Jump to content

Տիգրան Մեծի պարթևական արշավանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ-պարթևական պատերազմ
Տիգրան Մեծի արշավանքներ

«Տիգրան Մեծի մուտքը Պարթևստան», կտավ
Թվական մ․թ․ա․ 87-85 թվականներ
Վայր
Պատճառ Մեծ Հայքի թագավորության ծավալապաշտական նկրտումներ
Արդյունք Մեծ Հայքի թագավորության հաղթանակ
Տարածքային
փոփոխություններ
Պարթևստանի երբեմնի հյուսիսային տարածքների միացում Մեծ Հայքի թագավորությանը
Հակառակորդներ
Մեծ Հայք Մեծ Հայք

ենթակա թագավորություններ՝


Կորդուքի թագավորություն
(մ․թ․ա․ 87-ից)
Ատրպատականի թագավորություն
(մ․թ․ա․ 87-ից)

Պարթևստան Պարթևստան
Հրամանատարներ
Տիգրան Մեծ Միհրդատ Բ Պարթև
Գոդերձ Ա
Զարբիենոս
Աբգար Ա Պիքա
Միհրդատ Ա Մեդացի

Տիգրան Մեծի պարթևական արշավանք կամ Հայ-պարթևական պատերազմ, Մեծ Հայքի Արտաշեսյան արքա Տիգրան Բ Մեծի նվաճողական պատերազմն ընդդեմ Պարթևական թագավորության և վերջինիս հպատակ թագավորությունների՝ Կորդուքի, Ատրպատականի, Օսրոյենեի և Ադիաբենեի, որը սկսվել է մ․թ․ա․ 87 թվականին և ավարտվել մ․թ․ա․ 85 թվականին՝ հայկական կողմի լիակատար հաղթանակով։

Հայ-պարթևական հարաբերությունները սրված էին դեռևս Պարթևստանի գահակալ Միհրդատ Բ-ի կառավարման ժամանակահատվածում, երբ գահաժառանգ Տիգրանին պատանդությունից ազատելու դիմաց որպես պայման Մեծ Հայքի թագավորությանը պարտադրվում է հանձնել սահմանամերձ «Յոթանասուն հովիտներ» կոչվող տարածքները։ Այդ տիրույթների հետագա պատկանելիության շուրջ վեճը Տիգրան Բ-ի կառավարման սկզբնամասում` մ․թ․ա․ 94-92 թվականներին, վերաճում է հայ-պարթևական պատերազմի, որն ավարտվում է Մեծ Հայքի կորստված տարածքների վերականգնմամբ։

Ծոփքի վերամիավորումը, Իբերիայի և Աղվանից թագավորությունների հպատակեցումը, Պոնտոսի արքա Միհրդատ Զ Եվպատորի հետ հայ-պոնտական դաշինքի կնքումը, Կապադովկիայի ռազմակալումը, ինչպես նաև Տիգրան Մեծի հետագա նվաճողական նկրտումները անխուսափելի են դարձնում հայ-պարթևական պատերազմի սանձազերծումը, ինչին առավելապես նպաստում են Պարթևստանում սկզբնավորված գահակալական կռիվներն ու խառնակությունները։ Տիգրան Մեծը Պարթևստանի դեմ մեծ արշավանքը սկսում է մ․թ․ա․ 87 թվականին՝ ռազմախուժման ենթարկելով պարթևների դաշնակից երկրներից Ադիաբենեն, Ատրպատականը, ապա՝ Կորդուքը։ Օգտվելով ռազմական հաջողություններից՝ Մեծ Հայքի թագավորության բանակը հարավ-արևելքում շարունակում է առաջխաղացումն ու մոտենում Պարթև Արշակունիների քաղաքամայր-ոստան Եկբատան՝ պաշարելով քաղաքը։ Այդ պաշարման ժամանակ հրկիզվում է պարիսպներից դուրս կառուցված արքունի դղյակը՝ Ադրաբանան, որից հետո նոր իշխանության եկած Գոդերձ Ա-ն ստիպված է լինում գնալ զիջումների։

Ջախջախիչ պարտություն կրած Պարթևստանի գահակալը ռազմական հարկադրանքի ներքո ընդունում է Մեծ Հայքի արքա Տիգրան Մեծի գերագահությունը և վերջինիս զիջում «արքայից արքա» տիտղոսը, որը Արտաշեսյան արքայատոհմի ներկայացուցիչները կրում են մինչև 1 թվականը։ Արշավանքի արդյունքում Տիգրանյան տերությանն է անցնում ողջ Միջագետքի տարածաշրջանը և Կորդվաց աշխարհը, իսկ Ատրպատականը վերածվում է Մեծ Հայքի արբանյակ թագավորության։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ-պարթևական առաջին պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարթևական տերությունը թռիչքաձև հզորանում է Մեծ Հայքի գահակալ Արտաշես Ա Բարեպաշտ արքայի հաջորդների օրոք[1]։ Արյունարբու գահակալական կռիվների արդյունքում մ․թ․ա․ 123 թվականին այս երկրում գահին բազմել էր Միհրդատ Բ Արշակունին[2][3], որի օրոք Պարթևստանը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Նախ, Միհրդատ արքան հաջողությամբ դիմակայում է արևելքից իր տերության սահմաններ ներթափանցելու փորձեր կատարող սակական ցեղերին[3][4], ապա Ասորիքում ջախջախիչ պարտության մատնում անկում ապրող Սելևկյանների տիրակալությանը։

Հռոմեացի պատմիչ Մարկոս Յուստինոսը հաղորդում է, որ պարթևները, գրավելով Հայաստանի հարակից երկրները, պատերազմ են սկսում նաև Մեծ Հայքի թագավորության դեմ[5]։

