Ջասթին Թիմբերլեյք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Ջասթին Թիմբերլեյք
Justin Timberlake

Ջասթին Թիմբերլեյքը 2013 թվականի մայիսին
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Ջասթին Ռենդալ Թիմբերլեյք
Ծնվել է հունվարի 31, 1981 (1981-01-31) (33 տարեկան)
Մեմֆիս, Թենեսի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրեր Փոփ, R&B
Մասնագիտություն Երգիչ-երգահան, դերասան, երաժշտական պրոդյուսեր, պարող
Գործիքներ Վոկալ, կիթառ, ստեղնաշարային գործիքներ, բիթբոքս
Գործունեություն 1992-ներկա
Լեյբլ Jive Records, RCA Records, Zomba Group of Companies
Կապված Քրիստինա Ագիլերա, Ջեյ Զի, 'N Sync, Թիմբալենդ
Կայք justintimberlake.com

Ջասթին Թիմբերլեյք (անգլ.՝ Justin Timberlake, ծնվ. 1981թ. հունվարի 31, Մեմֆիս, Թենեսի), ամերիկացի երգիչ-երգահան, դերասան, երաժշտական պրոդյուսեր և պարող։ Իր կարիերան սկսել է մասնակցելով «Աստղի որոնում» և «Միկի Մաուսի ակումբ» հեռուստաշոուներին, իսկ ավելի մեծ ճանաչում է ձեռք բերել 1990-ականների կեսերին, որպես 'N Sync խմբի վոկալիստ։

2002 թվականի Ջասթինը թողարկում է իր «Justified» կոչվող անհատական դեբյուտային ստուդիական ալբոմը, իսկ 2006-ին թողարկում է իր «FutureSex/LoveSounds» անվանումը կրող երկրորդ ստուդիական ալբոմը, որը ունեցել է կոմերցիան բավականին մեծ հաջողություններ։ 2007-ից մինչև 2012 թվականը Ջասթինը կենտրոնանում է իր դերասանական կարիերայի վրա, այդ ընթացքում նկարահանվելով այնպիսի ֆիլմերում, ինչպիսին են «Սոցիալական ցանց», «Ժամանակին», «Վատ ուսուցիչ» և «Շահույթով ընկերներ» ֆիլմերը։

2013 թվականին Ջասթինը վերադառնում է իր երաժշտական կարիերային` թողարկելով իր «The 20/20 Experience» և «The 20/20 Experience – 2 of 2», համապատասխանաբար երրորդ և չորրորդ ստուդիական ալբոմները։ Իր կարիերայի ընթացքում Ջասթինը ստացել է 9 Գրեմմի և 4 Էմմի մրցանակ։

Վաղ կյանք[խմբագրել]

Ջասթին Թիմբերլեյքը ծնվել է 1981 թվականի հունվարի 31-ին Մեմֆիսում, Լին Հարլեսի և Ռենդալ Թիմբերլեյքի ընտանիքում։ Նրա ծնողները ամուսնալուծվել են 1985 թվականին։ Նրա մայրը, ով այժմ աշխատում է Just-in Time Entertainment-ում, ամուսնացել է Փոլ Հարլեսի հետ, երբ Ջասթինը եղել է 5 տարեկան։ Նա ունի երկու խորթ եղբայր՝ Ջոնաթանը և Ստեֆանը, նրա քույրը՝ Լաուրան մահացել Է մանուկ հասակում։

Ջասթինը իր առաջին քայլերը երաժշտական կարիերայում արել է 11 տարեկանում՝ մասնակցելով «Աստղի որոնում» հեռուստատեսային շոուին, որտեղ նա հանդես էր գալիս որպես Ջասթին Ռենդալ։

Կարիերա[խմբագրել]

1995-2002[խմբագրել]

