Եկատերինա II

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Եկատերինա II Մեծից)
Եկատերինա II
ռուս.՝ Екатерина II Великая
Եկատերինա II
Եկատերինա Մեծը
(8-րդ) Ռուսական կայսրության կայսրուհի
հուլիսի 9, 1762 - նոյեմբերի 17, 1796 (34 տարի, 131 օր)
Թագադրություն Սեպտեմբերի 12, 1762
Նախորդող Պետրոս III
Հաջորդող Պավել I
 
Ազգություն Գերմանացի
Դավանանք Բողոքականություն, հետագայում ուղղափառություն
Ծննդյան օր 1729 թ., մայիսի 2 (1729-05-02)
Ծննդավայր Շտետտին, Պրուսիայի թագավորություն, Սրբազան Հռոմեական կայսրություն
Վախճանի օր նոյեմբերի 17, 1796 (67 տարեկան)
Վախճանի վայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Թաղված Պետրոպավլովյան վանքային համալիր, Սանկտ Պետերբուրգ
Դինաստիա Ռոմանովներ, Ասկանիի
Ի ծնե անուն գերմ.՝ Sophie Auguste Friederike von Anhalt-Zerbst-Dornburg
Հայր գերմ.՝ Christian August von Anhalt-Zerbst
Մայր Յոհաննա-Ելիզավետա Հոլնշտայն-Գոտտորպացի
Ամուսին Պետրոս III
Զավակներ Պավել I
Աննա Պետրովնա
Ալեքսեյ Բոբրինսկի
Ելիզավետա Տյոմկինա
 
Ինքնագիր Ինքնագիր

Եկատերինա II (ռուս.՝ Екатери́на II Великая, նաև՝ Եկատերինա Ալեքսեևնա ռուս.՝ Екатерина Алексе́евна, ծնվելիս Սոֆյա Ավգուստա Ֆրեդերիկա ֆոն Անհալտ-Ցերբստ-Դոռնբուրգ, գերմ.՝ Sophie Auguste Friederike von Anhalt-Zerbst-Dornburg; 1729թ. ապրիլի 21 (մայիսի 2), Շտետտին, Պրուսիա - 1796թ. նոյեմբերի 6 (17), Ձմեռային Պալատ, Սանկտ Պետերբուրգ), Ռուսական կայսրության ամենաերկար կառավարող կայսրուհին։ Ծնվել է Շտետտինում, Պրուսիա և իշխանության եկավ ամուսնու՝ Պետրոս III-ի սպանության հետևանքով։ Եկատերինայի օրոք Ռուսական կայսրությունն էլ ավելի հզորացավ և ընդարձակվեց։

Profile portrait of Catherine II by Fedor Rokotov (1763, Tretyakov gallery).jpg

Ռուսական կայսրության, առաջին հերթին՝ նոր մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգի պատմության մեջ բացվում է բարգավաճման ու զարգացման նոր էջ, երբ գահին են բազմում 18-րդ դարի նշանավոր կայսրուհիները՝ Ելիզավետա I Պետրովնան (1741-1761) և Եկատերինա II-ը (1762-1796) կայսրուհիների օրոք։ Ռուսաստանը վերջնականապես հաստատվում է Եվրասիա մայրցամաքի հյուսիսային ափերին և շարժվում կենտրոնական շրջաններ։ Դեռևս Պետրոս Մեծի ժամանակներից ծրագրվում էր արշավանքներ կատարել Օսմանյան կայսրության և Իրանի վրա, ամրապնդել դիրքերը Միջին Ասիայում և Հեռավոր Արևելքում։ Մայրաքաղաք Պետերբուրգը պետք է զարդարվեր նոր շինություններով և դառնար խոշոր նավահանգիստ։ Այս և այլ խնդիրները լուծում են գտնում կայսրուհիների դարաշրջանում։ Ռուսաստանը եվրոպական երկրների շարքում ձեռք է բերում հզոր կայսրության համբավ։

Եկատերինա II կայսրուհու օրոք Ռուսաստանը դիվանագիտական կապեր է հաստատում և խորացնում Ճապոնիայի, Չինաստանի, ինչպես նաև՝ Անգլիայի, Պրուսիայի ու Ֆրանսիայի հետ։ Մեծ նվաճումներ են արձանագրվում մշակույթի ու գիտության բնագավառներում։ Սանկտ-Պետերբուրգի համալսարանի շրջանավարտներից Միխայիլ Լոմոնոսովը 1755 թվականին հիմնադրում է Մոսկվայի պետական համալսարանը։ 1764 թվականին կայսրուհին հիմնադրում է Էրմիտաժը։

