Միմար Սինան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միմար Սինան

թուրք.՝ Mimar Sinan
Mimar Sinan, architecte de Soliman le Magnifique.jpg
Միմար Սինանի դիմանկարը՝ արված մատիտով
Ծնվել է 1488/1490
Ծննդավայր Աղըրնաս, Քարամանի նահանգ,
Օսմանյան կայսրություն
այժմ՝ Կայսերի նահանգ
Մահացել է 1588 (97-100 տարեկանում)
Մահվան վայր Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Քաղաքացիություն Ottoman flag.svg Օսմանյան կայսրություն
Ազգություն օսմանցի
Կրոն իսլամ
Երկեր Ferhat Pasha Mosque, Banya Bashi Mosque, Շեհզադե, Սուլեյմանիե մզկիթ, Սելիմիե մզկիթ և Մեհմեդ փաշա Սոկոլովիչի կամուրջ
Մասնագիտություն ճարտարապետ
Ստորագրություն
Mimar Sinan signature.png
Mimar Sinan Վիքիպահեստում

Միմար Սինան աղա (օսման.՝ معمار سينان, «Մեծ ճարտարապետ Սինան աղա», ժամանակակից թուրքերեն: Միմար Սինան, թուրք.՝ miːˈmaːɾ siˈnan, «Ճարտարապետ Սինանտ») (1488/1490 - հուլիս 17, 1588) օսմանյան ճարտարապետ (թուրք.՝ mimar), սուլթան Սուլեյման Փառահեղի, Սելիմ II-ի և Մուրադ III-ի ինժեները: Նա եղել է ավելի քան 300 կառույցների և այլ ժամանակակից շինությունների, ինչպես օրինակ դպրոցների, ինժեները: Նրա աշակերտները ավելի ուշ նախագծելու էին Ստամբուլում Սուլթանահմեդ մզկիթը, Մոսթարում Հին կամուրջը և օգնելու էին նախագծել Թաջ Մահալը Մեծ մոնղոլների կայսրությունում:

Նա քարտաշ-որմնադրի որդի էր, որը ստացել էր տեխնիկական կրթություն և դարձել ռազմական ինժեներ: Նա արագորեն բարձրացել էր մինչև սպայի աստիճանի և ի վերջո դարձել ենիչերիների հրամանատար՝ ստանալով պատվավոր աղա կոչումը[1]: Ենիչերիների հետ արշավանքների ժամանակ Միմար Սինանը կատարելագործում էր իր ճարտարապետական և ինժեներական հմտությունները: Դրա շնորհիվ նա կարողանում է նախագծել բոլոր տեսակի ամրություններ, այդ թվում ռազմական ենթակառուցվածքներ՝ ճանապարհներ, կամուրջներ և ջրատարներ[2]: Մոտավորապես 50 տարեկանում Սինանը դառնում է արքունի գլխավոր ճարտարապետը՝ օգտագործելով բանակում ձեռք բերած տեխնիակակն հմտությունները հասարակական շինությունների և «կրոնական կառույցների ստեղծման» համար[2]: Այս պաշտոնը զբաղեցրել է շուրջ 50 տարի:

Սինանի գլուխգործոցը Էդիրնեում Սելիմիե մզկիթն է, չնայած որ նրա ամենահայտնի գործը Ստամբուլում Սուլեյմանիե մզկիթն է: Նա համարվում է դասական օսմանյան ճարտարապետության շրջանի ամենախոշոր ճարտարապետը և համեմատվում է իր արևմտյան ժամանակակից Միքելանջելոյի հետ[3][4]: Միքելանջելոն և նրա՝ Հռոմում Սուրբ Պետրոսի տաճարի նախագիծը շատ հայտնի էին Ստամբուլում, քանի որ Լեոնարդո դա Վինչին և Միքելանջելոն հրավիրվել էին Բարձր դռան կողմից համապատասխանաբար 1502 և 1505 թվականներին, որպեսզի ներակայացնեն Ոսկե եղջյուրի կամրջի նախագիծը[5]: Միմար Սինանի աշխատանքները պատմության մեջ համարվում են ամենաազդեցիկ կառույցներից[6]:

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սատմբուլում Միմար Սինանի կիսանդրին

Ժամանակակից կենսագիրներից մեկի՝ Մուսթաֆա Սաի Չելեբիի համաձայն Սինանը ծնվել է 1489 թվականին (համաձայն Բրիտանիկա հանրագիտարանի 1490 թվականին[7], իսկ Իսլամական ճարտարապետության բառարանի համաձայն 1491 թվականին և թուրք պրոֆեսոր և ճարտարապետ Ռեհա Գյունայի համաձայն կա՛մ 1494 և կա՛մ 1499 թվականին)[8] Հովսեփ անունով: Նա ծնունդով կա՛մ հայ է[9][10][11][12][13][14], Կապադովկիացի հույն[15][16][17][18][19][20][21], ալբանացի[22][23][24], կա՛մ էլ քրիստոնյա թուրք[25], ծնվել է Աղըրնաս փոքրիկ քաղաքում՝ Փոքր Ասիայի Կայսերի քաղաքի մոտակայքում[26]: Բրիտանիկա հանրագիտարանի համաձայն նա ունի կամ հայկական կամ հունական ծագում[7]: Նրա հայկական կամ հունական ծագումը հիմնավորող փաստերից մեկը Սելիմ II-ի ժամանակաշրջանում 981 թվականի Ռամադանի 7-ին է (1571 թվականի դեկտեմբերի 30) վերաբերում, որտեղ Սինանի խնդրանքով ներում են շնորհում Կայսերի հայկական համայնքին ընդհանուր աքսորի համար և նրա հարազատները տեղափոխվում են Կիպրոս կղզի[13][27]: Մինչդեռ Գոդֆրեյ Գուդվինը նշում էր, որ «1571 թվականին օսմանցիների կողմից Կիպրոսի նվաճումից հետո, երբ Սելիմ II որոշում է կղզին վերաբնակեցնել՝ Փոքր Ասիայի հույն ընտանիքներին Քարամանի նահանգից տեղափոխելով այստեղ, Սինանը դիմում է իր ընտանիքի անունից և սուլթանական արքունիքից ստանում է երկու հրաման, որոնք ազատում էին նրանց արտաքսումից»[20]:

Որոշ գիտնականների կարծիքով սա նշանակում էր, որ նրա ընտանիքը կապադովկիացի հույներ էին, քանի որ տարածաշրջանի ուղղափառ քրիստոնյաները միայն հույներն էին: Բացի այդ նրանցից շատերը հիշատակում էին Սինանի հորը՝ որպես քարտաշ-որմնադիր և ատաղձագործ Քրիստոս (հուն․՝ Χρήστος) անունով, որը շատ տարածված հունական անուն էր[28][29]: Հերբերը Մյուլլերի կարծիքով, սակայն, «նա կարծես թե հայ էր»[30]: Թաֆթսի համալսարանից Լյուսի տեր Մանուելյանը առաջարկում է այն տեսակետը, որ «կայսերական արխիվներից և այլ փաստաթղթերից կարելի է եզրակացնել, որ նա հայ էր»[31]:

Որոշ գիտնականներ նույնիսկ նշում են, որ նա կարող է և ալբանական ծագում ունենալ[22]: Բրիտանացի գիտնական Փերսի Բրաունի և հնդիկ գիտնական Վիդյա Դար Մահաջանի համաձայն Մեծ մոնղոլական կայսր Բաբուրը շատ դժգոհ էր տեղական հնդկական ճարտարապետությունից, ուստի հրավիրում է «օսմանյան առաջատար ճարտարապետ Սինանի, որը ալբանական ծագում ուներ, որոշ աշակերտներին՝ ճարտարապետական նախագծեր ստեղծելու»[32][33]:

Սինանը մեծանում է՝ իր հորը աշխատանքում օգնելով, և այդ ընթացքում զարգանում են շինարարական աշխատանքներում նրա կարողությունները[34]: Կան երեք կարճ արձանագրություններ (Անանուն տեքստ, Ճարտարապետական գլուխգործոցներ, Ճարտարապետության գիրք) Թոփքափը պալատի գրադարանում, որը գրված է Սինանի կողմից իր ընկեր և կենսագիր Մուսթաֆա Սաի Չելեբիին: Այս ձեռագրերում բացահայտում է իր երիտասարդության և ռազմական կարիերայի վերաբերյալ որոշակի մանրամասներ: Նրա հայրը հիշատակվում է «Աբդուլմեննան» (բառացիորեն «Առատաձեռն և ողորմած մեկի ծառա»), անունով, որն օգտագործվում էր օսմանյան շրջանում՝ կոչելու այն ոչ քրիստոնյաների հայրերին, որոնք դարձել էին մուսուլման[8]:

Ռազմական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1512 թվականին Սինանը զորակոչվում է օսմնայան բանակում ծառայության՝ որպես դևշիրմե[26][35]: Նա ուղարկվել է Կ.Պոլիս, որպեսզի դառնա ենիչերիական բանակի սպա և հենց այդտեղ էլ ընդունել է իսամ[26]: Նա տարիքով էր և չէր կարող ընդունվել Թոփքափըի պալատում գտնվող Էնդերունի դպրոց[26]: Որոշ արձանագրություններում նշվում է, որ նա հավանաբար ծառայել է մեծ վեզիր Փարգալը Իբրահիմ փաշային՝ որպես Իբրահիմ փաշա դպրոցում նորեկ: Հավանաբար հենց այդ ժամանակ էլ նրան տրվել է իսլամական Սինան անունը: Նա սկզբնապես սովորում էր ատաղձագործություն և մաթեմատիկա, սակայն իր մտավոր կարողությունների և ձգտումների շնորհիվ շուտով դառնում է առաջատար մի ճարտարապետի օգնական և ձեռք բերում ճարտարապետին անհրաժեշտ գործնական գիտելիքները[26]:

Հաջորդ 6 տարիների ընթացքում նա ծառայում է որպես ենիչերի սպա (acemioğlan): Նա հավանաբար մասնակցել է Սելիմ I-ի վերջին արշավանքին՝ դեպի Հռոդոս համաձայն որոշ աղբյուրների, սակայն երբ սուլթանը մահանում է, այս ծրագիրը չեղարկվում է: Երկու տարի անց նա ականատես դարձավ Բելգրադի նվաճմանը: Նոր սուլթան Սուլեյման Փառահեղի օրոք նա եղել է Արքունի հեծելազորի անդամ Մոխաչի ճակատամարտի ժամանակ: Նրան շուտով նշանակում են Արքունի պահակախմբի հրամանատար, իսկ ավելի ուշ՝ Հետևակային կադետային կորպուսի հրամանատար: Ավելի ուշ նա տեղափոխվում է Ավստրիա, որտեղ դառնում է 62-րդ հրաձգային կորպուսի հրամանատարը[26]: Սինանը դառնում է աղեղնաձգության վարպետ: 1535 թվականին մասնակցում է Բաղդադ արշավանքին՝ որպես Արքունի պահակախմբի հրամանատար: 1537 թվականին նա մասնակցում է դեպի Կերկիրա, Ապուլիա և Մոլդավիա արշավանքներին[36]:

Այս արշավանքների ընթացքում նա ցույց է տալիս ճարտարապետի ու ինժեների իր ունակությունները: Երբ օսմանյան բանակը գրավում է Կահիրեն, Սինանը նշանակվում է գլխավոր ճարտարապետ և նրան շնորհվում է արտոնություն քանդելու ցանկացած շինություն այդ քաղաքում, որը չէր համապատասպանում քաղաքի հատակագծին: Արևելք կատարած արշավանքի ժամանակ նա օգնում էր պաշտպանական կառույցներ և կամուրջների կառուցելիս, ինչպես օրինակ Դանուբի վրա կառուցված կամուրջը: 1535 թվականի պարսկական արշավանքի ժամանակ Սինանը բանակի համար կառուցել է նավեր և թնդանոթներ Վանա լիճը անցնելու համար: Սրա համար նրան շնորհվում է հասեկի կոչումը՝ սուլթանի պահակախմբի սերժանտ, մի աստիճան, որը համարժեք էր ենիչերիների աղա կոչմանը:

Երբ 1539 թվականին Չելեբի Լյութֆի փաշան դառնում է մեծ վեզիր, նա Սինանին նշանակում է Բարեգործության տան ճարտարապետության վարչությունում: Սա նրա նշանակալի կարիերայի սկիզբն էր: Նրա աշխատանքը ենթակառուցվածքների կառուցումն էր: Նա նաև պատասխանատու էր հանրային տարբեր շինությունների՝ ճանապարհներ, ջրատարներ և կամուրջներ, կառուցման և ձևավորման համար:

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական ինժեներությունը Սինանին տեսական գիտելիքներից զատ տվեց նաև գործնական հմտություններ: Նույնը կարելի է ասել նաև Արևմուտքում Վերածննդի ճարտարապետներ Միքելանջելոյի և Բրունելեսկու մասին:

Տարբեր աղբյուրների համաձայն Միմար Սինանը համարվում է առնվազն 374 շինությունների ճարտարապետ, այդ թվում՝ 92 մզկիթներ, 52 փոքր մզկիթներ (mescit), 55 կրոնական դպրոցներ (medrese), Ղուրանը սերտողների (darülkurra) 7 դպրոցներ, 20 դամբարաններ (türbe), 17 հանրային խոհանոցներ (imaret), 3 հիվանդանոցներ (darüşşifa), 6 ջրատարներ, 10 կամուրջներ, 20 քարավանատուն, 36 պալատներ և առանձնատներ, 8 կամարներ և 48 բաղնիքներ[37]: Միմար Սինանը շուրջ 50 տարի եղել է արքունի գլխավոր ճարտարապետ՝ աշխատելով ճարտարապետների մի մեծ խմբի հետ:

Միմար Սինանի մասնագիտական զարգացման գործընթացը արտացոլվում է նրա 3 գլխավոր աշխատանքների միջոցով: Սրանցից երկուսը գտնվում են Ստամբուլում՝ Շեհզադե մզկիթը, որը ինքը դեռևս իր աշկերտության շրջանն է համարում, և Սուլեյմանիե մզկիթը, որը արդեն մասնագիտական շրջանն է: Իսկ Էդիրնեում Սելիմիե մզկիթը, որը համարվում է նրա վարպետության շրջանի արդյունքը:

Շեհզադե մզկիթը Սինանի ստեղծած խոշոր մզկիթներից առաջինն է: Միհրիմահ սուլթան մզկիթը, որը ավարտին է հասցրել նույն տարում, ունի յուրահատուկ տեսք իր գլխավոր գմբեթով, որը հենվում է երեք կիսագմբեթների վրա: Երբ Սինանը դառնում է 70 տարեկան, ավարտում է Սուլեյմանիե մզկիթը համալիրը: Այս կառույցը տեղակայված է Ստամբուլի բլուրներից մեկի վրա և նայում է դեպի Ոսկե եղջյուր, կոչվում է Սուլեյման Փառահեղի անունով՝ համարվելով ժամանակի խորհրդանշական հուշարձաններից մեկը: Գմբեթի տրամագիծը, որը գերազանցում է 31 մ տրամագիծ ունեցող Սելիմիե մզկիթին, որը Սինանն ավարտել է 80 տարեկանում, համարվում է նրա ձեռքբերումների ամենակնառու օրինակը: Միմար Սինանը գեղարվեստականության գագաթնակետին է հասել Սելիմիե մզկիթի ճարտարապետությամբ, զարդանախշերով և դիզայնով:

Միմար Սինանը իր ճարտարապետական ունակությունները ցուցաբերել է նաև դամբարաններ ստեղծելիս: Շեհզադե Մեհմեդ դամբարանը աչքի է ընկնում իր արտաքին զարդարանքներով և կիսագմբեթով: Ռուսթեմ փաշա դամբարանը աչքի է ընկնում իր դասական ոճով: Սուլեյման Փառահեղի դամբարանը հետաքրքիր փորձ է յոթանկյուն կառույցով և հարթ գմբեթով: Սելիմ II դամբարանը ունի քառակուսի հատակագիծ և համարվում է թուրքական դամբարանների ճարտարապետական լավագույն օրինակներից մեկը: Հենց իր՝ Սինանի դամբարանը, որը գտնվում է Սուլեյմանիե համալիրի հյուսիսարևելյան մասում, շատ պարզ կառույց է:

Սինանը մեծ վարպետությամբ միախառնում էր արվեստն ու ֆունկցիոնալիզմը կամուրջներ կառուցելիս: Սրանցից ամենամեծը Բյույուքչեքմեջե կամուրջն է, որը մոտ 635 մետր է: Ուրիշ լավ օրինակներից են Սիլիվրի կամուրջը, Մարիցայի վրա Սվիլենգրադում Հին կամուրջը, Լյուլեբուրգազ գետի վրա Լյուլեբուրգազ (Սոկոլովիչ Մեհմեդ փաշա) կամուրջը, Էրգենե գետի վրա Սինանլը կամուրջը և Դրինա կամուրջը[38]:

Մինչ Սինանը կառուցում և զարգացնում էր Ստամբուլի ջրամատակարարման համակարգը, քաղաքում տարբեր հատվածներում կառուցում է կամարակապ ջրատարներ: Ալիբեյ գետի վրա Մաղլովի կամարը, որը 257 մետր երկարություն և 35 մետր բարձրություն ունի, կազմված է կամարների երկու հարկաշարքերից. այն համարվում է այս տեսակի մեջ լավագույն օրինակներից մեկը:

Սինանի գործունեության սկզբում օսմանյան ճարտարապետությունը մեծապես պրագմատիկ էր: Կառույցները հիմնականում նախկին ձևերի կրկնություն էին և հիմնվում էին ամենահասարակ նախագծերի վրա: Դրանք ավելի շատ տարբեր մասերի հավաքածու էին, քան մեկ ամբողջություն: Ճարտարապետը գծագրում էր նախագիծը, իսկ օգնականը գիտեր, թե ինչ պետք է աներ, քանի որ նոր գաղափարներից խուսափում էին: Սինանը ժամանակի ընթացքում փոխում է այս ամենը: Նա փոխակերպում էր արդեն գործող ճարտարապետական ավանդույթները՝ ավելացնելով նորարարական երևույթներ՝ փորձելով հասնել կատարելության:

Վաղ տարիներ (1550-ական թվականների կեսեր). աշկերտության շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրիկալայում Օսման շահ մզկիթ

Այս տարիների ընթացքում նա շարունակել է օսմանյան ճարտարապետության ավանդական ձևերը, բայց աստիճանաբար ուսումնասիրում է նոր երևույթները, քանի որ ռազմական գործունեության ընթացքում հնարավորություն ուներ ուսումնասիրելու Եվրոպայի և Մերձավոր Արևելքի նվաճված քաղաքներում ճարտարապետական հուշարձանները:

Սինանին ընձեռվեց առաջին հնարավորությունը նախագծելու խոշոր մի կառույց, այն է՝ Հալեպում Հյուսրև փաշա մզկիթը և նրա երկու մեդրեսսեները: Այն կառուցվե; է 1536-1537 թվականների ձմռանը: Այն կառուցվել է շատ արագ, որը ակնհայտ է դառնում կառույցի կոպիտ զարդարանքներից և կատարողական անփութությունից:

Նրա առաջին խոշոր գործը՝ որպես արքունի ճարտարապետ, եղել է Հասեկի Հյուրեմ համալիրը՝ կառուցված Ռոքսելանայի համար (Հյուրեմ սուլթան), որը Սուլեյման Փառահեղի կինն էր: Նա ստիպված էր հետևյալ իր նախորդների ստեղծած նախագծերին: Սակայն արդեն իսկ կառույցը ավելի լավ էր կառուցված, քան Հալեպի մզկիթը և ուներ որոշակի գրավչություն: Այնուամենայնիվ այն բազմիցս վերակառուցվել է: Ոմանք պնդում են, որ Սինանը կառուցել է Ալբանիայի հարավում՝ Վլորայում պաշտպանական աշտարակ 1537 թվականին, որը շատ նման է Թեսաղոնիկեի Սպիտակ աշտարակին[39], նրան է վերագրվում նաև Վլորա քաղաքում Մուրադիե մզկիթը, որը կառուցվել է Սուլեյման Փառահեղի՝ Իտալիա արշավանքի ընթացքում այստեղ գտնվելու ժամանակ[40][41]:

1541 թվականին Միմար Սինանը սկսում է մեծ ծովակալ Հայրեդդին Բարբարոսսայի դամբարանի (türbe) կառուցումը: Այն գտնվում է Ստամբուլի եվրոպական հատվածում՝ Բեշիքթաշի ափին, այն վայրում, որտեղ նրա նավատորմը հավաքվում էր: Որքան էլ տարօրինակ է, ծովակալը ոչ թե այդտեղ է թաղված, այլ Միհրիմահ սուլթան մզկիթի մոտ գտնվող դամբարանում:

Միհրիմահ սուլթանը՝ սուլթան Սուլեյմանի դուստրը և մեծ վեզիր Ռուսթեմ փաշայի կինը, հանձնարարում են Սինանին Ուսքյուդարում կառուցել մզկիթ, որը իր մեջ ներառում էր մեդրեսե, հանրային խոհանոց (imaret) և Ղուրանի ուսուցման դպրոց: Իմարեթն այլևս չկա: Այս մզկիթը արդեն ուներ Սինանի ոճին բնորոշ հատկանիշներ՝ ընդարձակ, բարձր գմբեթով, փոքր մինարեթներով: Մզկիթի կառուցումը ավարտին է հասել 1548 թվականին: Երկու սյունազարդ նախասրահների կառուցումը առաջին անգամ չէր օսմանյան ճարտարապետության մեջ, բայց այն արդիական դարձավ մզկիթաշինության մեջ: Ռուսթեմ փաշան և Միհրիմահը ավելի ուշ Կ.Պոլսի 3 մզկիթների և Թեքիրդաղում Ռուսթեմ փաշա մզկիթի համար պահանջում են կառուցել նախասրահներ:

Երբ սուլթան Սուլեյմանը վերադառնում է Բալկանյան ևս մեկ արշավանքից, նրան տեղեկացնում են, որ գահաժառանգ Շեհզադե Մեհմեդը մահացել է 22 տարեկան հասակում: 1543 թվականի նոյեմբերին Միհրիմահ սուլթան մզկիթի կառուցման աշխատանքները սկսելուց ոչ շատ անց սուլթանը հրամայում է Սինանի կառուցել նոր մեծ մզկիթ համալիր իր սիրելի որդու հիշատակին: Շեհզադե մզկիթը ավելի մեծ և շքեղ էր լինելու, քան նախորդները: Ճարտարապետ պատմաբանները այս մզկիթը համարում են Սինանի առաջին գլուխգործոցը: Տարվելով մեծ կենտրոնագմբեթ շինություններով՝ Սինանը սկսում է օգտագործել մզկիթների նմանատիպ նախագծերը, ինչպես օրինակ Դիարբեքիրում աթիհ փաշայի մզկիթը կամ էլ Հասքյոյում Փիրի փաշայի մզկիթը: Հավանաբար նա այցելել էր երկու մզկիթներն էլ պարսկական արշավանքի ժամանակ: Սինանը կառուցում է կենտրոնագմբեթ մզկիթ, այս անգամ 4 հավասար կիսագմբեթներով: Գմբեթները հենվում են 4 վիթխարի, բայց միևնույն ժամանակ էլեգանտ, յոթանկյուն սյուների և կողային պատերին միացող 4 սյուների վրա: Անկյուններում՝ տանիքի մակարդակին, 4 փոքրիկ աշտարակները ծառայում են խարիսխները ամրացնելու համար: Այս համահունչ կառուցվածքը արդեն իսկ նշանակալիորեն տարբերվում էր օսմանյան ճարտարապետության ավանդական ձևերից: Սեդեֆքար Մեհմեդ աղան ավելի ուշ սյուների այս գաղափարը կիրառելու էր իր Սուլթանահմեդ մզկիթում: Սինանը, սակայն, ավելի ուշ շրջանի իր մզկիթներում մերժում էր այս ձևը:

1550-ական թվականների կեսերից մինչև 1570 թվականը. մասնագիտական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1550 թվականը Սուլեյման Փառահեղը իր հզորության գագաթնակետին էր հասել: Իր որդու համար մզկիթ կառուցելուց հետո մտադրվեց կառուցել նաև իր համար կայսերական մզկիթ` կառույց, որը կլիներ ավելի մեծ, քան մյուսները, մի վայրում, որը կլիներ բարձր բլուրի վրա՝ կարծես իշխում էր Ոսկե եղջյուրին: Փողը խնդիր չէր կարող լինել, քանի որ նա մեծ հարստություն էր կուտակել Եվրոպայում և Մերձավոր Արևելքում արշավանքների ժամանակ: Նա Սինանին հրամայում է կառուցել մզկիթ՝ Սուլեյմանիե, որը շրջապատված էր լինելու 4 մեդրեսեներով, խոհանոցով, հիվանդանոցով, օթևանով, բաղնիքով, քարավանատնով և ճանապարհորդների համար հյուրատնով (tabhane): Սինանը, որն այդ ժամանակ արդեն գլխավորում էր բավականին մեծ բաժին մեծաթիվ օգնականներով, կարողանում է ավարտին հասցնել սուլթանի առաջադրանքը 7 տարում: Մինչև Սուլեյմանիեն ոչ մի մզկիթ չէր կառուցվել կիսախորանարդ տանիքով: Այս գաղափարը նրա մոտ առաջացել էր Սուրբ Սոֆիայի տաճարի ազդեցությամբ: Սինանը հավանաբար ծանոթ է եղել Վերածննդի ճարտարապետ Լեոնե Բատիստա Ալբերտիիին, քանի որ նա ևս ցանկանում էր կառուցել կատարյալ եկեղեցի, որը կարտացոլեր երկրաչափական կատարելությունը ճարտարապետության մեջ: Սակայն ի տարբերություն իր արևմտյան գործընկերների՝ Սինանը ավելի շատ հետաքրքրված էր կառույցի պարզեցմամբ, քան հարստացմամբ: Նա ցանկանում էր կառուցել գմբեթ, որը հենված կլիներ շրջանի վրա, որը որպես երկրաչափական կատարյալ պատկեր՝ աբստրակտ ձևով արտահայտում էր Աստծո կատարելությունը: Սինանը նախընտրում էր նուրբ երկրաչափական համադրություններ՝ օգտագործելով երկուսի բազմապատիկները շինությունների հարաբերակցությունը և համամասնությունը հաշվարկելիս:

Մինչ Սինանը խիստ զբաղված էր Սուլեյմանիե մզկիթի կառուցմամբ, կա՛մ ինքը, կա՛մ էլ նրա ենթակայության տակ գտնվողները գծում էին նախագծեր և զբաղվում բազմաթիվ այլ շինությունների կառուցմամբ: Սինանը 1551 թվականին կառուցում է մզկիթ նաև մեծ վեզիր Փարգալը Իբրահիմ փաշայի համար և Սիլվրիքափըում դամբարան (türbe):

Հաջորդ մեծ վեզիր Ռուսթեմ փաշան ևս մի քանի հանձնարարություններ է տալիս Սինանին: 1550 թվականին նա կառուցում է մի մեծ հյուրանոց (han) Ստամբուլի Գալաթա շրջանում: Շուրջ 10 տարի անց նա ևս մեկ հան է կառուցում Էդիրնեում, իսկ 1544-1561 թվականների ընթացքում Էրզրումում կառուցում է Թաշ Հանը: Նա քարավանատուն է կառուցում Էրեգլիում և Կ.Պոլիսում ութանկյուն մեդրեսե:

Ջումա-Ջամի մզկիթ (Հան մզկիթ), Եվպատորիա, Ղրիմ

1553-1555 թվականների ընթացքում Սինանը Բեշիքթաշում կառուցում է Սինան փաշա մզկիթը, որը Էդիրենում Ուչ Շերեֆլի մզկիթի փոքր տարբերակն է, մեծ ծովակալ Սինան փաշայի համար: Սա ևս վկայում է այն մասին, որ Սինանը մանրամասն ուսումնասիրել էր այլ ճարտարապետների աշխատանքները, հատկապես որ նա էր պատասխանատու այս շինությունների վերանորոգման համար: Նա կրկնում էր շինության հին ձևը՝ փորձելով կարգավորել կառուցվածքային որոշակի թերութուններ և կատարել սա իր մտահղացումների համաձայն: 1554 թվականին Սինանն կրկին օգտագործում է Սինան փաշա մզկիթի ձևը մեծ վեզիր Քարա Ահմեդ փաշայի համար Կ.Պոլսում մզկիթ կառուցելիս, որը լինելու էր իր առաջին վեցանկյուն մզկիթը: Օգտագործելով վեցանկյուն նախագծիը Սինանը կարող էր կողային գմբեթները դարձնել կիսագմբեթներ և տեղադրել դրանք անկյուններում 45 աստիճան անկյան տակ: Հավանաբար նրան այս ձևը շատ էր դուր եկել, քանի որ նա այս ձևը կիրառեց նաև այլ մզկիթների կառուցման ժամանակ, ինչպես օրինակ՝ Սոկոլովիչ Մեհմեդ փաշա մզկիթը Քադըրգայում և Աթըք Վալիդե մզկիթը Ուսքյուդարում:

Միմար Սինանը (ձախից) Սուլեյման Փառահեղի գերեզմանի մոտ, 1566

1556 թվականին Սինանը կառուցում է Հասեկի Հյուրեմ համամը՝ փոխարինելով հնադարյան Զևքսիպուսի բաղնիքները, որոնք դեռևս պահպանվել են Սուրբ Սոֆիայի մոտակայքում: Սա ամենագեղեցիկ համաներից մեկն է համարվում:

1559 թվականին նա կառուցում է Քաֆեր աղա մեդրեսեն Սուրբ Սոֆիայի տարածքում: Նույն տարում Սինանը սկսում է կառուցել Քանլըքայում՝ Բոսֆորի կողքին, Իսքենդեր փաշա փոքրիկ մզկիթը:

1561 թվականին, երբ Ռուսթեմ փաշան մահանում է, Սինանը սկսում է Ռուսթեմ փաշա մզկիթի շինարարությունը, որը պատվիրել էր նրա այրի Միհրիմահ սուլթանը: Այն գտնվում է Սուլեյմանիեի մոտակայքում: Նույն տարում նա կառուցում է նաև դամբարան Ռուսթեմ փաշայի համար Շեհզադե մզկիթի այգում: Այժմ, երբ ամուսինը մահացել էր և նա կուտակել էր բավականին մեծ հարստություն, Միհրիմահ սուլթանը ցանկանում է մզկիթ կառուցել հենց իր համար: Սինանը Էդիրնեքափըում նրա համար կառուցում է Միհրիմահ մզկիթը Կ.Պոլսի 7 բլուրների բարձրության վրա: Թվագրության հետ կապված որոշակի խնդիրներ կան. մինչև վերջերս կարծում էին, որ այն կառուցվել է մոտ 1540 թվականին, իսկ այժմ կարծում են, որ կառուցվել է 1562-1565 թվականների ընթացքում: Սինանը ցանկանում էր, որ այս մզկիթը լինի շքեղ, ուստի օգտագործում էր իր ողջ երևակայությունը. այն ուներ 37 մ բարձրությամբ և 20 մ լայնությամբ գմբեթ, 15 մեծ պատուհաններ և 4 կլոր պատուհաններ: Այս հեղափոխական շինության ոճը այնքան մոտ էր գոթական ոճին, որքան թույլ էր տալիս օսմանյան կառուցվածքը:

