Շունն ու կատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շունն ու կատուն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրբալլադ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1886
ՎիքիդարանՇունն ու կատուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շունն ու կատուն (այլ կիրառումներ)

Շունն ու կատուն, բալլադ, որը գրել է Հովհաննես Թումանյանը։ Բալլադի ծագումը ժողովրդական է[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանը պատմում է, որ բալլադի սյուժեն լսել է Լոռու մարզի Դսեղ գյուղում, իր քեռի Իսայուց։ Ինչպես հաստատում է Անուշավան Աբովյանը, Թումանյանը բալլադը գրել է Ներսիսյան դպրոցը թողնելուց հետո, 1886 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ընկած ժամանակում։ Ինքնագիրը մեզ չի հասել։

Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է սևագիր հատված նրա հետագա մշակումների փորձերից։ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում պահվում է Բաքվում տպված բանաստեղծությունների հեղինակի սեփական օրինակը, որոնց մեջ Թումանյանն օժանդակ բայերի բարբառային ձևը փոխել է գրական ձևի։ Թումանյանի ընտանեկան արխիվում պահվում են նաև Բաքվում տպված բանաստեղծություններից մեկ այլ, ինչպես նաև` «Լուսաբեր» դասագրքի երկրորդ տարվա հեղինակի սեփական օրինակները` որոշ ուղղումներով։ Երեսուն տարի Թումանյանն աշխատել է այդ երկի վրա, կատարել բազում շտկումներ և փոփոխություններ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալլադը պատմում է շան և կատվի վեճի մասին։ Շունը գառան մորթին տանում է տալիս կոշկակար կատվին, որպեսզի վերջինս նրա համար մի գլխարկ կարի, բայց կատուն ամեն անգամ մի բան հորինելով` չի կարում նրա գլխարկը։ Շունը զայրանում է, սկսում է վիճել կատվի հետ և այդտեղից էլ սկսվում է նրանց հավերժական վեճը։

Տպագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավետիք Արասխանյանը 1889 թվականին հրաժարվել է «Շունն ու կատուն» բալլադը տպագրել «Մուրճ» ամսագրում։ Առաջին անգամ «Ժողովրդական ավանդություն» ենթավերնագրով տպագրվել է Մոսկվայի բանաստեղծությունների ժողովածուում, 62-65 էջերում, լույս է տեսել հեղինակի ծանոթագրությամբ։ Այնուհետև տպագրվել է «Դաշնակներ» պարբերականի 15-17 էջերում, Դաշնակներ (փոփոխված), 15-17 էջերում, Թիֆլիսում տպագրված բանաստեղծությունների ժողովածուի 45-47 էջերում, Թիֆլիսում տպագրված լեգենդների ժողովածուում (էջ 3-5), 1906 թվականին՝ Ղազարոս Աղայանի «Ուսումն մայրենի լեզվի դասագրքում», Բաքվում տպագրված բանաստեղծությունների գրքի 65-68 էջերում, Լուսաբեր դասագրքի երկրորդ տարվա 32-34 էջերում (1908), նույն թվականին տպագրվել է նաև առանձին պատկերազարդ գրքույկով, ապա` Կոստանդուպոլսում տպագրված բանաստեղծությունների գրքի 67-70 էջերում և Երկերի ժողովածուի առաջին հատորի 265-267 էջերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջեր 549–550.