Հայ-կիպրական հարաբերություններ
![]() | |
![]() Կիպրոս |
![]() Հայաստան |
Հայ-կիպրական հարաբերությունները միշտ սերտ են եղել։ Կիպրոսը Հայաստանի կողմնակիցն է եղել Հայոց ցեղասպանության ճանաչման, տնտեսական կայունության և Արցախի հիմնախնդրի կարգավորման համար պայքարում։ Հայաստանն էլ 1974 թվականի թուրքական ներխուժումից հետո հանդես է եկել միասնական Կիպրոսի օգտին և աջակցել է Կիպրոսի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։
Այսօր Հայաստանի և Կիպրոսի միջև հարաբերությունները ներառում են համագործակցություններ առևտրի, ռազմական, հետախուզական ծառայությունների, արտաքին քաղաքականության և մշակույթի ոլորտներում[1]։
Ժամանակակից հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի անկախացումից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեռնային Ղարաբաղի պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bc/1993_kaylarshav.jpg/240px-1993_kaylarshav.jpg)
Հայաստանի և հարևան Ադրբեջանի միջև ազգամիջյան բախումները սկսվել են այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանն Ադրբեջանում քվեարկել է 1988 թվականի փետրվարի 20-ին Հայաստանի հետ տարածաշրջանը միավորելու օգտին։ Հայաստանի պահանջը՝ միավորելու Ղարաբաղը Հայաստանի հետ, ծավալվել է 1980-ական թվականների վերջին բավականին խաղաղ եղանակով, սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո վեճն աստիճանաբար վերաճել է Լեռնային Ղարաբաղի էթնիկ խմբերի միջև բռնի հակամարտության, ինչը հանգեցրել է երկու կողմերի էթնիկ զտումների։ 2011 թվականի հունվարին Կիպրոսի և Հայաստանի միջև ստորագրված համատեղ հռչակագրում նշվել է, որ Կիպրոսի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի կառուցողական ջանքերին Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության սկզբունքների հիման վրա բանակցությունների միջոցով և ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների նախագահների կողմից առաջարկված տարրերին, որոնք ներառում են, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումն արցախցիների կամքի օրինականորեն պարտադիր կամարտահայտման միջոցով։ Իր հերթին Հայաստանի նախագահը ողջունել է Կիպրոսի՝ որպես ԵՄ անդամ երկրի՝ ղարաբաղյան հարցում նրա հավասարակշռված դիրքորոշման համար՝ ուշադրություն հրավիրելով Արցախի ժողովրդի կամքի իրավաբանորեն պարտադիր ազատ արտահայտման տեսանկյունից Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման վրա[2]։
Հայոց ցեղասպանության ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f3/Armenian-Cypriot_women_in_front_of_the_Armenian_Genocide_monument_at_Acropolis_Park_in_Nicosia_%281988%29.jpg/220px-Armenian-Cypriot_women_in_front_of_the_Armenian_Genocide_monument_at_Acropolis_Park_in_Nicosia_%281988%29.jpg)
Կիպրոսն առաջին երկրներից է եղել, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, երբ 1965 թվականի հունվարի 25-ին արտգործնախարար Սպիրոս Կիպրիանուն առաջին անգամ այդ հարցը բարձրացրել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի նիստում[3]։
Կիպրոսը նաև առաջին եվրոպական երկիրն է եղել (և աշխարհում երկրորդը՝ Ուրուգվայից հետո), որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1975 թվականի ապրիլի 24-ին։ Ավելի ուշ ապրիլի 24-ը հայտարարվել էր որպես Կիպրոսում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/ad/Larnaca_monument.jpg/220px-Larnaca_monument.jpg)