1560-1566 թվականների ընթացքում Սինանը Կ.Պոլսում կառուցում է Զալ Մահմուդ փաշա մզկիթը: Բնականաբար Սինանը մշակել և վերահսկել է կառուցման գործընթացը, բայց ոչ մանրամասն, քանի որ նա ու իր օգնականները սկսել էին Էդիրնեում գլուխգործոց Սելիմիե մզկիթի կառուցումը: Ներսից կառույցը ուներ 3 ընդարձակ սրահներ, այս սրահները կարծես թե նախնական փորձ էին Սելիմիե մզկիթում նույն բանը փորձելու համար:

1570 թվականից մինչև կյանքի վերջ. վարպետության շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի վերջին տարիներին Սինանը փորձարկում է որմնանկարներն ու տարածական ձևերը, որոնք նոր էին դասական օսմանյան ճարտարապետության համար:

Սելիմիե մզկիթը կառուցված Սինանի կողմից 1575 թվականին Էդիրնեում
Մեհմեդ փաշա Սոկոլովիչ կամուրջը կառուցվել է 1577 թվականին Սինանի կողմից և գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ում, Վիշեգրադ, Բոսնիա և Հերցոգովինա.

Ըստ Սինանի ինքնակենսագրական գրքի՝ "Tezkiretü’l Bünyan"-ի, իր գլուխգործոցը Սելիմիե մզկիթն է Էդիրնեում: Ազատվելով օսմանյան ավանդական ճարտարապետության կապանքներից՝ այս մզկիթը համարվում է ինչպես Սինանի աշխատանքների գագաթնակետը, այնպես էլ օսմանյան ճարտարապետության: Մինչ մզկիթը կառուցվում էր ճարտարապետի համար մոտիվացիա էր դարձել հետևյալ արտահայտությունը՝ «Որպես մուսուլման դու երբեք չես կարող կառուցել ավելի մեծ գմբեթ, քան Սուրբ Սոֆիայինն է»: Երբ կառուցումն ավարտվեց, Սինանը հայտարարեց, որ այն ունի ամենամեծ գմբեթն աշխարհում՝ հետ թողնելով նաև Սուրբ Սոֆիային: Իրականում, սակայն գմբեթի բարձրությունը հողի մակերեսից շատ ավելի քիչ էր, իսկ տրամագիծը շուրջ կես մետրով էր ավելի հազարամյակների պատմություն ունեցող Սուրբ Սոֆիայից: Սակայն հիմքից հաշվված Սելիմիեն շատ ավելի բարձր էր: Միմար Սինանը ավելի քան 80 տարեկան էր, երբ մզկիթի կառուցումն ավարտվեց: Այս մզկիթի շնորհիվ նա հասավ իր նպատակին՝ կառուցելով ամբողջական, միասնական կառույց: Այս անգամ նա օգտագործեց ութանկյուն կենտրոնական գմբեթի ձևը (31.28 մ լայնություն և 42 մ բարձրություն)՝ որը հենվում էր մարմարե և գրանիտե 8 վիթխարի սյուների վրա: Մզկիթը ունի շատ պատուհաններ, որոնք ապահովում են լուսավորությունը: Մզկիթի 4 մինարեթները մուսուլմանական աշխարհում ամենաբարձրն են և իշխում են քաղաքը:

Սինանը նախագծում է նաև Դամասկոսում Թաքքիյա ալ-Սուլեյմանիյա քարավանատունը և մզկիթը, որոնք համարվում են քաղաքի ամենանշանավոր հուշարձաններից մեկը, ինչպես նաև Բուլղարիայում՝ մայրաքաղաք Սոֆիայում Բանյա Բաշի մզկիթը, որը ներկայումս քաղաքի միակ գործող մզկիթն է: Նա նաև կառուցել է Մեհմեդ փաշա Սոկոլովիչ կամուրջը Վիշեգրադում Դրինա գետի վրա՝ Բոսնիա և Հենցոգովինայի արևելքում, որը այժմ ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգություններից է:

Եզրակացություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միմար Սինանի ճարտարապետական գաղափարները ներառում էին իրենց մեջ հայտնի Թաջ Մահալի ձևերը[42][43] (Մեծ մոնղոլական կայսրությունում շահ Ջահանի)

Սինանը ճարտարապետ դառնալու ճանապարհին ստիպված էր հաղթահարել գոյություն ունեցող ավանդական ճարտարապետության կապանքները: Ռազմական ինժեներ լինելը Սինանին մեծապես օգնեց, որ ճարտարապետության նայի փարձառական տեսանկյունից և ոչ թե զուտ տեսական: Նա սկսում է փորձարկել միագմբեթ ու բազմագմբեթ շինությունների նախագծումն ու կառուցումը: Նա փորձում էր հասնել «երկրաչափական մաքրության», ռացիոնալության և տարածական ամբողջականության: Սինանը սկսում է գմբեթների տարբեր տեսակների կառուցումը՝ շրջապատելով դրանք կիսագմբեթներով, սյուներով: Նրա գմբեթները և կամարները կոր են, բայց կյանքի հետագա տարիներին կորություններից խուսափում է՝ շրջանը փոխարինելով ուղղակյուն, վեցանկյուն և ութանկյուն ձևերով: Նա, ինչպես նշվեց, փորձում էր հասնել ռացիոնալ ներդաշնակության գմբեթների, կիսագմբեթների, մզկիթների ներսում տարածության միասնականության միջոցով: Սինանի հանճարը հենց դրա մեջ է: Նա նորարարական ձևերով համատեղում էր տարբեր հին ու նոր զարդարանքներ և մոտիվներ:

Երբ մահացավ Սինանը, օսմանյան դասական ճարտարապետությունը իր գագաթնակետին էր հասել: Սինանին հաջորդած ոչ մեկը չեղավ այնքան տաղանդավոր, որ կարողանար բարելավել Սելիմիե մզկիթի ձևավորումը և զարգացնել այն: Նրա աշակերտները հետ գնացին ավելի վաղ շրջանի ձևերին, ինչպիսին էր Շեհզադե մզկիթը: Նորարարությունները հետզհետե սկսեցին վերանալ և սկսեց անկման գործընթաց:

Ճարտարապետական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինանի ամենակարևոր ճարտարապետական գործը ալ-Հարամ մզկիթն է: Կայսերական ճարտարապետ եղած 50 տարիների ընթացքում Սինանը կառուցել և նախագծել է 476 կառույց (դրանցից 196 մինչ օրս պահպանվում են)՝ համաձայն Tazkirat-al-Abniya-ի՝ իր աշխատանքների պաշտոնական ցանկի: Բնականաբար այդ բոլոր կառույցները ինքը չի նախագծել, այլ վստահել է իր վարչությանը, որի համար պատասխանատվություն էր կրում: Որպես ենիչերի և սուլթանի ստրուկ՝ նրա առաջին հերթին պատասխանատու էր սուլթանի առջև: Ազատ ժամանակն էլ անցկացնում էր շինություններ նախագծելով: Իսկ իր օգնականներին հանձնարարում էր կառուցել նահանգների առավել քիչ կարևոր շինությունները:

  • 94 մեծ մզկիթ (camii)
  • 57 քոլեջ
  • 52 փոքր մզկիթ (mescit)
  • 48 համամ
  • 35 պալատ (saray)
  • 22 դամբարան (türbe)
  • 20 քարավանատուն (kervansaray; han)
  • 17 հանրային խոհանոց (imaret)
  • 8 կամուրջ
  • 8 ամբար
  • 7 մեդրեսե
  • 6 ջրակամուրջ
  • 3 հիվանդանոց (darüşşifa)

Նրա որոշ աշխատանքներից են՝

  • Սոկոլովիչ Մեհմեդ փաշա մզկիթը (Ազափքափը)
  • Քաֆերաղա մեսդրեսեն
  • Էդիրնեում Սելիմիե մզկիթը
  • Սուլեյմանիե մզկիթը
  • Քըլըչ Ալի փաշա մզկիթը
  • Մոլլա Չելեբի մզկիթը
  • Հասեկի համամները
  • Փիյալե փաշա մզկիթը
  • Շեհզադե մզկիթը
  • Միհրիմահ սուլթան մզկիթը Էդիրնեքափըում
  • Մեհմեդ փաշա Սոկոլովիչ կամուրջը Վիշեգրադում
  • Բանյա Բաշի մզկիթը Սոֆիայում, Բուլղարիա
  • Նիշանջի Մեհմեդ փաշա մզկիթը
  • Ռուսթեմ փաշա մզկիթը
  • Զալ Մուրադ փաշա մզկիթը
  • Քադըրգա Սոքոլլու մզկիթը
  • Թրիքալայում Օսման շահ մզկիթը կամ Քուրսում մզկիթը
  • Ալ-Թաքյա ալ-Սուլեյմանիյան Դամասկոսում
  • Սուլթան Սելիմ Յավուզ մեդրեսեն
  • Միմար Սինան կամուրջը Բյույուքչեքմեջեում
  • Թեքքիյե մզկիթը
  • Քուսռուվիյահ մզկիթը
  • Լացի պատի մոտ աղոթատեղի

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միմար Սինանը և նրա գլուխգործոց Սելիմիե մզկիթը 1982-1995 թվականների թուրքական 10.000 լիրա թղթադրամի վրա

Միմար Սինանը մահացել է 1588 թվականին և թաղված է Ստամբուլում՝ իր կողմից կառուցված դամբարանում, որը գտնվում է Սուլեյմանիե մզկիթի հյուսիսային հատվածում: Նա թաղված է իր մեծ հովանավորներ սուլթան Սուլեյմանի Փառահեղի և նրա կնոջ՝ Հասեկի Հյուրեմ սուլթանի մոտ:

1935 թվականին նրա մասունքները հանվել են գերեզմանից և ուսումնասիրվել մի խումբ թուրք գիտնականների կողմից: Այդ ժամանակ մեծ տարածում գտած ռասսաների մասին գիտության կողմնակիցները պնդում էին, որ Սինանի գանգի չափերը ցույց են տալիս, որ նա իրականում թուրք է[44]:

Նրա անունով է կոչվում

Սինանի դիմանկարն է պատկերված 1982-1995 թվականների թուրքական 10.000 լիրա թղթադրամի վրա և 2001 թվականի 7 500 000 լիրա կոպեկի վրա, ինչպես նաև 6 նամականիշների վրա, 1957 թվականին թողարկված 100 լրիայի վրա (Սուլեյմանիե մզկիթի ստեղծման 400-ամյակի կապակցությամբ), 1988 թվականին 50 լիրայի վրա (Սինանի մահվան 400-ամյակի կապակցությամբ) և 2007 թվականի նոյեմբերի 14-ին թողարկված շարքի վրա՝ 60, 70, 70 և 80 քուրուշ՝ Սինանը և իր գործերը:

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Goodwin (2001), p. 87
  2. 2,0 2,1 Kinross (1977), pp 214–215
  3. De Osa, Veronica.
  4. Saoud (2007), p. 7
  5. Vasari (1963), Book IV, p. 122
  6. http://home.howstuffworks.com/home-improvement/construction/planning/10-most-famous-architects2.htm
  7. 7,0 7,1 Encyclopædia Britannica. Sinan (Ottoman architect):

    Sinan, also called Mimar Sinan (“Architect Sinan”) or Mimar Koca Sinan (“Great Architect Sinan”) (born c. 1490, Ağırnaz, Turkey—died July 17, 1588, Constantinople [now Istanbul]), most celebrated of all Ottoman architects, whose ideas, perfected in the construction of mosques and other buildings, served as the basic themes for virtually all later Turkish religious and civic architecture.
    The son of Greek or Armenian Christian parents, Sinan entered his father’s trade as a stone mason and carpenter.

