Փոշոտ փոթորիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (հոկտեմբերի 23, 2017) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
Իրաքի փոշոտ փոթորիկը, 2005 թվականի ապրիլի 27

Փոշոտ (ավազե) փոթորիկ, մթնոլորտային երևույթ, որն ուղեկցվում է քամով և մեծ քանակությամբ հողի (բնահողի մասեր, ավազահատիկներ) տեղափոխմամբ։ Այն ընթանում է երկրային մակերևույթում՝ մի քանի մետր բարձրության շերտով, և դժվարացնում հորիզոնային տեսանելիությունը։ Նկատվում է հողի (ավազի) բարձրացում դեպի օդ և միաժամանակ հողի նստում մեծ տարածքներում։ Կախված տվյալ շրջանի բնահողի գույնից՝ հեռավոր առարկաները ձեռք են բերում մոխրագույն, դեղնավուն և կարմրավուն երանգներ։ Հիմնականում առաջանում է հողի չոր շերտի և ամենաքիչը 10 մ/վ արագության քամու դեպքում։

Սովորաբար առաջանում է անապատային և կիսաանապատային տարածքներում տարվա տաք եղանակներին։ «Սեփական» փոշոտ փոթորկի կողքին կան նաև այնպիսի դեպքեր, ինչպիսին օրինակ՝ անապատներից և կիսաանապատներից ներթափանցած ավազափոշին է, որը բավականին երկար ժամանակ կարող է մնալ մթնոլորտում և փոշոտ մշուշի տեսքով հասնել աշխարհի համարյա բոլոր անկյուններ։

Հաճախ փոշոտ փոթորիկներն առաջանում են տափաստանային, շատ հաճախ՝ անտառատափաստանային և նույնիսկ անտառային շրջաններում (վերջին երկու զոնաներում փոշոտ քամիները հիմնականում են լինում են ամռանը՝ ուժեղ չորայնության առկայության դեպքում)։ Տափաստանային և հաճախ անտառատափաստանային տարածքներում փոշոտ փոթորիկները սովորաբար լինում են վաղ գարնանը՝ սակավաձյուն ձմռանից և չոր աշնանից հետո, բայց երբեմն լինում են նույնիսկ ձմռանը՝ ձնաբքերի զուգակցմամբ[1]։

Քամու արագության որոշակի բարձրացման հետևանքով (կախված բնահողի մեխանիկական բաղադրությունից և դրա խոնավությունից) փոշու և ավազի հատիկները պոկվում են մակերևույթից և տեղափոխվում սալտացիայի և սուսպենզիայի ճանապարհով՝ առաջացնելով հողի էրոզիա։

Չափանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ընդհանուր (ոչ ավիացիոն) օդերևութաբանության՝ փոշոտ փոթորկի ժամանակ տեսանելիությունը (ստանդարտ մակարդակում՝ 2մ երկրի մակերևույթի վրա) սովորաբար կազմում է 1-ից 4 կիլոմետր (մի շարք դեպքերում կարող է իջնել մինչև մի քանի հարյուր և նույնիսկ մինչև մի քանի տասնյակ մետրի)։

Փոշոտ (ավազե) մրրիկ՝ քամուց փոշու (բնահողի, ավազահատիկների) տեղափոխումը երկրի մակերևույթի վրա՝ 0,5-2մ բարձրությունից, չի հանգեցնում տեսանելիության զգալի վատացմանը (եթե չկան մթնոլորտային այլ տեղումներ, հորիզոնային տեսողությունը 2մ մակարդակի վրա կազմում է 4-10 կմ, բայց երբեմն և ավելի)։ Սովորաբար առաջանում է բնահողի չոր մակերեսի և քամու 6-9 մ/վ և ավելի արագության դեպքում։

Ավիացիոն օդերևութաբանության մեջ սահմանված է հողային փոթորկի ավելի խիստ չափանիշ․ «փոշեմրրիկ» երևույթը (օդերևութաբանական հետազոտությունների և եղանակի կանխատեսումների ժամանակ) ընդունված է համարել 1կմ-ից ոչ պակաս, իսկ տեսանելիության հեռավորության դեպքում 1-4 կմ-ը նշվում է «ստորին փոշի»։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոշոտ փոթորիկների հիմնական արեալներն են Երկրի երկու կիսագնդերի բարեխառն և արևադարձային կլիմա ունեցող անապատներն ու կիսաանապատները։