Dmitry Levitsky - Екатерина II в виде Законодательницы в храме богини Правосудия - Google Art Project.jpg

1768 թվականին սկսվում է ռուս-թուրքական պատերազմը։ Դա թվով 4-րդ պատերազմն էր Օսմանյան կայսրության դեմ. մյուս երեքը տեղի էին ունեցել (1568–1570), (1676–1681) և (1686–1700) թվականներին և էական տարածքային կամ տնտեսական փոփոխություններ չէին բերել Ռուսաստանի կյանքում։ 6 տարի տևած պատերազմի (1768-1774) ընթացքում ռուսները գրավում են Ղրիմը, Սև ծովի հյուսիսային ափերը, Հյուսիսային Կովկասը։ Կայսրության սահմանների մեջ է մտնում Ազովի ծովը և ռուսները ելք են ունենում արդեն ոչ միայն Կասպից, այլև՝ Սև ծով։ Դրանով Ռուսաստանը վերջնականապես դադարում է ցամաքային պետություն լինելուց, և ելք ունենում դեպի հարավային երկրներ։ Բուլղարիայի Քյուչուկ Կայնարջի գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր, որով թուրքական սուլթանը հրաժարվում է վերոնշյալ տարածքներից և Ղրիմի խանությունը հանձնում Ռուսաստանի հովանավորությանը։ Բացի այդ՝ ռուսական ռազմական ու առևտրական նավերին Սև ծովում ազատ երթևեկելու իրավունք է տրվում։

Հյուսիսային Կովկասը քրիստոնյաներով բնակեցնելու համար Եկատերինա կայսրուհին հատուկ հրովարտակով հայերին հրավիրում է գալ և բնակվել այնտեղ։ Նախիջևանի հայերը հիմնում են Նոր Նախիջևան քաղաքը, որի հիմքում հետագայում կառուցվում է Դոնի Ռոստովը, Արարատյան դաշտի հայերը՝ Արմավիրը։ Հիմադրվում են նաև գյուղեր և ավաններ։ Հայկական բնակավայրերում հաստատվում է նաև հունական և ռուսական բնակչություն, կառուցվում են վանքեր և եկեղեցիներ, դպրոցներ։ Նոր շունչ է ստանում Ղրիմի հայ գաղութը։ Կայսրության մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգի կենտրոնում կառուցվում է հայկական եկեղեցի, որը կանգուն է մինչև այսօր՝ շուրջ 2.5 դար։ Այն կոչվում է Եկատերինա II-ի անունով՝ սուրբ Կատարինե։

Скульптура Екатерины II в "Русском Музее", г.Санкт-Петербург (2).jpg
Denkmal für Katharina II. in St. Petersburg.jpg

Շուրջ 15 տարի անց ռուսները նոր պատերազմ են հայտարարում Օսմանյան կայսրությանը։ Այս անգամ պատերազմը տևում է 4 տարի՝ (1787–1791)։ Ռուսները շարունակում են նվաճումները Սև ծովի ափին և հասնում Դնեստր գետին։ Վերջինս դառնում է կայսրության սահմանը։ Ռուսները գրավում են Իզմայիլ ամրոցը։ Մոլդավիայի Յաշ քաղաքում կնքված հաշտությամբ Կոստանդնուպոլիսը ճանաչում է Ռուսական կայսրության իրավունքները Սև ծովի ամբողջ հյուսիսային ափամերձ տարածքում։ Այս և այլ պատեզմներում զորավարական տաղանդով մեծ հռչակ է ձեռք բերում Ալեքսանդր Սուվորովը, ով ստացել էր զինվրական հրամանատարի ամենաբարձր՝ գեներալիսսիմուսի կոչում։

Ռուսաստանը իր տիրապետությունը հաստատում է Ամերիկա աշխարհամասում. հիմնվում է Ալյասկայի գաղութը՝ Հյուսիսային Ամերիկայի Ալյասկա թերակղզու և հարակից շրջանների հետ միասին։