Ռոման Պոլանսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոման Պոլանսկի
ֆր.՝ Roman Polanski
Ծնվել էօգոստոսի 18, 1933(1933-08-18)[1][2][3][…] (90 տարեկան)
ԾննդավայրՓարիզ[4]
ԿրթությունԼոդզի կինոդպրոց և Կրակովի արվեստի ակադեմիա
Քաղաքացիություն Լեհաստան և  Ֆրանսիա
Կրոնհուդայականություն
Մասնագիտացումկինոռեժիսոր, դերասան, կինոպրոդյուսեր, սցենարիստ, գրող, բնավորության դերասան, կինոդերասան, թատերական ռեժիսոր և ռեժիսոր
ԱմուսինԲարբարա Կվյատկովսկայա-Լաս, Շերոն Թեյթ և Էմմանուել Սենյե
Պարգևներ
«Gloria Artis մշակույթում ունեցած վաստակի համար»ոսկե մեդալ, Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ,

«Սեզար» մրցանակ՝ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար (2014)

,

Արծաթե արջ մրցանակ լավագույն բեմադրության համար (2010)

, Օսկար լավագույն ռեժիսորի համար,
, Մեդալ մշակույթում վաստակի համար,

European Film Awards համաշխարհային կինոյում եվրոպական ավանդի համար (1999)

,

Եվրոպական ֆիլմի ակադեմիայի մրցանակ (2006)

,

Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ լավագույն ֆիլմի համար (2010)

,

Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ լավագույն ռեժիսորին (2010)

,

Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ լավագույն սցենարիստին (2010)

,

ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ լավագույն ֆիլմի համար

,

Բրիտանական ակադեմիայի կինոմրցանակ լավագույն ռեժիսուրայի համար

,

César Award for Best Adaptation? (2020)

,

«Սեզար» մրցանակ՝ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար (2020)

և

Honorary Citizen of the City of Łódź? (2000)

IMDbID ID 0000591

Ռոման Պոլանսկի (անգլ.՝ Roman Polanski, իրական անունը` Ռայմունդ Ռոման Լիբլինգ, օգոստոսի 18, 1933(1933-08-18)[1][2][3][…], Փարիզ[4]), հետպատերազմյան տարիների խոշորագույն ռեժիսոր, պրոդյուսեր, դերասան և սցենարիստ։ Աշխատել է Լեհաստանում (1953-1962 թթ.), Մեծ Բրիտանիայում (1963-1967 թթ.), ԱՄՆ-ում (1968-1976 թթ.) և Ֆրանսիայում (1976 թ-ից)։ Կինեմատոգրաֆիայի ասպարեզում արժանացել է մի շարք կարևորագույն մրցանակների ու պարգևների, այդ թվում` Կաննի «Ոսկե արմավենու ճյուղ», Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ», Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ»` ստեղծագործական կյանքի ընթացքում կատարած ձեռքբերումների համար, «Օսկար», «Սեզար», «Ոսկե գլոբուս», BAFTA` լավագույն ռեժիսորական աշխատանքի, ինչպես նաև եվրոպական կինոակադեմիայի «Ֆելիքս»` լավագույն ֆիլմի, ռեժիսուրայի և կինեմատոգրաֆի զարգացման համար կատարած ներդրումների համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոման Պոլանսկին ծնվել է Փարիզում ` հրեական ընտանիքում։ Երբ նա երեք տարեկան էր, նրա ծնողները տեղափոխվել են Լեհաստան և հաստատվել Կրակովում։ Գերմանիայի կողմից Լեհաստանը նվաճելուց հետո, նրանց ընտանիքը ներկալվել է Կրակովի հրեական առանձնաթաղում։ Մայրը զոհվել է Բելժեցի համակենտրոնացման ճամբարում, իսկ հորը հաջողվել է գոյատևել Մաուտհաուզենի համակենտրոնացման ճամբարում։ Հրեական առանձնաթաղի վերացվելուց հետո, մինչև պատերազմի ավարտը, Ռոմանին թաքցրել են լեհական ընտանիքները։ Նա հիշում է, որ նացիստները հրաձգությունների ժամանակ իրեն որպես թիրախ էին օգտագործում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նա իրեն վերագտավ արվեստի բնագավառում։ 1945 թվականին գտել է հորը և ընդունվել տեխնիկական դպրոց։ Շուտով սկսել է աշխատել մանկական հեռուստատեսությունում, խաղացել ռադիոբեմադրություններում և թատրոնում, գլխավոր դերով հանդես է եկել Վալենտին Կատաևի «Գնդի որդին» պատմվածքի բեմադրությունում։ Իր կյանքը որոշել է կապել կինոյի հետ, երբ նայել է անգլիական «Խաղից դուրս եկածը» (1947 թ.) կինոնկարը, որը մեծ ազդեցություն է թողել նրա վրա։

