Բուք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձնաբուք Բուֆֆալոյում

Բուք, ձնախառը քամի ներքնոլորտի երկրամերձ շերտում։ Հիմնականում առաջանում է ուժեղ քամու, բացասական ջերմաստիճանի (մինչև -10 °C) և չոր, փուխր, նաև տեղացող ձյան պայմաններում։ Տարբերում են գետնահուպ (ձյան տեղափոխումն ընթանում է անմիջապես ձնածածկույթի վրա՝ մինչև 1,5-2 մ բարձր, շերտում), ներքնաբուք (ձյան տեղափոխումն ընթանում է 2-3 մ բարձրության շերտում) և ընդհանուր (քամին ձյունը բարձրացնում է բավական վեր, որն էլ ուղեկցվում է տեղացող ձյան հետ) բուքեր։ ՀՀ տարածքում հաճախ են գետնամերձ և ընդհանուր բուքերը. առաջանում են հոկտեմբեր-ապրիլին, հատկապես երբ իրար են մոտենում ցիկլոնային ու անտիցիկլոնային ճակատները։ Ըստ բարձրության և բաց տեղանքում ավելանում է բուքով օրերի թիվը։ Հաճախ, պայմանավորված տեղանքի բնական պայմաններով, այդ օրինաչափությունը խախտվում է։ Բուքեր առաջանում են հիմնականում Սևանի ավազանում (ավելի քան 50 օր), լեռնանցքներում (առավելապես՝ Սիսիանի, Սևանի, 84 օր), Արագածում (122 օր), անտառածածկ Լոռու, Տավուշի մարզերում (անհամեմատ քիչ՝ 2-7 օր)։ Բուքից փակվում են ճանապարհները, լեռնանցքները, խախտվում է տրանսպորտի երթևեկությունը, ցրտահարվում են գյուղատնտեսական բույսերը (բացվում են աշնանացան ցանքերը)։ Ձնակուտակումներից պաշտպանվելու համար ճանապարհների եզրերին դրվում են պաշտպան, վահաններ, առանձին տեղերում տնկում անտառաշերտեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png