Արտավանին հաջորդեց նրա որդին՝ Միհրդատը, որն իր գործերի համար կոչվեց «Մեծ»։ Սա մեծ քաջությամբ վարեց հարևանների հետ բազմաթիվ պատերազմներ և Պարթևական թագավորությանը միացրեց շատ ժողովուրդների։ Նույնպես և սկյութացիների հետ նա մի քանի անգամ հաջողությամբ պատերազմեց և վրեժխնդիր եղավ իր նախորդների վիրավորանքների համար։ Վերջը կռվեց արմենների թագավոր Արտավազդի հետ։
- Մարկոս Յուստինոս, հռոմեացի պատմիչ

Արտավազդ Ա-ն Հայքի գահին բազմել էր հաջորդելով հորը՝ Արտաշեսյան թագավորության հիմնադիր Արտաշեսին[6]։ Արտավազդի օրոք՝ մ․թ․ա․ 120 թվականին, Հայաստանի հարավային տարածքներ են ներխուժում պարթևաց Միհրդատ Բ Արշակունի արքայի բանակները[7]։ Պարտություն կրած անժառանգ Արտավազդը ստիպված է լինում պարթևական արքունիք պատանդության տալ 20-25-ամյա արքայազն Տիգրանին՝ իր եղբորորդուն[8]։ Տիգրան Արտաշեսյանին պատանդ վերցնելով՝ Միհրդատ արքան նախ և առաջ փորձում էր ապահովագրված լինել հռոմեա-պարթևական մրցակցության ընթացքում Մեծ Հայքի թագավորության ստեղծած հնարավոր ռազմական վտանգներից, ինչպես նաև հարևան երկրի թագաժառանգին դարձնել պարթևամետ կողմնորոշմամբ պետական գործիչ[9]։

Մովսես Խորենացին նշում է, որ պարթևների մղած կարճատև պատերազմն իր հերթին վատթարացրել էր Արտավազդի՝ «հայոց թուլամորթ արքայի» (ըստ պատմիչի բնորոշման) աչքում այդ երկրի հեղինակությունը։ Ըստ պատմագիտական վկայությունների՝ հենց այս շրջանում էլ պարթևները նվաճում են Միջագետքի երկրներն ու Ատրպատականը[7]։ Ավելին, հայտնի է, որ հայ-պարթևական պատերազմի ընթացքում Միհրդատ Բ Պարթևը ռազմական օժանդակություն էր ստանում նաև իր վասալ Ատրպատականի կամակատար թագավորից[7]։

Հայ-պարթևական հաջորդ ռազմական բախումը տեղի է ունենում արդեն Տիրան Ա արքայի օրոք։ Տիրանը կամ Տիգրանը Արտավազդ Ա Արտաշեսյանի կրտսեր եղբայրն էր՝ պատանդ արքայազն Տիգրանի հայրը[10]։ Եղբոր մահվանից հետո՝ մ․թ․ա․ 115 թվականին, Տիրանը ժառանգում է հայոց թագը[11]։ Ստրաբոնը նշում է, որ Տիրանը հզոր դիմադրություն է ցույց տալիս պարթևական զորքերին և դուրս մղում նրանց երկրի սահմաններից․ «Պարթևները տիրեցին մեդացիների և բաբելոնացիների երկրներին, բայց ո՛չ Արմենիային։ Թեև հարձակումներ հաճախ տեղի ունեցան, սակայն երկիրն ուժով չնվաճվեց»[7][9][12]։

Մեծ Հայքի թագավորության վերելք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքայազն Տիգրանը «պատվո պատանդության»[9] մեջ մնում է մինչև մ․թ․ա․ 95 թվականը։ Հոր՝ Տիրան Արտաշեսյանի մահվանից հետո Մեծ Հայքի գահը մնում է թափուր և հայոց ավագանին որոշում է կայացնում Տիգրանին հռչակել արքա։ Տիգրանին պատանդությունից ազատելու դիմաց Պարթևաց թագավորությունը ստանում է հայ-պարթևական սահմանագլխին՝ Մեծ Հայքի թագավորության հարավ-արևելքում գտնվող «Յոթանասուն հովիտներ» կոչվող տարածքը[13]՝ Կասպք-Փայտակարանը, Պարսպատունիքը և Պարսկահայքը, որոնք Արտաշես Ա Բարեպաշտը ավելի վաղ միացրել էր Հայաստանին[14]։ Տիգրանի հետ պատանդության մեջ էր գտնվում նաև Տիգրանյան աշխարհակալության ապագա սպարապետ Բագարատը, որը մ․թ․ա․ 95 թվականին Տիգրանի գլխին դնում է հայոց արքայական թագը։

Տիգրան Բ-ն, 45 տարեկան հասակում բազմելով Մեծ Հայքի գահին, իր կառավարման երկրորդ տարում՝ մ․թ․ա․ 94 թվականին, գահազրկում է Ծոփքի անկախ թագավորությունում իշխող Արտանես Երվանդունի արքային և Ծոփաց աշխարհը միացնում իր թագավորությանը[15]։ Մ․թ․ա․ 93 թվականին հայոց արքան դաշինք է կնքում հարևան Պոնտոսի թագավոր Միհրդատ Զ Եվպատորի հետ՝ այդկերպ ապահովագրելով իր տերության արևմտյան և հյուսիսային սահմանները հռոմեական հնարավոր ներխուժումներից։ Հայ-պոնտական դաշինքն առաջին հերթին ուղղված էր Մեծ Հայքի և Պոնտոսի թագավորությունների զորեղացմամբ մտահոգված տարածաշրջանային գերտերությունների՝ Հռոմեական հանրապետության և Պարթևական տիրակալության դեմ[16][17]։ Մ․թ․ա․ 93 թվականին հայ-պոնտական զորքերն իրագործում են դաշնակցային պայմանագրի առաջին գործնական քայլը՝ համատեղ ուժերով ներխուժելով Կապադովկիա։ Ըստ պայմանավորվածության՝ Կապադովկիայի նվաճումից հետո ռազմավարական միջանցիկ նշանակության այս տարածքը պետք է անցներ Միհրդատյան Պոնտոսին, իսկ երկրի ամբողջ շարժական ու անշարժ գույքին պետք է տիրանային հայերը[18]։ Կապադովկիական արշավանքն ավարտվում է հաջողությամբ[19]։