Փոշոտ փոթորիկ եզրույթը սովորաբար օգտագործվում է այն ժամանակ, երբ փոթորիկն առաջանում է կավախառն և ավազակավային բնահողով։ Ավազային անապատներում (հատկապես՝ Սահարայում, ինչպես նաև Կարակումներում և Կիզիլկումում) փոթորիկների առաջացման դեպքում, երբ բացի մանր մասնիկներից, որոնք վատացնում են տեսանելիությունը, երբ քամին նաև մակերևույթի վրա տանում է միլիոնավոր տոննաների ավելի մեծ չափի ավազահատիկներ, օգտագործվում է ավազե փոթորիկ անվանումը։

Փոշոտ փոթորիկները կրկնողական բնույթ են կրում Պրիառալյեում և Բալխաշում (Ղազախստանի հարավ), Կասպից ծովի ափերում, Հարավային Ղազախստանի մարզում, Կառակալպակստանում և Թուրքմենստանում։ Ռուսաստանում փոշոտ փոթորիկներն ամենահաճախը տեղի են ունենում Աստրախանի և Վոլգոգրադի մարզերում, Կալմիկիայում, Տիվայում, Ալթայի և Անդրբայկալյան երկրամասերում։

Չորային եղանակի երկարատևության ժամանակ փոշոտ փոթորիկները կարող են տարածվել (ոչ ամենամյա) մինչև տափաստանային և անտառատափաստանային զոնաներ․ Ռուսաստանի որոշ հատվածներում, Ուկրաինայի տարածքում և հյուսիսային, կենտրոնական ու արևելյան Ղազախստանում։

Սահարա և Արաբական թերակղզու անապատները համարվում են Արաբական ծովի շրջաններում, որոշ չափով էլ Իրանում, Պակիստանում և Հնդկաստանում առաջացած փոշոտ մշուշների հիմնական աղբյուրները։ Չինաստանի փոշոտ փոթորիկները փոշին տեղափոխում են Խաղաղ օվկիանոս։ Բնապահպանները կարծում են, որ Երկրի չորացած տարածքների անպատասխանատու ղեկավարումը, օրինակ՝ ցանքաշրջանառության համակարգի անտեսումը, հանգեցնում է անապատների մակերեսի մեծացման և տեղի ու գլոբալ մակարդակի կլիմայական փոփոխությունների[2]։

Առաջացման պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոշե կաթսա ԱՄՆ-ում, որը սկսել էր 1935թ.

Քամու հոսանքի ուժի ուժեղացման դեպքում, որն անցնում է հողի չամրացված մասնիկների մոտով, վերջիններս սկսում են թրթռալ, այնուհետև «ցատկոտել»։ Գետնին շարունակական հարվածներից հետո այդ մասնիկներն առաջացնում են մանր փոշի, որը բարձրանում է կախույթի տեսքով[3]։

Վերջին ուսումնասիրությունները ենթադրում են, որ մեծ ավազահատիկների սկզբնական սալտացիան շփման միջոցով առաջացնում է էլեկտրամագնիսական դաշտ։ Թռչող մասերը ձեռք են բերում բացասական լիցքավորվածություն, որն ազատում է ավելի շատ մասեր։ Այդ պրոցեսը գրավում է երկու անգամ ավել մասնիկներ, քան կանխատեսում են նախկին տեսությունները[4]։

Մասնիկները հիմնականում ազատվում են հողի չորության և քամու ուժեղացման միջոցով։ Քամու հոսանքների ճակատները կարող են հայտնվել անձրևով կամ չոր սառը ճակատով ամպրոպի զոնայում օդի սառեցման հետևանքով։ Չոր սառը ճակատով ցնցումից հետո ներքնոլորտի կոնվեկտիվ անկայունությունը կարող է առաջացնել փոշոտ փոթորիկ։ Անապատային շրջաններում փոշոտ և հողային փոթորիկներն ավելի հաճախ առաջանում են ամպրոպային վարընթաղ հոսանքների և դրանց հետ կապված քամու արագության ուժեղացման պատճառով։ Փոթորկի ուղղահայաց չափերը որոշվում են մթնոլորտի կայունությամբ և մասնիկների քաշով։ Որոշ դեպքերում, փոշոտ և ավազե փոթորիկները կարող են սահմանափակված լինել բարակ շերտով, ինչը կապված է եղանակային շրջապտույտի հետ։