1995 թվականին ստեղծվում է 'N Sync խումբը, որի վոկալիստներն են եղել Ջասթինը և Չեյսեզը։ Խումբը սկսում է իր կարիերան 1996 թվականին Եվրոպայում և արդեն 1998 թվականին ԱՄՆ-ում թողարկում է իր «*NSYNC» կոչվող առաջին դեբյուտային ալբոմը, որը ունենում է ավելի քան 11 միլիոն վաճառք։ Խմբի «No Strings Attached» կոչվող երկրորդ ալբոմը թողարկվում է 2000 թվականին և առաջին իսկ շաբաթում վաճառվում է 2.4 միլիոն օրինակով։ 2001 թվականին խումբը թողարկում է իր «Celebrity» կոչվող երրորդ ալբոմը, որը նույնպես մեծ վաճառք է ձեռք ունենում։ 2002 թվականին «Celebrity» տուրից և «Girlfriend» սինգլի թողարկումից հետո խումբը որոշում է ժամանակավորապես դադար առնել և այնուհետև չի շարունակում իր գործունեությունը։ Խումբը իր գործունեության ընթացքում վաճառում է ավելի քան 50 միլիոն ձայնագրություն ամբողջ աշխարհում և դառնում է բոլոր ժամանակների երրորդ ամենաշատ վաճառված բոյ բենդը։

2002-04[խմբագրել]

2002 թվականի օգոստոսին MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխությունում Ջասթինը կատարեց իր «Like I Love You» կոչվող առաջին սինգլի պրեմիերան, որը Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։ Իր առաջին սինգլի թողարկումից հետո նույն տարվա նոյեմբերի 5-ին նա թողարկեց «Justified» կոչվող իր դեբյուտային սոլո ալբոմը։ Ալբոմը իր թողարկման առաջին շաբաթում վաճառվեց 439,000 օրինակով և հայտնվեց Billboard 200 ալբոմների հիթ շքերթի 2-րդ հորիզոնականում։ Ավելի ուշ ալբոմը ամբողջ աշխարհում ունեցավ 7 միլիոն օրինակի վաճառք։ 2003 թվականի ամռանը ալբոմի վաճառքին նպաստելու նպատակով Ջասթինը ունեցավ տուր Քրիստինա Ագիլերայի հետ համագործակցությամբ։

2004 թվականի փետրվարին Գրեմմի մրցանակաբաշխությունում Ջասթինը ստացավ իր առաջին 2 մրցանակները։ «Justified» ալբոմը ստացավ «Լավագույն փոփ վոկալ ալբոմ» մրցանակը, իսկ «Cry Me a River» երգը արժանացավ «Լավագույն արական փոփ վոկալ կատարում» մրցանակը։

2004-08[խմբագրել]

Ջասթին Թիմբերլեյքը Սեյնթ Փոլում համերգներից մեկի ժամանակ (2007)

Ջասթինը իր դերասանական կարիերայի դեբյուտը կատարեց «Էդիոսոն» ֆիլմում, որտեղ նա մարմնավորում էր մի լրագրողի։ «Էդիոսոն» ֆիլմում նկարահանվելուց հետո, 2006 թվականին նա հայտնվեց միանգամից 4 այլ ֆիլմերում։ 2007 թվականին նա հնչյունավորեց Արթուր թագավորի կերպարը «Շրեկ երրորդ» մուլտֆիլմում։

Այս ընթացքում նա նաև շարունակում էր զբաղվել իր երաժշտական կարիերայով։ 2005 թվականին նա համագործակցեց The Black Eyed Peas խմբի հետ նրանց «Monkey Business» ալբոմի «My Style» երգի համար, իսկ այնուհետև համագործակցեց ռեփեր Սնուփ Դոգի հետ «Signs» երգի համար։ Նույն տարում նա հիմադրեց իր JayTee Records ձայնագրման ստուդիան։

2006 թվականի սեպտեմբերի 12-ին թողարկվեց Ջասթինի «FutureSex/LoveSounds» կոչվող երկրորդ ստուդիական ալբոմը։ Billboard 200 ալբոմների հիթ շքերթում այն զբաղեցնում է առաջին հորիզոնականը և առաջին շաբաթում վաճառվում է 684,000 օրինակով։ Ալբոմի գլխավոր սինգլը «SexyBack» երգն է, որը Billboard Hot 100-ում զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ Այդ երգը Ջասթինը նաև կատարեց 2006 թվականի MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխության բացմանը։

«FutureSex/LoveSounds» ալբոմի վաճառքին նպաստելու համար 2007 թվականի հունվարից Ջասթինը մեկնեց շրջագայությունների, որի ընթացքում ամբողջ աշխարհում ունեցավ 120 համերգ։