Մ․թ․ա․ 92 թվականին Տիգրանի բանակը վրաց իշխաններից կազմված ավագանու խնդրանքով իր զորքերը մտցնում է Վիրք և բախվում այստեղ իշխող պարթևների սատելիտ թագավորի՝ Փառնավազի տոհմից Փառանջոմ Ա-ի բանակի դիմադրությանը[20]։ Վերջինս, ըստ տարեգիր Լեոնտի Մրովելու, ուրացել էր հայրենի վրաց կրոնն ու կրակի սպասավորներին հաստատել Մցխեթում։ Գուգարքում՝ Տաշիրի շրջակայքում, տեղի ունեցած հուժկու ճակատամարտում պարթևների զորակցությունը վայելող Փառանջոմն ու իր բանակը ջախջախվում են[21]։ Վիրքում հաստատվում է Արտաշեսյանների տոհմը[21]։ Հայտնի է, որ նույն տարում Տիգրանի բանակը հպատակեցնում է նաև Աղվանքը[21]։

Այսպիսով, Մեծ Հայքի թագավորությունը Տիգրանի կառավարման սկզբնամասում հասնում է իր հզորության գագաթնակետին։ Միևնույն ժամանակահատվածում արևմուտքում շարունակական հաջողությունների էր հասնում նաև դաշնակից Միհրդատ Եվպատորը։ Այսպիսով, նպաստավոր նախադրյալներ էին ստեղծվել տարածաշրջանում լիակատար գերիշխանության հասնելու համար, որը քաջ գիտակցելով՝ Տիգրան Բ-ն նախապատրաստվում է մեծ արշավանքի։

Արշավանքի նախօրյակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայքար «Յոթանասուն հովիտներ»-ի համար

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիգրանը փոփոխական բախտ է ունեցել, քանզի նա սկզբում պատանդ է եղել պարթևների մոտ, այնուհետև պարթևները որպես վարձ ստանալով Յոթանասուն հովիտներ Հայաստանից, նրան վերադարձնում են գահը։ Նա հզորանալով, թե այդ վայրերը ետ վերցրեց և թե նվաճեց նրանց երկիրը՝ Նինվեի և Արբելայի շուրջը։

- Ստրաբոն, 1-ին դարի հույն մատենագիր

Հայ-պարթևական հարաբերությունները վերստին սրվում են մ․թ․ա․ 94 թվականին։ Պատճառը «Յոթանասուն հովիտներ» կոչվող տարածքի պատկանելիության շուրջ վեճն էր։ Մեծ Հայքի հարավ-արևելքում տեղակայված այդ տիրույթները Պարթևստանին հանձնվել էին մ․թ․ա․ 95 թվականին՝ որպես այդ ժամանակ դեռ արքայազն Տիգրանի պատանդության փրկագին[8][9]։

Տիգրան Մեծի բանակի ռազմական պատրաստվածության մակարդակի բարձրացումը հնարավորություն էր տալիս վերջինիս նման պահանջներ ներկայացնել Պարթևստանին՝ ընդհուպ մինչև իրավիճակը մոտեցնելով էսկալացիայի։ Մեզ հասած պատմագիտական վկայություններից պարզ է դառնում, որ պարթևները հրաժարվում են վերադարձնել այդ տարածքները՝ Կասպքը, Պարսկահայքն ու Պարսպատունիքը, որի արդյունքում Տիգրանը զորքերը մտցնում է հովիտներ։ Ստրաբոնը նշում է, որ «նա հզորանալով վերցրեց այդ վայրերը»[22][23], ինչը նշանակում է, որ պարթևական կողմը չի կարողացել դիմակայել Մեծ Հայքի թագավորության հարձակմանը։ Մ․թ․ա․ 94-92 թվականներին տեղի ունեցած ռազմական բախումների առաջին փուլում Տիգրան Մեծի բանակը վերադարձնում է «Յոթանասուն հովիտներ»-ը, ապա զարգացնելով ռազմավարական հաջողությունները՝ առաջխաղացում է ապահովում Միջագետքի դաշտավայրում՝ պաշարելով սկզբում Ասորեստանի երբեմնի մայրաքաղաք Նինվեն, ապա՝ Ադիաբենեի մայրաքաղաք Արբելան[23]։ Ստրաբոնի վկայության համաձայն՝ Տիգրան Մեծը պարթևներից գրավում է նաև Մեծ Աղբակ գավառը, որը միավորվում է Վասպուրականին[7]։

Այսպիսով, մ․թ․ա․ 94-92 թվականների հայ-պարթևական պատերազմում Միհրդատ Բ-ի զորքերը պարտություն են կրում, ինչը արքայից արքային ստիպում է ռազմաքաղաքական դաշինքի գնալ իր երդվյալ թշնամու՝ հանրապետական Հռոմի հետ[23]։

Հռոմի և Պարթևստանի դաշինքն ընդդեմ հայ-պոնտական տանդեմի

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարթների Միհրդատ Բ Մեծ արքայի դիմապատկերով և հունարեն մակագրության մետաղադրամներ։ Տիգրանը պարթևական արքունիք պատանդության է տեղափոխվել Արտավազդ Ա-ի նկատմամբ Միհրդատ Բ-ի վարած հաղթական պատերազմից հետո։