Պայքարի եղանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ ուրիշ ավազե փոթորիկ

Փոշոտ փոթորիկների կանխարգելման և արդյունքների փոքրացման համար անհրաժեշտ է վերլուծել տեղանքի առանձնահատկությունները՝ ռելիեֆ, միկրոկլիմա, գերիշխող քամիների ուղղություն և միջոջառումների անցկացում, որոնք կարող են փոքրացնել քամու արագությունը մակերևույթին և մեծացնել բնահողի մասնիկների կպչելիությունը։ Քամու արագությունն իջեցնելու համար ստեղծվում են անտառաշերտի համակարգեր և հողմապաշտպան կուլիսներ։ Բնահողային մասնիկների կպչելիության բարձրացմանը զգալի ազդեցություն են տալիս մնացած խոզանները, անշուռտու հերկը, մի քանի տարվա խոտերով ցանքի հողապաշտպան անտառաշերտերը, բազմամյա շերտավոր խոտերի հերթագայումը և միամյա կուլտուրաների ցանքերը[5]։

Բնապահպանական հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոշոտ փոթորիկները կարող են տեղաշարժել ամբողջ դյուներ և տեղափոխել հսկայական ծավալով փոշի, այնպես, որ փոթորկի ճակատը կարող է երևալ ինչպես մինչև 1,6 կիլոմետր բարձրությամբ խիտ պատ։ Փոշոտ և ավազային փոթորիկները, որոնք գալիս են Սահարա անապատից, հայտնի են նաև որպես սամում, համսին (Եգիպտոսում և Իսրայելում) և հաբուբ (Սուդանում) անվանումներով։

Փոշոտ փոթորիկների մեծ մասը ծագում են Սահարայում, հատկապես Բոդելեի խոռոչում[6] և Մավրիտանիայի, Մալիի ու Ալժիրի սահմանների հատման շրջանում[7]։ Վերջին կես դարի ընթացքում (1950-ական թվականներից) Սահարայի փոշոտ քամիներն աճել են մոտ 10 անգամ՝ առաջացնելով Նիգերիայի, Չադի և Բուրկինա-Ֆասոյի բնահողի վերին շերտի բարակացմանը։ 1960-ական թվականներին Մավրիտանիայում տեղի ունեցավ ընդամենը երկու փոշոտ փոթորիկ, իսկ ներկայումս դիտվում է տարեկան 80 փոթորիկ[2]։

Փոշին Ատլանտյան օվկիանոսով Սահարայից տեղափոխվում է արևմուտք։ Անապատի ցերեկային ուժեղ տաքացումը տրոպոսֆերայում առաջանում է անկայուն շերտ, որում տարածվում են փոշու մասնիկներ։ Կախված օդային զանգվածի Սահարայի տարածքով հարավ տեղափոխման (ադեկվացիա) չափի հետ, այն շարունակում է տաքանալ, իսկ հետո դուրս գալով օվկիանոսային տարածություն, անցնում է ավելի սառը և խոնավ մթնոլորտային շերտով։ Այդպիսի ջերմաստիճանային ինվերսիան թույլ չի տալիս շերտերին խառնվել և թողնում օդի փոշոտ շերտը անցնել օվկիանոսը[8]։ Սահարայից Ատլանտյան օվկիանոս հասած փոշու ծավալը 2007 թվականի հունիսին հինգ անգամ ավելի էր, քան դրանից մեկ տարի առաջ, ինչը կարող է սառեցնել Ատլանտիկայի ջրերը և մի փոքր քչացնել ամպրոպների ակտիվությունը[9]։

Տնտեսական հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոշոթ փոթորիկների հասցված հիմնական վնասներն են՝ բնահողի բերրիության շերտի ոչնչացումը, որը ցածրացնում է դրա գյուղատնտեսական արտադրողականությունը։ Բացի դրանից, հղկման արդյունքում վնասվում են երիտասարդ բույսերը։ Ուրիշ հնարավոր բացասական հետևանքներն իրենց մեջ ներառում են տեսանելիության նվազումը, որը ազդում է ավիա- և ավտոտրասպորտի վրա, Երկրին հասնող արևային լույսի քանակի նվազումը, տաքացուցիչ «ծածկոցի» էֆեկտը, կենդաների օրգանիզմների շնչառական համակարգի վրա անբարենպատ ազդեցությունը։

