Jump to content

Զանգեզուրի ինքնապաշտպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զանգեզուրի ինքնապաշտպանություն, հայ ժողովրդի ազատագրական պայքարը թուրքական, թաթարական[1][2] ու ռուսական զորքերի դեմ։ Տեղի է ունեցել 1919-1921 թվականներին՝ պատմական Սյունիք նահանգի հարավում՝ Զանգեզուրում։ Ղեկավարել է գեներալ Գարեգին Նժդեհը

Զանգեզուրի ինքնապաշտպանություն
Հայ-ադրբեջանական պատերազմ (1918-1920)ի, Խորհրդային բանակի ներխուժումը Հայաստանի մասն է կազմում


Առաջինում` Գարեգին Նժդեհն իր զինվորների հետ և երկրորդում` Անդրանիկն Գորիսում
Թվական 1918—1921 հուլիսի 14
Վայր Սյունիք-Զանգեզուր
Պատճառ Ադրբեջանի անհիմն տարածքային պահանջները հայաբնակ Զանգեզուրի նկատմամբ
Արդյունք Հայոց հաղթանակ[3]
Տարածքային
փոփոխություններ
Սյունիքը մնաց ՀԽՍՀ կազմում, ԱԽՍՀ-ի փոխարեն
Հակառակորդներ
Հայաստանի Առաջին Հանրապետություն Հայաստանի Առաջին Հանրապետություն
(մինչև 1920)

Լեռնահայաստանի հանրապետություն

Ադրբեջան Ադրբեջան (մինչև 1920)
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ

Աջակցում է
Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն(մինչև 1920)
Թուրքիա Թուրքիա

Հայոց պատմություն
Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590
Արատտա
Մ.թ.ա. 2800~16-րդ
Հայասա
Մ.թ.ա. 16-13-րդ
Վանի թագավորություն
Մ.թ.ա. 9-6-րդ
Հին շրջան
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Վասպուրական
Վանանդ, Լոռի և Սյունիք
Կիլիկիայի հայկական թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Խաչենի իշխանություն
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում
Հայոց ցեղասպանություն
Հայկական սփյուռք
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի առաջին հանրապետություն
Լեռնահայաստան
Խորհրդային Հայաստան
Արցախյան ազատամարտ
Հայաստան
Արցախի Հանրապետություն

Հայաստանի պորտալ

Այդ շրջանում Զանգեզուրը Հայաստանի Հանրապետության մաս էր։ 1919 թվականի մարտին Զանգեզուրի ընդհանուր կոմիսար էր նշանակվել Արսեն Շահմազյանը։ Թուրք-ադրբեջանական համաթուրքական հեռանկարային ծրագրում նախատեսվում էր երկու «եղբայրակից պետությունների» (Թուրքիայի և Ադրբեջանի) միավորում։ Իսկ այդ միավորման ճանապարհին առաջնային խոչընդոտ էր Սյունիքը[4]:

Թշնամին նպատակադրել էր մեր ժողովրդի մի խոշոր մասի դիակի վրայով կամուրջ նետել Տաճկաստանի և Ադրբեջանի միջև և, տեր դառնալով Սյունյաց աշխարհի ու Գողթանի բնական ամրություններին, մշտական սարսափի տակ պահել մեր մատաղ հանրապետությունը[5]

Ինքնապաշտպանական կռիվների հաղթական ավարտի շնորհիվ Սյունիքը մնաց Հայաստանի կազմում։

Հայ-ադրբեջանական տարածքային վեճեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության հռչակումից անմիջապես հետո՝ 1918 թվականի ամռանը, նորաստեղծ հայկական պետությունը տարածքային խնդիրներ ունեցավ հարևան պետությունների հետ։ Հարավային Կովկասի արևելյան՝ մուսուլմանաբնակ շրջաններում 1918 թվականի մայիսի 27-ին օսմանյան Թուրքիայի օժանդակությամբ ստեղծվում է «Ադրբեջան» անունով պետություն։ Մինչ այդ, այս անվանումը վերաբերում էր Արաքս գետից հարավ ընկած տարածքներին (Ատրպատական), որի բնակչությունը 16-րդ դարից սկսած դառնում էր թյուրքալեզու։ Նորաստեղծ Ադրբեջանը ղեկավարելու էր պանթյուրքական գաղափարախոսության հողի վրա ստեղծված ազգայնական «Մուսավաթ» կուսակցությունը։ Ուստի, Ադրբեջանի առաջին հանրապետությունը (1918-1920) ընդունված է անվանել նաև Մուսավաթական Ադրբեջան։

