Խոջայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խոջայություն (պարսկ. խոջա - տեր, իշխող, հարուստ), հայ առևտրա-բուրժուական խավ XVI - XVII դարերում։ Իրանում խոջաներ էին կոչվում հարուստ վաճառականները։ XVI - XVII դդ. հայ խոջայության ու խոջայական կապիտալի նշանավոր կենտրոններ էին Իրանի հյուսիսային շրջանների հայ բնակչություն ունեցող քաղաքները, իսկ Հայաստանում՝ Ջուղան, Վանանդը, Բիստը, Ագուլիսը, Նախիջևանը, Օրդուբադը, Մեղրին և այլնն։

Խոջայությունն Իրանում[խմբագրել | խմբագրել կոդը]

XVII դարի սկզբին Իրանի շահ Աբբաս I-ի հրամանով Հայաստանից բռնագաղթած հայերը Սպահանի (Իրան) մոտ ստեղծում են Նոր Ջուղա ավանը, որը դառնում է խոջայության և առհասարակ հայ առևտրական կապիտալի խոշորագույն կենտրոնը։ Նորջուղայեցի վաճառականները հանդես են գալիս որպես իրանա-արեմտաեվրոպական առևտրի միջնորդներ. մասնավորապես նրանց միջոցով է իրականացվում իրանական հում մետաքսի արտահանումը Եվրոպա։ Հայ խոջաները ոչ միայն Եվրոպայի առավել մեծ քաղաքների առևտրի նշանակալից մասի տերն էին, այլև առևտրական խոշոր գործառնություններ էին կատարում նաև ասիական շուկաներում՝ Տոնկինում, Սիամում, Տիբեթում, Բիրմայում, Հնդկաստանում, Աֆղանստանում, Ճավայում, Ֆիլիպիններում, Չինաստանում, Ճապոնիայում և այլուր։

Նոր Ջուղայի հայ առևտրական ընկերությունը առևտրական պայմանագրեր էր կնքում օտարերկրյա ընկերությունների, անգամ՝ պետությունների հետ։ 1667 թ.-ին և 1673 թ.-ին նման պայմանագրեր է կնքել Ռուսաստանի հետ, որոնց համաձայն հայ խոջայությունն ազատ առևտուր անելու իրավունք է ստացել Ռուսաստանի, իսկ նրա վրայով նաև՝ Արևմտյան Եվրոպայի երկրների հետ։ 1688 թ.-ին Սուրաթում (Հնդկաստան) պայմանագիր է կնքել նաև Արևելա-հնդկական ընկերության հետ ևն։ Իրանահայ խոջայությունը գործուն մասնակցություն էր ցուցաբերում իրանական կառավարության դիվանագիտական հանձնարարությունները կատարելու, մասնավորապես եվրոպական երկրների հետ համատեղ հակաթուրքական ռազմական դաշինք կնքելու հարցերում։ Խոջայության դերը մեծ էր նաև ազգային-եկեղեցական ու հոգևոր-մշակութային կյանքում։

Խոջայությունը Թուրքիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի հայ վաճառականության ոլորտում նույնպես առաջացել էր նման խավ, որն իրանականի ազդեցությամբ ընդունել էր դարձյալ նույն անվանումը։ Թուրքահայ խոջայությունն էլ էր նետվել խոշոր առևտրի ասպարեզ և կապվել համաշխարհային շուկաների հետ։ Արևմտահայ բուրժուազիայի խոջայական հատվածը հայ չելեբիության լուրջ մրցակիցն էր և ձգտում էր ձուլել չելեբիական-վաշխառուական կապիտալը առևտրականի հետ, ստեղծել հասարակական մի ուժ, որն ի վիճակի լիներ հեղաշրջող դեր խաղալու օսմանյան լծի տակ հեծող հայության կյանքում։ Արևմտահայ խոջայությանն անհրաժեշտ էր օսմանյան բռնատիրության պայմաններում անձի ու գույքի անձեռնմխելիություն, ճանապարհների ապահովություն, բռնությունների, կամայականությունների ու կեղեքումների վերացում։ Այս հարցերում խոջայության շահերն ուղղակի համընկնում էին հայ ժողովրդի դարավոր իղձերի հետ։ Հանձին խոջայության, հայ բուրժուազիան սկսում է հանդես գալ թուրքական ֆեոդալական կարգերի ու բռնապետության դեմ՝ որոնելով ազգային-ազատագրական պայքարի ուղիներ։ Իր հերթին, չելեբիությունն էլ աշխատում էր դուրս մղել խոջայությանը և հայ հասարակական-քաղաքական կյանքի տնօրինությունը կենտրոնացնել իր ձեռքում։

Հոգևորական պայքարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատվածական ուժեղ պայքար էր գնում նաև հոգևորականության շրջանում, մասնավորապես Էջմիածնի և Սսի կաթողիկոսությունների միջև։ Էջմիածինը, հանձին Ամենայն Հայոց Կաթողիկոսության, կանգնած էր Հայոց եկեղեցու ինքնուրույնության, դավանանքի և ազգային ավանդությունների պաշտպանության դիրքերում։ Արևմտահայ իրականության մեջ գործող էջմիածնական հոսանքին գաղափարական ուղղություն էր տալիս Հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին։ Մինչդեռ Սիսը, արևմտահայոց կաթողիկոսության ու Եղիազար Ա Այնթափցու գլխավորությամբ, Արևմուտքի ազդեցության հենարան էր և կրոնա-դավանական որոշ մերձեցման ճանապարհով ձգտում էր ստանալ Հռոմի պապերի ու եվրոպական մի շարք պետությունների աջակցությունը՝ հայ առևտրական բուրժուազիայի ձեռնարկումների և ազգային-ազատագրական շարժման հաջողության համար։

Էջմիածնականները արևմտահայ բուրժուազիայի չելեբիական հատվածի, իսկ սսականները խոջայականի նեցուկն ու զինակիցն էին։ Ներդասակարգային այս պայքարն ուղեկցվում էր հասարակական խոշոր բախումներով ու խռովություններով՝ ներառելով նաև իրանահայ ու թուրքահայ լայն զանգվածներին՝ մեծ աղետներ պատճառելով նրանց։ Պայքարը մեծ մասամբ դադարեց 1680-ական թթ., երբ Էջմիածնականությունը զիջումներ անելով սսականությանը, Հակոբ Ջուղայեցու մահից հետո Հայոց կաթողիկոս ընտրեց Եղիազար Այնթափցուն։ Սակայն հիմնական պայքարն ավարտվեց միայն XVII դարի վերջին՝ չելեբիության հաղթանակով։ Թուրքիայում, ապա և Իրանում ստեղծված քաղաքական ու տնտեսական աննպաստ պայմանների հետևանքով հայ խոջայությունն ստիպված արտագաղթեց Արևմտյան Եվրոպա, Ռուսաստան ու Հնդկաստան և, աստիճանաբար ընդունելով տվյալ երկրի բուրժուազիայի առանձնահատկությունները, դադարեց խոջայական խավ լինելուց։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 76