Մասնակից:Hovik Avetisyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կուրգան–Տյուբեի մարզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաջիկական ՍՍՀ կազմում: Առաջին անգամ կազմվել է 1944 թ.-ի հունվարի 7-ին, լուծարքի ենթարկվել՝ 1947 թ.-ի հունվարի 23-ին, վերակազմվել՝ 1977 թ.-ի ապրիլի 4-ին: Գտնվում է Վախշի հովտում (հանրապետության հարավ–արևմուտքում): Տարածությունը 11,44 հազ. կմ² է, բնակչությունը՝ 703 հազ. (1979 թ.): Բաժանվում է 8 շրջանի, կա 2 քաղաք, 13 քաղաքատիպ ավան: Կենտրոնը՝ Կուրգան–Տյուբե:

Բնությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռելիեֆը լեռնային է՝ կազմված մերձմիջօրեական ուղղությամբ ձգվող լեռնաշղթաներից և լեռներից (Բաբադաղ, Տույունաաու, Ակտաու, Կարատաու, Տերիկլիտաու), ինչպես նաև միջլեռնային իջվածքներից: Բացարձակ բարձրությունը 2100 մ է, դեպի հարավ իջնում է մինչև 300 մ: Օգտակար հանածոներից կան գազ, նավթ, քարաղ, շինանյութեր, դոլոմիտ, կրաքարեր: Խոշոր գետերն են Վախշը և Կաֆիռնիգան: Կլիման չոր մերձարևադարձային է: Հունվարի միջին ջերմաստիճանը –4°Շ–ից 2°C է, հուլիսինը՝ 28-32°C: Տարեկան տեղումները՝ 100-200 մմ: Լանդշաֆտը անապատային, կիսաանապատային է:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնականում տաջիկներ են (53%-ից ավելին), բնակվում են նաև ուզբեկներ, ռուսներ, գերմանացիներ և այլք: Միջին խտությունը 1 կմ² վրա 59,6 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ 19,1%: Քաղաքներն են Կուրգան–Տյուբեն և Կալինինաբադը:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վախշի հովիտը, որտեղ գտնվում է Կուրգան–Տյուբեի մարզը, դարձել է զարգացած ագրարային–ինդուստրիալ շրջան։ Արդյունաբերության մեջ մեծ է բամբակազտիչ ձեռնարկությունների (Վախշի, Կոլխոզաբադի, Շաարտուզի, Կուրգան–Տյուբեի շրջաններում և բամբակազտիչ միավորում՝ Կուրգան–Տյուբեում) դերը։ Մարզում կան սննդի արդյունաբերության ձեռնարկություններ, ազոտական պարարտանյութերի, տրանսֆորմատորների գործարաններ, ձկնատնտեսություններ, «Գերան» սովետական տնտեսություն–գործարան, ագրոարդյունաբերական միավորում, ՀԷԿ–եր են։

Գյուղատնտեսության մեջ առավել զարգացած է բամբակենու, ցիտրուսայինների մշակումը, այգեգործությունը, բանջարաբուծությունը (ոռոգվող հողերի վրա), անասնապահությունը։ Կառուցվել են Վախշի ջրանցքը, մի շարք պոմպակայաններ և ջրամբարներ։ Բամբակենու ցանքատարածությունը 121,3 հազ․ հա է։ Հանրապետությունում մշակվող բամբակի հումքի 40,3%-ը տալիս է Կուրգան–Տյուբեի մարզը։ Կուրգան–Տյուբեի մարզը հանրապետության կիտրոնի մշակության հիմնական կենտրոնն է։ Արտադրվում են նաև կարակուլ, խորդենու յուղ, բրինձ, խաղող և այլն։ Անասնապահությունն ունի մսա–կաթնա–բրդատու ուղղություն։

Տրանսպորտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնականը ավտոտրանսպորտն է։ Կա նեղգիծ երկաթուղի, օդային հաղորդակցություն։ Կառուցվում է լայնուղի երկաթգիծ։

Լուսավորությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1977–1978 թթ. ուսումնական տարում Կուրգան–Տյուբեյի մարզում կար 463 հանրակրթական, 2 գիշերօթիկ դպրոց, 10 պրոֆտեխնիկական ուսումնարան, գյուղատնտեսական և էներգետիկ տեխնիկումներ, բժշկական և մանկավարժական ուսումնարաններ, ուսուցիչների կատարելագործման ինստիտուտ: 1978 թ.-ին մարզն ուներ 301 գրադարան, 234 ակումբ, 257 կինոկայանք, 49 հիվանդանոց, 707 բժիշկ։ [1]

Ինքնապասշտպանական մարտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Զեյթունի ինքնապաշտպանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

XVI դարից սկսած՝ Զեյթունի բնակչությունը զենքը ձեռքին մաքառել է իր անկախության համար և ապահովել կիսանկախ վիճակ Օսմանյան կայսրությունում (Մուրադ IV-ի 1618 թ-ի հրովարտակով): Սակայն Բարձր դուռը երբեք չի հանդուրժել նման կացությունը և 1780–1895 թթ-ի ընթացքում ավելի քան 40 անգամ փորձել է ընկճել լեռնագավառի ըմբոստ բնակիչներին, հպատակեցնել Զեյթունը և ստացել է արժանի հակահարված: Օսմանյան բռնապետության դեմ ամենանշանավոր ընդվզումներից է զեյթունցիների 1862 թ-ի ինքնապաշտպանությունը. առիթը հայերի և թուրքերի միջև ծագած հողային վեճերն էին: Հուլիսի սկզբին Մարաշի կառավարիչ Ազիզ փաշան, 10000-անոց կանոնավոր զորքի և բաշիբոզուկների ամբոխի գլուխ անցած, արշավել է դեպի Զեյթուն: Ավերելով տասնյակ գյուղեր և կոտորելով խաղաղ բնակիչներին՝ թուրքական զորքերը հուլիսի 28-ին պաշարել են Զեյթունը: Ապարդյուն բանակցություններից հետո հայերը դիմել են ինքնապաշտպանության: Օգոստոսի 2-ին թուրքական զորքերը (40 հզ.) մի քանի ուղղությամբ գրոհել են Զեյթունը: Զեյթունցիների 7000-անոց ինքնապաշտպանական ուժերը բաժանվել են ջոկատների՝ Զեյթունի 4 թաղապետների գլխավորությամբ: Նրանք ոչ միայն հետ են մղել թշնամու բազմաթիվ գրոհները, այլև, հարձակման անցնելով, պարտության են մատնել Ազիզ փաշայի բանակին: Թուրքական կառավարությունն Ազիզ փաշային փոխարինել է Աշիր փաշայով (հայտնի էր որպես բալկանյան ժողովուրդների դահիճ)՝ նրան հանձնարարելով պատժել ապստամբներին: Սակայն միջամտել է ֆրանսիական կառավարությունը, որն Օսմանյան լծի տակ գտնվող ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարն օգտագործում էր սեփական նվաճողական նպատակներով, և Զեյթունի խնդիրը լուծվել է «խաղաղությամբ»: Զեյթունցիները պարտավորվել են վերադարձնել գրաված ռազմավարն ու վճարել հարկերը: Քաղաքում նշանակվել է թուրք կառավարիչ: Զեյթունի ինքնապաշտպանության ազդեցությամբ հուզումներ և բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մուշում, Վանում, Չարսնջակում, Էրզրումում, Կոստանդնուպոլսում: Ի պատասխան հարկերի ծանրացման և թուրքական վարչության ճնշումների՝ 1877–78 թթ-ին Զեյթունում բռնկել է ապստամբություն, որին նախորդել էին 1872 և1875 թթ-ի դեպքերը, երբ զեյթունցիները քաղաքից վտարել էին թուրք պաշտոնյաներին և 3 տարի կիսանկախ ապրել: 1877–78 թթ-ի ռուս-թուրքական պատերազմը հնարավորություն չէր տալիս թուրքական ուժերին ճնշելու ապստամբությունը: Հայերը փորձեցին կապ հաստատել Արևմտյան Հայաստանում գործող