Վաճառականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վաճառականություն, սոցիալական հատուկ խավ մինչսոցիալիստական հասարակարգերում, զբաղվել է առևտրով։ Վաճառականն ապրանքները գնում էր ոչ թե սեփական պահանջմունքները բավարարելու, այլ շահույթ ստանալու նպատակով դրանք վերավաճառելու համար, այսինքն՝ միջնորդի ֆունկցիաներ է կատարում արտադրողի և սպառողի (կամ արտադրանքի տարբեր տեսակներ արտադրողների) միջև։ Առևտրական միջնորդներն երևան են եկել նախնադարյան համայնական հարաբերությունների քայքայման շրջանում, սակայն վաճառականությունն հասարակության սոցիալական կառուցվածքի անհրաժեշտ տարր է դարձել միայն դասակարգային հասարակարգում։ Այն կարևոր տնտեսական դեր է խաղացել արդեն հին աշխարհում (Փյունիկիա, Կարթագեն, հելլենիստական պետություններ, Հին Հունաստան, Հռոմ և այլն)։ Վաղ միջնադարում վաճառականությունն առավել զարգացած էր արաբական երկրներում, Հնդկաստանում, Չինաստանում։ 11-12-րդ դարերին վաճառականությունը սկսում է տարածվել նաև Արևմտյան Եվրոպայում (Վենետիկ, Ջենովա, հյուսիսային Գերմանիա, Հանզայի քաղաքներ)։ Իրենց առևտրտրի շահերը պաշտպանելու համար միջնադարյան վաճառականներն ստեղծում էին հատուկ միություններ (գիլդիաներ և այլն)։ Առևտրին զուգահեռ, վաճառականությունը հաճախ զբաղվում էր վաշխառությամբ և կապալով։ վաճառականությունյան գործունեությունն առավել մեծ նշանակություն է ձեռք բերել ֆեոդալիզմի քայքայման և կապիտալիզմի հարաբերությունների տարրերի առաջացման շրջանում, երբ վաճառականականը կապիտալն սկսեց ներթափանցել արդյունաբերության ոլորտը (հատկապես 16-18-րդ դարերին Նիդերլանդներում, Անգլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայի առանձին մարզերում, իսկ հետագայում՝ Ամերիկայում, Ասիայում և Աֆրիկայում)։ Այս փուլում վաճառականությունն ակտիվորեն մասնակցում է կապիտալի նախասկզբնական կուտակման պրոցեսին և դառնում բուրժուազիայի ձևավորման աղբյուր։ Զարգացած կապիտալիզմի հասարակարգում այն կորցնում է ինքնուրույն նշանակությունը։ Հայաստանը հնագույն ժամանակներից եղել է տարանցիկ առևտրի կարևոր կենտրոն․ Փասիս (ճորոխ), Երասխ (Արաքս), Եփրատ և Տիգրիս գետերով հաղորդակցվել է Կասպից, Սև և Միջերկրական ծովերին, Պարսից ծոցին, որը նպաստել է վաճառականության տարածմանը։ Երկրի տարածքով անցել են բանուկ առևտրական ճանապարհներ։ Մ․ թ․ 1-2-րդ դարերին, կապված միջազգային տարանցիկ առևտրի աշխուժացման հետ, բարգավաճել է Վաղարշապատ, Արտաշատ, Երվանդաշատ, Զարեհավան, Տիգրանակերտ, Վան և հայկական այլ քաղաքների առևտուրը։ Տիգրան Բ Մեծի, Արշակունյաց թագավորության և, հավանաբար, մարզպանության ժամանակաշրջանում հին Հայաստանի առևտրական կյանքում գլխավոր դերը, Հակոբ Մանանդյանի կարծիքով, պատկանել է սեմական գաղթականությանը՝ հիմնականում հրեաներին և ասորիներին։ Բագրատունյաց թագավորության օրոք (9-11-րդ դարեր), կապված տարանցիկ առևտրում Հայաստանի դերի աճի հետ, նպաստավոր պայմաններ են ստեղծվել երկրում առևտրի զարգացման համար։ Վաճառականության նշանավոր կենտրոններ են դարձել Դվինը, Արծնը, Բաղեշը, Կարսը և այլն։ Սելջուկյան արշավանքներից հետո Հայաստանում առևտուրը և վաճառականությունն անկում են ապրել՝ վերստին աշխուժանալով Զաքարյանների օրոք, 13-րդ դարի սկզբին, երբ հայ վաճառականությունն սերտորեն կապվել է միջերկրածովյան առևտրական կենտրոնների հետ։ Միջերկրածովյան առևտրին աշխույժ մասնակցություն է ունեցել Կիլիկիայի հայ վաճառականությունը․։ Հայաստանի առևտրին և վաճառականությանը նոր հարված են հասցրել մոնղոլական արշավանքները (13-րդ դարի 1-ին կես)։ 13 դարի 2-րդ կեսին- 14-րդ դարի սկզբին, տարանցիկ առևտրական ուղիների փոփոխության կապակցությամբ, Հայաստանի առևտրում առաջնությունն անցել է Արճեշի, Մանազկերտի և Խլաթի հայ վաճառականությանը։ 15-18-րդ դարերին Հայաստանի տարածքում ընթացած թուրք-իրանական ընդհարումները, այնուհետև՝ ջալալիների ապստամբությունները, դրանց հետևանքով կյանքի և․ գույքի անապահովությունն արգելակել են վաճառականության զարգացումը, որը ծավալվել է հիմնականում երկրի սահմաններից դուրս՝ հայկական