Փոշին կարող է նաև օգուտ բերել նստվածք տված տեղերում՝ Կենտրոնական և Հարավային Ամերիկայի սելվան Սահարայից է ստանում հանքային պարարտանյութերի մեծ մասը, լրացնում օվկիանոսի երկաթի պակասը։ Հավայան կղզիներում, փոշին օգնում է բանանային կուլտուրաների աճին։ Չինաստանի և հարավային ԱՄՆ-ի հինավուրց մրրիկների նստվածքներով բնահողերը, որոնք կոչվում են լյոս, շատ պտղատու են, սակայն միաժամանակ համարվում են ժամանակակից փոշոտ փոթորիկների աղբյուրներ, որոնք առաջանում են հողը բուսականության հետ կապող խախտման դեպքում։

Ոչ-երկրային փոշոտ փոթորիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարսիական փոշոտ փոթորիկ

Մարսի հարավային բևեռային գլխարկի սառցե պատյանի և տաք օդի ջերմաստիճանների ուժեղ տարբերությունը հանգեցնում է ուժեղ քամիների առաջացմանը, որոնք գետնից բարձրացնում են կարմրաշագանակագույն փոշու հսկայական ամպեր[10]։ Մասնագետները կարծում են, որ փոշին Մարսի վրա կարող է խաղալ այն նույն դերը, ինչպես ամպերը Երկրի վրա։ Այն կուլ է տալիս արևային լույսը և դրա հաշվին տաքացնում մթնոլորտը։