Մուսավաթ կուսակցության դրոշ

Հայ-ադրբեջանական հարաբերությունների սրումը կապված էր աշխարհաքաղաքական, ազգային, կրոնական, սահմանային և այլ գործոններով։ Այնուհանդերձ, առանցքային գործոնը տարածքային հարցն էր։ Ադրբեջանը հավակնություններ ներկայացրեց գերազանցապես հայաբնակ Ղարաբաղի (Արցախ), Զանգեզուրի (Սյունիք), Ղազախի սահմանային գավառների (Տավուշ), ինչպես նաև անվիճելիորեն Հայաստանին պատկանող Շարուրի, Նախիջևանի և իսլամադավան բնակչություն ունեցող այլ տարածքների նկատմամբ (այժմ՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն)։ Երկու կողմն էլ հասկանում էին հիշյալ տարածքների իրական նշանակությունը, որը և անզիջում էր դարձնում պայքարը։ Ղարաբաղում և Զանգեզուրում կատարվող իրադարձություններն անմիջականորեն ազդում էին երկու երկրների փոխհարաբերությունների վրա՝ ժամանակ առ ժամանակ սպառնալով վերածվել ուղղակի պատերազմի։ Ադրբեջանի ռազմական ճնշումը դրսևորվում էր ոչ միայն սահմանային գավառներում ուժի բացահայտ ցուցադրմամբ և Ղարաբաղի ու Զանգեզուրի վրա պարբերական հարձակման փորձերով, այլև, ինչպես ասվեց, Հայաստանի իսլամադավան բնակչության շրջանում քայքայիչ գործունեության ծավալմամբ և թուրք-թաթարական նորանոր խռովությունների կազմակերպմամբ[6]։

Պայքարի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անդրանիկ Օզանյան
(1865-1927)

Ելիզավետպոլի նահանգում, այդ թվում՝ Զանգեզուրի գավառում, շերտընդմեջ ապրող հայերը և կովկասցի թաթարները (այժմ՝ ադրբեջանցիներ), ունեին իրարից խիստ տարբեր քաղաքական ձգտումներ։ 1917 թվականի փետրվարյան հեղափոխությունից հետո գավառը փաստորեն բաժանվել էր երկու մասի՝ հայկական և մուսուլմանական։

Հայկական մասը ընդգրկում էր բուն Զանգեզուրի՝ Գորիսի, Սիսիանի, Կապանի և Արևիքի (Մեղրու) շրջանները, իսկ մուսուլմանական մասի մեջ էին մտնում Գորիս-Կապան-Մեղրի գծից արևելք ըկած թուրք և քուրդ բնակչությամբ շրջանները։ Հայկական մասում կային հայերի համար մեծ վտանգ ներկայացնող թուրք և քուրդ հոծ բնակչությամբ տասնյակ գյուղեր, հատկապես Սիսիանի և Կապանի շրջաններում[6]։

Զանգեզուրի հերոսամարտը կարելի է բաժանել երկու փուլի. 1919 թվականի ամառ - 1920 թվականի ամառ, երբ հիմնական պայքարն ընթանում էր թուրք-թաթարական ավազակախմբերի եւ մուսավաթական Ադրբեջանի կանոնավոր զորքերի զավթողական գործողությունների դեմ, եւ 1920 թվականի ամառ - 1921 թվականի ամառ, երբ կասեցվում էին Զանգեզուրը Խորհրդային Ադրբեջանին բռնակցելու նպատակով 11-րդ Կարմիր բանակի եւ թուրք-ադրբեջանական զինված կազմավորումների ձեռնարկած հարձակումները[7]։

1919 թվականի մարտին զորավար Անդրանիկ Օզանյանը հարկադրված էր թողնել Զանգեզուրը։ Անգլիացիների միջոցով հասնելով իր նպատակին, Ադրբեջանը գերազանցող ուժերով հարձակվեց Կապանի ուղղությամբ՝ զավթելով մի շարք հայկական բնակավայրեր, իսկ միաժամանակ Նախիջևանի կողմից ներխուժած թուրքական զորքերը, ընդհուպ մոտենալով Զանգեզուրի սահմաններին, սպառնում էին Հայաստանի Հանրապետությունից անջատել այդ տարածքը[7]։

