Jump to content

Անդրե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդրե (այլ կիրառումներ)
Անդրե
Ծնվել էհուլիսի 8, 1979 (45 տարեկան)
Ստեփանակերտ, Արցախ
Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
ԺանրերՓոփ երաժշտություն
Մասնագիտություներգիչ
Գործիքներվոկալ
Գործունեությունսկսած 1997-ից
ԼեյբլAndre Records
Կայքandre.am

Անդրե (լրիվ անունը Անդրեյ Սերգեյի Հովնանյան, հուլիսի 8, 1979(1979-07-08), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ փոփ երգիչ է։ Հաղթել է Armenian Music Awards մրցանակաբաշխության «Լավագույն երգիչ» անվանակարգը 2004, 2005, 2006, 2007 և 2008 թվականներին։ 2006 թ. առաջինն է ներկայացրել Հայաստանը Եվրատեսիլ Երգի Մրցույթին։ Հայաստանի վաստակավոր արտիստ (2014)[1]:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեն ծնվել է Ստեփանակերտում, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում։ Վաղ տարիքում նրա ընտանիքը նկատել է, որ Անդրեն մեծ հետաքրքրություն է ցուցաբերում երաժշտության հանդեպ։ Նա սկսել է երգել 3 տարեկանից, երբ իր բեմն աթոռն էր, բարձրախոսը՝ ջերմաչափը, իսկ հանդիսատեսը՝ ընտանիքի անդամները։

Երբ Անդրեն 6 տարեկան էր, Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում հաճախում էր դաշնամուրի դասընթացների։ 3 տարի սովորելուց հետո նա գրեց իր առաջին «Աղոթք» երգը՝ նվիրված Աստծուն։ Արցախյան պատերազմի ընթացքում Անդրեն ելույթ էր ունենում «Արցախի բալիկներ» մանկապատանեկան համույթում, որը հանդես էր գալիս պաշտպանության բանակի զորամասերում։ Երբ նա 15 տարեկան էր, մասնակցեց «Ճանապարհ դեպի Վերածնունդ» երաժշտական մրցույթին, որտեղ զբաղեցրեց առաջին պատվավոր հորիզոնականը։

Տարիներ անց Անդրեն սկսեց հանդես գալ որպես անհատ վոկալիստ՝ «Ղարաբաղ» կոչվող փոփ-ջազային խմբում։ Նա շրջագայել է Հայաստանի տարբեր շրջաններ և Արցախ՝ իր խմբի հետ միասին։ Երգելու հետ մեկտեղ Անդրեն նաև խաղացել է Ստեփանակերտի Դրամատիկական Թատրոնի մի շարք ներկայացումներում։

Չնայած նրան, որ Անդրեի ծնողներն ուզում էին, որ իրենց տղան բժիշկ դառնա, Անդրեն երազում էր երգիչ դառնալ։ 1998 թ. նրա երազանքն իրականացավ։ Նա դարձավ Երգի Պետական Թատրոնի անդամ, և այնտեղ էր մինչև 2002 թ.։

2019 թվականին ակտիվ նամակագրության մեջ է գտնվել Շանթ Հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ազգային երգիչ» նախագծի մասնակից Անի Օհանյանի հետ։ 2022 թ. նրանք հայտնեցին իրենց հարաբերությունների մասին, իսկ նոյեմբերի 1-ին Անդրեն ամուսնության առաջարկություն արեց Անիին։ Հետագայում Անդրեն հայտնեց, որ պլանավորել էր ավելի վաղ առաջարկություն անել, սակայն սեպտեմբերի 13-ի դրության պատճառով հետաձգեց այն։

Մանկություն և պատանեկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

3 տարեկանից Անդրեն արդեն երգում էր։ 6 տարեկանից նա սկսեց հաճախել դաշնամուրի դասընթացների, իսկ 9 տարեկանում գրեց իր առաջին երգը, որն անվանեց «Աղոթք»։ Նրա՝ պրոֆեսիոնալ երգչի կարիերան սկսվեց 15 տարեկան հասակից՝ «Ճանապարհ դեպի Վերածնունդ» մրցույթը հաղթելու շնորհիվ։ Այնուհետև Անդրեն սկսեց երգել «Ղարաբաղ» փոփ-ջազային խմբում, որը շրջագայում էր ողջ Հայաստանով և Արցախով։ Նա մասնակցել է մի շարք միջազգային մրցույթների, ինչպես նաև ներկայացրել է զուգերգ ավստրիացի-ամերիկացի R’n’B/փոփ երգչուհի Սամանթա Ջեյդի հետ։ Երգի անվանումն է «Come Back». այն մեծ հաջողությունների է հասել ինտերնետում։

Անդրեն առաջին անգամ մասնակցեց միջազգային երաժշտական "Golden Skif" մրցույթին Դոնեցկում, Ուկրաինայում, որտեղ նա առաջին տեղում էր։ Այնուհետև մասնակցեց Բելառուսի Մոգիլյով քաղաքում տեղի ունեցող "Золотой шлягер" մրցույթին, զբաղեցրեց երրորդ հորիզոնականը և ձեռք բերեց բազում երկրպագուներ։

