Jump to content

Տարերային աղետներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (հունիսի 20, 2019) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
2011 թվականի կործանիչ ցունամին Ճապոնիայում
1991 թվականի Պինատուբոյի ժայթքումը

Տարերային աղետներ, վտանգավոր երկրաֆիզիկական, երկրաբանական, ջրաբանական, մթնոլորտային երևույթների կամ շարժընթացների ծավալուն դրսևորումներ, որոնց հետևանքով ստեղծվում են աղետալի իրավիճակներ՝ մարդկային զոհեր, նյութական արժեքների կորուստ, շրջակա միջավայրի խախտում։

Տարերային աղետներ տեղի են ունենում Երկրի ընդերքում (երկրաշարժ, հրաբխի ժայթքում և այլն), մակերևույթին (սելավ, սողանք, ձնահոսք, ջրհեղեղ, հրդեհ և այլն), և մթնոլորտում (փոթորիկ, բուք, պտտահողմ, կայծակ և այլն)։ Տարերային աղետները կարող են ընթանալ բավականաչափ արագ (օրինակ՝ երկրաշարժ, հրաբխի ժայթքում, սողանք, ձնահոսք) կամ երկարաձգվել (օրինակ՝ երաշտ, ցրտահարություն, վարարում) և այլն։

Տարերային աղետների առանձին խումբ են կազմում գյուղատնտեսական ու անտառային վնասատուների ներխուժումը, համաճարակները և ջրաօդերևութաբանական տարերային երևույթները՝ ուժեղ քամին (25 մ/վ և ավելի), ուժեղ անձրևը (30 մմ և ավելի) և ուժեղ ձյունը (20 մմ և ավելի)՝ 12 ժ կամ ավելի կարճ ժամանակամիջոցում, խոշոր կարկուտը (20 մմ/զ ավելի չափի հատիկներով), ցրտահարությունը (վեգետացիայի ընթացքում 0 °C-ից ցածր ջերմաստիճան) և այլն։

Բնակչության աճի, մարդու ոչ խելամիտ տնտեսական գործունեության, արտադրության մեջ ավելի մեծ բնական պաշարների ներգրավման և բարդ պայմաններով տարածքների յուրացման հետևանքով աճում է տարերային աղետների հասցրած վնասը։ Իր գործունեությամբ խախտելով շրջակա միջավայրի կայունությունը՝ մարդը մեծացնում է տարերային աղետների հավանականությունն ու չափերը։ Տարերային աղետներին բնորոշ են սկսվելու ժամանակային անորոշությունն ու հետևանքների ոչ միարժեքությունը, ուստի դրանք դժվար կանխատեսելի են։

Տարբեր աղետներ տարբեր ազդեցություններ են թողնում բնական միջավայրի վրա։ Օրինակ՝ ջրհեղեղը վնասում է արդյունաբերական և գյուղատնտեսական օբյեկտները, աճեցրած բերքով դաշտերը, քայքայում է շենքերը, հիդրոտեխնիկական կառուցներն ու հաղորդակցուղիները, փչացնում ձեռնարկությունների սարքավորումները։ Սելավների հետևանքով ավերվում են գյուղեր և ճանապարհներ, ծածկվում են դաշտեր։

Փոթորիկի հետևանքով մարդիկ են զոհվում, ստանում տարբեր ծանրության վնասվածքներ։ Փոթորիկը վնասում է ամուր և քանդում թեթև շինությունները, կտրում կապի ու էլեկտրահաղորդման լարերը, ամայացնում դաշտերը, կոտրում և արմատախիլ անում ծառերը։

Հայաստանի տարածքում տարերային աղետներից առավել բնորոշ են երկրաշարժերը, սելավները, կարկուտը և ցրտահարությունը։

Երկրաբանական աղետներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրաշարժերը տեղի են ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։ Տարբեր ժամանակաշրջաններում երկրաշարժերի առաջացումը բացատրվել է տվյալ ժամանակներում ընդունված պատկերացումների համաձայն և հիմնականում կապվել է տարատեսակ կենդանիների շարժումների հետ։ Այսպես օրինակ, հին Չինաստանում երկրաշարժերի «մեղավորը» ցուլն էր, Ճապոնիայում՝ ձուկը, Հնդկաստանում՝ խլուրդը և այլն։ Առաջին անգամ երկրաշարժերի բացատրությունը երկրի ընդերքում որոնելու վարկածն արտահայտել է հին հույն փիլիսոփա Արիստոտելը։ Նա համարում էր, որ.

