Քրիստոֆեր Հիթչենզ
Քրիստոֆեր Հիթչենզ Christopher Hitchens | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 13, 1949[1][2][3][…] Պորտսմութ, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[4] |
Մահացել է | դեկտեմբերի 15, 2011[5][1][2][…] (62 տարեկան) Հյուստոն, ԱՄՆ[4] բնական մահով |
Բնակության վայր(եր) | Portsmouth? և Վաշինգտոն[6] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և ԱՄՆ |
Ուղղություն | աթեիզմ |
Մասնագիտություն | լրագրող, գրող, ակնարկագիր, ինքնակենսագիր, գրական քննադատ և քաղաքագետ |
Ալմա մատեր | Օքսֆորդի համալսարան, The Leys School? և Բալիոլ քոլեջ |
Տիրապետում է լեզուներին | բրիտանական անգլերեն և անգլերեն[7][8] |
Ազդվել է | Ջորջ Օրվել, Լև Տրոցկի, Թոմաս Փեյն, Թոմաս Ջեֆերսոն, Ջորջ Էլիոթ, Վլադիմիր Նաբոկով, Սալման Ռուշդի, Քոլմ Թոյբին, Edward Said? և Ալբեր Քամյու |
Պարգևներ | |
Կուսակցություն | Սոցիալիստական աշխատավորական կուսակցություն |
Ամուսին(ներ) | Էլենի Մելեագրու և Քերոլ Բլյու |
Երեխա(ներ) | Ալեքսանդր Մելեագրու-Հիթչենս |
Ստորագրություն | |
Christopher Hitchens Վիքիպահեստում |
Քրիստոֆեր Հիթչենզ (անգլ.՝ Christopher Hitchens , ապրիլի 13, 1949[1][2][3][…], Պորտսմութ, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[4] - դեկտեմբերի 15, 2011[5][1][2][…], Հյուստոն, ԱՄՆ[4]), ամերիկացի և անգլիացի հայտնի գրող, լրագրող և հրապարակախոս։ Հանդիսանում է բազմաթիվ վերլուծական հոդվածների և ոչ գեղարվեստական գրքերի հեղինակ։ Հիթչենզը ճանաչված է որպես 20 և 21-րդ դարերի առաջատար մտածողներից մեկը։ Նա հանդես է եկել կրոններին, արվեստին, քաղաքականությանը, պատերազմներին, գրականությանը և այլ ոլորտներին առնչվող ելույթներով[10]։
1991 թվականին Հիթչենզին շնորհվել է Լենանի գրական մրցանակը (անգլ.՝ Lannan Literary Award) ոչ գեղարվեստական գրականության ասպարեզում[11]։
2005 թվականին Ֆորին Փոլիսի(անգլ.՝ Foreign Policy ) ամսագիրը ներառել է իր «100 ամենանշանավոր մտավորականները» համաշխարհային ցանկում[12]։ 2009 թվականին Ֆորբս ամսագիրը Հիթչենզին անվանել է ԱՄՆ 25 ամենաազդեցիկ ազատականներից մեկը[13]
Հիթչենզը եղել էր Ազգային աշխարհիկ համաժողովի պատավավոր անդամ[14]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կենսագրությունը և կրթությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստոֆեր Հիթչենզը ծնվել է 1949 թվականին Անգլիայի Պորտսմութ քաղաքում։ Նրա հայրը՝ Էրիկ Հիթչենզը, Բրիտանական թագավորական նավատորմի հրամանատար էր, ում աշխատանքի բնույթը հաճախակի էր ստիպում Հիթչենզների ընտանիքին փոխել իրենց բնակության վայրը։ Հիթչենզի մայրը՝ Իվոնը, ամուսնու առարկություններին հակառակ, որոշում է ուղարկել Հիթչենզին մասնավոր դպրոց, որպեսզի նա ստանա իր ժամանակի հասանելի ամենալավ կրթությունը։ Ութ տարեկան հասակում Հիթչենզը սկսում է հաճախել Քեմբրիջ քաղաքում գտնվող Լեյ դպրոցը։ 1967 թվականին Հիթչենզը ընդունվում է Օքսֆորդի համալսարան։ Օքսֆորդում նա դառնում է «Ինտերնացիոնալ սոցիալիստներ» տրոցկիստական խմբակի անդամ։ Չնայած իր ունեցած խիստ ձախական հայացքներին, Հիթչենզն ազատորեն հաղորդակցվում է քաղաքական այլ տեսակետներ ունեցող մարդկանց հետ։ 1970 թվականին Հիթչենզն ավարտում է Օքսֆորդի համալսարանը ստանալով փիլիսոփայության, քաղաքականության և տնտեսագիտության բակալավրի աստիճաններ։
