Արագած (Ապարանի տարածաշրջան)
-
Անվան այլ գործածումների համար տես՝ Արագած (այլ կիրառումներ)
| Գյուղ
Արագած
|
Արագած, գյուղ Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում:
Բովանդակություն |
Աշխարհագրական դիրքը [խմբագրել]
Գյուղը գտնվում է Ապարան-Երևան ավտոմայրուղու աջ կողմում, Ապարան քաղաքից 10 կիլոմետր հարավ, Արագած լեռան արևելյան ստորոտին, Գեղարոտ գետակի ափին, հարթ տեղում: Տները երկհարկանի են, քարաշեն: Օդը առողջարար է, ջուրըª սառնորակ:
Բնակչությունը [խմբագրել]
1831 թ-ին կազմված "Ապարանի մահալի չափաբերական մատյանի" համաձայն 1828 թ-ին լքված գյուղատեղում բնակություն է հաստատել Մանազկերտից և մասամբ Ալաշկերտից գաղթած 64 ընտանիք /221 տղամարդ, 176 կին/: Ներգաղթյալններն իրենց շարքերից գյուղապետ են ընտրել Խաչատուրի որդի Մելիք Ներսեսին: 1842-1859 թթ-ին գյուղապետի պաշտոնում նրան փոխարինել է եղբայրը` Մելիք Գևորգը: 1845 թ-ին գյուղում բնակություն է հաստատել Մուշ քաղաքից գաղթած 7, 1859 թ-ին` ևս 2 ընտանիք: 1859 թ-ին գյուղում ապրել է 833, 1873 թ-ին` 1095, 1922 թ-ինª 1535, 1959 թ-ինª 1519, 1970 թ-ինª 2103, 1979 թ-ինª 2251 բնակիչ: 1840-ական թթ-ին գյուղի եկեղեցին կոչվել է Սրբուհի Աստվածածին: Գյուղում գործում են երկու դպրոց, հիվանդանոց, դեղատուն, կապի բաժանմունք: 1967 թ-ին շահագործման է հանձնվել 25 մահճակալանոց հիվանդանոցի շենքը, 1983 թ-ինª ,,Ալմաստ,, գործարանի մասնաճյուղը: Գյուղացիները զբաղվում են անասնապահությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ:
Պատմությունը [խմբագրել]
Գյուղի շրջակայքում պահպանվել են մ.թ.ա. 2-րդ և 1-ին հազարամյակների ամրոց-պահակակետերի, վաղ և ուշ միջնադարյան բնակավայրերի ավերակներ: 1897 թվականին անվանի հայագետ Գարեգին Ա Հովսեփյանը գյուղում մշո բարբառով գրի է առել ,,Սասնա ծռեր,, էպոսի նոր տարբերակը: Գյուղի ավելի քան 300 որդիներ 1918 թվականի մայիսի 22-ից 29-ը մասնակցել են Ապարանի հերոսամարտին (հաջողվել է պարզել 154-ի անունը): 300-ից ավելի արագածցիներ մասնակցել են Երկրորդ համաշխարհային պատերազմին /զոհվել է 184-ը/: Երեք տասնյակից ավելի արագածցիներ մասնակցել են Արցախյան ազատամարտին: Նրանցից Ռուբեն Շավարշի Հակոբյանը և Գևորգ Հուրմիկի Մանուկյանը /երկուսն էլ ,,Սասունցի Դավիթ,, ռազմականացված ջոկատից/ զոհվել են ազերիների դեմ մղված մարտերում:
Պատմաբան Տիգրան Հայազնը տպագրության է պատրաստել "Արագած" հանրագիտարանը, որի առաջաբանը և որոշ արագածցիների մասին հոդվածներ տեղ են գտել սույն հրապարակման մեջ:
Հայտնի Արագածցիներ [խմբագրել]
Արագած գյուղում են ծնվել կամ այդ գյուղի բնակիչներից են սերում եկեղեցական-մշակութային գործիչ Բենիկ վարդապետը, Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանի անդամ Սիրակ Գրիգորյանը, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Նահապետ Հովհաննիսյանը, Գուսան Աշխույժը, բժշկական գիտությունների դոկտոր Վիլյամս Խաչատրյանը, տնտեսագիտության դոկտոր Աղասի Սարգսյանը, երկրաբանական գիտությունների թեկնածու Լիդա Թադևոսյանը, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Արամ Խաչատրյանը, տնտեսագիտության թեկնածու Գայանե Սարգսյանը, տեխնիկական գիտությունների թեկնածու Նվեր Թորոսյանը, ՀԽՍՀ վաստակավոր ժուռնալիստ Ռոզա Գրիգորյանը, ՀՀ սպորտի վաստակավոր աշխատող Ռուբեն Կարապետյանը, գնդապետներ Գրիշա Մելքումյանցը, Ալբերտ Հարությունյանը, Տիգրան Մանուկյանը, քահանա Տեր Դանիել Տեր-Դանիելյանը, գրիչ Մկրտիչը, բանասաց Գևորգ Պետրոսյանը, գլխավոր բժիշկ Արամ Գալստյանը, դպրոցի տնօրեն Լուսինե Դանիելյանը, կուսակցական-պետական գործիչներ, հայր ու որդի Գևորգ Պետրոսյանը և տեխնիկական գիտությունների թեկնածու Ֆելիքս Պետրոսյանը, ժողովրդական երգերի կատարող Ժորա Գրիգորյանը:
Գրականություն [խմբագրել]
Արխիվային փաստաթղթեր
- ՀՀ Ազգային արխիվ, ֆոնդ 93, g 1, գործեր 84, 103, 145:
Գրքեր
- Մադաթյան Ք.Մ. Ալաշկերտի խոսվածքը (Ապարան-Արագածի տարածք), Երևան, 1985:
- Շահխաթունեանց Յով., Ստորագրութիւն կաթողիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, հ. Բ, Էջմիածին, 1842:
Հոդվածներ
- Համբարյան Ա.Ս., Ապարանի գյուղացիական շարժումների պատմությունից /Պատմա-բանասիրական հանդես, 1963, թիվ 1/:
- Տիգրան Պետրոսյանց, Ապարանը գրական-պատմագիտական հիշատակություններում /Երիտասարդ գիտաշխատող, 1980, թիվ 1/:
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Արագած (Ապարանի տարածաշրջան) բնակավայրը «GEOnet Names Server» կայքում:
- World Gazeteer: Armenia – World-Gazetteer.com
- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն
- Kiesling, Rediscoving Armenia, p. 21, available online at the US embassy to Armenia's website