Սուրաթ Հուսեյնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրաթ Հուսեյնով
ադրբ.՝ Sürət Davud oğlu Hüseynov
Ծնվել էփետրվարի 12, 1959(1959-02-12)
ԾննդավայրԳանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 31, 2023(2023-07-31)[1] (64 տարեկան)
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա[1]
ԳերեզմանԳանձակ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ադրբեջան
ԿրթությունԱդրբեջանի տեխնիկական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Qizil Ulduz Medal

Սուրաթ Դավուդ օղլու Հուսեյնով (ադրբ.՝ Surət Davud oğlu Hüseynov, փետրվարի 12, 1959(1959-02-12), Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 31, 2023(2023-07-31)[1], Ստամբուլ, Թուրքիա[1]), ադրբեջանցի քաղաքական և ռազմական գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից, գնդապետ։ 1993 թվականին ղեկավարել է Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի դեմ ապստամբությունը։ Հետագայում դարձել է Ադրբեջանի վարչապետ (1993—1994):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրաթ Հուսեյնովը ծնվել է 1959 թվականի փետրվարի 12-ին Եվլախի Վարվարա գյուղում։ Ավարտել է Ադրբեջանի տեխնոլոգիական համալսարանը ինժեներ-տեխնոլոգի մասնագիտությամբ։ 1977-ից 1979 թվականներին ծառայել է Սովետական բանակում։ Աշխատանքային գործունեությունը Հուսեյնովը սկսել է 1980 թվականին Կիրովաբադի գորգագործական կոմբինատում՝ որպես վարպետի օգնական, միաժամանակ նաև սովորել է համալսարանում։ 1983 թվականին, ավարտելով համալսարանը, մեկնում է Պյատիգորսկ, հետագայում կրկին վերադառնում Ադրբեջան, որտեղ 1984 թվականին Շաքիում տեղավորվում է բրդի հավաքագրման կետում՝ որպես տեսակավորող բանվոր։ 1986 թվականին, որպես գլխավոր հսկիչ, աշխատանքի է անցնում Եվլախի բրդի սկզբնական մշակման գործարանում, որոշ ժամանակ անց դարձել է գործարանի ղեկավար։ 1989 թվականին աշխատողները նրան ընտրեցին գործարանի տնօրեն։ Տնօրենի պաշտոնում նա ցույց է տվել իր կարողությունները, որի արդյունքում գործարանի կյանքում կարճ ժամանակահատվածում տեղի են ունենում մեծ փոփոխություններ և նորամուծություններ։

Արցախյան պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբուլֆազ Էլչիբեյը Սուրաթ Հուսեյնովին նշանակեց երկրի վարչապետի առաջին տեղակալ։ Ավելի ուշ նա նշանակվել է Ղարաբաղի հարցով նախագահի արտակարգ և լիազոր ներակայացուցչի նորաստեղծ պաշտոնում։

Ադրբեջանի ազգային բանակի ստեղծման հարցում Սուրաթ Հուսեյնովը մեծ վաստակ ունի։ Նրա հրամանատարությամբ ազգային բանակի ստորաբաժանումները Գորանբոյի և Ագդերի շրջաններում կատարեցին առաջին հաջող գործողությունները։ Այս գործողություններից հետո պաշտպանության նախարարությունում կազմավորվեց 2-րդ բանակային կորպուսը, որի հրամանատար նշանակվեց Սուրաթ Հուսեյնովը։

1992 թվականի սեպտեմբերին «Ղարաբաղում մարտական ծառայության համար» Սուրաթ Հուսեյնովին շնորհվում է Ադրբեջանի ազգային հերոսի կոչում։

Ապստամբություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ Գանձակում էր գտնվում ռուսական 104-րդ գվարդիական օդադեսանտային դիվիզիան, Ադրբեջանի ղեկավարությունը Ռուսաստանի հետ դժվար հարաբերությունների մեջ գտնվելով չէր կողմնորոշվում ձերբակալել գնդապետին և զինաթափել իրեն ենթակա զորամասերը, թե ոչ։