2007 թվականի հուլիսի 24-ին թողարկվեց «Ayo Technology» զուգերգը ռեփեր 50 Սենտի հետ։ Նույն տարվա նոյեմբերին բրիտանական Duran Duran խումբը Ջասթինի հետ համագործակցությամբ թողարկեց իր «Red Carpet Massacre» ալբոմը։ Շարունակելով իր համագործակցությունների շարքը 2008 մարտի 17-ին թողարկվեց «4 Minutes» երգը Մադոննայի հետ, որը դարձավ երգչուհու «Hard Candy» կոչվող իններորդ ստուդիական ալբոմի գլխավոր սինգլը։

2008-12[խմբագրել]

Ջասթինը դերասան Էնդրյու Գարֆիլդի հետ (2010)

Իր երաժշտական կարիերայի հետ մեկտեղ Ջասթինը այս ընթացքում նաև շարունակում էր իր դերասանական կարիերան։ 2008-ին նա նկարահանվեց ռեժիսոր Մայք Մայերսի «The Love Guru» կատակերգական ֆիլմում։ Նույն տարում նա ստացավ ռեժիսոր Մայք Մերեդիթի «Բաց ճանապարհ» ֆիլմի գլխավոր դերերից մեկը։

2008 թվականին ռեփեր T.I.-ը ներկայացրեց իր «Dead and Gone» երգը Ջասթինի հետ համագործակցությամբ, որը այնուհետև որպես սինգլը թողարկվեց 2009 թվականին։ 2008-ի նոյեմբերին հայտնի դարձավ որ առաջիկայում Ջասթինը համագործակցելու է R&B/փոփ երգչուհի Սիարայի հետ, նրա «Fantasy Ride» ալբոմի թողարկման համար։

Շարունակելով իր դերասանական կարիերան 2010-ին Ջասթինը նկարահանվեց ռեժիսոր Դեյվիդ Ֆինչերի «Սոցիալական ցանց» ֆիլմում, որին հաջորդեց Ջեյք Կեզդանի «Վատ ուսուցիչ» ֆիլմը 2011-ին։ Նրա հաջորդ մարմնավորած կերպարը ռեժիսոր Ուիլ Գլաքի «Շահույթով ընկերներ» ֆիլմում էր, որտեղ նրա խաղընկերն էր Միլա Կունիսը։

2013-ներկա[խմբագրել]

2013 թվականի հունվարին Ջասթինը հրապարակայնորեն հայտարարեց երաժշտական ինդուստրիա իր վերադարձի մասին։ Այս ընթացքում նա աշխատում էր իր «The 20/20 Experience» անվանումը կրող երրորդ ստուդիական ալբոմի վրա, որի «Suit & Tie» կոչվող առաջին սինգլը նա թողարկում է 2013 թվականի հունվարի 15-ին։ Այդ երգը, որը համագործակցություն է ռեփեր Ջեյ Զիի հետ, Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։ Այս երգի թողարկումից հետո, նա սկսեց ակտիվորեն ելույթներ ունենալ տարբեր երաժշտական համերգների, այդ թվում նաև Գրեմմիի 55-րդ ամենամյա մրցանակաբաշխությունում։ 2013 թվականի փետրվարի 11-ին Ջասթինը թողարկում է «The 20/20 Experience» ալբոմի երկրորդ սինգլը` «Mirrors» երգը, որը հետագայում Billboard Hot 100-ում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։ «The 20/20 Experience» ալբոմը պաշտոնապես թողարկվում է 2013 թվականի մարտի 19-ին։ Ալբոմը գլխավորում է տարբեր միջազգային հիթ շքերթներ և առաջին շաբաթում ունենում է ավելի քան 500,000 օրինակի վաճառք ամբողջ Միացյալ Նահանգներում։ Ալբոմի գրանցաց հաջողություններից հետո, Ջասթինը նաև ունեցավ իր մասնակցությունը Ջեյ Զիի «Magna Carta... Holy Grail» անվանումը կրող թվով տասներկուերորդ ստուդիական ալբոմի «Holy Grail», «BBC» և «Heaven» երգերում։ 2013 թվականի օգոստոս ամսին Ջասթինը ստացավ «MTV տեսահոլովակի ավանգարդ մրցանակը» MTV VMA 2013 մրցանակաբաշխությունում։

