Աղդամի ազատագրում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղդամի ազատագրում
Թվական1993 թվականի հունիսի 12-ից հուլիսի 23
Մասն էԱրցախյան հակամարտություն
ՎայրԱկնա
ԱրդյունքՀայկական ուժերի հաղթանակ՝ Աղդամը (Ակնա) անցավ Արցախի Հանրապետության վերահսկողության տակ
Հակառակորդներ
Արցախ Արցախ Ադրբեջան Ադրբեջան
  • Ադրբեջանի ԶՈւ
  • Հրամանատարներ
    Մոնթե Մելքոնյան
    Մովսես Հակոբյան
    Վիտալի Բալասանյան
    Թալիբ Մամեդով
    Սուրաթ Հուսեյնով
    Կողմերի ուժեր
    6000 մարդ (4 հետևակային գունդ), որոշ քանակությամբ տանկեր, Մի-24-երի էսկադրիլիա (8-10 ուղղաթիռ), "Գրադ" համազարկային կրակի համակարգեր6 000 մարդ (708-րդ բրիգադ՝ նախկին Աղդամի գումարտակ)
    Ռազմական կորուստներ
    հայտնի չէ6000

    Աղդամի ազատագրում (հայտնի է նաև Աղդամի ռազմական հենակետի վնասազերծում անվանումով), Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կողմից 1993 թվականի հուլիսի 4-ից 24-ն իրականացրած ռազմական գործողություն, որի հետևանքով հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո է անցնում Աղդամ քաղաքն ու հարակից գյուղերը։

    Ինչպես 20-րդ դարասկզբին, 1988 թվականին Աղդամը (Ակնա) կրկին դարձել էր հակահայկական գործունեության կենտրոն, իսկ Արցախյան պատերազմի սկսվելուց հետո՝ Ադրբեջանի ռազմավարական հենակետ, որտեղից մշտապես ռմբակոծվում էին մայրաքաղաք Ստեփանակերտն ու հարակից բնակավայրերը։ Դրությունը օրհասական էր և պահանջում էր շուտափույթ լուծում։ ԻՊՈՒ հրամանատարությունը որոշում կայացրեց ազատագրել հայկական պատմական այդ հողակտորը, որտեղ 2000 տարի առաջ հայոց թագավոր Տիգրան Մեծը կառուցել է Տիգրանակերտ քաղաքը։