Երկրի վրա առաջացող քամիները ճեղքերի և քարանձավների միջոցով մտնելով Երկրի ընդերք, այնտեղ առկա կրակի պատճառով ուժեղանում են և սկսում ճանապարհ որոնել դեպի Երկրի մակերևույթ, հենց դրա ժամանակ էլ տեղի են ունենում երկրաշարժերը։

Այս վարկածը թեև իր մեջ չի պարունակում ոչ մի լուրջ գիտական բացատրություն, սակայն երկար ժամանակ ընդունվել է որպես երկրաշարժերի առաջացման հիմնական վարկած։ Դրա շնորհիվ մինչև այժմ էլ մնացել է «սեյսմավտանգ եղանակ» հասկացությունը։ 18-րդ դարի սկզբին անգլիացի գիտնական Ջոն Միտչելը եկավ այն եզրակացության, որ Երկրի ցնցումները երկրաշարժի ժամանակ տեղի են ունենում առաձգական ալիքների տարածման արդյունքում։

Երկրաշարժն արդյունք է երկրի ընդերքում էներգիայի հանկարծակի պոռթկման, որն ստեղծում է սեյսմիկ ալիքներ։ Երկրի մակերևույթին երկրաշարժը դրսևորվում է որպես տատանում, ցնցում և երբեմն գետնի տեղաշարժ։ Երկրաշարժերի ստորգետնյա ծագման սկզբնակետը կոչվում է սեյսմիկ օջախ։ Օջախին ուղղահայաց մասը կոչվում է էպիկենտրոն։ Երկրաշարժերը կարող են ուղեկցվել շենքի փլուզումով, հրդեհներով, ցունամիներոով և հրաբուխներով։ Դրանցից շատերից կարելի է խուսափել շինարարական և անվտանգության ավելի լավ համակարգ ունենալու, վաղ նախազգուշացվելու և պլանավորելու դեպքում[1]։

Հրաբխի ժայթքում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաբուխները ժայթքում են Երկրի ընդերքից, երբ ապարներն այնտեղ խիստ տաքանում են և փոխակերպվում գազերով հագեցած մեծ ճնշման հրահեղուկ զանգվածի՝ մագմայի։ Մագման երկրի խորքից մեծ ուժով ճնշում է գործադրում երկրակեղևի վրա և, համեմատաբար անկայուն տեղամասերում ճեղքելով այն, արտահոսում է մակերևույթ։ Դուրս ժայթքած մագման սառչում է, գազազրկվում և վերածվում լավայի։ Այն ուղին, որով բարձրանում է մագման, կոչվում է հրաբխի մղանցք, որն ավարտվում է ձագարաձև տեղամասով՝ խառնարանով։ Հրաբխի խառնարանից դուրս են մղվում նաև հրաբխային փոշի, մոխիր, քարեր, գազեր, որոնց կուտակումից էլ ձևավորվում է հրաբխային լեռը։

Եթե հրաբխալեռը նախքան ժայթքելը պատված է լինում ձյունով ու սառույցով, ապա շիկացած լավան հալեցնում է դրանք, և ջուրը խառնվելով մոխրին՝ առաջացնում է հզոր ցեխահոսքեր, որոնք մեծ արագությամբ տարածվում են լանջն ի վար։ Կոլումբիայում 1985 թվականին ժայթքման հետևանքով ցեխահոսքը հաշված րոպեներում ոչնչացրել է մի քանի բնակավայր, զոհվել է ավելի քան 25 հազար մարդ։

79 թվականին Վեզուվ հրաբխի ժայթքման հետևանքով կործանվել են հին հռոմեական երեք քաղաքներ՝ Պոմպեյը, Հերկուլանումը և Ստաբիանը, ինչպես նաև բազմաթիվ գյուղեր։ 1883 թվականին Ինդոնեզիայում Կրակատաու հրաբխի ժայթքման հետևանքով կղզին հանկարծ պայթել է, նրա մեծ մասը վերածվել է քարաբեկորների ու փոշու։ Գազափոշու ամպերը հասել են 80 մ բարձրության։ Հրաբխի հետևանքով զոհվել է 36 հազար մարդ։

Ձնաբուք Մերիլենդում 2009 թվականին
Տորնադոյի պարան սկզբնական փուլում
Հրդեհներ Կալիֆոռնիա նահանգում
Ցունամի։ Նավը խորտակվոում է նավահանգստում

Ձնահոսքը ձյան զանգված է, որը սահում կամ ցած է թափվում  լեռների լանջերից։ Ձյան ծավալը կարող է հասնել մի քանի միլիոն խորանարդ մետրի։ Ձնահոսքերը դասակարգվում են․