Դաշնակիցների հետագա առաջխաղացումը տարածաշրջանային ազդեցության գոտիներում (օրինակ՝ Կապադովկիայի հռոմեահպատակ թագավորության նվաճումը կամ Վիրքի պարթև միապետի տապալումը) երբեմնի ոխերիմ հակառակորդներին՝ Հռոմեական հանրապետությանն ու Պարթևստանին, ստիպում է ընդհանուր հայտարարի գալ։ Պատճառն այն էր, որ հայ-պոնտական դաշինքն արդեն լուրջ սպառնալիք էր դիտարկվում երկու գերտերությունների աշխարհաքաղաքական և անվտանգային հետաքրքրությունների համար, ուստի սա առաջին դեպքն էր, երբ երկու տիրակալությունների շահերը համընկնում էին։

Հռոմեա-պարթևական բանակցությունները մեկնարկում են Եփրատի շրջակայքում՝ մ․թ․ա․ 92 թվականին։ Այդ տարում Կիլիկիայի հռոմեական պրոպրետոր Կոռնելիուս Սուլլան հանդիպում է պարթևաց թագավոր Միհրդատ Բ-ի ուղարկած բանագնացի՝ Օրոբազուսի հետ[24]։ Սա, ինքնին, պատմագիտությանը հայտնի առաջին դրվագն էր, երբ Հռոմն ու Պարթևստանը դուրս էին գալիս ուղիղ բանակցությունների[25]։ Պլուտարքոսը մանրամասներ է հայտնում հակահայկական այս բանակցությունների վերաբերյալ։ Ըստ պատմիչի՝ հանդիպման ընթացքում Սուլլան նստած էր պարթևական դեսպանի և Կապադովկիայի թագավոր Արիոբարզանես Ա-ի միջև։ Պարթևստանի համար նվաստացուցիչ էր Սուլլայի այդ քայլը, քանի որ կենտրոնը համարվում էր պատվո նստավայր, և դա է պատճառը, որ պարթև դեսպանը բանակցություններից վերադառնալուն պես արքայից արքա Միհրդատի վճռով մահապատժի է ենթարկվում։ Անգութ որոշման հիմքը Պարթևական թագավորության հեղինակության անարգումն էր[26]։ Մեղադրանքում նշվում էր, որ Օրոբազուսը անգործությամբ թույլ է տվել հռոմեացի պատվիրակին գոռոզաբար անարգել սեփական երկիրը։ Հետագայում այսօրինակ վարքագծի համար Սուլլային մեղադրում են նաև Հռոմեական սենատում։

Ըստ ձեռք բերված համաձայնության՝ երկու աշխարհակալությունների ազդեցության գոտիների սահմանագիծը պետք է դառնար Եփրատը[27][28]։

Պարթևական մութ դարեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած կողմերի միջև համաձայնագրի կնքմանը, մ.թ․ա․ 93 (կամ մ․թ․ա․ 92) թվականին Պարթևստանը պատերազմ է սկսում Սիրիայում՝ ցեղային առաջնորդ, ինքնահռչակ թագուհի Կաոդիկեի և նրա սելևկյան դաշնակից Անտիոքոս X Հովսեփոս Ֆիլոպատորի դեմ[28]։ Հռոմեա-պարթևական հարաբերությունները վերստին սրվում են, երբ Սելևկյան վերջին միապետերից Դեմետրիոս III-ը փորձում է պաշարել Բերիան (ժամանակակից Հալեպ քաղաքը), Պարթևստանը ռազմական օժանդակություն է ուղարկում տեղի բնակիչներին, որի արդյունքում Դեմետրիոսը պարտություն է կրում[28]։

Մ․թ․ա․ 91 թվականին պարթևաց տիրակալ Միհրդատ Բ-ն կնքում է իր մահկանացուն։ Միհրդատի կառավարման վերջին տարիները և դրան հաջորդող ժամանակաշրջանը պատմագիտությանը հայտնի է «պարթևական մութ դարեր» անվանումով, որն ավարտվում է մ․թ․ա․ 57 թվականին՝ Որոդես Բ-ի իշխանության գալով[29][30]։

Միհրդատ Բ-ի մահից հետո երկրում սկիզբ առած ներքաղաքական գժտություններին զուգահեռ մ․թ․ա․ 91 թվականին Գոդերձ Արշակունին Բաբելոնում թագադրվում է որպես Պարթևստանի գահակալ[31]։ Մեզ հասած պատմագիտական աղբյուրները (որոնցից ամենահայտնին Բաբելոնյան աստղագիտական օրագրերն են) վկայում են այն մասին, որ Գոդերձը եղել է Միհրդատի որդին և հոր կառավարման ժամանակահատվածում իշխել պարթևաց արքունիքում որպես «սատրապների սատրապ»[32][33]։ Գոդերձը պարթևական գահին վերջնականապես հաստատվում է ներքաղաքական պայքարում ունեցած հաջողությունների արդյունքում՝ հաղթանակ տոնելով գահին հավակնող իր մյուս մրցակիցների նկատմամբ[33]։ Գահակալական կռիվները, սակայն, էականորեն թուլացնում և պառակտում են Պարթևական կայսրությունը, որն էլ Մեծ Հայքի թագավոր Տիգրան Բ-ին հնարավորություն է տալիս ընդլայնել իր ազդեցության գոտիները տարածաշրջանում[32]։

Տիգրանակերտում հատված Տիգրան Մեծի արծաթե մետաղադրամը (տետրադրախմա), որտեղ վերջինիս թագին պատկերված է գիսաստղ՝ Արտաշեսյանների արծվադրոշի փոխարեն։