    Ռազմական նախապատրաստության գործողությունները սկսվել են 1993 թվականի հուլիսի 4-ին։ Հարավարևմտյան ուղղությամբ Վիտալի Բալասանյանի հրամանատարությամբ հարձակման են անցել Ասկերանի պաշտպանական շրջանի մարտիկները՝ քաղաքի մատույցները հսկող Չուխուրմահլա, «Ուղտի մեջք», Խըդըրլու և այլ հենակետերի չեզոքացման նպատակով։ Եդդիխրմանի ստորոտում դիրքավորված 1-ին, 2-րդ և 4-րդ գումարտակներից մեկական մարտկոց 4 տանկի ուղեկցությամբ գրոհել են Չուխուրմահլա գյուղը։ Կարճատև դիմադրությունից հետո հակառակորդը փախուստի է դիմել։ 2-րդ գումարտակի մարտիկները Ռ. Հակոբջանյանի հրամանատարությամբ նույն գյուղում դիրքեր են զբաղեցրել, իսկ 1-ին գումարտակը Վ. Սաֆարյանի հրամանատարությամբ շարժվել է Խրամորթի ուղղությամբ։ Խրամորթի այգիներում կռվող խանաբադցիների մարտկոցը և մի ջոկատ Մ. Սարգսյանի հրամանատարությամբ ազատագրել են Խըդըրլու գյուղը, իսկ Ա. Հարությունյանի զորախումբը՝ Ահմեդավար գյուղը։ 3-րդ գումարտակը և 1-ին գումարտակից ընտրված մարտկոցը 1 ՀՄՄ-ի ուղեկցությամբ զբաղեցրել են «Ուղտի մեջք», ապա՝ «Հանգստյան տան» դիրքերը։ Երեկոյան ազատագրելով 579.1 բարձունքը՝ ազատամարտիկները մարտերը տեղափոխել են Շելլի գյուղի ուղղությամբ։ Հարավից մարտական գործողություններ են զարգացրել Մարտունու, հյուսիս-արևմուտքից՝ Կենտրոնական պաշտպանական շրջանների ստորաբաժանումները։ Հուլիսի 11-ին ադրբեջանական կրակակետերը ճնշելու համար ակտիվ գործողությունների են դիմել Մարտունու ՊՇ-ի հենակետի մարտիկները, որոնք մեկ օրվա ընթացքում թշնամուց մաքրել են Շելլի և Քյուրդալար բնակավայրերը։ Ադրբեջանցիները կորցրել են 40 զինծառայող, 1 տանկ, 2 զենիթային թնդանոթ։ հակառակորդը փորձել է հետ գրավել կորցրած բարձունքները։ Հայ մարտիկները հաջողությամբ պաշտպանվել են և շարունակել վերահսկել «Ուղտի մեջք», «Եդդիխրման» ու «Շահբուլախ» ռազմավարական բարձունքները։ Հուլիսի 16-ին հակառակորդի հետևակը հարձակվել է «Ուղտի մեջք» բարձունքի ուղղությամբ, հրետակոծել Շելլիի և Շահբուլախի հայկական պաշտպանական դիրքերը։ Ասկերանի առանձին մոտոհրաձգային գումարտակները, համագործակցելով Ասկերանի ՊՇ-ի հետ, ճնշել են Կըզըլ, Քենգեռլի, Թալըշլար, Մահսուդլու, Թարնայուդ բնակավայրերի և 610 բարձունքի հակառակորդի կրակակետերը։ Մարտական գործողությունների կարճատև դադարից հետո Ադրբեջանը վերստին լայնամաշտաբ հարձակումներ է ձեռնարկել Արցախի Հանրապետության սահմանագծի երկու հիմնական՝ Ասկերանի և Մարտունու շրջանների ուղղություններով։ ԻՊՈՒ և ՊՇ ստորաբաժանումները, լուծելով հակառակորդի կրակակետերի ոչնչացման խնդիրը, ձեռնամուխ են եղել քաղաքում տեղակայված առավել խոշոր և Ստեփանակերտին անմիջականորեն սպառնացող ռազմակայանի վնասազերծմանը։

    Հուլիսի 21-ին Վ. Սաֆարյանի և Ռ. Հակոբջանյանի գումարտակներից 30-ական մարտիկներ երկու կողմից գրոհելով՝ մտել են Կասումլու, Կարադաղլու և Փոլադլու գյուղերը։ Սայբալուի և հարակից կրակակետերը ոչնչացրել են Կենտրոնական ՊՇ-ի մարտիկները։ Հուլիսի 22-ին Ասկերանի ՊՇ-ի մարտիկները շարժվել են և երեք խմբի բաժանված՝ հասել են Աղդամի «Հաղթանակի հուշարձանին»։ Նույն օրը ժամը 17։00-ին Մարտունիի ՊՇ-ի մարտիկները գործողություններ են սկսել Նովրուզլու բնակավայրի ուղղությամբ, վերահսկողության տակ առել Իսմայիլբեյլին։ Մարտերը շարունակվել են Յուսուֆջանլուի տարածքում։ Նովրուզլու գյուղում ոչնչացվել է հակառակորդի թնդանոթը։ Երեկոյան հակառակորդը պայթեցրել է Նովրուզլու տանող կամուրջը և դադարեցրել Մարտունու ՊՇ-ի առաջխաղացումը այդ ուղղությամբ։ Վերջինիս մարտիկները վերադարձել են Մարզիլու գյուղի մոտակայքի իրենց նախկին դիրքերը։