  • Ըստ ծավալի
  • Ըստ ձնահավաքման տեղանքի և ձնահոսքի ճանապարհի (թռչող ձնահոսք)
  • Ըստ ձյան տեսակի (չոր, խոնավ և թաց )

Ձյան 0,02-0,3 գ/սմ3 խտության դեպքում չոր ձնահոսքի շարժման արագությունը սովորաբար 20-70 մ/վ-ի (մինչև125 մ/վ) է հասնում։ Թաց ձնահոսքերը շարժվում են 10-20 մ/վ (մինչև 40 մ/վ) արագությամբ և ունեն 0,3-0,4 գ/սմ3 խտություն[4]։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ալպերում տեղակայված ավստրոիտալական ճակատը ձնահոսքի պատճառով 40 000-80 000 զոհ տվեց։ Ձնահոսքի առաջացման պատճառներից էր հրետանային կրակը։ Ժամանակակից հայտնի ձնահոսքերից են․

Բնական աղետներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշոր վնասակար իրադարձություններ են, որոնք հետևանք են երկրի բնական գործընթացների, ինչպես օրինակ ջրհեղեղները, փոթորիկները, տորնադոները, հրաբխային ժայթքում|հրաբխային ժայթքումները, երկրաշարժերը, ցունամիները և այլ երկրաբանական պրոցեսներ։ Բնական աղետները կարող են պատճառ դառնալ կյանքի կորստի կամ գույքային վնասի[5] և իրենցից հետո թողնել որոշակի տնտեսական վնասներ, որից կախված է ազդեցության ենթարկված բնակչության կայունությունը կամ վերականգնվելու ունակությունը։

Վնասակար երևույթները աղետի մակարդակի չեն հասնում, եթե տեղի են ունենում ոչ բնակեցված տարածքում[6][7]։

Սելավը լեռնային գետերի հուներում հանկարծահաս, մեծ քայքայիչ ուժով, կարճատև, բավական մեծ արագության (մինչև 10 մ/վ և ավելի) ցեխային, ցեխաքարային զանգվածահոսք է։

Սելավները սովորաբար ձևավորվում են ջրհավաք ավազանի սահմաններում թափվող տեղատարափ մթնոլորտային տեղումներից, մակերևութային հեղուկ հոսքից և տարվա չորային ժամանակաշրջանում լեռնային ապարների հողմահարումից գոյացած կուտակումներից։

Ջրի մակարդակը կտրուկ բարձրանում է, և ջրում կոշտ նյութերի պարունակությունն ավելանում է 10-75 %-ով։ Երբեմն սելավ ձևավորվում է ձյան, սառցադաշտային բուռն հալքից, ջրամբարների վթարից։ Իր կործանարար ուժով հայտնի է Գետառի 1946 թվականի սելավը։

Կրային ժայթքումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրային ժայթքումները տեղի են ունենում, երբ գազերը, հատկապես ածխախնի երկօքսիդը՝ CO2 գազը, հանկարծակի ժայթքում է լճի խորքից՝ խեղդվելու վտանգ առաջացնելով կենդանական աշխարհի, ընտանի կենդանիների և մարդկանց համար։ Նմանատիպ ժայթքումները կարող են նաև ցունամիների, սողանքների, հրաբխային ակտիվացումների ու պոռթկումների պատճառ դառնալ։

Գիտնականները մինչ այժմ արձանագրել են կրային ժայթքման երկու դեպք։ 1984 թվականին Կամերունի Մոնաուն լճի կրային ժայթքումը, որը 37 մարդու մահվան պատճառ դարձավ և 1986 թվականի Նյոս լճի ժայթքումը, որն ավելի լայնածավալ էր և խլեց ավելի քան 1700-1800 մարդու կյանք։

Քարաթափում լեռների և ձորերի զառիվայր ու զառիթափ լանջերից խոշոր, հաճախ հսկայական չափերի ապարազանգվածների պոկումն ու փլուզումն է, որն առաջանում է գլխավորապես լեռնային ապարների հողմահարության ընթացքների և մակերևութային ու ստորգետնյա ջրերի ներգործությունից դրանց կապակցվածության թուլացման հետևանքով։

Սան Մատեոյի սողանքի համակարգչային սիմուլյացիան, Կալիֆորնիա, ԱՄՆ, 1997 թվականի հունվար

Սողանքներ, ծանրության ուժի ազդեցությամբ լեռնալանջերով կամ թեք տեղանքով ապարների զանգվածային սահաշարժեր են, որոնք, լվացման հետևանքով, ապարների հավասարակշռության խախտման արդյունք են։

