Jump to content

Մհեր Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մհեր Իշխանի Հակոբյան

Ծնվել էմայիսի 18, 1981 թվական
ԾննդավայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
Կրոնքրիստոնյա
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Երկեր

Հեղինակային գրքեր՝

  • «Վարդանանց պատերազմի որոշ դրվագների վերլուծություն»
  • «Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք» (70 հատոր)
  • «Հայկազունիներ»
  • «Արշակունիներ» (3 հատոր)
  • «Первый крестовый поход и армяне»
  • «Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք» (5 հատոր)
  • «Մեծ խաղը» (3 հատոր)
Մասնագիտությունիրավաբան, պատմաբան
Աշխատավայրփաստաբան
ԱմուսինԹամարա Հակոբյան

Մհեր Հակոբյան (ծնված՝ մայիսի 18, 1981, Երևան, Հայաստան), հայ ռազմական պատմաբան, իրավագետ, հասարակական գործիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մհեր Իշխանի Հակոբյանը ծնվել է 1981 թվականի մայիսի 18-ին Երևանում՝ մտավորականների ընտանիքում։ 1998 թվականին ավարտել է Երևանի թիվ 180 դպրոցը և նույն տարում ընդունվել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ։

2002 թվականին ուսումը շարունակել է նույն համալսարանի մագիստրատուրայում՝ քրեական իրավունքի մասնագիտական ուղղվածությամբ։ Երևանի պետական համալսարանում սովորելու, ինչպես նաև հետագա տարիներին շարունակաբար ուսումնասիրել է հայ ժողովրդի ռազմական պատմությունը։

2003 թվականին հրատարակել է Վարդանանց պատերազմին նվիրված «Վարդանանց պատերազմի որոշ դրվագների վերլուծություն» աշխատությունը, իսկ հետագայում, ավելի, քան 10 տարի տևած աշխատանքի արդյունքում, 2007-2009 թվականներին 70 առանձին հատորներով հեղինակել ու հրատարակել է «Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք»-ը, որում առաջին անգամ ի մի են հավաքված Հայկական բանակի և Հայ ռազմիկների մասնակցությամբ երկրագնդի վրա տեղի ունեցած բոլոր ճակատամարտերը ու պատերազմները, ինչպես նաև ճակատամարտերը և պատերազմները, որոնք տեղի են ունեցել Հայաստանի 18 նահանգներում առանց հայերի մասնակցության։

2020 թվականին հրատարակել է «Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք» աշխատության նոր տարբերակը, որում մինչև 1830 թվական ընկած գործնականում բոլոր ռազմական գործողությունների վերաբերյալ գումարվել է համապատասխան հղում, որտեղ շարադրված է (են) սկզբնաղբյուր հանդիսացող և այս տողերը գրելու պահին ինձ հասանելի հեղինակ(ներ)ը` իրենց աշխատանքների անվանման ու դրանց համապատասխան մասի նշումներով։ Հղումներում առանց բացառությամբ նշված են սկզբնաղբյուր հանդիսացող և այդ պահին հայտնի բոլոր այն հեղինակներին, որոնք որևէ կերպ հիշատակում են իրադարձությունը` սկսած մի քանի բառ պարունակող չոր հաղորդագրությունից ու վերջացրած լայնարձակ հատվածներով։ Արդյունքում, ծանոթանալով Տարեգրքի նոր հրատարակությանը, ընթերցողն արդեն ձեռքի տակ կունենա ոչ միայն, օրինակ, 1176 սեպտեմբերի 17-ից 18-ը տեղի ունեցած Մյուրիկեաֆոլնի ճակատամարտի սպառիչ նկարագրությունը, այլ նաև այն, թե իրենց ամբողջական տեսքով ի՞նչ են այդ մասին հայտնում բյուզանդական, ասորական, մուսուլմանական, հայկական, եվրոպական, վրացական և այլ աղբյուրները (եթե դրանք, իհարկե, կան)։ Այսպիսով, ըստ էության, առկա է յուրաքանչյուր ռազմական գործողության վերաբերյալ ամեն ինչ։ Փաստորեն, բացի արդեն իսկ հիշատակված գործից առ այն, որ Տարեգիրքը ռազմապատմական սպառիչ տեղեկություններ է հայտնում հայերի և Հայաստանի մասին, արդյունքում, վերջինս փաստորեն, ըստ էության, նաև հայ ժողովրդի պատմության իսկական մի քրեստոմատիա է, ընդ որում շատ աղբյուրներ հայերեն են թարգմանվել առաջին անգամ, իսկ մոտակա ժամանակներում էլ դրանց հայերեն այլ թարգմանություն էլ դժվար թե լինի։ Արդյունքում՝ աշխատանքը գործնականում անփոխարինելի կարող է լինել նաև այն մարդկանց համար, որոնք կուզենան ծանոթանալ հիշատակված սկզբնաղբյուրների հայերեն աշխարհաբար շարադրանքին։