ռուսական զորքերի հետ՝ զենք ստանալու նպատակով, սակայն ապարդյուն: Պատերազմից հետո թուրքական կառավարությունն ուժեր կենտրոնացրեց և կարճ ժամանակ անց գրավեց Զեյթունը: 400 ապստամբ` իշխան Պապիկ Ենիտունյանի (Նորաշխարհյան) գլխավորությամբ, բարձրացավ լեռները և շարունակեց պայքարը: Կառավարութունը եվրոպական միջամտության նոր առիթ չտալու համար բանակցություններ սկսեց Պապիկ իշխանի հետ, հանձնաժողով ուղարկեց Զեյթուն` անգլիական հյուպատոս Չերմայրի գլխավորությամբ: Ի վերջո թուրքական կողմը Պապիկ իշխանին ճանաչեց քաղաքագլուխ, նվազեցրեց հայերից գանձվող հարկի չափը, ազատեց Մարաշում բանտարկված զեյթունցիներին և զիջումների գնով հանդարտեցրեց Զեյթունը: 1895 թ-ին՝ Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի հայաբնակ վայրերում աբդուլհամիդյան կոտորածների ժամանակ, Զեյթունը դարձյալ դիմեց ինքնապաշտպանության: Օգոստոսին, թուրքական ճնշման ուժեղացման պայմաններում, Զեյթունի ազգային ժողովը որոշեց քաղաք փոխադրել շրջակա գյուղերի բնակչությանը, դուրս շպրտել թուրք պաշտոնյաներին, պատրաստվել դիմադրելու թուրքական ուժերին: Շուրջ 10000 հայ կենտրոնացավ Ֆռնուզ գյուղում: Մարաշի հայերի` 1895 թ-ի հոկտեմբերի կոտորածներից հետո թուրքական 50–60000-անոց զորքը շարժվեց դեպի Զեյթուն: Ապստամբներին առաջնորդում էր Նազարեթ Չավուշը, իսկ ժամանակավոր կառավարության ընդհանուր ժողովի նախագահը Աղասի (Կարապետ) Թուրսարգսյանն էր (հնչակյան). նրանց գլխավորությամբ զեյթունցիները (6 հզ. մարդ) ավելի քան 2 ամիս դիմադրեցին թուրքական բանակին: Չկարողանալով գրավել Զեյթունը՝ թուրքական կառավարությունը հարկադրված բանակցության ուղարկեց օտարերկրյա 4 հյուպատոսի: Կնքվեց համաձայնագիր: Թուրքական զորքերը հեռացան գավառից, ներում շնորհվեց ապստամբած հայերին, նշանակվեց քրիստոնյա կառավարիչ (ազգությամբ` հույն), բնակչությունը 3 տարով ազատվեց հարկերից: 1915–1916 թթ-ին զեյթունցիները վերստին դիմեցին ինքնապաշտպանության, որը, սակայն, ավարտվեց անհաջողությամբ: 1915 թ-ի մարտին Զեյթունի հայերը բռնի տեղահանվեցին և քշվեցին Դեյր էզ Զորի անապատը: Նրանց մեծ մասը կոտորվեց, փրկվածները տարագրվեցին: Առաջին աշխարհամարտում (1914– 1918 թթ.) Թուրքիայի պարտությունից հետո ֆրանսիական զորքերը գրավել են Կիլիկիան: 1919 թ-ի օգոստոսին Զեյթունի և շրջակա գյուղերի 1050 բնակիչներ վերադարձել են իրենց բնօրրանը, հիմնել Ազգային խորհուրդ՝ Արամ Չոլաքյանի գլխավորությամբ: Բայց 1921 թ-ի հունիսին զեյթունցիները ստիպված էին ընդմիշտ լքել իրենց քաղաքը: Զեյթունի իրադարձությունները լայն արձագանք գտան հայ իրականության մեջ և բազմաթիվ հայ գրողների` Մկրտիչ Պեշիկթաշլյանի, Նահապետ Ռուսինյանի, Սմբատ Շահազիզի, Հարություն Չաքրյանի («Զեյթունի քայլերգի» հեղինակը), Սիամանթոյի, Դանիել Վարուժանի, Հովհաննես Թումանյանի, Րաֆֆու, Մուրացանի և ուրիշների գործերում, իսկ ժողովուրդը հյուսել է երգեր («Զեյթունցիներ» և այլն): Մեծ եղեռնը վերապրած և 1946 թ-ին հայրենիք ներգաղթած զեյթունցիները Երևանի հյուսիսային մասում հիմնադրել են Զեյթուն թաղամասը (այժմ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում):