Սողանքային շարժընթացներն ուղղակիորեն կախված են՝

  • տեղանքի կառուցվածքից,
  • ապարների շերտերի տեղաբաշխումից,
  • ստորերկրյա ջրերի ակտիվությունից,
  • անտառածածկույթի կամ խոտածածկույթի խտությունից,
  • գերխոնավացումից,
  • ստորերկրյա ցնցումներից,
  • մարդու անզգույշ տնտեսական գործունեության,
  • երկրաբանական և երկրաձևաբանական պայմանների առանձնահատկությունների անտեսումից, որոնք հանգեցնում են ապարների ամրության նվազմանը և սողանքի առաջացմանը։
Լավա

Լավան հրաբխային ժայթքումների ժամանակ մագմայական օջախներից Երկրի մակերևույթ արտավիժած սիլիկատային հրահեղուկ զանգված է, որը սառչելուց հետո վերածվում է մագմայի։ Պարունակում է նաև գազեր ու ջրային գոլորշիներ, որոնք լավայի սառչելու ժամանակ ցնդում կամ գոլորշանում են։ Լավան շարժվում է ռելիեֆի ցածրադիր մասերով՝ 1, 5-2, 5 կմ/ժ, բազալտայինը՝ 20-25 կմ/ժ արագությամբ։ Լրիվ սառեցումը տևում է երկար տարիներ։ Լավան սառչելով՝ շրջափակվում է կարծր կեղևով, որն աստիճանաբար հաստանում է[4]։

Հիդրոլոգիական աղետներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրային տարերքի վտանգավոր երևույթներից են հեղեղները։ Սրանք վարարման մեծ տեսակն են, երբ գետերն ափերից դուրս են գալիս և ծածկում են հովտի ցածրադիր մասերը։ Դա կարող է տեղի ունենալ ուժեղ ձնհալքից կամ տևական անձրևներից։ Հեղեղների դեմ պայքարի լավագույն միջոցը ջրամբարի կառուցումն է։ Հեղեղումների պատճառը շատ դեպքերում անտառահատումն է։ Հարյուր հազարավոր հեկտարների վրա բուսականությունը մասայաբար ոչնչանում է, թուղթ ու ցելյուլոզ են արտադրում, որի հետևանքով էլ հողը չորանալով՝ աղետալի չափերով էրոզիայի է ենթարկվում։ Ջրհեղեղը ցամաքի զգալի տարածքների ժամանակավոր ջրածածկումն է որն առաջանում է գետերում, լճերում, ծովերում, ջրի մակարդակի բարձրացման հետևանքով։

Ցունամի

Ցունամի, հսկայական չափերի հասնող ջրային ալիքներ։ Ցունամիները հաճախակի երևույթ են Ճապոնիայում։ Դրանք կարող են մեծ ավերածությունների, ինչպես նաև մարդկային զոհերի պատճառ լինել։ Ցունամիի ալիքները տարածվում են ավելի մեծ արագությամբ, քան մարդու վազելու արագությունն է։

Այս ցունամիին ասում են նաև Նվերների օրվա[9] ցունամի։

Երկրաշարժի, ցունամիի և ատոմակայանի վթարի հետևանքով երկրին հասցված տնտեսական վնասը գնահատվեց $198–309 միլիարդ դոլար։
Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանն այդ առիթով հայտարարեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սա ամենադժվար հաղթահարելի ճգնաժամն էր Ճապոնիայի համար։

Հրդեհ Կալիֆորնիայում

Հրդեհը այրման անվերահսկելի պրոցես է, որն ուղեկցվում է նյութական արժեքների ոչնչացմամբ և վտանգ է ներկայացնում մարդկանց կյանքի և առողջության համար։ Այրման առաջացման համար անհրաժեշտ է նույն տեղում միաժամանակ երեք պայմանի առկայություն այրվող նյութ փայտ, թուղթ, կերոսին, բենզին, օքսիդիչ` հիմնականում օդի թթվածին և բոցավառման աղբյուր կայծ, խարույկ։ Պայթյունը մեծ քանակությամբ էներգիայի անջատումն է, սահմանափակ ծավալում կարճատև ժամանակահատվածում[10]։

Պայթյունի խոցող գործոններն են օդային և ջերմային հարվածային ալիքը, պինդ մարմինների թռչող բեկորները և այլն։ Բնակարաններում հրդեհների և պայթյունների մեծ մասի ծագման պատճառները կապված են բնակչության և հատկապես երեխաների կողմից էլեկտրասպառիչ և գազասպառիչ կենցաղային սարքերի շահագործման տարրական կանոննորի խախտման հետ։

