Jump to content

Քառօրյա պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քառօրյա պատերազմ
Արցախյան հակամարտություն

Թվական Ապրիլի 2, 2016թ. - ապրիլի 5, 2016թ.[Ն 1]
Վայր Արցախա-ադրբեջանական շփման գիծ,
Սահմանային բնակավայրեր հակամարտ 2 կողմերում
Պատճառ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից սահմանային լայնամասշտաբ հարձակում[1]
Արդյունք • Ստատուս քվոն պահպանվեց
• Բարեփոխումներ իրականացվեցին Հայաստանի և Արցախի զինված ուժերում
Տարածքային
փոփոխություններ
Հայկական կողմը կորցրեց 800 հա տարածք, ներառյալ 2 բարձունք
Հակառակորդներ
Հայաստան Հայաստան
Արցախ Արցախ
Ադրբեջան Ադրբեջան
Հրամանատարներ
Ռազմական կորուստներ
Հայկական աղբյուրներ՝
  • 93 մահացած զինծառայող[2]
  • 14 ոչնչացված տանկ[3]

Ադրբեջանական պնդումներ[4]՝

  • 320 մահացած, 500 վիրավոր զինծառայող
  • 30 տանկ և զրահամեքենա, 25 ոչնչացված հրետանի
Ադրբեջանական աղբյուրներ՝
  • 31-94 սպանված, 2 անհետ կորած և 39 վիրավոր զինծառայող
    [2][5]
  • 6 զոհված, 26 վիրավոր խաղաղ բնակիչ[6]
  • Կորած 1 Մի-24 ուղղաթիռ և 1 ԱԹՍ[2][7]
  • 1 ոչնչացված տանկ[8]

Հայկական պնդումներ[2][9]՝

  • 300-1.500 զոհ, 2.000-2.700 վիրավոր
  • խոցված 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք
  • ոչնչացված 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 սակրավոր տանկ, 1 ՀԿՌՀ

Քառօրյա պատերազմ[Ն 2][10][11][12][13][14][15] (հայտնի է նաև որպես Ապրիլյան պատերազմ[16][17][18]), լայնամասշտաբ ռազմական գործողություններ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի[Ն 3] և Ադրբեջանի զինված ուժերի միջև արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, որը սկսվել է 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը[19][20]։ Առավել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։

Դեպքերի ժամանակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները[21][22]։
  • Ժամը 9։10-ին հայկական կողմը հայտնել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների մարդկային կորուստների և հյուսիսային հատվածում ոչնչացված մարտական ուղղաթիռի մասին։ Կարճ ժամանակ անց հայկական պաշտոնական աղբյուրները հայտնել են ադրբեջանական զրահատեխնիկայի ոչնչացման մասին[22]։
  • Ժամը 10։00-ի կողմերը Արցախի պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակավայրերի հրթիռակոծության հետևանքով Արցախի Մարտունու շրջանի Զորավան գյուղում զոհվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց[22]։
  • Կեսօրին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Արցախի Լևոնարխ գյուղի մոտակայքում ոչնչացվել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական ջոկատը, և ադրբեջանական կողմը կորուստներ է տվել[22]։
  • Ապրիլի 3-ին՝ ժամը 06։00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել են ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը։
  • Ադրբեջանական կողմը ապրիլի 3-ին հայտարարություն է տարածել, որ միակողմանի դադարեցնում է կրակը, սակայն շարունակել է մարտական գործողությունները և Մարտակերտի խաղաղ բնակիչների հրետակոծումը[23][24]։
  • Արցախի Պաշտպանության բանակը հայտնել է, որ հայկական ստորաբաժանումները հայկական Թալիշ գյուղի ուղղությամբ հետ են վերցրել նախորդ օրը կորցրած կարևոր հենակետերից մեկը, հայկական կողմից վիրավորվել է երկու զինծառայող։ Ռազմաճակատի հարավային մասում ոչնչացրել են ադրբեջանական զինված ուժերի երկու տանկ և հետևակի մարտական մեկ մեքենա[22]։
  • Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ականանետներով ու հրանոթներով շարունակել է արկակոծել հայկական զինված ուժերի առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։
  • Առավոտյան ժամը 07։00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով[25]։
  • Ադրբեջանական զինուժը կիրառել է ծանր տեխնիկա, այդ թվում նաև ՀԿՌՀ հրանետներ և մարտական անօդաչու թռչող սարքեր։ Հայկական զինված ուժերի այ հրետանավորները շարքից հանել են այդ համակարգերը, իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են մեկ հարվածային ԱԹՍ[26]։
  • ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ Մարտակերտի ճանապարհին անօդաչու սարքը ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, կա 5 զոհ։ Ավտոբուսի մեջ են եղել նաև երկու գյուղապետ[27]
  • Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ[28][29][30]։
  • Ժամը 12․00-ի դրությամբ հաստատվել է հրադադար, դադարեցվել են ռազմական գործողությունները[31]։ Զինադադար հայտարարելու համար ընթանում են բանակցային գործընթացներ[32]։
  • Վիեննայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով[32]։
  • Ըստ Հայաստանի, այդ թվում՝ Արցախի ԶԼՄ–ներում տարածված տեսակետների՝ Ապրիլյան պատերազմը կանգնեցրել է Ռուսաստանը[33]։

Հրադադարի շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հիմնականում պահպանվել է ապրիլի 5-ի ժամ 12-ին ձեռք բերված կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը[34]։
  • Ժամը 18։30-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում Ադրբեջանի զինված ուժերի ականանետային կրակից մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1974թ. ծնված Արմեն Կառլենի Գասպարյանը[35]։
  • Ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկել են դիվերսիոն հետախուզական գործողություն։ Տալով մեկ զոհ՝ հետ են շպրտվել[36]։

Ապրիլի 8-ին, համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, հայկական և ադրբեջանական կողմերը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, իրականցրել են զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնց ընթացքում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտում չի արձանագրվել[37]։

Ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը՝ համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է դիակների փոխանակում։ Հայկական կողմին հանձնվել է 18 զինծառայողի մարմին[38][39]։

Պատերազմի անակնկալությունը հայկական ռազմաքաղաքական ղեկավարության համար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Երրորդ Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը իր դիրքորոշումն արտահայտելով Քառօրյա պատերազմի սկսման հնարավորության մասին, պնդել է, թե այն անակնկալ է եղել իր համար։ Մասնավորապես քաղաքական վերլուծաբաններից ոմանք արձանագրել են այդ փաստը՝ ըստ Հայաստանի ղեկավարների՝ Ապրիլյան Պատերազմի նախօրեին արված հայտարարությունների։

Պատերազմից ուղիղ երկու շաբաթ առաջ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Կիպրոսում, տեղի հայերի հետ հանդիպման ընթացքում գրեթե բացառել էր պատերազմի հավանականությունը։ Պատերազմից երկու օր առաջ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նույնն կարծիքն էր հայտնել հայ ակադեմիականների հետ հանդիպման ժամանակ։

[40]

Ռուսաստանի քաղաքական դիրքորոշումը պատերազմող կողմերի նկատմամբ և քաղաքական նպատակները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմից ընդամենը երկու շաբաթ անց՝ 2016 թվականի ապրիլի 18-ին ռուսական «Իզվեստիա» թերթը, հղում կատարելով դիվանագիտական անանուն աղբյուրի վրա, հրապարակեց Արցախի 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Արցախյան կամ «ղարաբաղյան» հանգույցը լուծելու Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ, Ռուսաստանի Զինված Ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի «նոր» ծրագիրը[41]։ Ընդ որում, Պուտինի անազնիվ խաղն ընդդեմ Ռուսաստանի ռազմաքաղաքական պաշտոնական դաշնակից Հայաստանի՝ հօգուտ Ռուսաստանի համար պաշտոնապես դաշնակից չհանդիսացող Ադրբեջանի՝ ներկայացված էր որպես հայ–ադրբեջանական հակամարտության հանգույցը թուլացնելու փորձ, իսկ իրականում դա Հայաստանի հաշվին Ադրբեջանին տարածքներ զիջելու ռազմական ագրեսիայի համատեղ փորձ էր։

«Կարգավորման ռուսական ծրագիրը կայանում է նրանում, որպեսզի Ադրբեջանին վերադարձվի տարածքների մի մասը, հակամարտության գոտի մտցվեն խաղաղապահներ, վերադարձվեն փախստականներն ու լեգիտիմացվի Ղարաբաղը (այսինքն՝ ապահովվի սահմանների բացումը և վերականգնվեն տնտեսական կապերը), իսկ հետո, երբ կրքերը կհանդարտվեն, տարածաշրջանի պատկանելութան հանրաքվե անցկացվի։ Սակայն կողմերից ոչ մեկը չի ցանկանում համաձայնել այդպիսի ծրագրին, եթե հանրաքվեի ելքը կանխորոշված չլինի իր օգտին»։ Դրանից օրեր առաջ՝ ապրիլի 14-ին, ՌԴ նախագահ Վ.Պուտինն ավանդական ուղիղ կապի ժամանակ էր հայտարարել ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու ուղղությամբ թե՛ միջազգային կառույցերի շրջանակներում, թե՛ երկկողմ կարգով Մոսկվայի ջանքերը շարունակելու մտադրության մասին[42][43]։ Պուտինյան Ռուսաստանի այս անազնիվ խաղն ընդդեմ իր սեփական դաշնակցի Հայաստանի ի հայտ բերեցին մի շարք քաղաքական և ռազմաքաղաքական վերլուծաբաններ, մասնավորապես՝ Միջազգային և անվտանգության հարցերի Հայկական ինստիտուտի հիմնադիր և ղեկավար Ստյոպա Սաֆարյանը։[13]

[44]

Այդ ժամանակ Ռուսաստանի դիրքորոշումն առավել թուրքամետ և ադրբեջանամետ դարձավ և Արևմուտքի դեմ իր ծրագրերում թուրք–ադրբեջանական երկյակին օգտագործելու համար Կրեմլը որոշեց հերթական անգամ զոհաբերել իր դաշնակից Հայաստանին։

Ռուսաստանի համար այժմ «Ղարաբաղի ճանաչման հարցն ակտուալ չէ», և ռուսական աջակցությունը կարող է թեքվել դեպի Ադրբեջանի կողմը. «այժմ Ադրբեջանից ու Թուրքիայից շատ բան է կախված»՝ տարածաշրջանում «ատլանտյան ստրատեգիաները դուրս մղելու հարցում» և այդ գործում Մոսկվան ակնկալում է «նվազագույնը Թուրքիայի ռազմավարական չեզոքությունը և Ադրբեջանի հետ դաշինքը»։ Ըստ որում, հարաբերությունների այդպիսի նոր մոդելը Մոսկվայի համար «այժմ ավելի հեռանկարային է թվում, քան նախկինում», երբ «Ռուսաստանը պաշտպանում էր ստատուս-քվոն, խոսում էր խնդրի խաղաղ և իրավական կարգավորման մասին, սակայն, իհարկե, շեշտը դնելով հայկական կողմի վրա»։
- «Ռուսաստանի մեծ խաղը Կովկասում և ԼՂ խնդիրը (2008-2016)»։ Ստյոպա Սաֆարյան։ Միջազգային և անվտանգության հարցերի Հայկական ինստիտուտի հիմնադիր և ղեկավար։[14]։ Անվտանգության հարցերի Հայկական ինստիտուտի հիմնադիր և ղեկավար Ստյոպա Սաֆարյանը։

[44]

Հայ-ադրբեջանական ապրիլյան պատերազմի ժամանակ երկկողմ կորուստների մասին առկա են իրարամերժ տեսակետներ։

