Սառցե սֆինքս
Սառցե սֆինքս ֆր.՝ Le Sphinx des glaces | |
---|---|
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | կորած աշխարհներ, արկածային, ֆենթեզի, ճանապարհորդական վեպ, ծովային արկածներ և գիտական ֆանտաստիկա |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Նկարագրում է | Հարավային բևեռ և Անտարկտիդա |
Շարք | Անսովոր ճանապարհորդություններ |
Նախորդ | Կլովիս Դարտանդոր |
Հաջորդ | Սքանչելի Օրինոկոն |
Նկարազարդող | Ժորժ Ռու |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակիչ | Պիեր-Ժուլ Հետցել |
Հրատարակման տարեթիվ | 1897 |
The Sphinx of the Ice Fields Վիքիպահեստում |
«Սառցե սֆինքս» (ֆր.՝ Le Sphinx des glaces), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի ֆանտաստիկ վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Վեպը գրվել է 1897 թվականին, որպես Էդգար Պոի «Արտուր Գորդոն Պիմի արկածները» (1838 թ.) վեպի շարունակություն։ «Սառցե Սֆինքս»-ը հեղինակի միակ ստեղծագործությունն է, որի գործողությունները ամբողջությամբ կատարվում են Անտարկտիկայում։ Վեպի առաջին հրատարակությունը կայացել է Պիեռ Ժյուլ Էտցելի « Magasin d'Éducation et de Récréation» ամսագրում՝ 1897 թ. հունվարի 1-ից (№49) մինչև դեկտեմբերի 15-ը (№72) ընկած ժամանակահատվածում։ Առանձին գրքով առաջին անգամ լույս է տեսել Փարիզում, Էտցելի խմբագրմամբ, 1897 թ.։ Վեպի առաջին հատորը լույս է տեսել 1897 թվականի հունիսի 24-ին, իսկ երկրորդ հատորը՝ նույն թվականի նոյեմբերի 11-ին։ Պատկերազարդ հրատարակությունը լույս է տեսել Ժորժ Ռուի նկարազարդումներով։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմությունը սկսվում է 1839 թ., «Արտուր Գորդոն Պիմի արկածները» վեպի գործողություններից 11 տարի անց։
Հարուստ ամերիկացի Ջորլինգը, որը զվարճանում է ճանապարհորդություններով և վայրի բնության ուսումնասիրմամբ Կերգելեն կղզում, ցանկանում է վերադառնալ հայրենիք՝ ԱՄՆ։ Առաջին առագաստանավը, որը ժամանում է նավահանգիստ, «Հալբրեյն» առագաստանավն է, որի նավապետ Լեն Գայը դժկամությամբ նրան ընդունում է նավ՝ մինչև Տրիստան դա Կունյա։ Ճանապարհին նրանք հանդիպում են մի սառցաբեկորի (այսբերգ), որի վրա հայտնաբերում են մահացած նավաստու մարմին։ Պարզվում է, որ դա «Ջեյն» առագաստանավի նավաստիներից է։ Նրա մոտ հայտնաբերում են գրություն, որում նշված է լինում, որ «Ջեյնի» անձնակազմից ոմանք, այդ թվում և «Ջեյնի» նավապետ Ուիլյամ Գայը, ողջ են և գտնվում են Սալալ կղզում։ Ուիլյամ Գայը նավապետ Լեն Գայի եղբայրն է։
Նավապետ Լեն Գայը որոշում է ուղևորվել Սալալ՝ եղբոր որոնումների համար։ Տրիստան դա Կունյա հասնելուց հետո նրանք շարունակում են ճանապարհը դեպի Ֆոլկլենդյան կղզիներ։ Ջորլինգը որոշում է մասնակցել որոնողական աշխատանքներին։ Նավահանգստում նրանց է միանում մի խորհրդավոր անձնավորություն՝ Հանտ ազգանունով, որը չի ցանկանում բացատրել արշավախմբին միանալու իր պատճառները։