    Հուլիսի 23-ին արյունահեղ մարտեր են ծավալվել Աղդամի տարբեր հատվածներում։ Նահանջի ճանապարհին հակառակորդը պայթեցրել է արդյունաբերական կարևոր օբյեկտներ և բնակելի շենքեր։ 1-ին և 2-րդ գումարտակները շարժվել են քաղաքի հարավային մասով, 3-րդ գումարտակը՝ «Հաղթանակի հուշարձանի» մոտից դեպի կենտրոնական մզկիթի ուղղուըթյամբ։ Հարավ-արևելյան կողմից քաղաք են մտել Կենտրոնական և Մարտունու ՊՇ-ների ազատամարտիկները։ հակառակորդը դիմադրել է հատկապես Բարդա թեքվող ճանապարհի շրջակայքում։ ՊԲ մյուս ստորաբաժանումների համագործակցությամբ հաղթահարվել է հակառակորդի դիմադրությունը։ Հայ ազատամարտիկները մարտանցումով մտել են Աթյեմազլի գյուղը, որտեղ Խանաբադի վաշտը խփել է մեկ տանկ։ 4-րդ և 5-րդ գումարտակներն առաջացել են Խըդըրլու-Կիյասլի գծով և Աթյեմազլիի մոտ հանդիպել Ասկերանի ՊՇ-ի մյուս ստորաբաժանումներին։ Հարավից Մարտունու ՊՇ-ի, հարավ-արևմուտքից Ասկերանի ՊՇ-ի, հյուսիս-արևմուտքից ՊԲ մյուս ստորաբաժանումների համաձայնեցված գործողություններն ավարտվել են հաղթանակով, և 1993 թվականի հուլիսի 23-ին Աղդամ քաղաքը հայկական կողմի վերահսկողության տակ է առնվել։

    Աղդամի ռազմական գործողության նախապատրաստման և իրականացման գործում մեծ է եղել Ասկերանի, Մարտունու և Կենտրոնական ՊՇ-ների անձնակազմի, կենտրոնական ենթակայության հրետանավորների՝ 152 մմ-անոց առանձին հրետանային գումարտակի և 82 մմ-անոց առանձին ականանետային գումարտակի, Կենտրոնական ՊՇ-ի ականանետային 122 մմ-անոց մարտկոցի, Ասկերանի և Մարտունու ՊՇ-ի հրետանավորների դերը։

    Աղդամի ռազմական գործողության արդյունքում վերացվել է Ստեփանակերտի, Ասկերանի և շրջակա գյուղերի վրա հեռահար հրանոթներից և հրետանային այլ միջոցներից հրետակոծությունների վտանգը։ հակառակորդին հասցվել է ռազմական և բարոյահոգեբանական հարված։ Ռազմական հենակետի վնասազերծումով կաթվածահար է եղել Արցախի Հանրապետության արևելյան և հարավային սահմանների երկայնքով ադրբեջանական կենտրոնացված խմբավորումների գործողությունը և թիկունքային ապահովումը։ Ադրբեջանի ղեկավարությունը կրակի դադարեցման խնդրանքով հուլիսի 23-ին դիմել է Արցախի Հանրապետության իշխանություններին։ արդյունքում երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել հուլիսի 25-ին ժամը 12։00-ից մինչև հուլիսի 28-ը դադարեցնել կրակը։ 1993 թվականի հուլիսի 28-ին Մարտակերտի և Միրբաշիրի սահմանագլխին հանդիպել են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները և պայմանավորվել 7 օրով երկարաձգել հրադադարը, փոխանակել պատանդներին ու գերիներին։ Սակայն հաջորդ օրը ադրբեջանը հրաժարվել է իր ստանձնած պարտավորություններից։ Կրակը դադարեցվել է միայն 1994 թվականի կնքված զինադադարից հետո և հիմնականում պահպանվում է մինչ օրս։

    Աղդամի ազատագրման ռազմագործողությունը 1993 թվականի հուլիսին տեղի ունեցած մարտական գործողություններից առավել նշանակալի և բեկումնային ռազմական գործողությունն էր։ 1993 թվականի հուլիսից Աղդամը հարակից գյուղերով հանդերձ գտնվում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի վերահսկողության ներքո։

    Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

    Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

    Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։