Անտառային հրդեհներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտառային հրդեհներ, կրակի տարերային տարածումն անտառում, որի հետևանքով անտառը լրիվ կամ մասնակի ոչնչանում է։ Մեծ չափերի են հասնում խիտ և հատկապես ասեղնատերև անտառներում։ Առաջանում են բնական ճանապարհով (կայծակ, տորֆի ինքնաբռնկում) և մարդու անզգուշությունից։ Անտառների հրդեհավտանգությունը պայմանավորված է տեղումների զգալի պակասով, որը բարձրացնում է օդի ջերմաստիճանը և նվազեցնում հարաբերական խոնավությունը[11]։

Տորֆային հրդեհներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տորֆային հրդեհը չորացրած կամ բնական գործային ճահճի բոցավառում է, որը տեղի է ունենում արևի ճառագայթներով գերտաքացման կամ կրակի հետ մարդկանց անփույթ վարվելու հետևանքով[12]։

Օդային զանգվածների շարժումը եղանակային արտակարգ իրավիճակներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավերիչ ուժ ունեցող ուժեղ մեծածավալ մթնոլորտային պտտահողմ՝ մոտ 1000 մ տրամագծով, որտեղ օդի պտտային արագությունը հասնում է 100 մ/վ[13]։

Օդի մրրկային շարժում ձագարի կամ սյան տեսքով։ Առաջանում է օդի ուժեղ տաքացման ժամանակ բարձրացող հոսանքի շնորհիվ։ Տեղաշարժվում է 5-20 մ/վ արագությամբ։ Պտտահողմի ժամանակ օդը պտտվում է և միաժամանակ բարձրանում պարուրաձև՝ գետնից վեր քաշելով փոշի, ջուր ու տարբեր առարկաներ։ Իր գոյության ընթացքում, որ տևում է մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ, պտտահողմն անցնում է զգալի տարածություն՝ հարյուր մետրից մինչև մի քանի կմ։ Օվկիանոսի վրա տեղի ունեցող մրրկասյունը կոչվում է տորնադո։

«Կատրինա» փոթորիկը 2005 թվականի օգոստոս 29-ին

Ցիկլոնը մթնոլորտային ցածր ճնշման մարզ է, նրա կետերում ճնշումն ավելի ցածր է, քան ծայրամասերում։ Քամին ծայրամասերից փչում է դեպի կենտրոն։ Կենտրոնում օդը շարժվում է վերընթաց։ Ցիկլոն, տրոպիկական ցիկլոն, փոթորիկ և թայֆուն նույն երևույթի՝ ցիկլոնային քամու տարբեր անվանումներն են, որը ձևավորվում է օվկիանոսների վրա։ Գոյություն ունեն ցիկլոնի երկու տեսակներ ՝ արևադարձային և ոչ արևադարձային։ Արևադարձային ցիկլոնը արևադարձային գոտում առաջացող ցիկլոն է, որն ունի փոքր ծավալ, սակայն ավելի մեծ ճնշման գրադիենտներ ու քամու արագություն և կարող վերածվել փոթորիկի։ Քամիներ սովորաբար փչում են 20-25, երբեմն՝ 60-65, առանձին պոռթկումների դեպքում՝ 100 մ/վ արագությամբ։ Զարգանում է հիմնականում օվկիանոսների և ծովերի վրա, ամեն կիսագնդի 5-20° լայնություններում։ Տրամագիծը՝ մի քանի հարյուր կմ, շարժվում է 10-20 կմ/ժ արագությամբ, հյուսիսային կիսագնդում սկզբում՝ դեպի հյուսիսարևմտյան (հարավային կիսագնդում՝ հարավարևմտյան), ապա, սկսած 20-30° լայնություններից՝ դեպի հյուսիսարևելյան (հարավային կիսագնդում՝ հարավարևելյան)։ Ճնշումը կենտրոնում սովորաբար նվազում է մինչև 950-970 մբ, դիտվել են դեպքեր՝ 885 մբ։ Ուղեկցվում է ուժեղ հորդառատ անձրևներով և ամպրոպներով, կենտրոնում դիտվում են թույլ քամիներ, երկինքը պարզվում է («ցիկլոնի աչք»)։ Ոչ արևադարձային ցիկլոնը ծագում է բևեռային լայնություններում։ Ծագման սկզբնական փուլում ունի 1000 կիլոմետր տրամագիծ, սակայն կենտրոնական ցիկլոնի դեպքում այն հասնում է մի քանի հազար կիլոմետրի։ Ժամանակակից պատմության մեջ ամենամեծ վնասը հասցրել է 2005 թվականին տեղի ունեցած Կատրինա փոթորիկը, որը արևադարձային ցիկլոն է։ Ըստ տարբեր աղբյուրների փոթորկի հասցրած վնասը հասնում է 89-125 միլիարդ դոլարի[14]։ Մարդկության պատմության մեջ գրանցված ամենամահաբեր փոթորիկը եղել է 1780 թվականի հոկտեմբերի 10-16 Փոքր Անթիլյան կղզիներում տեղի ունեցած Մեծ փոթորիկը, որը 27,5 հազար մարդու կյանք է խլել[15]։ Մեծ փոթորիկը կործանեց Մարտինիկան, Սբ.Էստատիոսը և Բարբադոսը։ Մահացու փոթորիկներից է նաև 1970 թվականին տեղի ունեցած Բհոլա ցիկլոնը։

