Գնդեվազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գնդեվազ (այլ կիրառումներ)
Գյուղ
Գնդեվազ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորի մարզ
Այլ անվանումներԳնդեվանք
ԲԾՄ1750 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն990 մարդ (2004)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Գնդեվազ (Հայաստան)##
Գնդեվազ (Հայաստան)
Գնդեվազ (Վայոց ձորի մարզ)##
Գնդեվազ (Վայոց ձորի մարզ)

Գնդեվազ, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում, մարզկենտրոնից 35 կմ արևելք, Արփա գետի ձախակողմյան սարավանդի վրա՝ Երևան-Ջերմուկ նոր խճուղու ձախ կողմում, ծովի մակարդակից 1850 մետր բարձրության վրա։ Գնդեվազի շուրջ բարձրացող ոչ բարձր լեռները նրա տեղը դարձնում են մի գեղեցիկ ամֆիթատրոն։ Մարզկենտրոնը Եղեգնաձորից հեռու է 30 կմ, մայրաքաղաք Երևանից հեռավորությունը՝ 163 կմ։ Մոտ քաղաքը Ջերմուկն է, որից հեռավորությունը 12 կմ է։

2004 թ.-ի տվյալներով գյուղն ունի 990 բնակիչ և հանդիսանում է այդ տարածքի հնագույն բնակավայրերից մեկը։ Գնդեվազը շրջապատված է երեք կողմից գեղեցիկ անտառներով և բարձր սարերով և մի կողմից դեպի Արփա գետը տանող խորը ձորով։

Գյուղի մերձակայքում կա հազարամյա մի եկեղեցի, որը կառուցվել է Սյունիքի Սոփիա իշխանուհու կողմից, օծվել 931 թ. և կոչվում է Գնդեվանք։

Պատմություն

Գնդեվազը պատմական Հայաստանի Սյունիք աշխարհի Վայոց ձոր գավառի հնագույն բնակավայրերից է։ Մեզ հասած առաջին գրավոր հիշատակությունը Սիսական տան մեծ պատմիչ Ստեփանոս Օրբելյանինն է, ուր ասվում է, որ Սյունաց Սոփի իշխանուհին Վայոց ձորի Գնդեվանք եկեղեցին կառուցելու հետ ( 936 թ.) հիմնել է նաև համանուն գյուղը և նվիրել վանքին։ Չնայած պատմիչի այս տեղեկությանը՝ տարածքի պատմամշակութային որոշ հուշարձաններ թույլ են տալիս պնդելու, որ բնակավայրը շատ ավելի հին է։ Պատմական հնություններից են Գնդեվազում գտնվող Սբ. Աստվածածին քարաշեն եկեղեցին (1686 թ.) և 11-րդ դարի ջրանցքը։ Գնդեվազի ջրանցքը կառուցվել է 1008 թ, Սյունիքի Վասակ թագավորի ժամանակ։ Վանքի վանահայր Սարգիսը Դիտավոր լեռան վրայից Ձկնարած գետի ակունքից ջուր է բերել տալիս։ Ջրանցքի երկարությունը 22 կմ է։ Այն ժամանակներում ջրանցքի ջրով ոռոգվել են մոտ 400 հա վանքապատկան հողեր, այժմ՝ մոտ 1000 հա։ Գնդեվազի այժմյան վարչական տարածքում պահպանվել են պատմական մի քանի բնակատեղիների ավերակներ, որոնց ուսումնասիրությունը կարևոր է։

Բնակչություն

Գյուղի ներկայիս բնակիչների նախնիները 19-րդ դարի առաջին կեսին Պարսկաստանի Խոյ և Սալմաստ գավառներից Վայոց ձորի Խաչիկ, Գնիշիկ, Արենի գյուղերում վերաբնակված, ապա մասամբ Գնդեվազ տեղափոխված բնակիչների սերունդներն են։ Մի քանի տոհմերի նախնիներ ներգաղթել են 20-րդ դարի սկզբներին այլ տեղերից։

Գնդեվազի ազգաբնակչության փոփոխությունը[1].

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 303 605 810 1184 938 963 863 1008 990

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնաբուծությամբ, դաշտավարությամբ և այգեգործությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Գնդեվազից 2 կմ հարավ-արևմուտքում է գտնվում “Գնդեվանք”-ի համալիրը (X-XVII դարեր) և իջևանատունը (X-XIII դարեր), գյուղի հյուսիսային մասում՝ XVII-XVIII դարերի պարիսպը, 1 կմ հյուսիս՝ Սուրբ Խաչ մատուռը (XIX դար), ավերակ եկեղեցին (XVII-XVIII դարեր), բերդի ավերակներ (ուշ միջնադար) և XI-XIX դարերի խաչքարեր։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 60» (PDF). Վերցված է 2014 Մայիսի 30-ին.