1965 թվականից, երբ Կիպրոսի կառավարության պաշտոնյաները սկսել են մասնակցել Հայոց ցեղասպանության հիշատակի ամենամյա ակցիաներին, Կիպրոսի քաղաքական առաջնորդները հաճախ են հիմնական զեկուցողներ դարձել այդ ակցիաներում, որոնք կազմակերպվել են ի հիշատակ Հայոց ցեղասպանության։ Վերջին տարիներին սովորաբար ընթանում է քայլարշավ, որն սկսվում է Նիկոսիայի կենտրոնից և ավարտվում Ստրովոլոսի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ Հայոց ցեղասպանության հուշարձանի առջև հիշատակի միջոցառում է անցկացվում[4]։
Հայոց ցեղասպանության հուշահամալիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխարհում լինելով Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրորդ երկիրը՝ Կիպրոսը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երկու հուշարձան է կառուցել։ Հուշարձաններից մեկը գտնվում է Նիկոսիայում, իսկ մյուսը՝ Լառնակայում։
Կիպրոսի պատասխանը Ռամիլ Սաֆարովի ազատ արձակմանը[խմբագրել | խմբագրել կոդը]
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8e/Armenian-Cypriots_Hungarian_embassy.jpg/150px-Armenian-Cypriots_Hungarian_embassy.jpg)
Կիպրոսի արտգործնախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսի հայտարարության մեջ ասվում է. «Մենք խորապես ափսոսում և դատապարտում ենք հրեշավոր հանցագործություն կատարած անձին ներում շնորհելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահի որոշումը և նրան փառաբանող քայլերը, ու շատ մտահոգված ենք տարածաշրջանային կայունության վրա դրա ազդեցությամբ։ Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը լիովին հարգի համապատասխան միջազգային կոնվենցիաների տառն ու ոգին, ինչպես նաև իրականացնի այն դիվանագիտական հավաստիացումները և խոստումները, որոնք տրվել էին»[5]։ Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելուց հետո անմիջապես բողոքի ցույցեր են սկսվել Կիպրոսի բոլոր քաղաքներում, որոնցից ամենամեծը տեղի է ունեցել Նիկոսիայում՝ Հունգարիայի դեսպանատան մոտ։ Կիպրոսի մամուլը բացասաբար է արտահայտվել Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու գործում հունգարական կառավարության դերի մասին։
Կրթական համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d7/Armenian_compound-Nicosia.jpg/220px-Armenian_compound-Nicosia.jpg)
Կիպրոսում հայկական տարրական դպրոցներ կան Լառնակա, Լիմասոլ և Նիկոսիա քաղաքներում, ինչպես նաև վարժարան Նիկոսիայում։ Մելքոնյան կրթական ինստիտուտը կիպրահայերի ամենահայտնի համատեղ ուսումնական հաստատությունն է։ 1926 թվականին հիմնադրված Մելքոնյան ինստիտուտը բաց է եղել ամբողջ աշխարհից հայ ուսանողների համար և առաջարկել է միջնակարգ դպրոցի համալիր ծրագիր։ Բոլոր առարկաները, բացի հայերենից, դասավանդվել են անգլերեն և օտար լեզուներով, այդ թվում՝ հունարեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, ռուսերեն և բուլղարերեն։ Կիպրոսի հեռարձակող ընկերության հայալեզու օրական կես ժամ տևողությամբ ռադիոհաղորդումը ներառում է ծավալուն հարցազրույցներ, նորությունների լուսաբանում, մշակութային ռեպորտաժներ և երաժշտություն։ Կղզում ստեղծվել են հայկական երկու ամսաթերթեր՝ «Արձագանք» (1995) և «Ազատ ձայն» (2003), որոնցում հրապարակվում են ազգային և միջազգային նորություններ հիմնականում հայերեն, ինչպես նաև հունարեն և անգլերեն մի քանի հոդվածներ։
