Ֆենտեզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Արտառոց պատմություններ»՝ ֆենտեզի-հորոր ժանրի առաջին պատմվածքները հրատարակող ամերիկյան ամսագիր։

Ֆենտեզի (անգլ.՝ fantasy - «ֆանտազիա»), գրականության ֆանտաստիկ ժանրի տեսակ, որտեղ օգտագործվում են հեքիաթային և առասպելական կերպարներ։ Ժամանակակից տեսքով այն ձևավորվել է 20-րդ դարում։ Ժանրի վրա մեծ ազդեցություն է թողել Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինը, որն իր ստեղծագործություններում օգտագործել է նոր ռասաներ, իսկ եղածներն էլ փոփոխել։ Շատերի կողմից Թոլքինին համարվում է ժամանակակից ֆենտեզի գրականության «նախահայր»։

Ֆենտեզի ստեղծագործությունները մոտ են պատմաարկածային ժանրի վեպերին, որրտեղ գործողությունները կատարվում են հորինված աշխարհում, որն հաճախ հիշեցնում է միջնադարյան աշխարհը։ Այս ստեղծագործությունների հերոսները գործ են ունենում գերբնական երևույթների ու կենդանիների հետ։

Ի տարբերություն գիտաֆանտաստիկ ժանրի, ֆենտեզին չի ձգտում գիտության տեսանկյունից բացահայտել այն աշխարհը, որտեղ տեղի են ունենում ստեղծագործության գործողությունները։ Այդ աշխարհը գոյություն ունի հիպոթետիկ տեսանկյունից։ Հաճախ այն շատ մոտ է իրականությանը։ Հնարավոր է որ այդ աշխարհը լինի զգուահեռ աշխարհ կամ մեկ այլ մոլորակ, որտեղ ֆիզիակական օրենքները կարող են տարբերվեր մեր իմացածից։ Այդ աշխարհներում իրական է դառնում աստվածների գոյությունը, կախարդությունն ու հրաշագործությունը, ինչպես նաև առասպելական արարածները՝ (վիշապներ, էլֆեր, թզուկներ, տրոլներ և այլն)։ Ի տարբերություն ֆենտեզիի անալոգ «հեքիաթային» ժանրի, նրանք այդ աշխարհների համար սովորական երևույթ են համարվում՝ ինչպես բնության օրենքները։

Ֆենտեզին նաև կինոմատոգրաֆի, գեղանկարչություն, համակարգչային խաղերի ժանրի տեսակ է։ Չինական ֆենտեզին մի փոքր տարբերվում է ավանդական ֆենտեզիից, քանի որ այնտեղ առկա է նաև մարտարվեստի օգտագործումը։