Կարկտահատիկ
Կարկուտ

Կարկուտ, պինդ մթնոլորտային տեղում՝ սառցե գնդաձև հատիկների տեսքով։ Տեղում է տարվա տաք եղանակին (Հայաստանում՝ մարտ-հոկտեմբերին)՝ կույտաանձրևային ամպերից՝ օդի վերընթաց շարժումների պայմաններում՝ ամպրոպի, տեղատարափ անձրևների, երբեմն՝ փոթորկային քամու ուղեկցությամբ։ Կարկուտի երակն ունենում է 200 մ-ից մինչև 2 կմ լայնություն և երբեմն՝ մինչև 100 կմ երկարություն։ Տևողությունը, որպես կանոն, 5-10 րոպե է, բացառիկ դեպքում՝ 1 ժամ։

Ուժեղ քամիները, փոշու ամպերը, հրաբխային ժայթքումները կարող են առաջացնել կայծակ։ Փոթորիկների, ինչպես նաև ուժեղ քամիների, կարկուտի և ջրհեղեղի հետ կապված վնասներից բացի կայծակը կարող է նաև վնասել շինությունները, առաջացնել հրդեհներ, իսկ անմիջական շփման դեպքում կարող է նաև մահվան պատճառ հանդիսանալ։ Արձանագրված մահացու կայծակներից են 2007 թվականին Պակիստանի հյուսիս-արևմտյան լեռնային գյուղերից մեկում՝ Ուշարա Դարայում տեղի ունեցած կայծակը, որը սպանեց 30 մարդ, LANSA 508 ինքնաթիռի վթարը, որի արդյունքում զոհվեց 91 մարդ և 1994 թվականի Եգիպտոսի Դրոնկա քաղաքում կայծակի հետևանքով առաջացած վառելիքի պայթյունը, որը 469 մարդու մահվան պատճառ դարձավ[16]։ Կայծակից մահացության դեպքեր շատ են գրանցվում հատկապես Ամերիկայի և Ասիայի աղքատ երկրներում։

Երաշտ

Երաշտ, տեղումների երկարատև անբավարարություն՝ օդի բարձր ջերմաստիճանի, ցածր հարաբերական խոնավության պայմաններում։ Երաշտը անապատացման բնական գործոններից է և հանգեցնում է բույսերի աճի ու զարգացման անկման, երբեմն էլ՝ չորացման։ Տաք, չոր քամիները և խոնավության պակասը ևս կարող են երաշտի առաջացման պատճառ դառնալ։ Երաշտի ժամանակ հողում առկա խոնավության պաշարը, անձրևների բացակայության պատճառով (հարաբերական խոնավությունն իջնում է 30%-ից) չի լրացվում և սպառվում է։ Հայաստանում Երաշտը ձևավորվում է անտիցիկլոնային ռեժիմի պայմաններում՝ հիմնականում արևադարձային չոր օդային զանգվածների ներխուժման հետևանքով։ Երաշտը լինում է հողային և մթնոլորտային։ Հողային երաշտի դեպքում բույսերը տուժում են անձրևների երկարատև բացակայությունից և հողի արմատաբնակ շերտի չորացումից։ Հողային երաշտի սրմանը զուգընթաց չորանում են մարգագետինները, գետերը, լճերը, աղբյուրները, սկսվում է հիդրոլոգիական երաշտը։ Կենտրոնական Ռուսաստանում 1972, 2002 և 2010 թվականներին երկարատև շոգերի և երաշտի հետևանքով առաջացել են բազմաթիվ անտառային ու տորֆային հրդեհներ, ինչը հանգեցրել է Մոսկվայի և այլ քաղաքների ծխով լցվելուն ու մարդկանց մոտ բազմաթիվ առողջական խնդիրների ի հայտ գալուն։ Պատմական հայտնի երաշտներից է 1997-2009 թվականներին տեղի ունեցած հազարամյակի երաշտը Ավստրալիայում, որը շատ քաղաքներում ուղեկցվում էր ջրի մատակարարման ճգնաժամերով։