գաղթավայրերում։ Սակայն բուն Հայաստանում ևս հայ վաճառականությունը շարունակել է կատարել Արևմտյանի և Արևելյանի միջև տարանցիկ առևտրում միջնորդի իր ավանդական դերը՝ առևտրական կարավաններով երթևեկելով Կոստանդնուպոլիս- Թոքատ-էրզրում-Թավրիզ, Զմյուռնիա- Թոքատ- էրզրում- Թավրիզ և այլ ուղիներով, որոնք 17-րդ դարի 20—30-ական թվականներին․ դարձել էին խիստ բանուկ։ Արևմտյան Հայաստանի և Փոքր Ասիայի վաճառաշահ խոշոր կենտրոնների զգալի մասի առևտուրը գտնվել է հայ վաճառականության ձեռքին։ Հայերը կարևոր դեր են կատարել թանկարժեք քարերի միջազգային առևտրում. նրանք այդ քարերը ձեռք են բերել Իրանում և վաճառել Եվրոպայում։ էրզրումի հայ վաճառականները Ֆրանսիա, Անգլիա, Հոլանդիա են առաքել այծի նուրբ բուրդ (դվթիկ), Իրան՝ պղնձե ամանեղեն, Մոսկվա՝ ջրային կենդանիների հազվագյուտ մորթիներ, իսկ Ռուսաստանից ներմուծել են երկաթ, Արևմտյան Եվրոպայից՝ արդյունաբերական ապրանքներ։ 16-17-րդ դարերում Օսմանյան կայսրությունում հայ վաճառականության տարբեր խավերին անվանել են չելեբիներ, խոջաներ, խալֆաներ, 18-րդ դարի՝ ամիրաներ և այլն։ 19-րդ դարին հայ Վաճառականության խոշոր կենտրոններ էին մնացել Զմյուռնիան, Սեբաստիան, Կեսարիան, Դիարբեքիրը, Տրապիզոնը, Վանը, Մարաշը, Հաճընը, Ադանան և այլն։ Հնդկաստանի հայ վաճառականության կարևոր հանգրվաններ են եղել Մադրասը, Կալկաթան, Բոմբեյը և այլն։ 18-րդ դարի վերջին- 19-րդ դարի հայ վաճառականներ են հաստատվել Լիվոռնոյում, Մարսելում, Մանչեստրում, Հոլանդիայում, իտալիայում, Ամերիկայում և այլուր։ Հայ վաճառականության հին օրրաններից էր Ղրիմը, որի տարանցիկ առևտրում 14-18-րդ դարերին նրանք առաջատար դիրք են ունեցել։ Ղրիմի հայերը դեռևս 12-րդ դարում կապեր էին հաստատել Զենովայի վաճառականության հետ։ Մեծ առանձնաշնորհումներից են օգտվել Ռուսաստանի հայ վաճառականները։ 17-րդ դարում Աստրախանում բնակված հայերը խոշոր դեր են կատարել ռուս- իրանական և Ռուսաստանի վրայով ընթացող տարանցիկ առևտրում։ 1758 թվականին ստեղծվել է ռուս-իրանական առևտրի բաժնետիրական ընկերություն՝ հայ վաճառականներ Իսախանով եղբայրների գլխավորությամբ։ Ռուսաստանի հետ սերտորեն կապված է եղել Նոր Ջուղայի Հայկական առևտրական ընկերությունը։ Հայ վաճառականությունը կարևոր դեր է կատարել նաև ռուս-թուրքական առևտրում։ Ղրիմի հայերը Թուրքիայից ներմուծել են սուրճ, մերձարևադարձային պտուղներ, ձեթ, մեղրամոմ և արտածել հացահատիկ, բուրդ, կաշի, կղմինդր և այլն։ Իրենց հերթին Ռուսաստանի հետ կապված են եղել Արևմտյան Հայաստանի և Թուրքիայի հայ վաճառականները։ 18-րդ դարում կանոնավորապես Ռուսաստան են երթևեկել հայտնի վաճառական Կարապետ, Մանուկ, Օղլուի «վաճառաբարձ» նավերը։ Ռուս-թուրքական առևտրական մրցակցության պայմաններում զանազան արտոնություններ շնորհելու խոստումներով Պետրոս Մեծն աշխատել է ստանալ Թուրքիայի հայ վաճառականության աջակցությունը։ 1717 թվականին Ռուսաստանում արտոնյալ պայմաններով հաստատվելու հրավեր են ստացել Զմյուռնիայի հարուստ վաճառականներ Պետրոս, Աբրահամ Ստեփան, Ապրո եղբայրները։ 18-րդ դարի 2-րդ կեսին Ռուսաստանի հայ վաճառականներից շատերը (Շերիման, Շիրվանով, Մանուիլով, Խաստատով, Բունիաթովներ, Լազարյաններ և այլն) իրենց կապիտալը ներդրել են արդ․ ձեռնարկություններում (մանուֆակտուրաներում)։ 19-րդ դարի սկզբին՝ մինչև Ռուսաստանին միանալը, Արևելյան Հայաստանի վաճառականությունը բաժանվում էր չորս խմբի՝ սովդաքյարներ (դրամ, խոշոր կապիտալի տեր և մեծածախ առևտրով զբաղվողներ), բինահդարներ (մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող խանութատերեր), բազազներ (փոքրիկ խանութներ ունեցող մանր առևտրականներ) և չարչիներ կամ փերեզակներ (շրջիկ մանր առևտրականներ)։ Ռուսաստանում կապիտալիզմի հարաբերությունների ձևավորմանը զուգընթաց արագացել է նաև տեղի հայ վաճառականութ֊յան մի մասի քայքայումը, մյուսի վերաճումը առևտրական բուրժուազիայի։ Հայ վաճառականությունը, որպես խավ, Ռուսաստանում վերացել է Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունից հետո։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]