2013 թվականի սեպտեմբերի 30-ին Ջասթինը թողարկեց իր «The 20/20 Experience – 2 of 2» կոչվող չորորդ ստուդիական ալբոմը, որը նրա նախորդ ալբոմի երկրորդ մասն է։ Ալբոմը իր թողարկման առաջին շաբաթում ունեցավ ավելի քան 350,000 օրինակ վաճառք Միացյալ Նահանգներում և միանգամից գլխավորեց Billboard 200 ալբոմի հիթ շքերթը։ Ալբոմի երեք սինգլներն են` «Take Back the Night», «TKO» և «Not a Bad Thing» երգերը։ 2014 թվականի մայիսի 2-ին թողարկվեց Մայքլ Ջեքսոնի 1983 թվականին ձայնագրած «Love Never Felt So Good» երգը, որի համար Ջասթինը նաև ձայնագրեց իր հատվածը և ունեցավ իր մասնակցությունը երգում։

Կատարողական արվեստ[խմբագրել]

Ջասթինը իր «FutureSex/LoveSounds» ալբոմի ձայնագրման աշխատանքների ընթացքում հետաքրքված լինելով ռոք երաժշտությամբ, ալբոմի մի քանի երգեր ձայնագրել է ռոք ժանրի էլեմենտներով։ MTV-ի հետ հարցազրույցում նա նշում է․ «Ես ուզում էի երգը երգել ռոքնռոլ երգչի նման, այլ ոչ թե R&B երգչի։»[1] Իրեն ոգեշնչող և իր երաժշտության վրա ազդեցություն ունեցած երաժիշտների մասին նա նշել է, որ եթե իր «Justified» ալբոմը ավելի մոտ էր Մայքլ Ջեքսոնի և Սթիվի Ուանդերի երաժշտությանը, ապա «FutureSex/LoveSounds» ալբոմի ձայնագրման աշխատանքների ընաթցքում նա ոգեշնչվել է Դեյվիդ Բոուիի և Փրինսի երաժշտությունից։[2]

Անձնական կյանք[խմբագրել]

1999 թվականին Ջասթինը սկսում է հանդիպել ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի հետ, սակայն նրանց հարաբերությունները ավարտվուն են 2002 թվականի մարտին։ Հետագայում նրանց բաժանումը Ջասթինին ոգեշնչում է գրել «Cry Me a River» երգը[3]։ 2003 թվականի ապրիլից Ջասթինը սկսում է հանդիպել դերասանուհի Քեմերոն Դիազի հետ, սակայն 2006 թվականի դեկտեմբերին զույգը բաժանվում է։

2007 թվականի հունվարին Ջասթինը սկսում է հանդիպել դերասանուհի Ջեսիկա Բիլի հետ[4]։ Նրանց ամուսնական արարողությունը տեղի է ունենում 2012 թվականի հոկտեմբերի 19-ին Ֆազանոյում, Իտալիա[5]։

Սկավառակագրություն[խմբագրել]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Vineyard, Jennifer (July 6, 2006)։ «'Back' In Style: Justin Timberlake Mixes Funk, Rock On New Single»։ MTV News. Viacom։ http://www.mtv.com/news/articles/1535791/justin-back-style-on-new-single.jhtml։ Վերցված է Սեպտեմբեր 11, 2011։ 
  2. Long, Camilla (July 16, 2006). «'I'm bringing back sexy'». The Observer (London: Guardian News and Media Limited). http://www.guardian.co.uk/music/2006/jul/16/popandrock.justintimberlake?INTCMP=SRCH։ Վերցված է Սեպտեմբեր 15, 2011. 
  3. Smith, Sean (October 4, 2005)։ Justin: The Unauthorized Biography։ Pocket Books։ ISBN 1-4165-0773-6։ 
  4. «Justin Sneaks in with Jessica Biel»։ TMZ.com։ http://www.tmz.com/2007/05/16/justin-sneaks-in-with-jessica-biel/։ Վերցված է April 22, 2008։ 
  5. Donnelly, Matt (October 19, 2012). «Justin Timberlake-Jessica Biel wedding: 'It's great to be married'». Los Angeles Times. http://www.latimes.com/entertainment/gossip/la-et-mg-justin-timberlake-married-jessica-biel-italy,0,6727139.story։ Վերցված է October 19, 2012. 

Արտաքին հղումներ[խմբագրել]