Հայտնի փոշոտ և ավազային փոթորիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոշոտ փոթորիկ Ավստրալիայում (2009 թվականի սեպտեմբեր)
  • Ըստ Հերոդոտոսի վկայությունների, մ․թ․ա․ 525 թվականին, փոշոտ փոթորկի ընթացքում, Սահարայում զոհվեց պարսկական թագավոր Կամբյուսես II-ի տասնհինգհազարանոց բանակը[11]։
  • 1982 թվականի ապրիլին, Ուկրաինայի տափաստանային և անտառատափաստանային շրջաններում քամին 1մլն կմ² տարածքով 15մլն տոննա սևահողեր բարձրացրեց։ Սևահողային փոշին տեղափոխվեց արևմուտք և նստեց 6մլն կմ²-անոց տարածքում՝ Պրիկարպատյե, Ռումինիա և Լեհաստան։ Փոշու ամպերի բարձրությունը հասավ 750 մետրի, և Ուկրաինայի սևահողերի շերտը պակասեց 10-15 սանտիմետրով[12]։
  • ԱՄՆ-ի և Կանադայի տարածքներում փոշոտ կաթսայի ժամանակաշրջանում (1930-1936թթ․) առաջացած փոշեմրրիկների շարքը ստիպեց հարյուրհազարավոր ագարակատերերի փոխել իրենց բնակավայրերը։
  • 1983 թվականի փետրվարի 8-ի երկրորդ կեսին, ամենաուժեղ փոշոտ փոթորիկը, որը հայտնվել էր ավստրալիական Վիկտորիա նահանգի հյուսիսում, ծածկել էր Մելբուրն քաղաքը։
  • 1954-56, 1976-78 և 1987-91 թվականներին, Հյուսիսային Ամերիկայի տարածքում երկարաժամկետ չորայնությունների պատճառով առաջացան ինտենսիվ փոշեմրրիկներ։
  • 2007 թվականի փետրվարի 24-ի ուժեղ փոշոտ փոթորիկը, որը հայտնվել էր արևմտյան Տեխասի տարածքում՝ Ամարիլլո քաղաքի շրջանում, ծածկել էր նահանգի հյուսիսային մասը։ Ուժեղ քամին բազմաթիվ վնասներ էր հասցրել ցանկապատերին, տանիքներին և նույնիսկ մի քանի շինություններին։ Ինչպես նաև մեծ վնաս էր կրել Դալլաս—Ֆորտ-Ուերտ մեգապոլիսի միջազգային օդանավակայանը, բազմաթիվ մարդիկ հիվանդանոց էին դիմել շնչառական խնդիրների պատճառով։
  • 2007 թվականի հունիսին մեծ փոշոտ փոթորիկ է տեղի ունեցել Սինդ և Բելուջիստան նահանգների տարածքներում գտնվող Կարաչի բնակավայրում, որին հաջորդեցին ուժեղ անձրևներ, ինչն էլ հանգեցրեց մոտ 200 մարդկանց մահվան[13]։
  • 2008 թվականի մայիսի 26-ին Մոնղոլիայում առաջացած հողային փոթորկի արդյունքում մահացավ 46 մարդ[14]։
  • 2009 թվականի սեպտեմբերի 23-ին Սիդնեյի փոշեմրրիկը հանգեցրեց տրանսպորտի շարժման վատթարացմանը և հարյուրավոր մարդիկ ստիպված եղան մնալ իրենց տներում։ Ավելի քան 200 մարդ, շնչառական խնդիրներով, դիմեց բժշկական օգնության[15]։
  • 2011 թվականի հուլիսի 5-ին, հսկայական փոշեմրրիկը ծածկեց ԱՄՆԱրիզոնա նահանգի մայրաքաղաք Ֆինիքսը։ Երևույթի պատճառով կտրվեցին հոսանքահաղորդման լարեր, որը քաղաքի կենտրոնում առաջացրեց հրդեհ, կաթվածահար եղավ ավիատրանսպորտը[16]։
  • 2015 թվականի սեպտեմբերի սկզբին, աննախադեպ փոշոտ փոթորիկը («շարավ») հասավ Արևելք և հյուսիսային Աֆրիկա։ Տուժեցին Եգիպտոսը, Իսրայելը, Պաղեստինը, Հորդանանը, Լիբիան, Սիրիան և Սաուդիան Արաբիան։ Զոհվեց մի քանի մարդ։ Մեքքայում եղած վատ եղանակի պատճառով Ալ-Խարամ մզկիթի վրա ընկավ շինարարական կռունկը, որի պատճառով մահացավ ավելի քան 100 մարդ[17]։ Սիրիայում, փոթորկի շնորհիվ, Իսլամական Հանրապետություն խմբավորման մասնակիցները կարողացան մեծացնել իրենց տարածքները։
  • 2016 թվականի մայիսի 9-ին, Իրկուտսկ քաղաքի վրա հասավ հսկայական փոշեմրրիկ, որն ուժեղացել էր մոտ գտնվող վառվող անտառներից քաղաք եկած մոխրի միջոցով։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Փոշոտ փոթորիկներ Ուկրայինայում
  2. 2,0 2,1 «ENVIRONMENT: Around the Globe, Farmers Losing Ground». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 31-ին.
  3. «Physics, Mechanics and Processes of Dust and Sandstorms» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 31-ին.
  4. Electric Sand Findings, University of Michigan Jan. 6, 2008
  5. Полякова Л.С., Кашарин Д.В. Օդերևութաբանություն և կլիմայագիտություն. — Новочеркасск НГМА, 2004. — 108 с.
  6. The Bodélé depression: a single spot in the Sahara that provides most of the mineral dust to the Amazon forest. Ilan Koren et al 2006 Environ. Res. Lett. 1 014005 (5pp) doi:10.1088/1748-9326/1/1/014005
  7. Saharan Dust: Sources and Trajectories N. J. Middleton, A. S. Goudie, Transactions of the Institute of British Geographers, New Series, Vol. 26, No. 2 (2001), pp. 165—181
  8. NASA (27 июня 2009). «Սահարայի փոշին հասել է Ատլայտյան օվկիանոսի ափերին» (անգլերեն). Earth Observatory. Վերցված է 27.06.2009-ին.
  9. Scientists examine African dust link to hurricanes? ScientificAmerican.com Օգոստոսի 10, 2007
  10. Մարսի փոշոտ փոթորիկները
  11. Հերոդոտոս Книга III, Главы 1-67
  12. Пыльные бури — outdoors.ru
  13. KARACHI: Storm death toll rises to 200
  14. Lenta.ru: Կատակլիզմներ։ Մոնղոլիայի ավազե փոթորիկներում մահացել է 46 մարդ
  15. Սիդնեյի բնակչությունը կաթվածահար է եղել ուժեղ փոշոտ փոթորկի պատճառով
  16. Արիզոնան ծածկված է ամենաուժեց փոշոտ փոթորկի տակ(չաշխատող հղում)
  17. Շարավն անցավ մոտ Արևելքով