Գարեգին Նժդեհ
(1886-1955)

Գավառի ինքնապաշտպանության կազմակերպման գործում մեծ աշխատանք էին տանում Զանգեզուրի ազգային խորհուրդը, ՀՅԴ Սյունիքի կենտրոնական կոմիտեն, գործիչներ Արշակ Շիրինյանը, Միքայել (Միշա) Պարոնյանը, Զախար Տեր-Դավթյանը, Նիկոլայ Հովսեփյանը, Զախար Տեր-Ղազարյանը և ուրիշներ։ 1918 թվականի հուլիսի վերջերին Անդրանիկն իր ավելի քան 3 հազարանոց «Հարվածող զորամասով» և թուրքահայ ու նախիջևանահայ շուրջ 35 հազար գաղթականներով մտավ Զանգեզուր։

Գաղթականությունը հիմնականում տեղավորվեց Սիսիանի շրջանում, իսկ զորամասի ստորաբաժանումները՝ զորավար Սմբատի, Սասունցի Մուշեղի, կապիտան Հայկ Բոնապարտյանի, Բորտի, Կալմակովի և Վիչինի, Ջեբեջիի, Փիլոսի, Հասրաթի, Հարությունի և ուրիշ հայտնի զինվորական գործիչների հրամանատարությամբ տեղակայվեցին գավառի չորս շրջաններում։ Անդրանիկի զորամասից քիչ առաջ Զանգեզուր էր մտել նաև 1918 թվականի սկզբին արցախցի հայ զինվորականներից Թիֆլիսում կազմավորված Շուշիի գունդը՝ գնդապետ Միքայել Մելիք-Շահնազարյանի հրամանատարությամբ[6]։

Արձագանքելով Գողթանի կառավարիչ Ա.Մելիք-Մուսյանի օգնության կոչին, ՀՅԴ կառավարությունը Զանգեզուր գործուղեց փոխգնդապետ Գարեգին Նժդեհին։ Դեռ 1918 թվականի մայիսին Ալեքսանդրապոլում կռվի բռնվելով թուրքական զորքերի դեմ, Նժդեհը իր խմբով նահանջում է Ղարաքիլիսա (այժմ՝ Վանաձոր)։ Այստեղ էին նահանջել բազմահազար հայ փախստականներ. տեղի ժողովուրդը նույնպես տագնապի մեջ էր։ Նժդեհի գլխավորությամբ տեղի էր ունեցել Ղարաքիլիսայի ինքնապաշտպանությունը, որտեղ վիրավորված Նժդեհը արժանացել է ամենաբարձր՝ քաջության շքանշանի։

Խոսրով բեկ Սուլթանով
(1879-1947)

Գարեգին Նժդեհն անմիջապես ստեղծեց զինվորական շտաբ և ձեռնամուխ եղավ կազմակերպական մի շարք հրատապ խնդիրների լուծմանը։ Հաշվառվեցին առկա զենքն ու զինամթերքը, միջոցներ ձեռնարկվեցին օպերատիվ իրավիճակը վերահսկելի դարձնելու և ժողովրդական վաշտերի կազմակերպման ուղղությամբ։ Կատարվեցին ամրաշինական աշխատանքներ, պատրաստվեցին պայթուցիկ տակառներ։ 1919 թվականի նոյեմբերի 18-ին Օխչի-Ձորի մարտում Գենվազի երկու վաշտերը ջախջախեցին թուրք-թաթարական զինված ավազակներին և ազատագրեցին մի քանի գյուղ։ Նույն թվականի դեկտեմբերի առաջին շաբթվա ընթացքում ազատագրվեց նաև անառիկ համարվող Գեղվաձորը։

1920 թվականի հունվարի 19-ին Կապարգողթի ինքնապաշտպանության ուժերը, հարձակման անցնելով Շուռնուխի ուղղությամբ, նախատեսված վեցի փոխարեն ճնշեցին 30 գյուղերում գտնվող թշնամու կրակակետերը և նվաճեցին կարևոր ռազմավարական բնագծեր։