Լրագրողական գործունեությունը Մեծ Բրիտանիայում (1970-1981)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսումը ավարտելուց հետո Հիթչենզը տեղափոխվում է Լոնդոն և աշխատանքի է անցնում «Թայմս Հայեր Էդուքեյշն Սափլիմենթ» (անգլ.՝ Times Higher Education Supplement ) ամսագրում։ 1973 թվականին Հիթչենզն աշխատանք է ստանում ձախակողմյան Նյու Սթեյթսմեն(անգլ.՝ New Statesman) թերթում։ Այնտեղ նա ծանոթանում է գրող Մարտին Էմիսի հետ։ Նրանց ընկերությունը հատկապես խորանում է, երբ Հիթչենզի մոր ինքասպանությունից հետո Էմիսը ցավակցական նամակ է հղում նրան։ Հիթչենզը նաև աշխատում է Իվնինս Ստանդարթ(անգլ.՝ Evening Standard ) և Դեյլի Էքսպրես(անգլ.՝ Daily Express ) թերթերում։ 1979 թվականին նա դառնում է Նյու Սթեյթսմեն թերթի օտարերկրյա խմբագիրը։
Գրական և հասարակական գործունեությունը ԱՄՆ֊ում (1981–2011)
[խմբագրել | խմբագրել կոդը]1981 թվականին Հիթչենզը տեղափոխվում է Նյու Յորք, ԱՄՆ։ Մեկ տարի անց նա տեղափոխվում է Վաշինգտոն ԿՇ։ ԱՄՆ֊ում Հիթչենզը ծավալում է իր ակտիվ գրական և հասարական գործունեությունը։
1984 թվականին Հիթչենզը հրապարակում է իր «Կիպրոս» (անգլ.՝ Cyprus ), իսկ 1987 թվականին «Էլգինի մարգարիտները։ Պե՞տք է նրանք վերադարձվեն Հունաստանին» (անգլ.՝ The Elgin Marbles: Should They Be Returned to Greece? ) աշխատությունները։ 1987 թվականին աղեստամոքսային քաղցկեղից մահանում է Հիթչենզի հայրը։ Նույն այդ հիվանդությունից 24 տարի անց մահանում է և Հիթչենզը։
1989 թվականին Հիթչենզը խզում է կապերը ձախական շարժումների հետ այն բանից հետո, երբ նրա ընկեր Սալման Ռուշդին մահվան սպառնալիքներ է ստանում իր «Սատանայական բանաստեղծություն» (անգլ.՝ The Satanic Verse ) գրքի համար։ Հիթչենզը պաշտպանում էր Ռուշդիի ազատ արտահայտվելու իրավունքը, մինչդեռ ձախ հայացքներ ունեցող այլ գործիչները հրաժարվում են սատարել նրան։ Սա շրջադարձային կետ է դառնում Հիթչենզի համար։
1990 թվականին Հիթչենզը հրատարակում է իր «Միապետությունը։ Բրիտանիայի սիրված կուռքի քննադատությունը» (անգլ.՝ The Monarchy: A Critique of Britain's Favorite Fetish) գիրքը, որտեղ նա դատապարտում է թագավորական ընտանիքի ապրելակերպը և ԶԼՄ-ների կողմից իրականացվող նրանց կյանքի լուսաբանումը։ Նույն թվականին լույս է տեսնում Հիթչենզի հաջորդ գիրքը, որը կոչվում էր «Արյուն, Դասակարգ և Կարոտախտ. Անգլո֊ամերիկյան ծաղրանքը» » (անգլ.՝ Blood, Class, and Nostalgia: Anglo-American Ironies ), որտեղ նա նկարագրում է ԱՄՆ֊ի գերակա և միակողմանի ազդեցությունը Մեծ Բրիտանիայի հետ իրականացվող մշակութային փոխհարաբերություններում։ 1992 թվականին Հիթչենզը սկսում է գրել Vanity Fair հայտնի ամսագրի համար։
