XV–XVII դարերում երկրի տարածք են թափանցել եվրոպական (առաջինը՝ պորտուգալացի) ստրկավաճառներն ու վաճառականները։ XVII դարում այստեղ ձևավորվել է Դահոմեա պետությունը, որը 1890-ական թվականներին զավթել են ֆրանսիացի գաղութարարները։ Անկախություն է ձեռք բերել 1960 թ-ի օգոստոսին՝ Դահոմեայի Հանրապետություն անունով։ Այժմյան անունն ստացել է 1975 թ-ին։ Բնակչությունը կազմված է 4 հիմնական էթնիկ խմբերից (աջաներ, սոմբաներ, յորուբաներ, ֆուլբեներ)։
Բենինում ապրող ժողովուրդներն ունեն ինքնատիպ մշակույթ, որի մեջ զգալի տեղ են գրավում երկրի պատմությունն արտացոլող լեգենդները։ Բենինի ժողովուրդները սեփական գիր չունեն։ Տարածված են թատերական ներկայացումները, որոնց հիմքում ընկած են կրոնական ծիսակատարությունները և կենցաղային պարերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 393)։