Դեռ 1919 թվականի հունվարից Ադրբեջանի կառավարությունը Շուշիի, Զանգեզուրի, Ջևանշիրի և Ջաբրայիլի գավառներից ստեղծեց գեներալ-նահանգապետություն՝ մուսավաթական գործիչ Խոսրով բեկ Սուլթանովի ղեկավարությամբ՝ նպատակ ունենալով բռնի ուժով կոտրել հայերի դիմադրությունը և Արցախն ու Զանգեզուրը ենթարկել Ադրբեջանին։ Հայաստանի կառավարությունը իր հերթին, 1919 թվականի մարտին շտաբս-կապիտան Արսեն Շահմազյանին նշանակեց Զանգեզուրի և Ղարաբաղի ընդհանուր պետական կոմիսար։ Նրա Գորիս ժամանելուց մի քանի օր անց, մարտի 25-ին, Անդրանիկն իր զորամասով Գորիսից մեկնեց Երևան՝ գաղթականությանը առժամանակ թողնելով Զանգեզուրում։ Գաղթականության կարիքները հոգալու համար Անդրանիկը Գորիսի ազգային խորհրդի տրամադրության տակ դրեց իր զորամասի ունեցած գումարի ու դեղորայքի մեծ մասը[6]։

Դրաստամատ Կանայան
(Դրո, 1884-1956)

Մարտի 20-21-ին Նժդեհը կարողանում է հակառակորդին զրկե Գողթանում ունեցած բոլոր ռազմավարական կետերից, բացի Արաքսի ափին ընկած թաթարական երկու գյուղերից։ Այդ ժամանակ թուրք-ադրբեջանական միացյալ զորքերը ներխուժել էին Կապան։ Ապրիլի 1-ին սկսված հակահարձակմամբ թշնամին դուրս մղվեց գրավված բարձունքներից։ Ճակատամարտի երրորդ օրը հայկական ինքնապաշտպանական ուժերը վնասազերծեցին Որոտանի ձախ ափին տարածված թաթարական շուրջ հարյուր գյուղեր։ Ապրիլի 6-ին և 13-ին հաղթանակներ նվաճվեցին նաև Ասկյուլումի և Չավնդուրի մարտերում։ Զանգեզուրցիների հաղթանակները հնարավորություն ստեղծեցին օգնության գնալ Արցախին։ Հայաստանի կառավարությունը Արցախ ուղարկեց մի զորամաս՝ Դրոյի հրամանատարությամբ։ Կապարգողթի ուժերի գլուխն անցած՝ այնտեղ գնաց նաև Նժդեհը[6]։

1920 թվականի ապրիլի 28-ին Ադրբեջանի խորհրդայնացումը նոր իրավիճակ ստեղծեց տարածաշրջանում. Խորհրդային Ռուսաստանը նպատակ ուներ բոլշևիկյան կարգեր հաստատել Անդրկովկասում։ Եթե մինչ այդ Հայաստանի Հանրապետությունը հակամարտության մեջ էր մուսավաթական Ադրբեջանի հետ, ապա այժմ նրան փոխարինեց Խորհրդային Ադրբեջանը։ Ապրիլի 30-ին Երևան հասավ բոլշևիկյան Ադրբեջանի վերջնագիրը. պահանջվում էր հայկական զորքերից մաքրել Ղարաբաղն ու Զանգեզուրը[8]։ 1920 թվականի մայիսի վերջին Արցախ մտած Ռուսաստանի բանակի ճնշման տակ Դրոն ու Նժզեհը իրենց զորամասերը այնտեղից հետ քաշեցին։ Ըստ այդմ էլ՝ 1920 թվականի ամռանը Կապարգողթի՝ ռուսական ուժերի դեմ պայքարելու անհրաժեշտությունը Նժդեհը բխեցնում էր հետևյալից. Կապանի ներկայացուցիչները 1920 թվականի հուլիսի 11-ին տեսակցել էին Կարմիր բանակի պատվիրակության հետ և տեղեկացել, որ նրանք եկել էին Զանգեզուրն ու Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանին կցելու համար[9]։

1920 թվականի մայիսի վերջին Արցախ մտած խորհրդային զինուժի ճնշման տակ Դրոն ու Նժդեհը իրենց զորամասերը այնտեղից հետ քաշեցին։

