Լի Քեցյան (չինարեն՝ 李克強, հուլիսի 3, 1955(1955-07-03)[1], Հեյֆեյ, Չինաստան[1] - հոկտեմբերի 27, 2023(2023-10-27)[3][1], Շանհայ, Չինաստան[1]), Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետը 2013-2023 թվականներին։ Լինելով մասնագիտությամբ տնտեսագետ՝ Լին ոչ միայն Չինաստանի կառավարության ղեկավարն էր, այլև տնտեսական քաղաքականության առաջատար անձանցից մեկը։ Նա նաև Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի մշտական կոմիտեի երկրորդ դեմքն էր։ Կառույցը, դե ֆակտո, երկրի որոշումներ կայացնող կառույցն է։ Լին ՉԺՀ-ի ղեկավարների 5-րդ սերնդի անդամ էր։
1998-2004 թվականներին Լին եղել է Հենանի կառավարիչը և պրովինցիայի կոմկուսի քարտուղարը։ 2004-2007 թվականներին եղել է Լիաոնինգի կոմկուսի քարտուղարը։ 2008-2013 թվականներին վարչապետ Վեն Ցզյաբաոյի ղեկավարման ժամանակ եղել է փոխվարչապետ և վերահսկում էր տնտեսական զարգացումը, գները, ֆինանսական և մակրոտնտեսական հարցերը[5]։
Լին համարվել է նախկին նախագահ Հու Ցզինտաոյի քաղաքական դաշնակիցը։ Վարչապետի պաշտոնում նշանակվել է 2013 թվականին և փոխել է Չինաստանի կառավարության առաջնայնությունը արտահանումից դեպի ներքին սպառում։ Լին նաև եղել է 2013 թվականի աշնանը հայտարարված «խորը, բազմակողմանի բարեփոխումների» ներդրման շարժիչ ուժը։