90-ականները Հիթչենզի կենսագրության ամենարդյունավետ և հակասական տարիներն էին։ Նա տպագրում է մի շարք նոր գրքեր և էսսեներ, հանդես է գալիս բազմաթիվ հեռուստանախագծերում։ Հիթչենզը թիրախավորում է հայտնի քաղաքական, մշակութային և հասարակական պաշտամունքի առարկա դարձած այլ գործիչներին։ Այդ տարիների ընթացքում Հիթչենզը սկսում է մասնակցել քաղաքական բանավեճերի։
1995 թվականին Հիթչենզը հրապարակում է «Միսիոներական դիրքը. Մայր Թերեզան մտացածին և իրական» գիրքը։ Հիթչենզն անդրադառնում է մինչ այդ անբիծ համարվող Մայր Թերեզայի կենսագրությանը, մասնավորապես ցույց տալով թե ինչպես նա հետևողական է սատարել տարատեսակ բռնապետների։ 1999 թվականին լույս է տեսնում «Այլևս հնարավոր չի սուտ խոսել։ Վիլիամ Ջեֆերսոն Քլինոթնի տիրանգուլյացիանները» գիրքը, որտեղ Հիթչենզը խիստ քննադատության է ենթարկում ձախերի համար նշանավոր կերպար հանդիսացող ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնին։
2002, 2005 և 2006 թվականներին հրապարակվում են «Ինչու է Օրվելը արդիական» »(անգլ.՝ Why Orwell Matters ), «Թոմաս Ջեֆերսոն. Ամերիկայի հեղինակը» »(անգլ.՝ Thomas Jefferson: Author of America ) և «Թոմաս Փեյնի Մարդու իրավունքները. Կենսագրություն» »(անգլ.՝ Thomas Paine's Rights of Man: A Biography ) գրքերը։ Ի տարբերություն Հիթչենզի նախկին աշխատությունների, նոր տպագրված գրքերը մեթոդաբանական առումով ավելի էին համապատասխանում ակադեմիական չափանիշներին։
Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո Հիթչենզը սատարում է ԱՄՆ֊ի կողմից Իրաք ներխուժման և Սադդամ Հուսեյնին իշխանությունից հեռացնելու ծրագրերը։ Իր տեսակետը նա ներկայացնում է «Կարճ երկար պատերազմը. Իրաքի ուշացած ազատագրումը»(անգլ.՝ A Long Short War: The Postponed Liberation of Iraq) էսսեների շարքում։
2010 թվականին լույս է տեսնում Հիթչենզի «Հիթչ֊22» »(անգլ.՝ Hitch-22) ինքնակենսագրությունը, որի շնորհանդեսի ժամանակ նա պատմում է, որ իր մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Բուժման զուգընթաց նա չի դադարում իր հասարակական գործունեությունը և ելույթները։ Հիթչենզը հաճախակի է ինքն իրեն օրինակ բերում, ասելով, որ նույնիսկ մահի նախաշեմին մարդը հանգիստ կարող է ապրել առանց որևէ հավատքի։
2011 թվականին լույս են տեսնում Հիթչենզի «Մեջբերվող Հիթչենզը. Հարբեցողությունից մինչև սիոնիզմ» աֆորիզմների և «Վիճելի է։ Էսսեներ» մշակութային և քաղաքական մեկնաբանությունների ժողովածուները։
Հայացքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրոնական
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիթչենզն աշխարհիկ հումանիստ, աթեիստ և հակաթեիստ[15] էր։ Ի տարբերություն աթեիստի, հակաթեիստը ոչ միայն չի ընդունում Աստծո գոյությունը, այլ նաև գոհունակություն է հայտնում, որ Աստծո գոյությունը հաստատող վկայություններ չեն կարող տրամադրվել։ Հիթչենզն «Աստված մեծ չէ» (անգլ.՝ God Is Not Great) հայնտի գրքի հեղինակն է, որում նա հանդես է գալիս կրոնների և հավատքի դեմ ուղղված կոշտ քննադատությամբ։ Հիթչենզի ուշադրության կենտրոնում էին գտնվում երեք մեծ մոնոթեսիտական կրոնները՝ քրիստոնեությունը, իսլամը և հուդայականությունը, որոնց նա անվանում էր «չարիքի առանցք»[16]։
Քաղաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիթչենզը պատանեկան տարիքում ունենում է ձախական հայացքներ և անդամակցում է տարբեր սոցիալիստական և տրոցկիստական խմբակներին։ Դրանցից մեկը ՝ «Ինտերնացիոնալ սոցիալիստները», պայքարում էր Վիետնամի պատերազմի, միջուկային սպառազինության, ռասիզմի և միջազգաային կորպորացիաներից բաղկացած օլիգարխիայի դեմ։
2001 թվականին Հիթչենզը վերջնականապես հրաժարվում է սոցիալիստական հայացքներից և հայտարարում է, որ կապիտալիզմը միակ իրական հեղափոխական համակարգն է։ 2001 թվականին Ռիզոն(անգլ.՝ Reason) ամսագրին տված հարցազրույցում Հիթչենզը հայտարարում է, որ այլևս չի կարող իրեն կոչել սոցիալիստ, և որ սոցիալիստական գաղափարախոսությունը դադարել է կապիտալիստական համակարգին այլըտրանք հանդիսանալ[17]։ Հիթչենզը ողջունում է կապիտալիզմը և գլոբալացումը, որպես նորարարական և համաժողովրդական գաղափարախոսություններ։ Հիթչենզը վերադառնում է իր մինչ սոցիալիստական՝ լիբերտարիանիստական հայացքներին, որոնք կարևորում են անձի անհատական ազատությունները և նրա անկախությունը պետական մարմիններից։
2006 թվականին Փենսիլվանիայի քաղաքային դահլիճում տեղի ունեցող բանավեճի ժամանակ Հիթչենզը հայտատարում է, որ չնայած այն հանգամանքի, որ նա այլևս սոցիալիստ չէ, բայց նա շարունակում է իրեն համարել մարքսիստ[18]։ 2010 թվականին Նյու Յորք Թայմս (անգլ.՝ New York Times ) ամսգարին տված հարցազրույցում Հիթչենզը վերահաստատում է իր նախկին հայտարարությունը՝ ասելով, որ պահպանողական մարքսիստ է, քանի որ պատմության դիտարկման մատերիալիստական մոտեցումը բազմակի անգամներ ապացուցել է իր վավերականությունը[19]։ Հիթչենզի կարծիքով Մարքսը ճշգրիտ է ախտորոշել կապիտալիզմի թերությունները, սակայն չի կարողացել ամբողջապես գնահատել նրա նորարարական ներուժը[20]։
Հիթչենզը քաղաքական ազատությունների ջատագով էր։ Նա հանդես էր գալիս բժշկական մարիխուանայի իրացման քրեականացման և թմրանյութերի դեմ տարվող պատերազմների դեմ[21]։
Հիթչենզը ելույթ էր ունենում զենքի վաճառքը սահմանափակող օրենքների դեմ։ Նա համարում էր, որ զենքի ազատ վաճառքը սահմանափակող արգելքներն արհեստական անհավասրաություն կստեղծեն հանացագործների և օրինապաշտ քաղաքացիների միջև[22]։
Կանանց աբորտի իրավունքին Հիթչենզը վերապահումով էր մոտենցում։ Հիթչենզը համարում էր, որ հղիության արհեստական ընդհատումը լուրջ բիոէթիկական խնդիր է։ Նա նաև համոզված էր, որ կրոնական տեսակետը տվյալ հարցում չպետք է պարտադրվի։ Հիթչենզը կանխատեսում էր, որ գիտության զարգացմանը զուգընթաց, անցանկալի հղիության ընդհատումը վիրահատական միջամտությունից աստիճանաբար կտեղափոխվի նախնական շրջանում բեղնավորման կանխարգելման դաշտ[23]։
Հիթչենզը պաշտպանում էր նույնասեռ ամուսնությունները[24]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1973 թվականին Հիթչենզի մայրը ինքնասպանություն է գործում Աթենքում[25]։
1984 թվականին Հիթչենզն ամուսնանում է Էլենի Մելիեգորյի հետ, ով ծագումով կիպրոսցի հույն էր։ Նրանք ծանոթանում են Հիթչենզի Կիպրոս կատարած այցելության ժամանակ։ Նրանք ունենում են երկու դուստրեր՝ Ալեքսանդրիային և Սոֆիային։