Երկրորդ փուլ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր բանակը 1920 թվականի հուլիսի 4-ին ներխուժեց Հայաստանի Հանրապետության տարածքը և հաջորդ օրը զավթեց Գորիս քաղաքը։ Գորիսի և Սիսիանի շրջանները զավթելուց հետո կարմիրներն արշավեցին դեպի Կապան, որտեղ հանդիպեցին առաջին լուրջ հակահարվածին։ Բոլշևիկյան զորքերն ու թուրք-ադրբեջանական ավազակախմբերը երեք ուղղություններով՝ Գորիսից դեպի Կապանի հանքերը, նախկին Զանգելանի և Կուբաթլուի շրջաններից՝ դեպի Կապան ու Մեղրի, Նախիջևանի կողմից՝ դեպի Մեղրի և Գողթան հարձակումներ էին գործում, ձգտելով նվաճել Կապարգողթը[7]։

Կանգնած լինելով հանրապետության համար կործանարար հայ-ռուսական պատերազմի վտանգի առաջ՝ 1920 թվականի օգոստոսի 10-ին Թիֆլիսում ստորագրված հայ-ռուսական համաձայնագրով ՀՀ-ն համակերպվեց, որ Խորհրդային Ռուսաստանի զորքերը ժամանակավորապես ռազմակալեն «վիճելի» համարվող Արցախը, Զանգեզուրը և Նախիջևանը։ Նույն օրը Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ, Փարիզում ստորագրել էր Սևրի պայմանագիրը։

Սահմանվում էր, որ «Խորհրդային զորքերի կողմից վիճելի տարածքների գրավումով չի կանխորոշվում այդ տարածքների նկատմամբ Հայաստանի Հանրապետության կամ Ադրբեջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության իրավունքների հարցը»[10]։

Օգոստոսի 15-ին Դրոյի միջոցով Գարեգին Նժդեհը ստացավ ՀՀ զինվորական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանի օգոստոսի 10-ի հրահանգը՝ իր զորամասով թողնել Զանգեզուրը և Երևան անցնել։ Սակայն նա չենթարկվեց այս կարգադրությանը՝ պատճառաբանլով, որ ոչ թե միայն Զանգեզուրն էր հանձնում կարմիրներին, այլև Արարատյան Հայաստանը։

Խուստուփ լեռ
Հակառակ հանրապետական Հայաստանի կառավարության և Մոսկվայի ներկայացուցիչ Լեգրանի միջև կնքված պայմանագրին, որով Զանգեզուրը թողնված էր Ադրբեջանին, իմ ժողովրդական բանակը, զենքի ուժով, խորհըրդային իշխանությանը պարտադրեց իր կամքը, Սյունիքի կցումը Հայաստանին[11]

Հայկական զորամասերն ամրացան Մեղրիում և հետ էին մղում Կարմիր բանակի իրար հաջորդող գրոհները։ Գարեգին Նժդեհը Խուստուփի բարձունքներից հոկտեմբերի 20-ին կազմակերպեց մի ապստամբություն, և բոլշևիկներին կարողացավ դուրս անել Հանքերից և Կապանից։ Նույնը կատարվեց նաև Մեղրիում ու Սիսիանում։ Բոլշևիկները Գորիսից հարձակման անցան՝ Սիսիանի և Կապանի ուղղություններով։ Գրոհն արդյունք չտվեց, և նոյեմբերի վերջին Կարմիր բանակի զորամասերը թողեցին Գորիսը[7]։

Համազանգեզուրյան առաջին համագումար

[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականի թուրք-հայկական պատերազմում հայկական բանակի պարտության պայմաններում, Խորհրդային Ռուսաստանի 11-րդ Կարմիր բանակի զորամասերի ուղեկցությամբ, 1920 թվականի նոյեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան սահմաններից Իջևան մտած Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն երկիրը հայտարարեց «սոցիալիստական խորհրդային հանրապետություն»։ Հայաստանի խորհրդայնացման ընթացքը հեշտացնելու, զուտ քաղաքական-քարոզչական նպատակով նոյեմբերի 30-ին Ադրբեջանի հեղկոմը հայտարարեց Նախիջևանից, Զանգեզուրից և Լեռնային Ղարաբաղից հօգուտ Խորհրդային Հայաստանի հրաժարվելու մասին[12]։