Ռոման Պոլանսկու երիտասարդությունն անցել է սոցիալիստական Լեհաստանում։ 1953 թվականին քսանամյա դերասանը առաջին անգամ նկարահանվել է կինոյում։ 1955 թվականին նկարահանվել է Անջեյ Վայդայի «Սերունդ» կինոնկարում։ Վայդայի օգնությամբ նա ընդունվել է Լոձի կինոդպրոցը, որն ավարտել է 1959 թվականին։

Ռոման Պոլանսկու առաջին ռեժիսորական աշխատանքներից է «Սպանություն» (1957 թ.) կարճամետրաժ ֆիլմը, որի տևողությունը երկու րոպե էր։ Նրա հաջորդ՝ «Երկուսը պահարանով» (1958 թ.) կինոնկարը արժանացել է հինգ միջազգային մրցանակի՝ այդ թվում Բրյուսելում կայացած համաշխարհային ցուցահանդեսի բրոնզե մեդալի։ 1962 թվականին Ռոման Պոլանսկին նկարահանել է իր առաջին լիամետրաժ «Դանակը ջրում» կինոնկարը։ Լեհաստանում ֆիլմն ընդունվեց սառնությամբ, սակայն արտասահմանում այն աղմուկ հանեց և նույնիսկ որպես լավագույն արտասահմանյան ֆիլմ, ներկայացվեց «Օսկար»-ի։

Տեղափոխվելով Ֆրանսիա, Ռոման Պոլանսկին ծանոթացել է սցենարիստ Ժերար Բրաշի հետ։ Միասին նրանք գրել են «Նողկանք» (1965 թ. Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ» մրցանակ) և «Փակուղի» (1966 թ. «Ոսկե արջ» մրցանակ) ֆիլմերի սցենարները։ Այդ ֆիլմերը նկարահանվել են Անգլիայում։ 1968 թվականին Ռոման Պոլանսկին տեղափոխվել է ԱՄն։ Հոլիվուդում նրա դեբյուտը «Ռոզմարիի երեխան» (1968 թ.) կինոնկարն էր, որը կինեմատոգրաֆի պատմության մեջ նշանակալից երևույթ էր։ Ֆիլմում գլխավոր դերը կատարել է Միա Ֆերրոուն։ Հոլիվուդում Ռոման Պոլանսկու հաջողությունը մթագնեց, երբ 1969 թվականին սպանվեց նրա հղի կինը՝ դերասանուհի Շերոն Թեյթը, որից հետո նա մի քանի տարով մեկնեց Եվրոպա։ Այդ ողբերգությունը իր ազդեցությունն ունեցավ նրա հետագա ստեղծագործությունների վրա։

1974 թվականին վերադառնալով ԱՄՆ, նա նկարահանեց «Չինական թաղամաս» (1974 թ.) կինոնկարը, որի գլխավոր դերերում նկարահանվել էին Ջեք Նիկոլսոնը և Ֆեյ Դանաուեյը։ Կինոնկարն արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի և 11 անվանակարգերում ներկայացվել է «Օսկար» մրցանակի։ 1977 թվականին Ռոման Պոլանսկին մեղադրվել է 13-ամյա Սամանթա Գեյմերին Լոս-Անջելեսում գտնվող Ջեք Նիկոլսոնի տանը բռնաբարելու մեջ։ Պոլանսկին իբր աղջկան հրավիրել էր «Vogue» ամսագրի համար նկարահանելու նպատակով։ Ըստ Սամանթայի, Պոլանսկին իրեն շամպայն և թմրանյութ էր տվել, իսկ հետո ստիպել էր զբաղվել օրալային և անալ սեքսով։ Ձերբակալվելուց և մեղադրանքը առաջադրելուց հետո, Ռոման Պոլանսկին ընդունել էր անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու վերաբերյալ իր մեղքը՝ որպեսզի մեղքի ընդունման համաձայնագրի միջոցով կարողանար մեղմել առաջադրվող մեղադրանքը։