Մ․թ․ա․ 87 թվականին Պարթևստանի տիրակալ Միհրդատ Բ Մեծի մահը Տիգրան արքայի համար առավել քան նպաստավոր պայմաններ է ստեղծում[34]։ Տիգրանը Միհրդատ Մեծի գահակալության ժամանակահատվածում ակնհայտորեն ձեռնպահ էր մնում Պարթևական տիրակալության դեմ արշավանքի իրականացումից և այս ամենի պատճառներից մեկն էլ այն էր, որ հայոց արքան պարթևաց տիրակալին կնության էր տվել իր դստերը՝ Արիազատա-Աուտոմային[35][36]։ Պարթև արքայի մահվանից շատ չանցած ազդարարվում է Տիգրան Բ-ի պարթևական մեծ արշավանքի մեկնարկը։

Ըստ որոշ տեսակետների՝ մ․թ․ա․ 87 թվականին Հայաստանի երկնակամարում երևում է «գիսավոր աստղ» («Հալլեյի գիսաստղ»)[37], որը քրմերի կողմից մեկնաբանվում էր որպես մեծ փոփոխությունների և հայոց տիրակալի հաջողությունների երկնային նշան[38]։ Ենթադրվում է, որ Տիգրան Մեծը հենց այս իրադարձությամբ պայմանավորված էլ հատում է մետաղադրամներ, որտեղ Արտաշեսյանների արքայական տոհմի ավանդական խորհրդանիշներից՝ ութաթև աստղից («Վեգինայի աստղ») և արծվից զատ պատկերված է նաև գիսավոր աստղ[38]։

Ատրպատականի և Կորդուքի նվաճում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Մեծն իր պարթևական մեծ արշավանքը մեկնարկում է այն տարածքից, որն իր նախորդների կողմից հանձնվել էր Պարթևստանին՝ սեփական ազատության դիմաց, սակայն վերանվաճվել էր «Յոթանասուն հովիտներ»-ի համար մղված մարտերում։ Մ․թ․ա․ 87 թվականին Մեծ Հայքի թագավորության զորաբանակը՝ ամրացված հեծելազորով և հետևակային կորպուսներով, «Յոթանասուն հովիտներ»-ից հարձակվում է Պարթևստանի քաղաքական ազդեցության ներքո գտնվող Ատրպատականի թագավորության վրա` թիրախավորելով պարթևաց տերության հյուսիսը[39]։ Ատրպատականի թագավորությունում նշված ժամանակահատվածում իշխում էր Միհրդատ Ա[40], որն իշխում էր այս տերության գահին դեռևս մ․թ․ա․ 100 թվականից։ Ատրպատականի արքան առանց որևէ դիմադրություն ցույց տալու ընդունում է Մեծ Հայքի թագավորության գերագահությունը և շարունակում կառավարել։ Ավելին՝ Միհրդատ արքայի և Տիգրան Մեծի միջև հաստատվում են խնամիական հարաբերություններ, քանի որ Տիգրանը Ատրպատականի արքային կնության է տալիս իր և Կլեոպատրա Պոնտացու դուստրերց մեկին[41], որի անունը պատմագիտությանը հայտնի չէ։ Ատրպատականը Միհրդատ Ա-ի կառավարման օրոք մնում է Հայաստանի անդավաճան դաշնակիցը[41] և օժանդակում հայոց զորքերին Պարթևական մեծ արշավանքի հետագա փուլերում, ինչպես նաև ավելի ուշ՝ հայ-հռոմեական պատերազմներում[41]։

Ատրպատականի թագավորության նկատմամբ ազդեցության հաստատումից հետո Տիգրան Մեծի հաջորդ թիրախը Կորդվաց թագավորությունն էր, որտեղ իշխում էր Զարբիենոս արքան[42]։ Կորդուքը հայտնվում է Հայոց աշխարհակալության սահմաններում առանց որևէ դիմադրության, քանի որ Զարբիենոսը նպատակադրված էր Ատրպատականի օրինակով ձեռնպահ մնալ արյունահեղությունից։ Զարբիենոսը, սակայն, ի տարբերություն Միհրդատ Մեդացու, չի պահում իր հավատարմության ուխտը հայոց թագավորին։ Մ․թ․ա․ 71 կամ 70 թվականին Զարբիենոսը Անտիոքում հանդիպում է Ապպիոս Կլավդիոսին՝ վերջինիցս աղերսելով հռոմեական լեգեոնների օժանդակությունն արքայից արքա Տիգրան Մեծի լծից ազատվելու համար Կորդուքի թագավորության մղած պայքարում[42]։ Զարբիենոսը, ինչպես նաև նրա կինը և երեխաները, սակայն, անհայտ հանգամանքներում սպանվում են մինչև Լյուցիոս Լուկուլլոսի ժամանելը Կորդուք։ Հռոմեացի զորավարը Կորդվաց աշխարհում մեծ շուքով կազմակերպում է Զարբիենոսի և ողջ արքայական ընտանիքի հուղարկավորության արարողությունը և իր ձեռքերով վառում թաղման բուրգը[42]։


Հռոմեացի պատմիչ Պլուտարքոսը՝ Տիգրան Մեծի և վերջինիս ուղեկցորդ չորս վասալ-թագավորների մասին
Երբ Տիգրանը նոր միայն սկսում էր, նրա ծրագրերն ու հնարավորությունները խիստ համեստ էին, իսկ այժմ նա հպատակեցրել էր բազում ժողովուրդների, խորտակել է, ինչպես դեռևս չէր հաջողվել ուրիշ մեկին, պարթևների հզորությունը, իսկ Միջագետքը հեղեղել է հելլեններով, որոնց նա ամբողջ բազմություններով գաղթեցրել էր Կիլիկիայից ու Կապադովկիայից։ Այլ ժողովուրդներից նա արաբական քոչվոր ցեղերին քշեց իրենց նախկին վայրերից և բնակեցրեց իր մայրաքաղաքի մոտ, որպեսզի նրանց օգտագործի առևտրական կարիքների համար։ Նրա մոտ շատ թագավորներ կային սպասավորի դրությամբ, իսկ նրանցից չորսին նա մշտապես պահում էր իր մոտ, որպես ուղեկից կամ թիկնապահ․ երբ նա գնում էր ձիով, նրանք, կարճ խիտոններ հագած, վազում էին նրա կողքից, իսկ երբ նստած էին լինում և զբաղվում պաշտոնական գործերով, նրանք կանգնում էին նրա շուրջ, ձեռքերը կրծքերին․․․