2021 թ-ին հրատարակել է «Մեծ խաղը» աշխատությունը, որտեղ արտացոլված են հեղինակի այն մտքերն ու գաղափարները, որոնք, զուտ վերջինիս ձևաչափը հաշվի առնելով, չեն շարադրված «Հայ ժողովրդի ռազմական Տարեգիքում»։ «Մեծ խաղում» Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը շարադրված է անբեկանելի կապի մեջ հարակից երկրների պատմության հետ։ Այստեղ, ի տարբերություն Տարեգրքի, պատմողական տեսքով շարադրված են ինչպես առանձին պատերազմներ, այնպես էլ ռազմագործողությունների առանձին շղթաներ, երբ քննարկված են նաև դրանց ռազմավարական ու մարտավարական առանձնահատկությունները, ինչպես նաև վերջիններիս ռազմաքաղաքական բաղադրիչը։ «Մեծ խաղում» դեպքերի և իրադարձությունների շարադրանքը արվել է արևային ճառագայթների տարածման տեսքով, երբ տարածման կենտրոնում Հայաստանն է։ Որպես հետևանք, Հայաստանի հետ կապված իրադարձությունները շարադրված են իրենց գործնականում համապարփակ տեսքով, մանրամասն տրված են նաև Հայաստանի հարևանների պատմությունները, սակայն արդեն վերջիններիս հարևանների պատմությունները ներկայացված են ուղիղ այնքանով, ինչքանով որ դրանք կապ ունեն Հայաստանի հետ։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականից ի վեր հեղինակը լույս է ընծայել հայ ժողովրդի պատմությանը նվիրված թվով 7 ստեղծագործություններ։ Ստորև ներկայացված է դրանց ցանկը․

  • «Վարդանանց պատերազմի որոշ դրվագների վերլուծություն»՝ հրատարակված 2003 թվական[1]։
  • «Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք»՝ հրատարակված 2007-2009 թվականներ։ Աշխատությունը կազմված է 70 առանձին հատորներից[2]։
  • «Հայկազունիներ՝ մոռացված մի արքայատոհմ»՝ հրատարակված 2012 թվական[3]։
  • «Արշակունիներ»՝ հրատարակված՝ 2017 թվական։ Աշխատությունը կազմված է 3 առանձին հատորներից[4]։
  • «Первый крестовый поход и армяне»՝ հրատարակված 2019 թվական[5]։
  • «Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք»՝ հրատարակված 2020 թվական։ Աշխատությունը կազմված է 5 առանձին հատորներից, համացանցում տեղադրված չէ[6]։
  • «Մեծ խաղը»՝ հրատարակված՝ 2021 թվական։ Աշխատությունը կազմված է 3 առանձին հատորներից, հատոր 1[7], հատոր 2[8], հատոր 3[9]։

Մհեր Հակոբյանի պատմական աշխատանքներում արտահայտված է որոշ գեղարվեստականություն։ Հեղինակը կողմնակից է պատմական դեպքերն ու փաստերը կենդանի, դիտարժան տեսքով ներկայացնելու մոտեցմանը։ Միաժամանակ, չլինելով դիպլոմավորված պատմաբան և չձգտելով գիտական կոչումների, Մհեր Հակոբյանը հաճախ չի պահպանում գիտական ձեռագրի ընդունված կանոնները, ինչը գիտական շրջականերին երբեմն ստիպում է որոշակի զգուշությամբ մոտենալ նրա աշխատանքներին։

Որպես ռազմական մեկնաբան, Մհեր Հակոբյանը ամենից առաջ արևմտյան և հատկապես, Իսրայելի ընտրած զարգացման մոդելի կողմնակից է, որն առավել է հարմար սահմանափակ միջոցներ ու տարածք ունեցող Հայաստանի համար։ Մհեր Հակոբյանը իրեն հետևողական կողմնակիցն է համարում ցանցակենտրոն պատերազմի տեսությանը՝ հիմնված «քիչ արյունով պատերազմելու» հայեցակարգի և «օդային գերակայության» սկզբունքի վրա՝ այս ճանապարհին հաճախ չխուսափելով դեմ դուրս գալ ներկայումս Հայաստանում դեռևս որոշակիորեն գերիշխող, դասական խորհրդային կամ կայսերական մոդելին։ Որպես ռազմական վերլուծաբան՝ Մհեր Հակոբյանը երբեմն մասնակցում է Հայաստանի պաշտպանության նախարարության կազմակերպած տարատեսակ միջոցառումներին, որոնցից կարելի է առանձնացնել բլոգերների հայտնի այցը նախիջևանյան սահման։ Իրեն համարում է ազգայնական, բայց ոչ երբեք՝ ազգայնամոլ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հակոբյան, Մհեր Իշխանի (2003). Վարդանանց պատերազմի որոշ դրվագների վերլուծություն. Երևան: Հեղինակային հրատարակություն. ISBN 9993047209. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)
  2. Հակոբյան, Մհեր Իշխանի (2007). Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք. Երևան: Հեղինակային հրատարակություն. ISBN 9789939032757.
  3. Հակոբյան, Մհեր Իշխանի (2012). Հայկազունիներ (մոռացված մի արքայատոհմ). Երևան: Հեղինակային հրատարակություն. ISBN 9939003900. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 7-ին.
  4. Հակոբյան, Մհեր Իշխանի (2017). Արշակունիներ. Երևան: Հեղինակային հրատարակություն. ISBN 9789939025100.
  5. Акопян, Мгер Ишханович (2019). Первый крестовый поход и армяне. Երևան: Հեղինակային հրատարակություն. ISBN 9789939029375.
  6. Հակոբյան, Մհեր Իշխանի (2020). Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք. Երևան: Հեղինակային հրատարակություն. ISBN 9789939032757.
  7. Հակոբյան, Մհեր Իշխանի (2021). Մեծ խաղը. Երևան: Հեղինակային հրատարակություն. ISBN 9789939037752.
  8. Հակոբյան, Մհեր Իշխանի (2021). Մեծ խաղը. Երևան: Հեղինակային հրատարակություն. ISBN 9789939037752.
  9. Հակոբյան, Մհեր Իշխանի (2021). Մեծ խաղը. Երևան: Հեղինակային հրատարակություն. ISBN 9789939037752.