Ռոման Պոլանսկին, մինչ դատավճռի հրապարակումը, համաձայնվել էր ենթարկվել 3-ամսյա հոգեբուժական հետազոտության՝ հանցագործների համար նախատեսված հոսպիտալում, որը գտնվում էր Կալիֆոռնիայի Չինո քաղաքի բանտում։ Վերադառնալով բանտից, Պոլանսկին իր փաստաբանից տեղեկացել էր, որ գործը քննող դատավորը փոխել է իր դիրքորոշումը՝ նրան առանց ազատազրկման պայմանականորեն դատապարտելու վերաբերյալ։ Դա իր փաստաբանների և դատախազության միջև կնքված պայմանագրի խախտում էր, որը նաև հավանության էր արժանացել այդ նույն դատավորի կողմից։ Մինչ դատավճռի կայացումը, 1978 թվականի փետրվարի 1-ին, Ռոման Պոլանսկին ԱՄՆ-ից դիմեց փախուստի և մեկնեց Մեծ Բրիտանիա։ Այնուհետև վախենալով էքստրադիցիայից, մեկնեց Ֆրանսիա, հաճախ բնակվելով նաև Շվեյցարիայի և Լեհաստանի տարածքներում։ Արդյունքում թերթերում հայտնվեցին նաև այլ մեղադրանքներ Պոլանսկու հասցեին։ Մասնավորապես անգլիացի դերասանուհի Շարլոտա Լյուիսը հայտարարում էր, որ ռեժիսորը Փարիզում բռնաբարել է նաև իրեն՝ «Ծովահեններ» (1982 թ.) ֆիլմի նկարահանումների ժամանակ, երբ ինքը 16 տարեկան էր։

Հետագա ֆիլմերը Ռոման Պոլանսկին նկարահանել է Եվրոպայում։ 1979 թվականին թողարկվեց նրա «Տեսս» կինոնկարը, որի համար նա առաջադրվեց «Օսկար»-ի և արժանացավ «Սեզար» մրցանակի։ Այդ ֆիլմը Պոլանսկին նվիրել էր Շերոն Թեյթի հիշատակին։ Գլխավոր դերը ֆիլմում կատարել է Նաստասյա Կինսկին։ 1988 թվականին Պոլանսկին նկարահանել է «Անսանձը», 1992 թվականին՝ «Դառը լուսին», 1999 թվականին՝ «Իններորդ դարպասներ», իսկ 2013 թվականին «Վեներան մորթիներով» կինոնկարները, բոլորը իր կնոջ՝ Էմմանուել Սենյեի մասնակցությամբ։ 2002 թվականին Պոլանսկին անդրադարձել է հոլոքոստի թեմային՝ նկարահանելով «Դաշնակահարը» կինոնկարը, որն արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին։

2009 թվականին Պոլանսկին մեկնել է Շվեյցարիա՝ իր ռեժիսորական գործունեության համար նախատեսված մրցանակն ստանալու։ Ցյուրիխում կինոփառատոնի կազմակերպիչները հայտարարել են, որ ռեժիսորը ձերբակալվել է ԱՄՆ-ի պահանջով, քանի որ ընդունելով իր մեղքը, թաքնվել է դատարանից և համաձայն ամերիկյան օրենքների, վաղեմության ժամկետը այդ դեպքում նրա վրա չի ազդում։ Մի քանի տասնյակ հայտնի կինոգործիչներ՝ այդ թվում Վուդի Ալլենը, Դեյվիդ Լինչը, Մարտին Սկորսեզեն, Վիմ Վենդերսը, Դարրեն Արոնոֆսկին, Տերի Գիլլիամը, Պեդրո Ալմոդովարը, Ֆաննի Արդանը, Մոնիկա Բելուչին, Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրեդերիկ Միտերանը և այլք, իրենց բողոքն են արտահայտել Ռոման Պոլանսկու ձերբակալման կապակցությամբ։ Ֆրանսիայի և Լեհաստանի արտաքին գործերի ղեկավարները հայտարարել են, որ դիմելու են ԱՄՆ նախագահին` Ռոման Պոլանսկուն ներում շնորհելու և քրեական գործը փակելու համար։ Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը հրաժարվել է ներում շնորհել ռեժիսորին։

Ռոման Պոլանսկու ձերբակալված լինելու ժամանակ, Բեռլինի կինոփառատոնում տեղի ունեցավ նրա նոր «Ուրվականը» (2010 թ.) ֆիլմի ցուցադրությունը։ Ֆիլմն արժանացավ «Արծաթե արջ» մրցանակին՝ լավագույն ռեժիսուրայի համար։ Նույն թվականին Շվեյցարիան հրաժարվեց էքստրադիցիայի ենթարկել Պոլանսկուն և ազատ արձակեցին նրան տնային կալանքից։ 2015 թվականին Լեհաստանի դատարանը նույնպես հրաժարվեց Պոլանսկուն հանձնել ԱՄՆ-ին։ Ի դեպ հաշվի էր առնվում նաև այն հանգամանքը, որ տուժողն ինքը, դառնալով չափահաս, բազմիցս հայտարարել էր, որ ռեժիսորի դեմ ոչինչ չունի։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականին Ռոման Պոլանսկին ամուսնացել էր լեհ դերասանուհի Բարբարա Կվյատկովսկայա-Լասսի հետ։ Վերջինիս հետ նա ապրել է մինչև 1962 թվականը։