Եղանակը բարենպաստ է և առագաստանավը, հաջողությամբ հաղթահարելով անտարկտիկական սառույցները, բարեհաջող հասնում է Սալալ կղզուն, որտեղ կանգ էր առել «Ջեյն» առագաստանավը։ Սակայն կղզին ամբողջությամբ լքված է։ Նրանք գտնում են տեղաբնակների բազմաթիվ դիակների մնացորդներ, որոնք, ենթադրաբար, մահացել էին վերջերս տեղի ունեցած երկրաշարժից առաջ։ Նրանք գտնում են նաև Պիմի շան՝ Վագրի, վզափոկը։ Սակայն «Ջեյն» առագաստանավից ոչ մի հետք չկա։
Հանտը բացահայտվում է և հայտնում, որ ինքը Դիրկ Պետերսն է, որը ճանապարհորդել է Պիմի հետ։ Դեպի հարավ ուղևորության ժամանակ նրա և Պիմի ճանապարհները բաժանվել են։ Պետերսը վերադարձել է Միացյալ Նահանգներ և այնտեղ պատմվածքներ հրատարակել դեպի հարավ կատարած ճանապարհորդությունների արկածների մասին։ Սակայն որոշ ճամանակ անց, ամոթի զգացմունքից, որ նրանք ժամանակին ստիպված են եղել զբաղվել մարդակերությամբ, որոշում է վերադառնալ և փնտրել Պիմին։ Նա ուղևորվում է Ֆոլկլենդյան կղզիներ և «Հալբրեյն»-ը նրան հնարավորություն է տալիս իրագործել այդ գաղափարը։
Լեն Գայը որոշում է շարունակել որոնումները և գնալ դեպի ավելի հարավ, բայց անձնակազմի անդամներից ոմանք՝ Հերնի գլխավորությամբ, պնդում են, որ պետք է հրաժարվել որոնումներից, վերադառնալ և սպասել ձմռան գալստյան։ Շուտով «Հալբրեյն»-ը հարվածում է սառցաբեկորին և ջախջախվում է։ Անձնակազմը կարողանում է փրկվել միայն նավակի օգնությամբ։ Նրանք ստիպված են լինում ապաստարան գտնել սառցաբեկորի վրա, որը նրանց տանում է դեպի հարավ։ Հերնը և նրա համախոհները տիրանում են նավակին և նրանով որոշում են նավարկել դեպի ցամաք։ Շուտով նրանք հանդիպում են ծովում լողացող տեղաբնակների նավակ։ Այնտեղ գտնվում էին Ուիլյամ Գայը և «Ջեյն»-ի անձնակազմի ուրիշ անդամներ։ Նրանք ուշագնաց են և սովի պատճառով մահվան բերանին են։ Պետերսը նրանց ափ է հանում և «Հալբրեյն»-ի անձնակազմի անդամները օգնում են նրանց վերականգնել ուժերը։
Ուիլյամ Գայը պատմում է իր պատմությունը։ «Ջեյն» առագաստանավի պայթյունից և Պիմի ու Պետերսի հեռանալուց որոշ ժամանակ հետո հայտնվում է Պիմի շունը՝ Վագրը։ Սակայն շան մոտ կատաղության նշաններ են նկատվում և նա սկսում է հարձակվել տեղաբնակների վրա և վերջիններս սկսում են մահանալ այդ նոր հիվանդությունից։ Մյուսները, որոնք ողջ են մնում, փախչում են հարևան կղզի, որտեղ էլ մահանում են ավերիչ երկրաշարժից։ Մինչ այդ Գայը և նրա մարդիկ ապրում էին կղզում, սակայն երկրաշարժից հետո այն ամբողջովին ամայացված է և նրանք որոշում են տեղաբնակների նավակով լողալ դեպի հյուսիս։
«Հալբրեյն»-ի և «Ջեյն»-ի միացյալ անձնակազմը որոշում է փորձել ուղևորվել դեպի հյուսիս՝ նոր ձեռք բերած նավակով։ Նրանք բավականին առաջ են շարժվում, մինչև նկատում են մագնիսական ուժերի հայտնվելը։ Նրանք գտնում են այդ մագնիսական ուժերի աղբյուրը։ Դա մի հսկայական լեռ է՝ հագեցած մագնիսական դաշտով, Սառցե Սֆինքսը։
Այստեղ նրանք գտնում են Հերնի նախկին անձնակազմի մնացորդները։ Պարզվում է Սառցե Սֆինքսից արձակված մագնիսական ուժերը դեպի իրեն են քաշում նավերի կառուցվածքների երկաթե մասերը և գործիքները, որի արդյունքում նավերը, բախվելով այդ լեռանը, ջախջախվում են։ Իսկ տեղաբնակների նավակը չի ենթարկվում այդ ուժերին, քանի որ այն ոչ մի երկաթային մաս չի պարունակում։
