Շունն ու կատուն
Շունն ու կատուն | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | բալլադ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1886 |
Վիքիդարան | Շունն ու կատուն |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շունն ու կատուն (այլ կիրառումներ)
Շունն ու կատուն, բալլադ, որը գրել է Հովհաննես Թումանյանը։ Բալլադի ծագումը ժողովրդական է[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հովհաննես Թումանյանը պատմում է, որ բալլադի սյուժեն լսել է Լոռու մարզի Դսեղ գյուղում, իր քեռի Իսայուց։ Ինչպես հաստատում է Անուշավան Աբովյանը, Թումանյանը բալլադը գրել է Ներսիսյան դպրոցը թողնելուց հետո, 1886 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ընկած ժամանակում։ Ինքնագիրը մեզ չի հասել։
Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է սևագիր հատված նրա հետագա մշակումների փորձերից։ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում պահվում է Բաքվում տպված բանաստեղծությունների հեղինակի սեփական օրինակը, որոնց մեջ Թումանյանն օժանդակ բայերի բարբառային ձևը փոխել է գրական ձևի։ Թումանյանի ընտանեկան արխիվում պահվում են նաև Բաքվում տպված բանաստեղծություններից մեկ այլ, ինչպես նաև` «Լուսաբեր» դասագրքի երկրորդ տարվա հեղինակի սեփական օրինակները` որոշ ուղղումներով։ Երեսուն տարի Թումանյանն աշխատել է այդ երկի վրա, կատարել բազում շտկումներ և փոփոխություններ։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Բալլադը պատմում է շան և կատվի վեճի մասին։ Շունը գառան մորթին տանում է տալիս կոշկակար կատվին, որպեսզի վերջինս նրա համար մի գլխարկ կարի, բայց կատուն ամեն անգամ մի բան հորինելով` չի կարում նրա գլխարկը։ Շունը զայրանում է, սկսում է վիճել կատվի հետ և այդտեղից էլ սկսվում է նրանց հավերժական վեճը։
Տպագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավետիք Արասխանյանը 1889 թվականին հրաժարվել է «Շունն ու կատուն» բալլադը տպագրել «Մուրճ» ամսագրում։ Առաջին անգամ «Ժողովրդական ավանդություն» ենթավերնագրով տպագրվել է Մոսկվայի բանաստեղծությունների ժողովածուում, 62-65 էջերում, լույս է տեսել հեղինակի ծանոթագրությամբ։ Այնուհետև տպագրվել է «Դաշնակներ» պարբերականի 15-17 էջերում, Դաշնակներ (փոփոխված), 15-17 էջերում, Թիֆլիսում տպագրված բանաստեղծությունների ժողովածուի 45-47 էջերում, Թիֆլիսում տպագրված լեգենդների ժողովածուում (էջ 3-5), 1906 թվականին` Ղազարոս Աղայանի «Ուսումն մայրենի լեզվի դասագրքում», Բաքվում տպագրված բանաստեղծությունների գրքի 65-68 էջերում, Լուսաբեր դասագրքի երկրորդ տարվա 32-34 էջերում (1908), նույն թվականին տպագրվել է նաև առանձին պատկերազարդ գրքույկով, ապա` Կոստանդուպոլսում տպագրված բանաստեղծությունների գրքի 67-70 էջերում և Երկերի ժողովածուի առաջին հատորի 265-267 էջերում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Թումանյան Հովհաննես (1988)։ Երկերի լիակատար ժողովածու։ Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն։ էջեր 549–550
|