Հայկական կողմի կորուստներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքային կորուստներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի ապրիլին օդանավում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ հայկական կողմը ապրիլյան մարտերի հետևանքով կորցրել է 800 հեկտար տարածք[45]։ Համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների՝ հայկական կողմի տարածքային կորուստները կազմում են ավելի քան 2000 հեկտար, ինչպես նաև Ադրբեջանը վերահսկողության ներքո է անցել մարտավարական նշանակության ընդարձակ տարածք[46]։

Մարդկային կորուստներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական զինված ուժերի և քաղաքացիական անձանց շրջանում մարդկային կորուստների մասին շրջանառվում են տարբեր թվեր։ Հայկական մամուլի որոշ հրապարակումների համաձայն հայկական կողմից զոհվել կամ սպանվել է ավելի քան 100 մարդ[47]։ Համաձայն ադրբեջանական մամուլի հրապարակումների՝ հայկական կողմը զինծառայողների շրջանում ունեցել է 320 զոհ և ավելի քան 500 վիրավոր[46]։

Ռազմական տեխնիկայի և սպառազինության կորուստներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն ադրբեջանական մամուլի հրապարակումների՝ ռազմական գործողությունների հետևանքով ոչնչացվել է հայկական 30 տանկ, մինչև 15 հրետանային և ամրացված ինժեներական կառույցներ[46]։

Ոչնչացված ենթակառուցվածքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանական կողմի կորուստներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքային կորուստներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն հակամարտող կողմերի տարածած տեղեկությունների՝ ապրիլյան պատերազմի հետևանքով Ադրբեջանը չի ունեցել տարածքային կորուստ։

Մարդկային կորուստներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանական կողմից մարտական գործողությունների հետևանքով զոհերի հստակ թվաքանակ չի հրապարակվում. առկա են իրար հակասող ցուցակներ, որոնցից է Ադրբեջանի զինուժի 14-ից մինչև 93 սպանված զինծառայող։ Համաձայն ադրբեջանական մամուլի հրապարակումների՝ հայկական զինված ուժերի ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 6 քաղաքացիական անձ[46]։

Հայկական լրատվամիջոցների հրապարակումներում ապրիլյան մարտերի ժամանակ ադրբեջանական կողմի կորուստների մասին շրջանառվում են մինչև 1000 սպանված և շուրջ 2000 վիրավոր[48]։

Ոչնչացված ենթակառուցվածքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն ադրբեջանական մամուլի հրապարակումների՝ հայկական զինված ուժերի կրակի հետևանքով Ադրբեջանը մեծ կորուստներ է կրել հասարակական և մասնավոր ենթակառուցվածքների ոլորտում, այդ թվում՝ ոչնչացվել է 232 տուն, 99 էլեկտրասյուն, 3 էլեկտրական կայան, ջրի և գազի մի քանի կիլոմետր երկարության խողովակներ[46]։


Քառօրյա պատերազմը որպես վեցերորդ սերնդի պատերազմ վարելու փորձ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ էության Արցախի Ապրիլյան Քառօրյա պատերազմը առաջին 6-րդ սերնդի պատերազմն է, որը մղվել է Հայկական կողմի դեմ։ Դրա 6-րդ սերնդի պատերազմ լինելու տեսակետն առաջ են քաշել մի շարք ռազմաքաղաքական վերլուծաբաններ։ Դրա համար հիմք են հանդիսացել նոր տեսակի բարձրտեխնոլոգիական զինատեսակներով ռազմագործողությունների վարումը, որն իրականացվել է ագրեսիվ ադրբեջանական կողմից[49][50]։

Հանրային կարծիք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի հասարակության տեսակետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի հասարակության շրջանում ապրիլյան պատերազմի մասին ձևավորվել է առավել քննադատական մոտեցում՝ պայմանավորված հատկապես Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության, Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանական Հանրապետությանը հսկայական ծավալով ժամանակակից սպառազինություն վաճառելու և այլ գործոնների հետ։ Այդ տեսակետների լավագույն ձևակերպումները կարելի տեսնել Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթներում, մասնավորապես, ուղղակի բացահայտում պարունակող հետևյալ հարցազրույցում՝ Նիկոլ Փաշինյան. «2016 Ապրիլյան պատերազմը հրահրված էր Ռուսաստանի կողմից։»[51][52][53][54]։ Նույն կարծիքին են նաև մի շարք այլ վերլուծաբաններ և հասարակական գործիչներ, մասնավորապես՝ ռազմաքաղաքական վերլուծաբան, գնդապետ Մնացական Ռ․ Խաչատրեանը[55]։ Ավելին, հայ հասարակության մեջ և վերլուծական շրջանակներում ձևավորվել է տեսակետ, որ Ապրիլյան Քառօրյայում Հայաստանի կորուստների համար մեղավորները Սերժ Սարգսյանի՝ իշխանությունից հեռանալուց հետո էլ մնում են անպատիժ[56]։ Հայ հասարակության և մեջ քաղաքական շրջանակներում գնալով համոզմունք է ձևավորվում, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը ևս ոչինչ չի անի Ապրիլյան Քառօրյայի մեղավորներին բացահայտելու և պատժելու ուղղությամբ, ինչը մասնավորապես պարզորոշ բարձրաձայնեց ժողովրդի մեջ գնալով ավելի մեծ համակրանք շահող «Սասնա ծռեր» համահայկական շարժման ղեկավարներից իրավաբան, Հայաստանի փաստաբանների պալատի անդամ Արայիկ Պապիկյանը[57]։

Հակառուսական տրամադրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քառօրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո հայ հասարակության շրջանում արմատացավ այն տեսակետը, որ հայկական կողմի կորուստների պատճառ էր նաև Հայաստանի երկկողմ և բազմակողմ ռազմատնտեսական դաշնակից համարվող Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանի Հանրապետությանը մատակարարվող ժամանակակից մեծաքանակ ռազմական սպառազինությունը։ Այս տեսակետից հայ հասարակությունը խիստ բացասաբար է վերաբերվում Ռուսաստանին։ Նման տրամադրությունների արտահայտիչներ էին մի շարք հայ վերլուծաբաններ և փորձագետներ, մասնավորապես՝ քաղաքական վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը, իր «Ապրիլյան 4-օրյա պատերազմ. արդյունքներ, դասեր, առասպելներ» հոդվածում, բացահայտելով, որ Հայաստանը Ռուսաստանի կողմից վերածվել է վասալ պետութեան[58]։