1991 թվականին Հիթչենզն ամուսնանում է երկրորդ անգամ։ Նրա կինն է դառնում Կարող Բլուն, ում նա հանդիպել էր Լոս Անջելեսի օդանավակայանում։ Բլուն կալիֆոռնիացի սցենարիստ էր։ Նրանք ունենում են դուստր, ում անունը Անտոնիա էր։
Երկար ժամանակ Հիթչենզը գժտված էր իր կրտսեր եղբայր Փիթերի հետ, ով անգլիական եկեղեցու հետևորդ էր[26]։ Իր ելույթներից մեկի ժամանակ Հիթչենզը իր եղբորը հրապարակորեն «թուլամիտ» էր անվանել։ Նրանք հաշտվում են Հիթչենզի զարմիկի ծննդից հետո։
Մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիթչենզը մահացել է 2011 թվականի դեկտեմբերի 15-ին Տեխասի Հյուստոն քաղաքում։ Իրենից հետո Հիթչենզը թողել է քաղաքակրթությանը և մշակույթին առնչվող գաղափարներից բաղկացած մի հարուստ ժառանգություն։ Հայտնի հասարակական գործիչներ գովեստի խոսքեր են ուղղում Հիթչենզին։ Նրանց շարքում էին Սալման Ռուշդին, Ֆրենսիս Քոլինսը, Մարթին Ամիսը, Թոնի Բլեերը, Սեմ Հարիսը և Ռիչարդ Դոկինզը։ Գիսաստղ 57901 անվանակոչվել է ի պատիվ Հիտչենզի[27]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 In Memoriam: Christopher Hitchens, 1949–2011 — Vanity Fair.
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #124425763 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ https://www.carnegie.org/awards/great-immigrants/2007-great-immigrants/
- ↑ «Քրիստոֆեր Հիթչենզ, կենսագրություն». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Լենան, Քրիստոֆեր Հիթչենզ
- ↑ «Ինտելեկտուլաները, Ֆորին Փոլիսի». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ ԱՄՆ ամենաազդեցիկ 25 ազատականները համաձայն ՉԼՄ֊ների
- ↑ Ազգային աշխարհիկ համաժողով, Քրիստոֆեր Հիթչենզ (1949 – 2011)
- ↑ Քրիստոֆեր Հիթչենզի կրոնական և քաղաքական հայացքները
- ↑ Քրիստոֆեր Հիթչենզ, դուք եք տալիս հարցերը
- ↑ «Ազատ ռադիկալ», Ռիզոն ամսագիր
- ↑ Մաթրին Ամիսի և Քրիստոֆեր Հիտչենզի բանավեճ, մաս 3
- ↑ Հակասականը, Նյու Յորք Թայմս
- ↑ Կարլ Մարքսի վրեժը
- ↑ Քրիտոֆեր Հիթչենզը բժշկական մարիխունայի օրինականացման մասին
- ↑ Զենքի վաճառքի վերահսկամն մասին միֆը
- ↑ Ոչ Աստծուն, Ոչ աբորտներին
- ↑ Ամուսնացող երկիր
- ↑ Քրիստոֆեր Հիթչենզ, կարճ֊ տեղեկություններ
- ↑ Ինչպես ես գտա Աստծուն և հաշտվեցի իմ աթեիստ եղբոր հետ
- ↑ «Քրիստոֆեր Հիթչենզ, «Նոր աթեիզմի» առաջամարտիկը». Արխիվացված է օրիգինալից 2021-12-08-ին. Վերցված է 2017-01-31-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստոֆեր Հիթչենզ» հոդվածին։ |
|
- Ապրիլի 13 ծնունդներ
- 1949 ծնունդներ
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Դեկտեմբերի 15 մահեր
- 2011 մահեր
- Հյուստոն քաղաքում մահացածներ
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի աթեիստներ
- Ամերիկացի ոչ գեղարվեստական գրողներ
- Ամերիկացի քաղաքագետներ
- Ամերիկացի քննադատներ
- Անգլիացի աթեիստներ
- Անգլիացի գրողներ
- Անգլիացի լրագրողներ
- Անգլիացի հումանիստներ
- Անգլիացի հրապարակախոսներ
- Բրիտանացի հումանիստներ
- Թոքաբորբից մահացածներ
- Կրոնների քննադատներ
- Հուդայականության քննադատներ
- Քաղաքական փիլիսոփաներ
- Քաղցկեղից մահացածներ