Ձնաբքերը ուժեղ ձմեռային փոթորիկներ են, որոնց բնորոշ են առատ ձյունը և ուժեղ քամիները։ Ձնաբքերը կարող են ազդել այն երկրների տնտեսական կյանքի վրա, որտեղ ձյունը հազվադեպ է։ 1888 թվականին Միացյալ Նահանգներում և Ասիայում տեղի ունեցած Մեծ ձնաբքի պատճառով ոչնչացել է տոննաներով հացահատիկային մշակաբույսեր, 2008 թվականին Աֆղանստանի և 1972 թվականին Իրանի ձնաբքերը ևս կարևոր իրադարձություններ էին։ 1993 թվականին Մեքսիկական ծոցում ծագած փոթորիկը շարժվում է դեպի հյուսիս՝ վնասներ պատճառելով 26 նահանգների, այդ թվում նաև Կանադային՝ հանգեցնելով ավելի քան 300 մարդու մահվան[17]։ Նյոս լճի ժայթքումը,որն ավելի լայնածավալ էր և խլեց ավելի քան1700-1800 մարդու կյանք։

Արևային բռնկումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բևեռափայլ

Արևային բռնկումը երևույթ է, որի ժամանակ արևը հանկարծակի նորմայից ավելի ճառագայթում է արձակում։ Արևային բռնկումները կարող են անմիջական որևէ վնասվածք չառաջացնել, սակայն էլեկտրական սարքավորումների փչացման պատճառ դառնալ։ 1859 թվականի Քարինգթոնյան իրադարձությունների ժամանակ ի հայտ եկավ աղետի պատճառ հանդիսացող արևային փոթորիկների ներուժը, որը խափանեց հեռագրական ցանցը և 1989 թվականի մարտի գեոմագնիսական փոթորիկը, որը սևեռված էր Քվեբեկից։ Հայտնի արևային բռնկումներից են 1989 թվականի օգոստոսի 16-ի[18] X20 իրադարձությունը և 2001 թվականի ապրիլի 2-ի[18] համանման բռնկումը։ Երբևէ արձանագրված ամենահզոր բռնկումը եղել է 2003 թվականի նոյեմբերի 4-ին.[19]։

Վերջին տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1995-2015 թվականներին, ըստ ՄԱԿ-ի աղետների վերահսկման համակարգի, բնական աղետների մեծ մասը եղել է Ամերիկայում, Չինաստանում և Հնդկաստանում[20]։ 2012 թվականին ողջ աշխարհում եղել է 905 բնական աղետ, որոնցից 93% եղանակային։ 45%-ը եղել է օդերևութաբանական (փոթորիկներ), 36%-ը՝ հիդրոլոգիական (ջրհեղեղներ), 12%-ը՝ կլիմայական (ալիքների հարված, սառը ալիքներ, անտառային հրդեհներ) և 7%-ը՝ երկրաբանական իրադարձություններ (երկրաշարժեր և հրաբխային ժայթքումներ)։ 1980-2011 թվականներին երկրաբանական գործընթացները կազմում են բնական աղետների 14%-ը[21]։

Աղետների կանխարգելում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հարկավոր է մանրակրկիտ ուսումնասիրել փաստերն ու պատճառները։
  • Կառավարությունները պետք է աշխատանքներ տանեն ռիսկի գործոնների վերաբերյալ նյութերի հավաքման և տարածման ուղղությամբ։
  • Կառավարությունները պետք է ապահովեն հողի և գույքի շուկաների աշխատանքը․ այդ դեպքում սեփականության գները կարտացոլեն ռիսկի գործոնները և կօգնեն որոշում կայացնել բնակության վայրի ընտրության և անհրաժեշտ կանխարգելման միջոցների վերաբերյալ։
  • Կառավարությունները պետք է ստեղծեն անհրաժեշտ ենթակառուցվածքներ և պահպանեն դրանց որակը։ Հիմնական օբյեկտների ցանկը չպետք է երկար լինի, քանի որ ծախսերն օգուտների համեմատ աննշան կլինեն։
  • Պետք է նպաստել սոցիալական ինստիտուտների զարգացմանը՝ ապահովվելով հասարակական վերահսկողությունը։ Երկրները, որտեղ սոցիալական հաստատությունները արդյունավետ են գործում` ավելի հաջող են կանխարգելում աղետները։
  • Անհրաժեշտ է զարգացնել բարեգործությունը մարդասիրական օգնության բաժինը ավելի մեծացնելու համար՝ ուղղելով այն աղետների կանխարգելմանը։
  • Անհատական եւ հասարակական կարգի միջոցառումները պետք է համաձայնեցվեն [22].