Դաս երրորդ կամ ո՞ւմ բարեկամն է Ռուսաստանը։ Ադրբեջանում, բայց նաև միջազգային հանրության մոտ համոզմունք ու տպավորություն կար, որ Ռուսաստանը կանգնած է Հայաստանի և վերջինիս միջնորդությամբ՝ Արցախի թիկունքին, որ 1991-1994 թթ. պատերազմում Ադրբեջանը կռվել է ոչ թե Արցախի ու նրա ժողովրդի, ոչ անգամ Հայաստանի, այլ Ռուսաստանի դեմ, և որ Ռուսաստանը զենքով ու զինամթերքով օգնել է հայերին՝ ընդդեմ ադրբեջանցիների։ Քառօրյա պատերազմը և դրան նախորդած ժամանակաշրջանը, երբ Ռուսաստանը միլիարդավոր դոլարների զենք էր վաճառում Ադրբեջանին, ցույց տվեց, որ քաղաքականության մեջ չկան բարեկամներ ու թշնամիներ, որ քաղաքականության մեջ կան շահեր։ Մնում է, որ մենք խելքի գանք և Ռուսաստանի հետ հաստատենք գործընկերային հարաբերություններ, այսօրվա վասալայինի փոխարեն։ Հասկանանք, որ Ռուսաստանը մեր հովանավորը չէ և չի կարող լինել։
- Ապրիլյան 4-օրյա պատերազմ. արդյունքներ, դասեր, առասպելներ։ ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ։ Ապրիլ 1, 2018թ։

[58]:

Հայաստանում հակառուսական տրամադրություններին նպաստում է մասնավորապես այն իրողությունը, որ Ռուսաստանը Ադրբեջանին սպառազինության վիթխարածավալ մատակարարումներ է կատարել և շարունակում է կատարել[59]։

Փետրվարին Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտը հրապարակեց տարեկան զեկույց, որի համաձայն վերջին 5 տարիներին Ադրբեջանը 20 անգամ ավելի շատ զենք է ներկրել, քան Հայաստանը։ Ամենից շատ Ադրբեջանը զենք գնում է Ռուսաստանից, որը համարվում է Հայաստանի ռազմավարական գործընկերը։

[59]

Նույնիսկ ռուսական կողմը, ի դեմս որոշ քաղաքական վերլուծաբանների, անուղղակիորեն խոստովանում է Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ վստահության կորստի իրողությունը։ Մասնավորապես, ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը, իր հոդվածներից մեկում հայտնում է հետևյալ կարծիքը․

«Ռուսաստանը ապրիլյան պատերազմից ռազմական կամ տնտեսական վնաս չկրեց, բայց քաղաքական վնասն ակնհայտ է»։
- Ռուսաստանը քաղաքական վնաս է կրել Ղարաբաղում ապրիլյան պատերազմի հետևանքով․ Խրամչիխին։[15]

[60]

Ադրբեջանի հասարակության տեսակետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Ադրբեջանի հասարակական որոշ շրջանակների կարծիքի՝ ապրիլյան պատերազմի արդյունքում Ադրբեջանը հաղթանակ է տարել։ Կան նաև ադրբեջանական կողմի հաղթանակին վերապահումներով ընդունողներ, որոնց կարծիքով Ադրբեջանի իշխանությունները թաքցնում են ադրբեջանական իրական կորուստները։

