Աղոթք (բանաստեղծություն)
| Աղոթք | |
|---|---|
| Տեսակ | գրական ստեղծագործություն |
| Ժանր | բանաստեղծություն |
| Ձև | բանաստեղծություն |
| Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
| Բնագիր լեզու | հայերեն |
| Գրվել է | 1887 |
| Վիքիդարան | Աղոթք |
«Աղոթք», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1887 թվականին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1887 թվականի փետրվար ամսին։
Տիգրան Փիրումյանն իր հուշերում նշում է Մոսկվայում 1890 թվականին լույս տեսած բանաստեղծությունների ժողովածուի I հատորում տպագրված 13 բանաստեղծության մասին և տեղեկություններ հաղորդում դրանց գրվելու շարժառիթների և Թումանյանի ներշնչման մասին։ Ըստ այդ հուշերի՝ «Աղոթք» բանաստեղծությունը գրելու առիթ է դարձել մի քահանայի բացականչությունը. «Փող է հարկավոր, փող, դուն փող ասա»[1]։
Բանաստեղծության ինքնագիրը չի պահպանվել։
Արամ Առաքելյանն իր հուշերում ասել է, որ Թումանյանի ինքնագիրը եղել է «գրելու թղթի թերթերից կարած» այն տետրում, որը 1888 թվականին Հովհաննես Թումանյանը ցույց է տվել Ներսիսյանի դպրոցի բարձր դասարանցի ընկերներին՝ Դավիթ Շահլամյանին, Գրիգոր Վանցյանին, Արամ Առաքելյանին և Արսեն Ղլտճյանին։
Առաջին անգամ տպագրվել է Մոսկվայում 1890 թվականին լույս տեսած բանաստեղծությունների ժողովածուի I հատորում (էջ 85), այնուհետև՝ Երևանում 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության I հատորում (էջ 247)։
Արտատպվել է «Բանաստեղծություններ, հ I․ Մոսկվա, 1890» գրքից[1]։
