Գարեգին Ա Հովսեփյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիլիկիո Հայոց Կաթողիկոս
Գարեգին Ա Հովսեփյան
GareginHovsepyan.jpg
Գարեգին Ա Հովսեփյան
Ընդհանուր տեղեկություններ
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Անուն Գարեգին Ա Հովսեփյան
Տիտղոս Մեծի Տանն Կիլիկիո Պատրիարք–Կաթողիկոս
Գահակալություն 1943 - 1952
Իրավանախորդ ազատ (1940-1943),
Պետրոս Ա Սարաճյան (1940)
Իրավահաջորդ Զարեհ Ա Փայասլյան (1956-1963)
Ծնվել է 1867 թ., դեկտեմբերի 17 (1867-12-17)
Ծննդավայր Գարդմանք,
գյուղ Խաչիսար (Չարդախլու)
Մահացել է հունիսի 21, 1952 (84 տարեկան)
Մահվան վայր Անթիլիաս,
Լիբանան Լիբանան
Ազգություն հայ
Կիլիկիո Կաթողիկոսներ

Գարեգին Ա Հովսեփյան, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, նշանավոր հայագետ, արվեստաբան, Գերմանիայի Լայպցիգ քաղաքի համալսարանի փիլիսոփայության դոկտոր, ծնվել է Գարդմանքի Խաչիսար (Չարդախլու) գյուղում, 1867 թ դեկտեմբերի 17-ին։

Կենսագրություն[խմբագրել]

Սովորել է ծննդավայրի դպրոցում, ապա Շուշիի հայոց թեմական հոգևոր դպրոցում։

1882 թ ընդունվել է Գևորգյան Հոգևոր Ճեմարան։

1889 թ ձեռնադրվել է սարկավագ։

1890 թ ավարտել է Ճեմարանը և երկու տարի անց մի քանի այլ սարկավագների հետ (որոնց թվում էր նաև Գևորգ սարկավագը, հետագայում Գևորգ Զ կաթողիկոս) մեկնել է Գերմանիա և Լայպցիգի, Բեռլինի և Հալլեի համալսարաններում խորացրել իր աստվածաբանական և փիլիսոփայական գիտելիքները։ 1897 թ Լայպցիգի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան՝ ներկայացնելով «Միակամության ծագումը» թեզը։

1897 թ վերադարձել է Էջմիածին, ձեռնադրվել է աբեղա։ Նշանակվել է Ճեմարանում Հայ մատենագրություն և Աստվածաբանություն առարկաների դասախոս։

1898 թ ստացել է վարդապետական աստիճան։

1899 թ տպագրել է Մխիթար Սասնեցուն և Խոսրովիկ Թարգմանչին նվիրված արժեքավոր աշխատությունը։

Շուտով նշանակվել է Վիրահայոց առաջնորդական փոխանորդ, ապա Երևանի թեմական դպրոցների տեսուչ։

1902 թ հրատարակել է «Սասնա ծռեր. Սասունցի Դավիթ ժողովրդական վեպի երկու տարբերակները» ու «Փշրանքներ ժողովրդական բանահյուսությունից» գրքերը, ավելի ուշ «Ռոստամ Զալ։ Ժողովրդական վեպ» հետազոտությունը։

1902 թ ընտրվել է Մոսկվայի կայսերական հնագիտական ընկերության կովկասյան բաժանմունքի իսկական անդամ, իսկ 1912 թ Պետերբուրգի կայսերական հնագիտական ընկերության անդամ։

1905-1906 թթ նշանակվել է Ճեմարանի տեսուչ, իսկ 1907-1908 թթ դարձել է «Արարատ» ամսագրի խմբագիր, Հռիփսիմե վանքի վանահայր։

1909–1910 թթ մասնակցել է Ն. Մառի ղեկավարած Գառնիի պեղումներին։ Քասախ գետի ակունքների մոտ նրա հայտնաբերած Տրդատ I թագավորի հունարեն արձանագրությունը դառնում է դարասկզբի նշանավոր գտածոներից մեկը։

Նա հայ արվեստին նվիրված մի շարք դասախոսություններով հանդես է եկել Կ.Պոլսում, Թիֆլիսում, Մոսկվայում և այլուր։

1913 թ հրատարակել է «Գրչության արվեստը հին հայոց մեջ» աշխատությունը։

1914 թ լույս է տեսնում Թովմա Մեծոփեցուն նվիրված ուսումնասիրությունը։

Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով Գ. Հովսեփյանը չի կարողանում տպագրել իր «Հայ մանրանկարչության քարտեզ» ծավալուն երկասիրությունը։

1915-1917 թթ կրկին նշանակվել է Ճեմարանի տեսուչ, զբաղվել է նաև Էջմիածին եկած հայ գաղթականների խնամքով։

Արևմտյան Հայաստանից բերված ձեռագրերում նա հայտնաբերել է միջնադարյան հեղինակների՝ մինչ այդ կորած համարվող երկերի բնագրեր։

1918 թ գարնանը Կարսում հայտնված Գարեգին Հովսեփյանը կարողանում է կանխել քաղաքի հայ բնակչության կոտորումը թուրքական զորքի կողմից։

Ավելի ուշ հոգևոր գործիչ և հայ մշակութի նվիրյալ գիտնականը սուրը ձեռքին միանում է Սարդարապատի հերոսամարտի զինվորներին, կոչ անում ամենքին զինվել և պաշտպանել հայրենիքը։

1921 թ հրատարակում է «Բան-բեր» ժողովածուն։

1925 թ նա ստանում է արքության պատիվ, երկու տարի անց ընտրվում է Ռուսաստանի, Ղրիմի, Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ։

1938-1943 թթ նշանակվում է Ամերիկայի հայոց թեմի առաջնորդ։

1943 թ ընտրվում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս։ Նա մեծ աջակցություն է ունենում «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան ստեղծման գործում, նաև 1946 թ հայրենադարձության կազմակերպման աշխատանքներում։

Նա հավաքել է մինչև 1250 թ գրված ձեռագրերի 459 հիշատակարան, 1951 թ հրատարակել է «Հիշատակարանք ձեռագրաց» բացառիկ նշանակություն ունեցող հատորը։

Գարեգին Ա Հովսեփյան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը մահացել է 1952 թ հունիսի 21-ին Անթիլիասում։

Աշխատություններ[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

  • «Նշանավոր Ճեմարանականներ», Պրակ Ա, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 2005