1920 թվականի դեկտեմբերի 25-ին Տաթևի վանքում տեղի ունեցած համազանգեզուրյան առաջին համագումարը որոշեց «Զանգեզուրը հայտարարել ժամանակավորապես ինքնավար, մտցնելով հանրապետական իրավակարգ, մնալով անկախ՝ մինչև քաղաքական հնարավորություն կունենա միանալու իր մայր երկրի՝ Հայաստանի հետ»[13]։ Այստեղ «մայր երկիր» ասելով հասկացվում էր Հայաստանի Հանրապետությունը և ոչ թե Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը (ՀԽՍՀ)։ Այն, որ զանգեզուրցիները կողմ չէին արտահայտվում ՀԽՍՀ-ին միանալուն, պայմանավորված էր երկրամասի հայության՝ շուրջ կես տարի խորհրդային զորամասերի դեմ պայքարելու իրողությամբ, Զանգեզուրում բոլշևիկների կատարած դաժանություններով, ինչպես նաև նրանց ու առանձնապես Գարեգին Նժդեհի համոզումով, թե «Սովետական Ռուսաստանն ու Ադրբեջանը … ցանկացան գլխատել ու իսպառ ոչնչացնել հայ ժողովուրդը և ներս հրավիրեցին տաճկական հորդաներին, Քեմալի գլխավորությամբ, Հայաստան, և Ալեքսանդրապոլի պատերի տակ ստիպեցին Հայաստանին ընդունելու այսպես կոչված «խորհրդային» իրավակարգը»[14]։

Համազանգեզուրյան երկրորդ համագումար

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեռնահայաստանի Հանրապետության զինանշան

Հայաստանի Հանրապետության խորհրդայնացմանը հաջորդող դեկտեմբեր-հունվար ամիսներին Հայհեղկոմի իրականացրած քաղաքականության հետևանքով նախկինում իշխանությունից հրաժարված ՀՅ Դաշնակցության ղեկավարությամբ 1921 թվականի փետրվարին հակախորհրդային ապստամբություն բռնկվեց։ Փետրվարի 18-ին ապստամբները գրավեցին Երևանը և ՀՀ վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ ստեղծեցին կառավարություն՝ «Հայրենիքի փրկության կոմիտե» անվանումով։ Զանգեզուրցիները 1920 թվականի փետրվարի 17-ին գրավեցին ներկայիս Մարտունին, ապա Նոր Բայազետը (Գավառ)։ Ապրիլի 2-ին, ապստամբության պարտությունից հետո, հազարավոր գաղթականների ուղեկցությամբ «Հայրենիքի փրկության կոմիտեն» Բաշ-Գառնի-Դարալագյազ ճանապարհով ապաստանեց Զանգեզուրում։

Ապրիլի 15-ին Դարալագյազը (Վայոց ձոր) գրավելուց հետո խորհրդային կողմը դադարեցրեց ռազմական գործողությունները՝ փորձելով բանակցությունների միջոցով խորհրդայնացնել Զանգեզուրը։ 1921 թվականի ապրիլի 26-ին Տաթևի վանքում տեղի ունեցած համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերանվանեց Լեռնահայաստան։ Ստեղծվեց Լեռնահայաստանի կառավարություն՝ Գարեգին Նժդեհի գլխավորությամբ։ Երևանից եկող մի շարք առաջարկներից հետո Լեռնահայաստանի կառավարությունը համաձայնություն տվեց Զանգեզուրի հետագա ճակատագրի հարցով բանակցություններ սկսել խորհրդային ներկայացուցիչների հետ։ Այդ նպատակով ՀԽՍՀ կողմից Արտաշես Կարինյանի և Վասիլի Մելնիկովի գլխավորությամբ պատվիրակություն ուղարկվեց՝ Լեռնահայաստանի իշխանությունների հետ համաձայնության գալու համար։ Սակայն մայիսի 12-15-ին Սիսիանի Ղալաջուղ (այժմ՝ Սառնակունք) գյուղում տեղի ունեցած բանակցությունները դրական արդյունք չտվեցին և դադարեցին. Լեռնահայաստանի ղեկավարները փորձում էին ձգձգել բանակցությունները։