Իոսիֆ Կոբզոնի հրավերով Անդրեն ելույթ ունեցավ Մոսկվայի Ռոսիա պետական համերգասրահում։

Անդրեն մասնակցեց «Ասիայի ձայն» երաժշտական փառատոնին Ալմաթիում, Ղազախստանում և ստացավ հինգ մրցանակ, ինչպես նաև ջերմ վերաբերմունք հանդիսատեսի կողմից։ Անդրեն նկարահանեց իր առաջին տեսաhոլովակը՝ «Հորովել» երգի հիման վրա։ Այն շատ սիրվեց ու գնահատվեց երկրպագուների կողմից, մեծ փառք ու հաջողություն բերեց նրան։

Մոսկվայում տեղի ունեցող «Ֆեստոս» երիտասարդական երաժշտական փառատոնում Անդրեն զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։ 2500 մասնակիցներից նա ընդգրկվեց 10 լավագույնների շարքում և ստացավ «Ոսկե Դիպլոմ»։ Նա մասնակցեց Idols նախագծի ռուսական տարբերակ "Народный артист" հեռուստանախագծին՝ անցնելով եզրափակիչ։ Այնտեղ նա զբաղեցրեց 5-րդ տեղը։

Անդրեն մասնակցեց Շանհայի «Ասիա» երգի փառատոնին՝ արժանանալով «Նոր գերազանց երգիչ» կոչմանը։

"Հայաստանի տարվա երգ Ռուսաստանում" մրցույթում Անդրեն հաղթեց "Հայաստանի երաժշտության մեջ մեծ ներդնող" անվանակարգում։ Նրա "Անցա – Գնացի" երգը Հիթ FM ռադիոկայանի եթերում ճանաչվեց տարվա լավագույն երգ։

Անդրեն թողարկեց իր առաջին՝ "Ես եմ" ձայնասկավառակը։

Լուսինե Մարտիրոսյանի նկարահանած «Հորովել» տեսահոլովակը ճանաչվեց «Լավագույն տեսահոլովակ»։ Այնուհետև նա նկարահանեց Անդրեի երկրորդ՝ "Գեթ մի գիշեր" տեսահոլովակը։ Անդրեն մասնակցեց "World Championships of Performing Arts" մրցույթին Հոլլիվուդում, Կալիֆորնիայում։ Այնտեղ նա ստացավ 3 ոսկե և մեկ արծաթե մեդալ։ Իսկ իր տարիքային խմբում հանդես եկող մասնակիցների մեջ նա ճանաչվեց լավագույնը։

"Կռունկ" երգի համահայկական փառատոնում Անդրեն ճանաչվեց «Տարվա Լավագույն Երգիչ»։

Վան ռադիոկայանի «Ոսկե Քնար» փոփ երգի մրցույթում Անդրեի «Իմ սերը քեզ» երգը դարձավ «Տարվա Լավագույն երգ»։ Այն 17 շաբաթ շարունակ զբաղեցրել էր առաջին հորիզոնականը։ Անդրեն համերգներով շրջագայել է Իրանում, Լիբանանում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Կիպրոսում, ԱՄՆ-ում, Ուկրաինայում, Ղասախստանում, Վրաստանում և Եվրոպայի ու Ռուսաստանի մի շարք քաղաքներում։

«Սեր ես ու մի կյանք» երգը 14 շաբաթ շարունակ հիթ-շքերթներում զբաղեցրեց առաջին հորիզանականը։ Գլենդելի Ալեքս համերգասրահում Անդրեն ունեցավ 3 մենահամերգ։ Այնուհետև նա թողարկեց «Իմ սերը քեզ» երգի անգլերեն «My Love to You» տարբերակը։

Անդրեն նկարահանեց իր «Մըր էրգիր» երգի տեսահոլովակը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 90-ամյակին։

Նա ունեցավ մենահամերգներ Երևանի Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնում և Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիրում։ Թողարկեց թվով երկրորդ՝ «Միայն Սեր» ձայնասկավառակը։ Ստացավ «Լավագույն երգիչ» և «Լավագույն երգ» մրցանակները Հայաստանի Ազգային Մրցանակաբաշխությունում։

Անդրեն առաջինը ներկայացրեց Հայաստանը Եվրատեսիլ 2006 երգի մրցույթին Աթենքում, Հունաստանում։ Նա ձայնագրեց և տեսահոլովակ նկարահանեց «Without Your Love» երգի համար, որով էլ հանդես եկավ մրցույթում։ Նա զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։ Երգը մեծ հաջողությունների հասավ և նույնիսկ մրցույթից հետո այն ընդգրկվում էր ԱՄՆ-ի և Հայաստանի հիթ-շքերթների առաջատար հորիզոնականներում։

Անդրեն թողարկեց «1000 անգամ» ձայնասկավառակը, ունեցավ համերգներ Հայաստանում, ԱՄՆ-ում, Միացյալ Թագավորությունում և Ռուսաստանում։ Նոր ձայնասկավառակի շնորհանդեսը տեղի ունեցավ համանուն մենահամերգի ժամանակ, որի հանդիսատեսը բաղկացած էր 20.000 հոգուց։