Քաղաքական ուղերձներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ապրիլի 4-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ՝ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվություն փոխանցելու, ինչպես նաև իրավիճակին համարժեք լուծումներ գտնելու ճանապարհները քննարկելու նպատակով[61]
Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կողմ են, որպեսզի դադարեցվեն ռազմական գործողությունները և խստորեն պահպանվի 1994թ. զինադադարի ռեժիմը և որ բոլոր զորամիավորումները վերադառնան մինչև 2016թ. ապրիլի 1-ի իրենց զբաղեցրած դիրքերն ու զորանոցները։
Որպես ԵԱՀԿ անդամ երկիր՝ Հայաստանն անհրաժեշտ է համարում կոչ անել * ԵԱՀԿ բոլոր անդամ երկրներին՝ լինել սկզբունքային իրենց դիրքորոշումներում։
- Սերժ Սարգսյան
  • Ապրիլի 5-ին Մինսկի խմբի անդամ 9 երկրները տարածել են հայտարարություն՝
Մենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների (ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Բելառուսի, Ֆինլանդիայի, Գերմանիայի, Իտալիայի, Շվեդիայի, Թուրքիայի) ներկայացուցիչներս, ինչպես նաև Ավստրիայից ԵԱՀԿ-ում նախագահողը (2017) և Սերբիայից նախագահողը (2015), խստորեն դատապարտում ենք Շփման գծի երկայնքով բռնությունների աննախադեպ բռնկումը։ Մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր տուժած ընտանիքներին։ Կողմերին հորդորում ենք անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը։ Հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Տեղում իրադրության վատթարացումը ցույց է տալիս անհետաձգելի բանակցությունների անհրաժեշտությունը` ՄԽ համանախագահների հովանու ներքո, համապարփակ կարգավորման շուրջ։ Մինսկի խմբի անդամ երկրների ներկայացուցիչները վերահաստատում են իրենց աջակցությունը ՌԴ-ի, ԱՄՆ և Ֆրանսիայի համանախագահների միջնորդական ջանքերին և ողջունում են կողմերի հետ հնարավորինս արագ ուղիղ խորհրդակցություններ սկսելու նրանց ծրագրերը[62]
  • Գերմանիա Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները։ Նա ընդգծել է, որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ և խորհուրդ է տվել վերադառնալ բանակցությունների[63]
  • Իրան Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին դադարեցնել բախումները։
Երբ տարածաշրջանն ականատեսն է ծայրահեղական խմբավորումների ավերիչ գործողություններին և կարիք ունի խաղաղության ու կայունության, Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների էսկալացիայի մասին հաղորդագրուությունները Իրանի Իսլամական Հանրապետության համար խոր մտահոգության աղբյուր են։
- Հոսեյն Ջաբերի Անսարի, Իրանի ԱԳՆ խոսնակ[64]
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ղարաբաղյան շփման գծի երկայնքով հրադադարի լայնածավալ խախտումները խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին։
Կոչ ենք անում կողմերին զսպվածություն դրսևորել, խուսափել իրավիճակի հետագա սրումից և խստորեն պահպանել հրադադարը…Կրկին շեշտում ենք, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Որպես համանախագահ երկիր` ԱՄՆ հանձնառու է կողմերի հետ աշխատանքին` բանակցային ճանապարհով տևական խաղաղության հասնելու համար[64]։
  • Ֆրանսիա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդես է եկել հրադադարի ռեժիմի պահպանման կոչով։ Նա նշել է, որ Արցախյան հակամարտությունը կարելի է կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով։
Բանակցայինից բացի` չկա այլ ուղի[64]։
  • Թուրքիա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություն էր հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կրած մարդկային կորուստների համար և աջակցություն էր հայտնել պաշտոնական Բաքվի գործողություններին[64][65]։
  • Բելգիա Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսը խստորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնությունների աճը։ Դիդիե Ռեյնդերսը նաև զսպվածության և հրադադարը հարգելու կոչ է արել[66]։
  • Բելառուս Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկին հայտնվել է, որ ադրբեջանական քաղաքականությանը սատարելը չի համապատասխանում հայ-բելառուսական հարաբերությունների ոգուն և հակադրվում է ՀԱՊԿ ու միջազգային այլ կառույցների շրջանակներում կողմերի ստանձնած պարտավորություններին, վնաս է հասցնում բանակցային գործընթացին՝ խրախուսելով ուժի կիրառումը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում»,- ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ[67]։ Բելառուսի արտգործնախարարությունը ապրիլի 2-ին հանդես էր եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված էր.
Բելառուսի Հանրապետությունը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շրջանում մարտական ակտիվ գործողությունների վերսկսմամբ` ծանր տեսակի սպառազինությունների կիրառմամբ։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր` հետևողականորեն հանդես ենք գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին` համապատասխան համընդհանուր ճանաչում ունեցող սկբունքներին և միջազգային իրավունքի նորմերին, նախևառաջ` պետությունների սուվերենության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտության հարգման և ապահովման, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ համապատասխան որոշումների հիման վրա։ Կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը և խուսափել ցանկացած քայլից, որոնք հանգեցնում են լարվածության աճի և մարդկային կորուստների։ Հույս ունենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ադրբեջանի և Հայաստանի բարեկամ բոլոր երկրների աջակցությամբ, կօգտագործեն իրենց հեղինակությունն ու ազդեցությունը` լարվածությունը թուլացնելու և ղարաբաղյան խնդրի լուծման որոնումը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար
  • Ղազախստան Ղազախստանի արտաքին գործերի նախարար Էրլան Իդրիսովը հանդես գալով Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության անունից հանդես է եկել Արցախյան գծում տեղի ունեցողի մասին մեկնաբանելով։ Մասնավորապես նա ասել է՝
Արտգործնախարարությունն ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրությանը։ Լուրջ մտահոգություն ենք հայտնում ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման և մարդկային կորուստների վերաբերյալ հաղորդումների առնչությամբ։ Կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել և խստորեն պահպանել կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները։ Սատարելով ԵԱՀԿ Մինսկի խմբի` Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ջանքերին` ևս մեկ անգամ հաստատում ենք հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտության մեր դիրքորոշումը։ Ղազախստանի Հանրապետությունը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների որոնման գործընթացի ինտենսիվացման օգտին և հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու հարցում շահագրգիռ կողմերի կառուցողական տրամադրվածության հույս ունի[64][68]
  • Վրաստան Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիին հեռախոսազանգ է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ։ Վրացի պաշտոնյան նշել է, որ երկուստեք կարևորվել է խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը։
  • Նորվեգիա Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Բյորգե Բրենդեն անընդունելի է համարել լարվածության սրացումը Արցախում և կոչ արել կողմերին դադարեցնել կրակը։ Մասնավորապես նորվեգացի պաշտոնյան ասել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական անթույլատրելի սրացում է։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է անհապաղ ապահովեն ռազմական գործողությունների ավարտը և հետևեն կրակի դադարեցմանը[69]։
  • Իսրայել Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար, Կնեսետի փոխխոսնակ Թալի Պլոսկովը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ և կոչ է արել հաստատել խաղաղություն։ Կնեսետի պատգամավորները նշել են, որ խնդրի միակ լուծումը խաղաղությունն է, որը երկարատև գործընթաց է[70]։
  • Հայաստան Հայաստանի Ազգային ժողովը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից իրավիճակի աննախադեպ սրումը Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով[71]։
  • Կիպրոսի Հանրապետություն Կիպրոսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Լեռնային Ղարաբաղում ուժի կիրառումը և դրա հետևանքով առաջացած մարդկային կորուստը։ Մասնավորապես Կիպրոսի Արտաքին գործերի նախարարը մեղադրել է Ադրբեջանի կառավարությանը՝ հրադադարի ռեժիմի խախտման համար և նշել[72]
Կիպրոսի Հանրապետության կառավարությունն ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղում/Արցախում այս մտահոգիչ իրադարձությունների զարգացմանը, որոնք առաջ եկան Ադրբեջանի ռազմական ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտմամբ

Կիպրոսի արտաքին գործերի նախարարը նաև հորդորել է Թուրքիային զերծ մնալ որևէ միջամտությունից։

Կազմակերպություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Եվրամիություն Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել կողմերին անմիջապես դադարեցնել պայքարը և պահպանել հրադադարի ռեժիմը[73]։
  • ՄԱԿ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կոչ է արել անմիջապես դադարեցնել ղարաբաղա-ադրբեջանական գոտում ընթացող ռազմական գործողությունները և պահպանել հրադադարի ռեժիմը[74]։
Հայաստանի եզդիները դատապարտում են ադրբեջանական բանակի գործողությունները
Առավել հավանական է, որ հակամարտության երկու կողմերից մեկը, ավելի մեծ հավանականությամբ՝ Ադրբեջանը, որն ավելի մեծ շահագրգռվածություն ունի ռազմական գործողությունների վերսկսման հարցում, փորձում է իրավիճակը փոխել հօգուտ իրեն՝ սահմանափակ ռազմական գործողություններով[64][75]։
Մենք` հայաստանաբնակ եզդիներս, դատապարտում ենք Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները և կոչ ենք անում միջազգային հանրությանը ձգել Ադրբեջանի սանձերը, հակառակ պարագայում մեզ չմեղադրել Ադրբեջան հորինված պետության ոչնչացման մեջ։
- Սինջար եզդիների ազգային միավորում[77]
  • Սոցիալական ցանցերի իրենց էջերում ռազմական գործողություններին են անդրադարձել ամերիկահայ հեռուստատեսային դեմքեր Քիմ, Քլոյի և Քորթնի Քարդաշյան քույրերը, ովքեր գրել են «Աղոթենք Հայաստանի համար» և «Աղոթում ենք բոլորի համար Հայաստանում»[78]։ Նրանց եղբայրը՝ Ռոբը, նույնպես անդրադարձել է թեմային և գրել է․ «Աղոթում եմ իմ երկրի` Հայաստանի համար, մնա ուժեղ ու անվտանգ։ Խորին ցավակցությունս եմ հայտնում բոլոր այն ընտանիքներին, ովքեր տուժել են մեր այս սարսափելի կորուստներից»[79]։