1993 թվականի մայիսի 28-ին՝ սահմանված ժամկետից շուտ, 104-րդ գվարդիական օդադեսանտային դիվիզիան Գանձակից դուրս է բերվում և տեղափոխվում Ռուսաստանի տարածք, իսկ ռուսական զորամասերում մնացած զենքը հատկացվում է Հուսեյնովի զինվորներին։ Հուլիսի 4-ին կառավարական զորքերը սկսեցին «Թայֆուն» գործողությունը, որն իրենից ներկայացնում էր ապստամբ գնդապետի զորամասերի զինաթափում, սակայն այն մատնվեց անհաջողության և դարձավ զոհերի պատճառ։ Սուրաթ Հուսեյնովի զորքին հաջողվում է պատանդ վերցնել գլխավոր դատախազ Իխտյար Շիրինովին։ Հուսեյնովը անմիջապես հրամայում է գլխավոր դատախազին գրել Աբուլֆազ Էլչիբեյի ձերբակալության օրդեր[2], իսկ հունիսի 10-ին ստորաբաժանումները սկսեցին շարժվել դեպի Բաքու, բայց մայրաքաղաք չմտան։ Հասունացող քաղաքական ճգնաժամի պայմաններում Էլչիբեյը Բաքու հրավիրեց Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Խորհրդի նախագահ, նախկին Ադրբեջանի ԽՍՀ-ի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Հեյդար Ալիևին։ Միաժամանակ դրությունը շատ արագ փոխվում է։ Հունիսի 10-ին Իսա Ղամբարը հրաժարական է տալիս Միլի Մեջլիսի նախագահի պաշտոնից, իսկ հունիսի 15-ին Միլի Մեջլիսը Ալիևին ընտրում է իր նախագահ։ Հունիսի 17-ից 18-ը Էլչիբեյը անսպասելիորեն մեկնում է Նախիջևան և սկսում բնակվել հայրենի Կելեկի գյուղում։

Հունիսի 27-ին Բաքվում բանակցություններ են ընթանում Հեյդար Ալիևի և Սուրաթ Հուսեյնովի միջև։ Հենց այդ օրը նրա զորքերը լքում են ադրբեջանական մայրաքաղաքի մատույցները, իսկ հետագայում պաշտպանության նախարարի հրամանով ապստամբ գնդապետի զորքը մտնում է Ադրբեջանի ազգային գվարդիայի կազմի մեջ[3]։

Վարչապետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլչիբեյի պաշտոնանկությունից հետո նախագահ է դառնում Հեյդար Ալիևը, իսկ Սուրաթ Հուսեյնովը նշանակվում է վարչապետ։ 1994 թվականի հոկտեմբերին երկրում բռնկվեց քաղաքական ճգնաժամ, երբ ՕՄՕՆ-ի մարտիկները Բաքվում գրավում են Գլխավոր դատախազության շենքը։ Այդ ժամանակ մի շարք շենքեր են գրավվում նաև Գանձակում։ Նախագահը Հուսեյնովին մեղադրում է հեղաշրջման կազմակերպման մեջ[4]։ Իր կողմից Հուսեյնովը մերժեց Գանձակում անկարգությունների կազմակերպման մեղադրանքները։ Միաժամանակ հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի ազգային ժողովը ընդունում է նրան վարչապետի պաշտոնից թոշակի ուղարկելու որոշումը, որոշ ժամանակ անց Հուսեյնովը լքում է երկիրը և մեկնում Ռուսաստան։ Սակայն 1997 թվականին ռուսական օրինապահ մարմինները նրան արահանձնում են Ադրբեջանին, որտեղ 1999 թվականին նա պետական հեղաշրջում կազմակերպելու համար դատապարտվում է ցմահ բանտարկության[5]։

2004 թվականի մարտի 17-ին Սուրաթ Հուսեյնովին նախագահ Իլհամ Ալիևի հրամանով ներում է շնորհվել և նա ազատ է արզակվել[6]։ Ներկա պահին ապրում է Բուզովնա առողջարանային գյուղում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղբայրը Ասիֆ Հուսեյնովը 1993—1994 թվականներին աշխատել է Սամուխի շրջանի բրդի մթերման վարչությունում, որպես պահեստի վարիչ, իսկ հետո դարձել է տվյալ գերատեսչության ղեկավարը։ Նրան ևս մեղադրեցին պետական հեղաշրջման կազմակերպման մեջ, ինչից հետո նա լքեց երկիրը։ 2005 թվականին նա Ռուսաստանի օրինապահ մարմինների կողմից արտահանձնվում է Ադրբեջանին, որտեղ 2007 թվականին նրան դատապարտեցին 13 տարվա ազատազրկման[7]։ 2008 թվականի մարտի 18-ին համաներմամբ ազատ է արձակվել[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://apa.az/az/hadise/suret-huseynov-istanbulda-mualice-olundugu-xestexanada-vefat-edib-779340
  2. Конец Второй Республики Արխիվացված 2010-01-12 Wayback Machine by Zardusht Alizadeh
  3. Дмитрий Ъ-Камышев (29.06.1993). «Полковник Гусейнов перестал быть «мятежным»» (ռուսերեն). Газета «Коммерсантъ».
  4. Санобар Шерматова (5.10.1994). «Гейдар Алиев (Наброски к портрету человека и «портрету режима»)» (ռուսերեն). Sakharov-center. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  5. «Списки лиц, преследуемых по политическим мотивам» (кг). Мемориал. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Освобождён экс-премьер-министр Азербайджана — человек, приведший к власти Гейдара Алиева» (ռուսերեն). ИА REGNUM. 17.03.2004. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  7. «Приговорён к тюремному заключению брат Сурета Гусейнова» (ռուսերեն). Day.Az. 14 мая, 2007.
  8. Ильхам Алиев подписал указ о помиловании — Полный список — ОБНОВЛЕНО: Общество, 18 марта 2008