Մոսկվայում Անդրեն արժանացավ «Տարվա Անձնավորություն» մրցանակին։ Ինչպես նաև ստացավ «Ավանս» մրցանակ Տաշիր 2006 մրցանակաբաշխությանը։

Հայաստանի Ազգային Մրցանակաբաշխություն 2006-ին Անդրեն ստացավ հատուկ մրցանակ՝ Հայաստանը Եվրատեսիլ Երգի Մրցույթին հաջողությամբ ներկայացնելու համար։ Անդրեն ճանաչվեց «Լավագույն երգիչ» Kodak Theatre համերգասրահում տեղի ունեցող M Club երաժշտական մրցանակաբաշխությանը։ Իսկ «Without Your Love» երգի տեսահոլովակը տարվա լավագույն տեսահոլովակների տասնյակում էր։

Անդրեն նկարահանեց «Հորդ Անձրև» երգի տեսահոլովակը՝ նվիրված Վարդուհի Վարդանյանի հիշատակին։

Անդրեն շրջագայեց Նիդերլանդներում, Գերմանիաում և Ռուսաստանում։ Նկարահանվեցին «Սոնե լե-լե» և «1000 անգամ» երգերի տեսահոլովակները Գերմանիայում։ Համերգային շրջագայությունները շարունակվեցին մայիսին Փարիզում, Մարսելում (Ֆրանսիա) և Բոնում (Գերմանիա)։

Հայաստանի մասնակցությունը Եվրատեսիլին

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թ. նա առաջին արտիստն էր, ով պետք է ներկայացներ Հայաստանը Եվրատեսիլ Երգի Մրցույթին, լիներ 37 մասնակիցներից մեկը Աթենքում։ «Without Your Love» երգի երաժշտության հեղինակը Արմեն Մարտիրոսյանն է, խոսքերինը՝ Քեթրին Բեքյանը։ Երգը գործիքավորել է Արա Թորոսյանը։ Անդրեն զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը՝ հավաքելով 129 միավոր։

Ձայնասկավառակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ես եմ (It's Me) (2003)
  • Միայն սեր (Only Love) (2005)
  • 1000 անգամ (1000 times) (2006)
  • Երջանկության գաղտնիք (Secret Of Happiness) (2008)
  • Անդրենալին (ANDREnaline) (2010)
  • Իմ Հոգի (My Soul) (2014)

Անդրեի մրցանակների ցանկը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2001 – Միջազգային երաժշտական "Golden Skif" մրցույթ - Դոնեցկ, Ուկրաինա – Առաջին տեղ
  • 2001 – «Золотой шлягер» մրցույթ – Մոգիլյով, Բելառուս – Երրորդ տեղ
  • 2002 – “Ասիայի ձայն” երաժշտական փառատոն - Ալմաթի, Ղազախստան։
  • 2003 – “Ֆեստոս” երիտասարդական երաժշտական փառատոն – Մոսկվա, Ռուսաստան – Երկրորդ հորիզոնական, “Ոսկե դիպլոմ”:
  • 2003 – Շանհայի “Ասիա” երգի փառատոն – Շանհայ, Չինաստան – “Նոր գերազանց երգիչ”:
  • 2003 – "Հայաստանի տարվա երգ Ռուսաստանում" – Մոսկվա, Ռուսաստան - "Հայաստանի երաժշտության մեջ մեծ ներդնող":
  • 2003 – "Անցա – Գնացի" երգը Հիթ FM ռադիոկայանի եթերում ճանաչվեց տարվա լավագույն երգ։
  • 2004 – "World Championships of Performing Arts" – Հոլիվուդ, Կալիֆորնիա – Ստացավ 3 ոսկե և 1 արծեթե մեդալ, ճանաչվեց ”The Champion of the world”:
  • 2004 – "Կռունկ" երգի համահայկական փառատոն – Երևան, Հայաստան – “Տարվա Լավագույն Երգիչ”:
  • 2004 – Վան ռադիոկայանի “Ոսկե Քնար” փոփ երգի մրցույթ – Երևան, Հայաստան - “Իմ սերը քեզ” երգը ճանաչվեց “Տարվա Լավագույն երգ”:
  • 2005 – Հայաստանի Ազգային Մրցանակաբաշխություն – “Լավագույն երգիչ” և “Լավագույն երգ”:
  • 2005 – Լոս Անջելես, ԱՄՆ – “The Key of Glendale”
  • 2006 – “Տարվա անձնավորություն" – Մոսկվա, Ռուսաստան
  • 2006 – Տաշիր 2006 – Մոսկվա, Ռուսաստան – “Ավանս” մրցանակ։
  • 2006 – M Club Music Awards – Kodak Theatre, Հոլիվուդ, ԱՄՆ – “Լավագույն երգի” և “Լավագույն հայկական միջազգային արտիստ”:
  • 2009 – Տաշիր 2009 – Մոսկվա, Ռուսաստան – “Տասնամյակի երգիչ”:
  • 2009 – Armenian Music Awards և M Club Music Awards – Nokia Theatre, Լոս Անջելես, ԱՄՆ – «Հայ երգի դեսպան»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]