«Զուգահեռ կենսագրություններն», Պլուտարքոս, 1-2-րդ դարերի հռոմեացի պատմիչ


Առաջխաղացում դեպի Մարաստան և Եկբատանի գրավում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Միջագետքում գտնվող Ադիաբենեն, Կորդուքը, ինչպես նաև Ատրպատականն իր իշխանությանը ենթարկելուց հետո Տիգրան Մեծը վճռականորեն շարունակում է արշավանքը՝ հարձակում գործելով բուն Պարթևական տերության սահմանների վրա։ Միջագետքի ուղղությամբ սլանալով՝ հայկական բանակները հանդիպում են Գոդերձի հատընտիր զորախմբերի դիմադրությանը, սակայն հուժկու մարտերում նախաձեռնությանը տիրում է Մեծ Հայքի թագավորությունը, որի արդյունքում «մնացյալ Միջագետքը» ևս գրավվում է Տիգրան Մեծի կողմից։ Միջագետքի նկատմամբ ամբողջական վերահսկողություն սահմանելուց հետո Տիգրան Մեծը արշավում է մարերի երկրի ուղղությամբ և հարաբերականորեն կարճ ժամանակահատվածում գրավում ողջ Մարաստանը, ապա հարավարևելյան ճակատում իր զորքերին հրամայում պաշարել պարթև Արշակունիների ամառային նստավայր Եկբատանը։ Դեպի Եկբատան արշավելիս հայկական զորքերը պաշարում են Ադրաբանա ամրոցը, որտեղ պահվում էին պարթև Արշակունիների տոհմական գանձերը, ապա կողոպտում ամրոցը և հիմնահատակ հրկիզում։

Մ․թ․ա․ 85 թվականի շրջակայքում Մեծ Հայքի թագավորության բանակը շրջափակում է Եկբատան քաղաքը, ինչն էլ ազդարարում է Տիգրան Մեծի պարթևական արշավանքի հաղթական ավարտը։ Ոստանիկ Եկբատանի նվաճման և ավերման հնարավորությունը խառնաշփոթ է առաջացնում պարթևական արքունիքում, և այդ ճնշումների ու սպառնալիքների ներքո էլ Գոդերձը ստիպված է լինում հաշտություն խնդրել հայոց արքայից։

Հույն նշանավոր մատենագիր Ստրաբոնն իր «Աշխարհագրություն» աշխատության մեջ պարթևական նվաճումները ձևակերպել է հետևյալ կերպ[43]

Տիգրանը փոփոխական բախտ է ունեցել, քանզի նա սկզբում պատանդ է եղել պարթևների մոտ, այնուհետև պարթևները որպես վարձ ստանալով յոթանասուն հովիտներ Հայաստանից, նրան վերադարձնում են գահը։ Նա հզորանալով, թե այդ վայրերը ետ վերցրեց և թե նվաճեց նրանց երկիրը։
- Ստրաբոն, 1-ին դարի հույն մատենագիր

Պատերազմի ավարտ և հաշտության պայմանագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիգրան Մեծի հատած մետաղադրամը, որտեղ երևում են հին հունարեն «Տիգրան» և «արքայից արքա» գրությունները։

Հայ-պարթևական համաձայնագրի վերաբերյալ կարևորագույն տեղեկություններ է պահպանվել Մարկոս Յուստինոսի աշխատությունում[44]։ Ըստ էության, համաձայնագիրը կնքվում է մ․թ․ա․ 85 թվականին։ Հաշտության համաձայնագրով երբեմնի արևելքի գերիշխան տերությունը՝ Պարթևստանը, հայտնվում էր Մեծ Հայքի թագավորության քաղաքական ազդեցության ներքո և կորցնում էր Տիգրան Մեծի կողմից նվաճված տարածքներն ու Մեծ Հայքի հարևան միջագետքյան երբեմնի կամակատար թագավորությունների նկատմամբ ունեցած բացարձակ վերահսկողությունը։ Հայաստանի տարածքային ձեռքբերումները ներառում էին ողջ Ատրպատականը, Օսրոյենեն, Ադիաբենեն, Կորդուքը, Մարաստանի զգալի մասը, իսկ մի փոքր ավելի ուշ նաև Միգդոնիան և Կոմմագենեն[15]։ Կոմմագենեն Մեծ Հայքի թագավորությանն է միանում սեփական նախաձեռնությամբ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ այստեղ իշխում էր Երվանդականների հայկական արքայատոհմը[15]։