Տնտեսական համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամեն տարի կիպրահայկական բիզնես-համաժողովներն անցկացվում են կա՛մ Նիկոսիայում, կա՛մ Երևանում՝ երկու երկրների միջև առևտրի և ներդրումների հետագա խթանման նպատակով։ Հայկական ընկերությունները կարող են ավելի արդյունավետ ընդլայնվել դեպի Եվրոպական Միության և Մերձավոր Արևելքի շուկաներ՝ համագործակցելով կիպրական ընկերությունների հետ։ Այդ համագործակցությունը կարող է և պետք է լինի փոխադարձ, քանի որ Հայաստանը Կիպրոսի բիզնես աշխարհի համար ծառայում է որպես մուտք դեպի Կովկասի երկրներ[6]։
Մշակութային համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3c/Sipan_dance.jpg/220px-Sipan_dance.jpg)
Կիպրոսի հայ համայնքը խոշոր ֆինանսավորում է ստանում Կիպրոսի կառավարությունից, որը թույլ է տալիս կազմակերպել համերգներ, պարային ներկայացումներ, գեղարվեստական և լուսանկարչական ցուցահանդեսներ, ինչպես նաև գրական միջոցառումներ։ Կիպրոսում Հայաստանի պրելատուրան իր տարածքում (Ութիջյան դահլիճ) տարածք է առանձնացրել մշակութային միջոցառումների անցկացման համար, ինչպես օրինակ ամենամյա աշնանային գրքի ցուցահանդեսը։ Մերձավոր և Միջին Արևելքի հայկական հետազոտական կենտրոնը (1996 թվականին հիմնադրել է Վարդան Մալյանը) Նիկոսիայի իր շինություններում ներառում է տեղեկատու գրադարան և արխիվային նյութեր[7]։
Մարդասիրական օգնություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1988 թվականի դեկտեմբերին՝ Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից հետո, Կիպրոսի Հանրապետությունն առաջին երկրներից մեկն էր, որն օգնություն է ուղարկել դեղերի, բժիշկների և ֆինանսական օգնության տեսքով։
Եվրոպական միությանը Հայաստանի անդամագրում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիպրոսը բացեիբաց հանդես է գալիս ԵՄ-ին Հայաստանի անդամակցության օգտին հնարավորինս սեղմ ժամկետներում։ Անդրադառնալով Հայաստանի հետ ԵՄ հարաբերություններին՝ նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասը խոստացել է, որ Նիկոսիան կշարունակի ակտիվորեն աջակցել այդ հարաբերությունների հետագա ամրապնդմանը, ինչը վկայում է մոտ ապագայում Հայաստանի լիիրավ անդամ լինելու կարգավիճակի մասին։ Նրա խոսքով՝ Կիպրոսը ԵՄ-ում Հայաստանի ամենաուժեղ կողմնակիցն ու բարեկամն է։
Հայոց ցեղասպանության ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիպրոս խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1975թ.[8]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններ
- Հայ-հունական հարաբերություններ
- Հայոց ցեղասպանություն
- Հայոց ցեղասպանության ճանաչում
- Հայերը Կիպրոսում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ARMENIAN PRESIDENT - CYPRUS VISIT». HR NET. 2011-01.
- ↑ «ԱԺ պատգամավոր. Հայաստանի և Կիպրոսի միջև հարաբերությունները որակակական նոր մակարդակի վրա են». News.am. 2011 թ․ հունվարի 18.
- ↑ «Forty Years After A Milestone - Vartkes Sinanian». 2012-04. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «Cypriot Parliament Leader Calls for Armenian Genocide Recognition». 2012-11. Վերցված է 2010-11-ին.
- ↑ «Էրատո Կոզակու Մարկուլիսը դատապարտում է Ադրբեջանի գործողությունները». 2012 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ «Armenian Cypriot Business Forum». Cyprus News Agency.
- ↑ «About Cyprus - Religious Groups - The Armenian Community». Government Web Portal. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ Cyprus House of Representatives Resolution, ապրիլ 24, 1975
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Арцаканк Армянская ежемесячная и онлайн публикация на английском
- Армянский национальный комитет сайт Кипра раздел английского языка
- AGBU Кипрский сайт
|