  8. 8,0 8,1 Günay Reha (2006)։ A guide to the works of Sinan the architect in Istanbul։ Istanbul, Turkey: Yapı-Endüstri Merkezi Yayınları։ էջ 23։ ISBN 975-8599-77-1։ Վերցված է 2012-04-05 
  9. Fletcher Richard (2005)։ The cross and the crescent: Christianity and Islam from Muhammad to the Reformation (Reprinted. ed.)։ London: Penguin։ էջ 138։ ISBN 9780670032716։ «...was Sinan the Old-he lived to be about ninety-an Armenian from Anatolia who had been brought to the capital as one of the 'gathered'.» 
  10. Zaryan, Sinan, Armenian Soviet Encyclopedia, p. 385.
  11. Kouymjian, Dickran. "Armenia from the Fall of the Cilician Kingdom (1375) to the Forced Emigration under Shah Abbas (1604)" in The Armenian People From Ancient to Modern Times, Volume II: Foreign Dominion to Statehood: The Fifteenth Century to the Twentieth Century. Richard G. Hovannisian (ed.). New York: St. Martin's Press, 1997, p. 13. 0-312-10168-6.
  12. Jackson Thomas Graham (1913)։ Byzantine and Romanesque Architecture, Volume 1։ Cambridge University Press։ էջ 143։ «They are many of them designed by Sinan, who is said to have been an Armenian» 
  13. 13,0 13,1 Alboyajian (1937), vol. 2, pp. 1533-34.
  14. Sitwell Sacheverell (1939)։ Old Fashioned Flowers։ Country Life։ էջ 74։ «The architect Sinan, perhaps of Armenian descent, raised mosques and other buildings all over the Turkish Empire.» 
  15. Talbot, Hamlin Architecture Through the Ages. University of Michigan, p. 208.
  16. Byzantium and the Magyars, Gyula Moravcsik, Samuel R. Rosenbaum p.28.
  17. Kathleen Kuiper. Islamic Art, Literature, and Culture. — The Rosen Publishing Group, 2009 — p. 204 — 9781615300976: "The son of Greek Orthodox parents, Sinan entered his father's trade as a stone mason and carpenter." .
  18. Sinan: the grand old master of Ottoman architecture, p. 35, Aptullah Kuran, Institute of Turkish Studies, 1987
  19. Walker, Benjamin and Peter Owen Foundations of Islam: the making of a world faith, 1998, p. 275.
  20. 20,0 20,1 Goodwin, Godfrey (1971)։ A history of Ottoman architecture։ Johns Hopkins Press։ էջ 199։ ISBN 978-0-8018-1202-6։ «He came from the district of Karaman and the Greek lands, but he does not, it is true, specifically call himself a Greek, which, in effect, he no longer was from the moment that he admitted that there was no other God but Allah. Yet after the conquest of Cyprus in 1571, when Selim decided to repopulate the island by transferring Greek families from the Karaman beylik, Sinan intervened on behalf of his family and obtained two orders from the Sultan in council exempting them from deportation. It was Selim I who ordered the first devsirme levy in Anatolia in 1512 and sent Yaya- basis to Karamania and this is probably the year in which Sinan came to Istanbul. Since he was born about 1491, or at the latest in 1492, he was old for a devsirme…» 
  21. Rogers, J. M. (2006)։ Sinan: Makers of Islamic Civilization.։ I.B.Tauris: Oxford Centre for Islamic Studies։ էջ backcover։ ISBN 978-1-84511-096-3։ «(Sinan) He was born in Cappadocia, probably into a Greek Christian family. Drafted into the Janissaries during his adolescence, he rapidly gained promotion and distinction as a military engineer.» 
  22. 22,0 22,1 Cragg Kenneth (1991)։ The Arab Christian: A History in the Middle East։ Westminster John Knox Press։ էջ 120։ ISBN 0-664-22182-3 
  23. al-Lubnānī lil-Dirāsāt Markaz (1992)։ The Beirut review, Issue 3։ Lebanese Center for Policy Studies։ էջ 113։ Վերցված է 2012-04-05 
  24. Brown Percy (1942)։ Indian architecture: (The Islamic period)։ Taraporevala Sons։ էջ 94։ «… the fame of the leading Ottoman architect, Sinan, having reached his ears, he is reported to have invited certain pupils of this Albanian genius to India to carry out his architectural schemes.» 
  25. Akgündüz Ahmed & Öztürk Said, (2011), Ottoman History, Misperfections and Truths, IUR Press (Islamitische Universiteit Rotterdam), Pg.196, See online. Quoted from the book: "According to yet another view, Sinan came from a Christian Turkish family, whose father's name was Abdulmennan and his grandfather's Doğan Yusuf."
  26. 26,0 26,1 26,2 26,3 26,4 26,5 Goodwin (2003), pp 199–200.
  27. This decree was published in the Turkish journal Türk Tarihi Encümeni Mecmuası, vol. 1, no. 5 (June 1930-May 1931) p. 10.
  28. Muqarnas, Volume 24 History and Ideology: Architectural Heritage of the lands of Rum, p. 179, Gurlu Necipoglu, Bril, 2007, 978-90-04-16320-1
  29. Constantinople, de Byzance à Stamboul, Celâl Esad Arseven, H. Laurens, 1909
  30. Muller Herbert Joseph (1961)։ The Loom of History։ New American Library։ էջ 439 
  31. «Architects, Craftsmen, Weavers: Armenians and Ottoman Art»։ Abstracts from the International Conference ARMENIAN CONSTANTINOPLE organized by Richard G. Hovannisian, UCLA, May 19–20, 2001։ Social Sciences Division University of California, Los Angeles։ Արխիվացված օրիգինալից-ից 12 July 2014-ին։ Վերցված է 13 September 2013 
  32. Brown Percy (1942)։ Indian architecture: (The Islamic period)։ Taraporevala Sons։ էջ 92։ Վերցված է 2012-04-05։ «… the fame of the leading Ottoman architect, Sinan, having reached his ears, he is reported to have invited certain pupils of this Albanian genius to India to carry out his architectural schemes.» 
  33. Mahajan Vidya Dhar, Savitri Mahajan (1962)։ The Muslim rule in India, Volume 1։ S.Chand։ էջ 210։ Վերցված է 2012-04-07 
  34. Encyclopædia Britannica: Sinan (Ottoman architect)
  35. Kinross, pp 214–215.
  36. Sinan (in Dictionary of Islamic Architecture) Archived 2011-06-04 at the Wayback Machine.
  37. A list of the buildings designed by Mimar Sinan
  38. The Drina Bridge gave its name to the famous novel by the Yugoslav author Ivo Andrić.
  39. Tracy James D., Savitri Mahajan (2000)։ City Walls: The Urban Enceinte in Global Perspective։ Cambridge University Press։ էջ 306։ ISBN 978-0-521-65221-6։ Վերցված է 2012-04-07 
  40. (Article’s author): Gjergji Frashëri (2000)։ Fjalori Enciklopedik Shqiptar։ Akademia e Shkencave e Shqipërisë։ էջ 2946։ ISBN 978-99956-10-32-6 
  41. Albanian Cultural Heritage։ Republic of Albania, National Tourism Agency։ 2000։ էջ 59։ Արխիվացված օրիգինալից-ից 2010-10-08-ին։ Վերցված է 2012-04-07 
  42. William J. Hennessey, PhD, Director, Univ. of Michigan Museum of Art. IBM 1999 WORLD BOOK.
  43. Marvin Trachtenberg and Isabelle Hyman. Architecture: from Prehistory to Post-Modernism. p. 223.
  44. Hanioğlu M. Şükrü (2013)։ Atatürk: An Intellectual Biography։ Princeton, NJ: Princeton University Press։ էջ 171։ ISBN 9780691157948