրոսի օգտին և աջակցել է Կիպրոսի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։

Այսօր Հայաստանի և Կիպրոսի միջև հարաբերությունները ներառում են համագործակցություններ առևտրի, ռազմական, հետախուզական ծառայությունների, արտաքին քաղաքականության և մշակույթի ոլորտներում[1]։ Կիպրոսի Հանրապետությունը լիովին աջակցում է Հայաստանի Եվրամիությանն անդամակցելու գործընթացին։

Ժամանակակից հարաբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի անկախացումից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնային Ղարաբաղի պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցույց՝ ի աջակցություն Արցախի Հանրապետության աջակցության, Կիպրոս, 1993 թվական

Հայաստանի և հարևան Ադրբեջանի միջև ազգամիջյան բախումները սկսվել են այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանն Ադրբեջանում քվեարկել է 1988 թվականի փետրվարի 20-ին Հայաստանի հետ տարածաշրջանը միավորելու օգտին։ Հայաստանի պահանջը՝ միավորելու Ղարաբաղը Հայաստանի հետ, ծավալվել է 1980-ական թվականների վերջին բավականին խաղաղ եղանակով, սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո վեճն աստիճանաբար վերաճել է Լեռնային Ղարաբաղի էթնիկ խմբերի միջև բռնի հակամարտության, ինչը հանգեցրել է երկու կողմերի էթնիկ զտումների։ 2011 թվականի հունվարին Կիպրոսի և Հայաստանի միջև ստորագրված համատեղ հռչակագրում նշվել է, որ Կիպրոսի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի կառուցողական ջանքերին Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության սկզբունքների հիման վրա բանակցությունների միջոցով և ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների նախագահների կողմից առաջարկված տարրերին, որոնք ներառում են, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումն արցախցիների կամքի օրինականորեն պարտադիր կամարտահայտման միջոցով։ Իր հերթին Հայաստանի նախագահը ողջունել է Կիպրոսի՝ որպես ԵՄ անդամ երկրի՝ ղարաբաղյան հարցում նրա հավասարակշռված դիրքորոշման համար՝ ուշադրություն հրավիրելով Արցախի ժողովրդի կամքի իրավաբանորեն պարտադիր ազատ արտահայտման տեսանկյունից Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման վրա[2]։

Հայոց ցեղասպանության ճանաչում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիպրոսի հայերը Նիկոսիայի Ակրոպոլիսի այգում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի առջև

Կիպրոսն առաջին երկրներից է եղել, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, երբ 1965 թվականի հունվարի 25-ին արտգործնախարար Սպիրոս Կիպրիանուն առաջին անգամ այդ հարցը բարձրացրել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի նիստում[3]։

Կիպրոսը նաև առաջին եվրոպական երկիրն է եղել (և աշխարհում երկրորդը՝ Ուրուգվայից հետո), որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1975 թվականի ապրիլի 24-ին։ Ավելի ուշ ապրիլի 24-ը հայտարարվել էր որպես Կիպրոսում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր։

Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձան Լառնակայում

1965 թվականից, երբ Կիպրոսի կառավարության պաշտոնյաները սկսել են մասնակցել Հայոց ցեղասպանության հիշատակի ամենամյա ակցիաներին, Կիպրոսի քաղաքական առաջնորդները հաճախ են հիմնական զեկուցողներ դարձել այդ ակցիաներում, որոնք կազմակերպվել են ի հիշատակ Հայոց ցեղասպանության։ Վերջին տարիներին սովորաբար ընթանում է քայլարշավ, որն սկսվում է Նիկոսիայի կենտրոնից և ավարտվում Ստրովոլոսի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ Հայոց ցեղասպանության հուշարձանի առջև հիշատակի միջոցառում է անցկացվում[4]։

Հայոց ցեղասպանության հուշահամալիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհում լինելով Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրորդ երկիրը՝ Կիպրոսը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երկու հուշարձան է կառուցել։ Հուշարձաններից մեկը գտնվում է Նիկոսիայում, իսկ մյուսը՝ Լառնակայում։

Կիպրոսի պատասխանը Ռամիլ Սաֆարովի ազատ արձակմանը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիպրահայերը բողոքում են Նիկոսիայում՝ Հունգարիայի դեսպանատան առջև, Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան էքստրադացիայի կապակցությամբ

Կիպրոսի արտգործնախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսի հայտարարության մեջ ասվում է. «Մենք խորապես ափսոսում և դատապարտում ենք հրեշավոր հանցագործություն կատարած անձին ներում շնորհելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահի որոշումը և նրան փառաբանող քայլերը, ու շատ մտահոգված ենք տարածաշրջանային կայունության վրա դրա ազդեցությամբ։ Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը լիովին հարգի համապատասխան միջազգային կոնվենցիաների տառն ու ոգին, ինչպես նաև իրականացնի այն դիվանագիտական հավաստիացումները և խոստումները, որոնք տրվել էին»[5]։ Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելուց հետո անմիջապես բողոքի ցույցեր են սկսվել Կիպրոսի բոլոր քաղաքներում, որոնցից ամենամեծը տեղի է ունեցել Նիկոսիայում՝ Հունգարիայի դեսպանատան մոտ։ Կիպրոսի մամուլը բացասաբար է արտահայտվել Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու գործում հունգարական կառավարության դերի մասին։

Կրթական համագործակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայ համայնքը Նիկոսիայում