Բողոքի ցույցեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ղարաբաղը անկախ պետություն է, և ադրբեջանական ոտնձգությունները չեն կարող ազդել ազգի ինքնորոշման վրա
- Հունահայ ցուցարարներ[80]
  1. Չնայած տարածված է քառօրյա պատերազմ անվանումը, այսինքն՝ որպես պատերազմի ավարտ նշվում է ապրիլի 5-ը, սակայն ակտիվ ռազմական գործողությունները շարունակվել մինչև ապրիլի վերջ։
  2. Չնայած տարածված է Քառօրյա պատերազմ անվանումը, սակայն ռազմական գործողությունները տևել են մինչև ապրիլի վերջ։
  3. Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը հանդիսանում է Հայաստանի զինված ուժերի բանակային կորպուսներից մեկը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Մարտական գործողությունների հետևանքով վիրավորվել է 4 հոգի, այդ թվում՝ գյուղապետը։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 2-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Azeri surgeon: Number of severely injured soldiers greatly tops the norm». PanARMENIAN.Net. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 13-ին.
  3. Ադրբեջանի վրա ճնշումներ են գործադրում,որպեսզի ճանաչի Արցախի անկախությունը
  4. «Azerbaijan kills over 320 Armenian occupants in April clashes». Trend.Az. 2016 թ․ մայիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  5. «Siyahı: 93 hərbçi şəhid olub, 6 mülki şəxs dünyasını dəyişib (YENİLƏNİR)». Meydan TV. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
  6. «Baku says Armenia's military dictatorship threats values that civilized world stands for». AZERNEWS.
  7. «18 Armenian, 12 Azerbaijani troops killed in fighting». 2016 թ․ ապրիլի 2.
  8. «Минобороны Азербайджана назвало потери в боях». Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 16-ին.
  9. «Министерство Обороны Азербайджана признало факты скрытия погибших в Нагорном Карабахе». FMG NEWS - Международная Служба Новостей. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.
  10. «"Четырехдневная война в Карабахе": ЕАЭС и ОДКБ под ударом». newsarmenia.am. Վերցված է 2016 թ․ մայիսի 8-ին.
  11. «Четырехдневная карабахская война - в российских СМИ». armedia.am. Վերցված է 2016 թ․ մայիսի 8-ին.
  12. «Четырехдневная война: почему в Карабахе перестали стрелять». РБК. Վերցված է 2016 թ․ մայիսի 8-ին.
  13. Ерканян, Артем. «Уроки четырехдневной войны». www.nv.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 8-ին.
  14. Սերգեյ Մինասյան - Արպիլյան չորսօրյա պատերազմը. պատճառներ և հետևանքներ։ «Անդին» ամսագիր, 2016, հ.4:
  15. Մնացական Ռ. Խաչատրյան - Արցախի 2016 թ. ապրիլյան Քառօրյա պատերազմը և պատերազմների էվոլյուցիան։ «Անդին» ամսագիր, 2016, հհ.4-6:
  16. «Արմեն Գրիգորյան. Ապրիլյան պատերազմ. երկրորդ շանս». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 26-ին.
  17. «Ապրիլյան 4-օրյա պատերազմ. արդյունքներ, դասեր, առասպելներ». www.civilnet.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 26-ին.
  18. Technologies, Peyotto. «ԵԽԽՎ-ում անդրադարձ կատարվեց ապրիլյան պատերազմին». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2017 թ․ հունվարի 26-ին.
  19. «Շփման գծում իրադրության աննախադեպ լարման ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը. ՀՀ ՊՆ». Armtimes.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
  20. В Нагорном Карабахе убиты десятки людей/ BBC-ի ռուսական ծառայություն, ապրիլի 2, 2016 թվական
  21. Обострение ситуации вокруг Нагорного Карабаха — хроника событий.(ռուս.)
  22. 22,0 22,1 22,2 22,3 22,4 «Ապրիլի 1-3-ի հայ-ադրբեջանական ռազմական գործողությունների համառոտ ամփոփագիր | Ռազմ.info». razm.info. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
  23. «Ադրբեջանը չի դադարեցրել կրակը | Ռազմ.info». razm.info. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
  24. «Մարտակերտը ծանր հրետակոծության տակ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
  25. «Ադրբեջանը կրակում է 152 մմ հրանոթներով, «Գրադ» կայաններով և տանկերով | Ռազմ.info». razm.info. Վերցված է 2016 թ․ մայիսի 8-ին.
  26. «Ադրբեջանն առաջին անգամ «Սոլնցեպյոկ» է կիրառել». mediamax.am. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
  27. «Հակառակորդը ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, կա 6 զոհ». hraparak.am. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
  28. «Իրավիճակն Արցախի առաջնագծում. օպերատիվ լրահոս. 05.04.2016 | Ռազմ.info». razm.info. Վերցված է 2016 թ․ մայիսի 8-ին.
  29. «Հակառակորդը մեծացնում է զինատեսակների տրամաչափը՝ «Սմերչ» է կիրառել». PanARMENIAN.Net. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
  30. «Ադրբեջանական կողմի կիրառած ՄՄ-21 «Գրադ»-ի հրթիռն ու «Սմերչ»-ի հրթիռն Արցախի հարավ-արևելքում (լուսանկարներ)». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
  31. «Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կրակը դադարեցված է. հայտարարված է [[զինադադար]] - Arm VersionArm Version». Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին. {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն)
  32. 32,0 32,1 «Ժամը 12:00-ից երկկողմանի կրակը դադարեցվել է. ԼՂՀ ՊԲ - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». hetq.am. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
  33. Ուրբաթ, 30 Մարտի 2018, 13:28․ «ԱՊՐԻԼՅԱՆ ԱԽՏԱՆԻՇ։ Այն պետք է լուրջ նախազգուշացում դառնա միջնորդների համար։»[1] Արխիվացված 2018-06-05 Wayback Machine
  34. ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն, Նորություններ(չաշխատող հղում)
  35. «ԼՂՀ ՊՆ.Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են խախտել. կա զոհված». lratvakan.am. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
  36. «ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն». nkrmil.am. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.(չաշխատող հղում)
  37. «Իրավիճակը Ղարաբաղում». civilnet.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
  38. Զոհվածների մարմինների փոխանակում է կատարվել
  39. «Բաշ Քարվենդի մոտ հայկական կողմին է հանձնվել 18 զոհվածի մարմին». armenpress.am. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.
  40. «Ապրիլյան պատերազմ. Մեկ տարի անց»։ ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, ԵՐևԱՆ ԱՊՐԻԼ 1, 2017։[2] Արխիվացված 2017-07-06 Wayback Machine
  41. Владимир Путин постарается ослабить карабахский узел․18 апреля 2016 (չաշխատող հղում)
  42. Ռուսաստանի մեծ խաղը Կովկասում եւ ԼՂ խնդիրը (2008-2016)