1968 թվականին ամուսնացել է ամերիկյան դերասանուհի Շերոն Թեյթի հետ, ում հանդիպել էր իր առաջին գունավոր «Վամպիրների պարահանդեսը» (1967թ.) ֆիլմի նկարահանման ժամանակ։ 1969 թվականին Շերոն Թեյթը հղի վիճակում սպանվել էր Չարլզ Մենսոնի խմբի անդամների կողմից։

1989 թվականին Պոլանսկին ամուսնացել է ֆրանսիացի դերասանուհի Էմմանուել Սենյեի հետ։ Նրանք ունեն երկու երեխա։

Նախկինում Պոլանսկին սիրավեպ է ունեցել նաև 15-ամյա դերասանուհի Նաստասյա Կինսկիի հետ։

Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր

Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1955  Հեծանիվ Rower
1955  Սպանություն Morderstwo
1958  Երկուսը պահարանով Dwaj ludzie z szafa
1961  Գերն ու նիհարը Le gros et le maigre
1962  Կաթնասունները Ssaki
1962  Դանակը ջրում Nóz w wodzie
1964  Ամենահիասքանչ խարդախություններն աշխարհում Les plus belles escroqueries du monde
1965  Նողկանք Repulsion
1966  Փակուղի Cul-de-sac
1967  Վամպիրների պարահանդեսը Dance of the Vampires
1968  Ռոզմարիի երեխան Rosemary's Baby
1971  Մակբեթ The Tragedy of Macbeth
1972  Չեմպիոնի օրը Weekend of a Champion
1972  Ի՞նչ Che?
1974  Չինական թաղամաս Chinatown
1976  Կենվորը Le locataire
1979  Տեսս Tess
1986  Ծովահենները Pirates
1988  Անսանձը (Անմտության եզրին) Frantic
1991  Գովազդի արքան The King of Ads
1992  Դառը լուսին Bitter Moon
1994  Մահը և աղջիկը Death and the Maiden
1999  Իններորդ դարպասներ The Ninth Gate
2002  Դաշնակահարը The Pianist
2005  Օլիվեր Թվիստ Oliver Twist
2007  Յուրաքանչյուրն իր կինոն ունի Chacun son cinéma ou Ce petit coup au coeur quand la lumiere s'eteint et que le film commence
2009  Ագահություն. Նոր բույր Ֆրանչեսկո Վեզոլիից Greed, a New Fragrance by Francesco Vezzoli
2010  Ուրվականը The Ghost Writer
2011  Կոտորած Carnage
2012  Թերապիա A Therapy
2013  Վեներան մորթիներով La Vénus à la fourrure

Դերասան

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1953 Երեք վիպակ Trzy opowiesci Գենեկ
1954 Սերունդ Pokolenie Մունդեկ
1955 Երեք ելընթաց Trzy starty ռադիոլսող
1955 Կախարդական հեծանիվը Zaczarowany rower Ադաս
1955 Հեծանիվ Rower -
1956 Խորտակված նավեր Wraki -
1956 Գիշերվա վերջը Koniec nocy -
1958 Ի՞նչ կասի կինս Co rekne zena? պարող
1958 Հերոիկա Eroica -
1959 Թռչողը Lotna երաժիշտ
1959 Ցտեսություն, մինչ վաղը Do widzenia, do jutra Ռոմեկ
1959 Երբ ցած են ընկնում հրեշտակները Gdy spadaja anioly -
1960 Անմեղ կախարդները Niewinni czarodzieje կոնտրաբաս նվագողը
1960 Զգույշ, Ձնեմարդ է Ostroznie, Yeti! -
1960 Շիլաչ երջանկություն Zezowate szczęście Իոլայի փորձավարը
1961 Սամսոն Samson -
1967 Վամպիրների պարահանդեսը Dance of the Vampires Ալֆրեդ
1969 Հրաշագործը (Կախարդական քրիստոնյան) The Magic Christian հարբեցող
1972 Ի՞նչ Che? Մոսկիտո
1974 Արյուն Դրակուլայի համար Blood for Dracula տղամարդ
1974 Չինական թաղամաս Chinatown դանակով տղամարդը
1976 Կենվորը Le locataire Տրելկովսկի
1982 Աթուրմա Chassé-croisé -
1989 Գոդոին սպասելիս En attendant Godot Լյուկ
1992 Դեպի ետ` ԽՍՀՄ Back in the U.S.S.R. ռուս մաֆիոզ Կուրիլով
1994 Հասարակ ձևականություն Una pura formalità կոմիսար
1994 Փառքի խարդավանքը Grosse fatigue Ռոման Պոլանսկի
2000 Հարգանքի տուրք Ալֆրեդ Լեպետիին Hommage à Alfred Lepetit -
2002 Վրեժ Zemsta Ժոզեֆ Պապկին
2007 Պիկ ժամ 3 Rush Hour 3 կոմիսար Ռևի
2008 Հանդարտ քաոս Caos calmo Ստեյներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118595431 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.