Կիպրոսում հայկական տարրական դպրոցներ կան Լառնակա, Լիմասոլ և Նիկոսիա քաղաքներում, ինչպես նաև վարժարան Նիկոսիայում։ Մելքոնյան կրթական ինստիտուտը կիպրահայերի ամենահայտնի համատեղ ուսումնական հաստատությունն է։ 1926 թվականին հիմնադրված Մելքոնյան ինստիտուտը բաց է եղել ամբողջ աշխարհից հայ ուսանողների համար և առաջարկել է միջնակարգ դպրոցի համալիր ծրագիր։ Բոլոր առարկաները, բացի հայերենից, դասավանդվել են անգլերեն և օտար լեզուներով, այդ թվում՝ հունարեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, ռուսերեն և բուլղարերեն։ Կիպրոսի հեռարձակող ընկերության հայալեզու օրական կես ժամ տևողությամբ ռադիոհաղորդումը ներառում է ծավալուն հարցազրույցներ, նորությունների լուսաբանում, մշակութային ռեպորտաժներ և երաժշտություն։ Կղզում ստեղծվել են հայկական երկու ամսաթերթեր՝ «Արձագանք» (1995) և «Ազատ ձայն» (2003), որոնցում հրապարակվում են ազգային և միջազգային նորություններ հիմնականում հայերեն, ինչպես նաև հունարեն և անգլերեն մի քանի հոդվածներ։

Տնտեսական համագործակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն տարի կիպրահայկական բիզնես-համաժողովներն անցկացվում են կա՛մ Նիկոսիայում, կա՛մ Երևանում՝ երկու երկրների միջև առևտրի և ներդրումների հետագա խթանման նպատակով։ Հայկական ընկերությունները կարող են ավելի արդյունավետ ընդլայնվել դեպի Եվրոպական Միության և Մերձավոր Արևելքի շուկաներ՝ համագործակցելով կիպրական ընկերությունների հետ։ Այդ համագործակցությունը կարող է և պետք է լինի փոխադարձ, քանի որ Հայաստանը Կիպրոսի բիզնես աշխարհի համար ծառայում է որպես մուտք դեպի Կովկասի երկրներ[6]։

Մշակութային համագործակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անսամբլի «Սիփան» պարի ելույթը

Կիպրոսի հայ համայնքը խոշոր ֆինանսավորում է ստանում Կիպրոսի կառավարությունից, որը թույլ է տալիս կազմակերպել համերգներ, պարային ներկայացումներ, գեղարվեստական և լուսանկարչական ցուցահանդեսներ, ինչպես նաև գրական միջոցառումներ։ Կիպրոսում Հայաստանի պրելատուրան իր տարածքում (Ութիջյան դահլիճ) տարածք է առանձնացրել մշակութային միջոցառումների անցկացման համար, ինչպես օրինակ ամենամյա աշնանային գրքի ցուցահանդեսը։ Մերձավոր և Միջին Արևելքի հայկական հետազոտական կենտրոնը (1996 թվականին հիմնադրել է Վարդան Մալյանը) Նիկոսիայի իր շինություններում ներառում է տեղեկատու գրադարան և արխիվային նյութեր[7]։

Մարդասիրական օգնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականի դեկտեմբերին՝ Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից հետո, Կիպրոսի Հանրապետությունն առաջին երկրներից մեկն էր, որն օգնություն է ուղարկել դեղերի, բժիշկների և ֆինանսական օգնության տեսքով։

Եվրոպական միությանը Հայաստանի անդամագրում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիպրոսը բացեիբաց հանդես է գալիս ԵՄ-ին Հայաստանի անդամակցության օգտին հնարավորինս սեղմ ժամկետներում։ Անդրադառնալով Հայաստանի հետ ԵՄ հարաբերություններին՝ նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասը խոստացել է, որ Նիկոսիան կշարունակի ակտիվորեն աջակցել այդ հարաբերությունների հետագա ամրապնդմանը, ինչը վկայում է մոտ ապագայում Հայաստանի լիիրավ անդամ լինելու կարգավիճակի մասին։ Նրա խոսքով՝ Կիպրոսը ԵՄ-ում Հայաստանի ամենաուժեղ կողմնակիցն ու բարեկամն է։

Հայոց ցեղասպանության ճանաչում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիպրոս խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1975թ.[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ARMENIAN PRESIDENT - CYPRUS VISIT». HR NET. 2011-01.
  2. «ԱԺ պատգամավոր. Հայաստանի և Կիպրոսի միջև հարաբերությունները որակակական նոր մակարդակի վրա են». News.am. 2011 թ․ հունվարի 18.
  3. «Forty Years After A Milestone - Vartkes Sinanian». 2012-04. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 20-ին.
  4. «Cypriot Parliament Leader Calls for Armenian Genocide Recognition». 2012-11. Վերցված է 2010-11-ին.
  5. «Էրատո Կոզակու Մարկուլիսը դատապարտում է Ադրբեջանի գործողությունները». 2012 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 15-ին.
  6. «Armenian Cypriot Business Forum». Cyprus News Agency. Արխիվացված է օրիգինալից 2022-01-21-ին. Վերցված է 2020-08-21-ին.
  7. «About Cyprus - Religious Groups - The Armenian Community». Government Web Portal. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  8. Cyprus House of Representatives Resolution, ապրիլ 24, 1975

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]