Լեռնահայաստանի Հանրապետության քարտեզ

Հունիսի 1-ին Լեռնահայաստանը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն՝ հակադրվելով Խորհրդային Հայաստանին։ ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոն 1921 թվականի հունիսի 3-ին որոշեց հունիսի վերջին ռազմական ճանապարհով լուծել «հակահեղափոխական Զանգեզուրի» խնդիրը։ Որոշման կենսագործումից առաջ՝ հունիսի 13-ին, ՀԽՍՀ Ժողկոմխորհի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանը նամակ-հայտարարությունով դիմեց Լեռնահայաստանի իշխանություններին։ Հայտարարության համաձայն՝ երկրամասը կազմելու էր Խորհրդային Հայաստանի մասը, ներում էր շնորհվելու խորհրդային իշխանությունների դեմ պայքարած գործիչներին և այլն։ Հունիսի 15-ին, Յապոնի գլխավորությամբ Լեռնահայաստանի զինված ուժերը գրավեցին խորհրդային Դարալագյազը։

Հունիսի 26-ին Դարալագյազը վերագրավելուց հետո Կարմիր բանակը շարունակեց ռազմական գործողությունները՝ խնդիր դնելով պարտության մատնել Զանգեզուրում կենտրոնացած «հակահեղափոխական ուժերին» և երկրամասը միավորել Խորհրդային Հայաստանին։ Խորհրդային գերակշիռ ուժերի առաջխաղացման հետևանքով շատ արագ Զանգեզուրը խորհրդայնացվեց, իսկ հուլիսի 9-ին Գարեգին Նժդեհն իր մի խումբ մարտիկներով անցավ Արաքս գետի պարսկական ափը։

Զանգեզուրի ազատագրական պայքարի շնորհիվ գավառի մեծ մասը մնաց Հայաստանի կազմում։ Արցախում նման պայքար չծավալվեց, և հուլիսի 4-ին Արցախը բռնակցվեց Խորհրդային Ադրբեջանին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Mediamax. «Նժդեհը թաթարներից մաքրում է Ողջիի ձորը». Republic.Mediamax.am. Վերցված է 2024-12-09-ին.
  2. Mediamax. «1920 թվականի ապրիլ. Նժդեհի նոր նշանաբանը». Republic.Mediamax.am. Վերցված է 2024-12-09-ին.
  3. «ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ».
  4. «Սուքիասյան Հ. Կ., Սյունիքը Հայաստանի կազմում պահպանելու խնդիրը Գարեգին Նժդեհի աշխատություններում» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
  5. Նժդեհ Գ., Հայ-բոլշևիկյան կռիվները (Երկեր, երկու հատորով, հ. 2, Ե., 2002, էջ 41)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Հայկական տարածքների հարցը 1918 1920 թթ։ Զանգեզուրի հայերի հերոսամարտերն ադրբեջանական զավթիչների դեմ
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Զանգեզուրի հերոսամարտը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
  8. Զոհրաբյան Է. Ա., 1920 թ. թուրք-հայկական պատերազմը և տերությունները, Ե., 1997, էջ 14
  9. Նժդեհ Գ., Ինչու պայքարեց Լեռնահայաստանը, հ. 2, էջ 11։ Նույնի՝ Հայ-բոլշևիկյան կռիվները, հ. 2, էջ 31
  10. Հայաստանի Հանրապետությունը 1918-1920 թթ. (քաղաքական պատմություն), փաստաթղթերի և նյութերի ժողովածու, խմբագրությամբ՝ Գ. Ա. Գալոյանի և Վ. Ն. Ղազախեցյանի, Ե., 2000, էջ 248
  11. Նժդեհ Գ., Իմ պատասխանը. Հայաստանի ողբերգությունը թրքաբոլշևիկ փաստաթղթերի լույսի տակ, հ. 2, էջ 188
  12. Нагорный Карабах в 1918-1923 гг., сборник документов и материалов, отв. ред. В.А. Микаелян, Ереван, 1992, стр. 602
  13. Գէորգեան Վ., Լեռնահայաստանի հերոսամարտը (1919-1921), Ե., 1991, էջ 68
  14. Նժդեհ Գ., Իմ պատասխանը, հ. 2, էջ 214