Տիգրան Մեծի արշավանքը անդառնալի հետևանքներ է ունենում Պարթևստանի քաղաքական անկախության համար։ Գոդերձ Ա-ն Տիգրան Մեծին այս պայմանագրով ստիպված է լինում զիջել պարթև Արշակունիների տոհմական «արքայից արքա» տիտղոսը[45], որը վերջինիս հետնորդները պահպանում են մինչև Արտաշեսյանների թագավորության անկումը 1 թվականին՝ ընդհուպ մինչև Տիգրան Դ և Էրատո։ Որոշ տեսակետների համաձայն՝ այս պատերազմի արդյունքում Մեծ Հայքի թագավորությանն է միացվում ողջ Պարթևստանը՝ մինչև Ինդոս գետի հովիտ, և վերջինս որպես անկախ քաղաքական միավոր դադարում է գոյություն ունենալ մինչև Սանատրուկ Պարթևի գահ բարձրանալը[46]։ Այս տեսակետը հիմնավորվում է հռոմեացի պատմիչ Պոմպեոս Տրոգոսի հիշատակություններով, որը, համակարգելով Պարթևստանի գահակալների ժամանակագրական հաջորդականությունը, Միհրդատ Մեծից հետո որպես Պարթևստանի տիրակալ հիշատակել է Տիգրան Բ-ին[47]։ Սա վկայում է այն մասին, որ Տիգրան Մեծը, վճռական պատերազմում պարթևներին հաղթելով, «արքայից արքա» տիտղոսից բացի ստացել է նաև «պարթևաց արքա» տիտղոսը։ Բացի այդ, ակներև է նաև այն փաստը, որ պատմագիտական աղբյուրներում Միհրդատ Գ և Որոդես Ա արքաների (որոնք իբրև թե գահակալել են Պարթևստանում` հաջորդելով Գոդրեձին) մասին տեղեկությունները խիստ կցկտուր են և իրարամերժ։