Սֆինքսի ստորոտին նրանք հայտնաբերում են Պիմի մարմնի մնացորդները։ Նրան դեպի Սֆինքսն է ձգել նրա մոտ գտնվող հրացանը։ Պետերսը հենց այդտեղ՝ վշտից, մահանում է։ Անձնակազմի անդամները շարունակում են իրենց ճանապարհը և բաց ծով են դուրս գալիս։ Այնտեղ նրանց հանդիպում է ամերիկյան եռակայմ առագաստանավ և փրկում նրանց։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպը բաղկացած է երկու մասերից և երեսուներկու գլուխներից։
Մաս առաջին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գլուխ I. Կերգելեն կղզիներ։
- Գլուխ II. «Հալբրեյն» առագաստանավը։
- Գլուխ III. Նավապետ Լեն Գայ։
- Գլուխ IV. Կերգելենից մինչև Պրինս Էդուարդ կղզի
- Գլուխ V. Էդգար Պոի վեպը
- Գլուխ VI. Վարագույրը բացվում է։
- Գլուխ VII. Տրիստան դա Կունյա։
- Գլուխ VIII. Ֆոլկլենդում։
- Գլուխ IX. «Հալբրեյն»-ի հանդերձանքը։
- Գլուխ X. Ճանապորհորդության սկիզբը։
- Գլուխ XI. Հարավային Սանդվիչներ կղզիներից մինչև Բևեռային շրջան։
- Գլուխ XII. Բևեռային շրջանի և Պակովյան սառույցների միջև։
- Գլուխ XIII. Պակովյան սառույցների երկայնքով։
- Գլուխ XIV. Ձայնը երազում։
- Գլուխ XV. Բեննետի կղզին։
- Գլուխ XVI. Սալալ կղզին։
Մաս երկրորդ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գլուխ I. Իսկ Պիմը՞...
- Գլուխ II. Որոշումն ընդունված է։
- Գլուխ III. Անհետացած կղզիները։
- Գլուխ IV. Դեկտեմբերի 29-ից հունվարի 9-ը։
- Գլուխ V. Գործերը վատ են։
- Գլուխ VI. Ցամա՞ք։
- Գլուխ VII. Շրջված սառցաբեկորը։
- Գլուխ VIII. Վերջին հարվածը։
- Գլուխ IX. Ի՞նչ անել։
- Գլուխ X. Պատրանքներ։
- Գլուխ XI. Մառախուղում։
- Գլուխ XII. Ճամբար։
- Գլուխ XIII. Դիրկ Պետերսը ծովում։
- Գլուխ XIV. Տասնմեկ տարին մի քանի էջում։
- Գլուխ XV. Սառցե Սֆինքս։
- Գլուխ XVI. Տասներկուսը յոթանասունից։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջորլինգ - ամերիկացի հանքաբան
- Լեն Գայ - 45 տարեկան, «Հալբրեյնի» նավապետը
- Հուրլիգերլ - 44 տարեկան, «Հալբրեյնի» բոցմանը
- Ջեյմս Ուեստ - 32 տարեկան, նավապետի օգնական
- Ֆենիմոր Ատկինս - պանդոկապան Կերգելենում
- Բեթսի Ատկինս - Ֆենիմոր Ատկինսի կինը, որը նրան տասը տղա է պարգևել
- Մարտին Հոլտ - «Հալբրեյնի» առագաստ պատրաստողը
- Հարդի - «Հալբրեյն»-ի վարպետ
- Ռոջերս, Ֆրենսիս, Գրացիան, Բարրի, Շտեռն - «Հալբրեյն»-ի նավաստիները
- Էնդիկոտ - «Հալբրեյն»-ի խոհարարը
- Գլասս - հրետանային կապրալ, Տրիստան դա Կունյաի կայազորի հրամանատար
- Ուիլյամ Գայ - «Ջեյն»-ի նավապետը
- Հերն - 44 տարեկան, ամերիկացի նավաստի, Դիկ Պետերսի կեղծանունը
- Պատտերսոն, Ալլեն, Պարկեր, Թրինկլ, Ռոբերտս, Կովին, Ֆորբս, Լեքստոն - «Ջեյն»-ի նավաստիները
- Արտուր Գորդոն Պիմ - Էդգար Պոի վեպի գլխավոր հերոս։ Նրա մարմինը գտան Սֆինքսի ստորոտին
- Վագր - Արտուր Գորդոն Պիմի շունը
Նկարազարդումներ հրատարակությունից
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- „Die Eissphinx“ als E-Book in HTML auf zeno.org
- Die Eissphinx in Andreas Fehrmann's Collection Jules Verne
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառցե սֆինքս» հոդվածին։ |
|