Միջազգային օրենսդրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային իրավունքը ինչպես օրինակ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան պահանջում է. «պետությունները միջազգային իրավունքի համաձայն պետք է կիրառեն անհրաժեշտ բոլոր միջոցները ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային իրավունքը մարդու իրավունքի մասին ապահովելու համար հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանությունը և անվտանգությունը ռիսկային իրավիճակներում նաև տարերային աղետների ժամանակ»[23]։ 1989 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ստեղծեց ամենամյա Տարերային աղետների նվազեցման միջազգային օր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. G. Bankoff, G. Frerks, D. Hilhorst (eds.) (2003). Mapping Vulnerability: Disasters, Development and People. ISBN 1-85383-964-7.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. Magnitude 9.0 — NEAR THE EAST COAST OF HONSHU, JAPAN. Արխիվացված 2011-03-12 Wayback Machine(անգլ.)
  3. 05:46:23 UTC +03:00 Moscow Time Zone (ձմեռային ժամանակը հաշվի է առված)
  4. 4,0 4,1 География лавин//Под ред. С. М. Мягкова, Л. А. Канаева. — М., издательство МГУ, 1992
  5. U.S. Billion-Dollar Weather and Climate Disasters
  6. D. Alexander (2002). Principles of Emergency planning and Management. Harpended: Terra publishing. ISBN 1-903544-10-6.
  7. B. Wisner; P. Blaikie; T. Cannon; I. Davis (2004). At Risk – Natural hazards, people's vulnerability and disasters. Wiltshire: Routledge. ISBN 0-415-25216-4. {{cite book}}: Invalid |name-list-style=yes (օգնություն)
  8. UTC-ով
  9. «Նվերների օրը» կաթոլիկ և մի շարք այլ եկեղեցիների Սուրբ Ծնունդին հաջորդող օրն է։
  10. Федеральный закон N 69-ФЗ «О пожарной безопасности» Статья 1. Основные понятия
  11. «Специальный репортаж»: Пожары Արխիվացված 2011-10-16 Wayback Machine // Телеканал Подмосковье. Апрель 2010
  12. http://bse.sci-lib.com/article069840.html БСЭ
  13. Советский энциклопедический словарь. — М.: «Советская Энциклопедия», 1981. — 1600 с.
  14. «Экономический ущерб от урагана». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
  15. Edward N. Rappaport, Jose Fernandez-Partagas, and Jack Beven (1997). «The Deadliest Atlantic Tropical Cyclones, 1492-1996». NOAA. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  16. Evans, D. «An appraisal of underground gas storage technologies and incidents, for the development of risk assessment methodology» (PDF). British Geological Survey. Health and Safety Executive: 121. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 14-ին.
  17. «Natural Hazards – Snow & Hail Storms». www.n-d-a.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  18. 18,0 18,1 «Sun Unleashes Record Superflare, Earth Dodges Solar Bullet». ScienceDaily. 2011 թ․ ապրիլի 4. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 27-ին.
  19. «Biggest Solar Flare ever recorded». National Association for Scientific and Cultural Appreciation. 2004. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 27-ին.
  20. «Weather-related disasters are increasing». The Economist. 2017 թ․ օգոստոսի 29.
  21. Natural Catastrophes in 2012 Dominated by U.S. Weather Extremes Արխիվացված 2013-07-02 Wayback Machine Worldwatch Institute May 29, 2013
  22. Стихийные бедствия и техногенные катастрофы, 2012
  23. Статья 11 Конвенции о правах инвалидов

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Стихийные бедствия и техногенные катастрофы. Превентивные меры = Natural Hazards. UnNatural Disasters: The Economics of Effective Prevention. — М.: «Альпина Паблишер», 2012. — 312 с. — (Библиотека Всемирного банка). — ISBN 978-5-9614-1527-8

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարերային աղետներ» հոդվածին։