  43. Ինչպես պարզ կդառնա վերլուծությունից, այժմ էլ կրկնվել են այն խոստումները, որոնք 2008 թ. Մոսկվան գրավոր և բանավոր տվել է Բաքվին։|«Ռուսաստանի մեծ խաղը Կովկասում և ԼՂ խնդիրը (2008-2016)»։
  44. 44,0 44,1 «Ռուսաստանի մեծ խաղը Կովկասում և ԼՂ խնդիրը (2008-2016)»։ Ստյոպա Սաֆարյան։ Միջազգային և անվտանգության հարցերի Հայկական ինստիտուտի հիմնադիր և ղեկավար։[3]։ Անվտանգության հարցերի Հայկական ինստիտուտի հիմնադիր և ղեկավար Ստյոպա Սաֆարյանը։
  45. «Քառօրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը 800 հեկտար տարածք է կորցրել. Սերժ Սարգսյան», armtimes.com, (արխիվ)
  46. 46,0 46,1 46,2 46,3 46,4 „Сегодня годовщина апрельских побед азербайджанской арми”, oxu.az. (արխիվ)(ռուս.):
  47. «Ապրիլյան 4-օրյա պատերազմ. արդյունքներ, դասեր, առասպելներ», civilnet.am, (արխիվ)
  48. «Ի՞նչ է տեղի ունեցել Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ. նոր մանրամասներ», 1in.am:
  49. «Նոր տեսակի բարձրտեխնոլոգիական զինատեսակներով ռազմագործողությունները, վերլուծաբաններին իրավամբ հիմք տվեցին քառօրյա պատերազմն անվանել թշնամու կողմից Արցախի դեմ մղված 6-րդ սերնդի պատերազմ»։ 31.05.2016 թ.: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ (ապրիլ, 2016թ.): Հրայր Փաշայան, Արցախի պետական համալսարանի փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս, քաղաքական գիտությունների թեկնածու։ «Նորավանք» հիմնադրամ։ «Նորավանք»© ՑԱՆՑԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ [4]
  50. «Մեր քաղաքական համակարգն արդիականացման անհրաժեշտություն ունի՝ տարածաշրջանում գոյատևման համար։ Տնտեսական փոփոխությունից բացի նաև ռազմական փոփոխության կարիք կա։ Ինչո՞ւ, որովհետև այն, ինչ ունենք, մեզ թույլ է տալիս պատերազմել թշնամու դեմ չորրորդ սերնդի պատերազմի մակարդակով»,-ասաց նա և նշեց, թե մինչդեռ, ըստ նրա, արդեն աշխարհը պատերազմում է 6-րդ սերնդի պատերազմի մակարդակով։ Չորրորդ սերնդի պատերազմը, ըստ նրա, 41-45թթ-ին հարիր ավտոմատացված պատերազմն է։ «Մենք այդ պատերազմի մակարդակի վրա ենք, ցավոք սրտի, և մեր ամբողջ տակտիկան, օպերատիվ արվեստը, դեռ այդտեղ է»,-ասաց նա։ ԱՐՑԱԽՊՐԵՍ։ 15 ապրիլի, 2016, ժ. 16:16, «Մենք պետք է բանակ-ազգ լինենք և անցնենք ռազմարդյունաբերական նոր մակարդակի. պահեստազորի գնդապետ»։ Ռազմական պատմաբան, պահեստազորի գնդապետ Մնացական Խաչատրյանի համոզմամբ՝ պատերազմը լակմուսի թուղթ է, որը շատ բան է ցույց տալիս:[5] Արխիվացված 2020-10-22 Wayback Machine
  51. Նիկոլ Փաշինյան. “2016 Ապրիլյան պատերազմը հրահրված էր Ռուսաստանի կողմից։”[6]
  52. Կարծիք կա` քառօրյա պատերազմը Ադրբեջանը համաձայնեցրել է ՌԴ-ի հետ. Ն.Փաշինյան։ [7]
  53. []
  54. Կան փաստեր, որ Ադրբեջանը պատերազմը սկսել է Ռուսաստանի համաձայնությամբ. Նիկոլ Փաշինյան։ [8]
  55. գնդապետ Մնացական Ռ․ Խաչատրեան։ «Երեսուն րոպե» հեռուստահաղորդում, նվիրված 2016 թ․ Ապրիլյան Քառօրյա պատերազմի Երկրորդ տարեդարձին։ Ապրիլի 2, 2018 թ., AMGA TV, Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ։[9]
  56. Գնդապետ Մ․Ռ․Խաչատրեան, Ապրիլյան պատերազմ․ Դավադրության մեղավորները մնում են անպատիժ։ «Երեսուն րոպե» հեռուստահաղորդում, նվիրված 2016 թ․ Ապրիլյան Քառօրյա պատերազմի Երրորդ տարեդարձին։ Ապրիլի 2, 2019 թ., AMGA TV, Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ։
  57. Զարգացումները համաճարակի դինամիկայի համատեքստում։ Արայիկ Պապիկյան։ Ուղիղ եթեր։ «Սասնա ծռեր» համահայկական շարժում։ Ֆեյսբուքյան ասուլիս։ Ապրլի 2, 2020 թ., Երևան։
  58. 58,0 58,1 Ապրիլյան 4-օրյա պատերազմ. արդյունքներ, դասեր, առասպելներ։ ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ։ Ապրիլ 1, 2018թ։ [10]
  59. 59,0 59,1 «Ապրիլյան պատերազմ. Մեկ տարի անց»։ ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, ԵՐևԱՆ ԱՊՐԻԼ 1, 2017․ [11] Արխիվացված 2017-07-06 Wayback Machine
  60. 13 մայիսի, 2016, 19:29․ «Ռուսաստանը քաղաքական վնաս է կրել Ղարաբաղում ապրիլյան պատերազմի հետևանքով»․ Խրամչիխին։[12](չաշխատող հղում)
  61. «Նախագահ Սարգսյանը 3 ուղերձ է հղել ԵԱՀԿ անդամ պետություններին | Ռազմ.info». razm.info. Վերցված է 2016 թ․ մայիսի 8-ին.
  62. Մինսկի խմբի անդամ 9 երկրները տարածեցին հայտարարություն
  63. Глава МИД Германии призвал прекратить боевые действия в Нагорном Карабахе (ռուս.)
  64. 64,0 64,1 64,2 64,3 64,4 64,5 «Իրավիճակը ղարաբաղյան առաջնագծում. ապրիլի 3». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
  65. «Իրավիճակը ղարաբաղյան առաջնագծում. ապրիլի 3 (թարմացվող)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
  66. «Բելգիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է բռնությունների աճը ԼՂ հակամարտության գոտում». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
  67. «Իրավիճակը ղարաբաղյան առաջնագծում. ապրիլի 3 (թարմացվող)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
  68. ЗАЯВЛЕНИЕ Министерства иностранных дел Республики Казахстан в отношении ситуации в зоне нагорно-карабахского конфликта (ռուս.)
  69. «Նորվեգիայի ԱԳ նախարարը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը». Armtimes.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
  70. «Իսրայելի Կնեսետի փոխնախագահը դատապարտել է Ադրբեջանի գործողություններն ընդդեմ Արցախի». Armtimes.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
  71. «ՀՀ ԱԺ քաղաքական խմբակցությունների և խմբակցություններում չընդգրկված պատգամավորների հայտարարությունը». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
  72. Intell-Sol.com. «Կիպրոսի Հանրապետության ԱԳՆ–ն դատապարտել է ԼՂ–ում ուժի կիրառումը». www.7or.am. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
  73. Top EU Diplomat Mogherini Calls for End to Fighting in Nagorno-Karabakh(չաշխատող հղում)
  74. Center, Armenian Information. «Պան Գի Մունը կոչ է արել անմիջապես դադարեցնել կրակը ԼՂՀ հակամարտության գոտում». yn.am. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
  75. Dangerous Days in Karabakh. Thomas de Waal
  76. «Հայաստանաբնակ եզդիները պատրաստ են պաշտպանել հայրենիքի սահմանները». PanARMENIAN.Net. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
  77. «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը դատապարտում է ադրբեջանական բանակի գործողությունները
  78. «Քարդաշյան քույրերը կոչ են արել աղոթել Հայաստանի և խաղաղության համար». Այսօր. 2016 թ․ ապրիլի 5. Վերցված է 2016 թ․ ապրիլի 5-ին.
  79. «Աղոթում եմ իմ երկիր Հայաստանի համար. Ռոբ Քարդաշյան». asekose.am. Վերցված է 2016 թ․ մայիսի 8-ին.
  80. Հունաստանում հայերը բողոքի ցույց են արել Աթենքում Ադրբեջանի դեսպանատան դիմաց Հունաստանում հայկական համայնքը կիրակի օրը բողոքի ակցիա է անցկացրել Աթենքում