Մ․թ․ա․ 85 թվականից ի վեր Տիգրան Մեծի կողմից հատված մետաղադրամների դարձերեսին զետեղված «արքա» բառի փոխարեն սկսում է նշմարվել «արքայից արքա» պատվավոր տիտղոսը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հակոբ Մանանդյան, «Քննական Տեսություն Հայ Ժողովրդի Պատմության», ՀԽՍՀ ԳԱ, Պատմ. ին-տ., Երևան, Հայպետհրատ, 1945, Գլուխ իններորդ, Արտաշեսյան և Զարեհյան թագավորությունների հաստատումը Հայաստանում, էջ 133
  2. Վիզեհյոֆեր, Յոսեֆ (2017 թ․ ապրիլի 26). «Միհրդատ երկրորդ, Պարթևստանի արքա, մ․թ․ա․ 125/121–91». Օքսֆորդի հանրագիտարան (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  3. 3,0 3,1 «Միհրդատ II / Պարթևստանի թագավոր». «Բրիտաննիկա» հանրագիտարան (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  4. «Պարթևա-սկյութական հարաբերություններ». «World History» հանրագիտարան (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  5. Մարկոս Յուստինոս, Historia Philippicae et Totius Mundi Origines et Terrae Situs, XLII, , 2, 3-6
  6. Հայկական սովետական հանրագիտարան, «Արտավազդ Ա»
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Հակոբ Մանանդյան, «Քննական Տեսություն Հայ Ժողովրդի Պատմության», Հ. Ա ՀՍՍՌ ԳԱ, Պատմ. ին-տ., Երևան, Հայպետհրատ, 1945, Գլուխ իններորդ, Արտաշեսյան և Զարեհյան թագավորությունների հաստատումը Հայաստանում, էջ 133-134
  8. 8,0 8,1 «Տիգրան Մեծ». iranicaonline.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)
  9. 9,0 9,1 9,2 9,3 Արտակ Մովսիսյան, «Տիգրան Մեծ․ Թագավորներից մեծագույնը», Եր․, ԵՊՀ հրատ, 2010, մեջբերվող էջ՝ 11
  10. «Արտաշեսյանների արքայատոհմը Հայաստանում». OST АРМЕНИЯ. 2010 թ․ հունվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 8-ին.
  11. «Հայկական Հանրագիտարան / Արտաշեսյաններ /Տիրան». www.encyclopedia.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 8-ին.
  12. Մովսես Խորենացի, I, գլ․ Լ և II, գլ․ Ծ - ԾԳ, ԾԵ, ԿԱ և ԿԲ
  13. Արտակ Մովսիսյան, «Տիգրան Մեծ․ Թագավորներից մեծագույնը», Եր․, ԵՊՀ հրատ, 2010, մեջբերվող էջ՝ 12
  14. Հայոց պատմություն։ Ուսումնական ձեռնարկ/ Լ. Ա. Մկրտումյան.–Եր.։ Տնտեսագետ, 2016.- էջ 27 ։
  15. 15,0 15,1 15,2 Հակոբ Մանանդյան, «Քննական Տեսություն Հայ Ժողովրդի Պատմության», Հ. Ա ՀՍՍՌ ԳԱ, Պատմ. ին-տ., Երևան, Հայպետհրատ, 1945, Գլուխ իններորդ, Արտաշեսյան և Զարեհյան թագավորությունների հաստատումը Հայաստանում, էջ 137
  16. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան։ «Հայաստան» հրատարակչություն։ 1966։ էջ 300
  17. Կարեւորագույն պայմանագրերը Հայաստանում սկզբից մինչև XIV դարը, էջ 10-11
  18. Հ․ Գ․ Ժամկոչյան, Ա․ Գ․ Աբրահամյան, Ս․ Տ․ Մելիք-Բախշյան, Ս․ Պ․ Պողոսյան «Հայ ժողովրդի պատմություն․ սկզբից մինչև XVIII դարի վերջ», էջ 121
  19. Արտակ Մովսիսյան, «Տիգրան Մեծ․ Թագավորներից մեծագույնը», Եր․, ԵՊՀ հրատ, 2010, մեջբերվող էջ՝ 15-16 «Կապադովկիական առաջին արշավանք»
  20. Կիրիլ Թումանով, «Իբերիայի վաղ շրջանի արքաների ժամանակագրություն», գլուխ 25, էջ 10-11, հրատարակված՝ 1969
  21. 21,0 21,1 21,2 Արշակունիներ (Առաջին սերնդի անկումը) , Մհեր Հակոբյան - Եր․։ Հեղ․ հրատ․, 2017, մաս II, էջ 7-8, «Տիգրան Մեծ»
  22. Ստրաբոն, «Աշխարհագրություն», 532
  23. 23,0 23,1 23,2 Արտակ Մովսիսյան, «Տիգրան Մեծ․ Թագավորներից մեծագույնը», Եր․, ԵՊՀ հրատ, 2010, մեջբերվող էջ՝ 21-22 «Պարթևական մեծ արշավանքի մեկնարկը»
  24. Քևենի, Արթուր (ամառ, 1981). «Հռոմեական պայմանագրերը Պարթևաստանի հետ մ.թ.ա 95-64 թվականներին». Ամերիկյան բանասիրական հանդես, 102 (2): 195–212.
  25. Frank K. Strk, BA Hons. The First Meeting of the Roman and Parthian Empires―Geopolitical Context and Consequences (PDF). School of History and Classics, University of Tasmania.
  26. Dignas, Beate; Winter, Engelbert (2007). Rome and Persia in Late Antiquity: Neighbours and Rivals. Cambridge University Press. ISBN 978-0-521-84925-8.
  27. Արտակ Մովսիսյան, «Տիգրան Մեծ․ Թագավորներից մեծագույնը», Եր․, ԵՊՀ հրատ, 2010, մեջբերվող էջ՝ 16-17 «Պարթևստան-Հռոմ դաշինք»
  28. 28,0 28,1 28,2 Kennedy, David (1996), "Parthia and Rome: eastern perspectives", in Kennedy, David L.; Braund, David (eds.), The Roman Army in the East, Ann Arbor: Cushing Malloy Inc., Journal of Roman Archaeology: Supplementary Series Number Eighteen, pp. 67–90, ISBN 978-1-887829-18-2
  29. Vardanyan, Ruben (2006). "Some remarks on the arrangement of the Parthian "Dark Age" coin series" Արխիվացված 2022-08-06 Wayback Machine (PDF). Parthica : incontri di culture nel mondo antico. 8. Retrieved 11 March 2020
  30. Assar, Gholamreza F. (2006). A Revised Parthian Chronology of the Period 91-55 BC. Parthica. Incontri di Culture Nel Mondo Antico. Vol. 8: Papers Presented to David Sellwood. Istituti Editoriali e Poligrafici Internazionali. ISBN 978-8-881-47453-0. ISSN 1128-6342.
  31. Garthwaite, Gene Ralph (2005), The Persians, Oxford & Carlton: Blackwell Publishing, Ltd., ISBN 978-1-55786-860-2 p. 77
  32. 32,0 32,1 Արտակ Մովսիսյան, «Տիգրան Մեծ․ Թագավորներից մեծագույնը», «Պարթևական մեծ արշավանքի մեկնարկը», Եր․, ԵՊՀ հրատ, 2010, մեջբերվող էջ՝ 21-22
  33. 33,0 33,1 Shayegan, M. Rahim (2011). Arsacids and Sasanians: Political Ideology in Post-Hellenistic and Late Antique Persia. Cambridge University Press. pp. 1–539. ISBN 9780521766418.
  34. «The Rise and Fall of Tigranes the Great, King of Armenia». Ancient Origins Reconstructing the story of humanity's past (անգլերեն). 2018 թ․ հուլիսի 5. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 26-ին.
  35. Dąbrowa, Edward (2018). «Arsacid Dynastic Marriages». Electrum. 25: 73–83. doi:10.4467/20800909EL.18.005.8925., էջ 77
  36. Zoroastrianism in Armenia. Harvard University, Department of Near Eastern Languages and Civilizations and National Association for Armenian Studies and Research. 1987. ISBN 978-0674968509. {{cite book}}: |first1= missing |last1= (օգնություն), էջ 89
  37. «Խորհրդանշական Գիսաստղի օրը». Hetq.am. 2010 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 26-ին.
  38. 38,0 38,1 Արտակ Մովսիսյան, «Տիգրան Մեծ․ Թագավորներից մեծագույնը», Եր․, ԵՊՀ հրատ, 2010, մեջբերվող էջ՝ 21
  39. Տիգրան Մեծ․ Հայրենապաշտ տիրակալը, մաս Ա, Վերցված է 2023 թ․ օգոստոսի 26-ին
  40. Foundation, Encyclopaedia Iranica. «AZERBAIJAN iii. Pre-Islamic History». iranicaonline.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 26-ին.
  41. 41,0 41,1 41,2 Դիոն Կասսիոս, «Հռոմեական պատմություն», 36.14
  42. 42,0 42,1 42,2 Schottky, Martin (Pretzfeld) (2006 թ․ հոկտեմբերի 1). «Zarbienus» (անգլերեն). Brill. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  43. Ստրաբոն, Geographica 11.14.15
  44. Nercessian, Y. T. (2000), Tigranes the Great of Armenia and the Mint of Damascus, Armenian Numismatic Studies 9: 95–107.
  45. Olbrycht, Marek Jan (2009). «Mithridates VI Eupator and Iran». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն) էջ 178
  46. Brosius, Maria (2006). The Persians: An Introduction. London & New York: Routledge. ISBN 978-0-415-32089-4., Էջեր 91–92
  47. Արտակ Մովսիսյան, «Տիգրան Մեծ․ Թագավորներից մեծագույնը», Եր․, ԵՊՀ հրատ, 2010, մեջբերվող էջ՝ 24 «Տիգրանյան աշխարհակալության ստեղծում»


Նախորդող
Պայքար «Յոթանասուն հովիտներ»-ի համար
Վիրքի հպատակեցումը Տիգրան Մեծի կողմից
Տիգրան Մեծի նվաճումներ
մ.թ.ա. 95մ.թ.ա. 55
Հաջորդող
Սելևկյան թագի նվաճումը Տիգրան Մեծի կողմից