Սասունի ինքնապաշտպանական մարտերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքական բռնապետության դեմ Արևմտյան Հայաստանի նշանավոր զինված ելույթներից են Սասունի 1894 և 1904 թթ-ի ապստամբությունները, 1915 թ-ի ինքնապաշտպանությունը: XIX դարի 90-ական թվականներին օսմանյան իշխանությունները Սասունի հայերի կիսանկախ վիճակը վերացնելու նպատակով հրահրել են հայ-քրդական բախումներ: 1891, 1893, 1894 թթ-ի գարնանը սասունցիները քանիցս պարտության են մատնել թուրքական կանոնավոր զորքին ու քրդական խաժամուժին: 1894 թ-ին թուրքական կառավարությունը Սասունի շուրջն ստեղծել է ռազմական գոտի և հայտարարել պատերազմական դրություն, զորքերի ղեկավարությունը հանձնել Զեքի փաշային: Նրան տրամադրված 12000 թուրք զինվորներից բացի` Դիարբեքիրից Սասուն են փոխադրվել ևս 3 հզ-ը, Երզնկայից ու Մուշից՝ հեծելազորային 2 գունդ և այլ ուժեր, որոնց միացել են մի քանի տասնյակ հազար քուրդ և թուրք հրոսակներ: Սասունցիները Մեծն Մուրադի (Համբարձում Պոյաճյան) գլխավորությամբ նախապատրաստվել են ինքնապաշտպանության: Թուրքերը գլխավոր հարվածը հասցրել են հյուսիսից՝ Շենիկ և Սեմալ գյուղերի շրջանում, սակայն, զգալի կորուստներ կրելով, նահանջել են: Անհաջողության են մատնվել նաև օգոստոսի սկզբին Շենիկի և Սեմալի ուղղությամբ հարձակվելիս: Օգոստոսի 3-ին թուրքական ուժերը ներխուժել են Շատախ, որի բնակիչները ծանր մարտերով նահանջել են Գելիեգուզան, այնուհետև՝ Անդոկ լեռան բարձունքները: Թշնամու գերակշիռ ուժերը պաշարել են լեռը և օգոստոսի 13-ին անցել հարձակման: Դիմադրելով մինչև օգոստոսի 27-ը՝ սասունցիները նահանջել են Կեփինի բարձունքներն ու Տալվորիկի կիրճերը, որտեղ նրանց շրջապատել են քրդական բազմաքանակ ուժերը: Տղամարդկանց հետ կողք կողքի կռվել են նաև կանայք: Թուրքական և քրդական զորքերն ավերել են 40-ից ավելի գյուղ, կոտորել ավելի քան 10 հզ. անզեն հայի: Սասունի 1894 թ-ի ինքնապաշտպանությունը միջազգային արձագանք է ունեցել. առաջադեմ հասարակական գործիչները հանդես են եկել ի պաշտպանություն սասունցիների: Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը թուրքական կառավարությանը ներկայացրել են Բեռլինի վեհաժողովի (1878 թ.) Արևմտյան Հայաստանում որոշումներից բխող բարեփոխումներ անցկացնելու ծրագիր: Սասունի հայերի հաջորդ զինված ընդվզումը 1904 թ-ին էր: Հայերին բնաջնջելու նպատակով սուլթանական կառավարությունը նոր արշավանք է ձեռնարկել: Գարնանը քրդական ուժերն արշավել են Խիանք և Խուլփ, սակայն ջախջախվել են: Դրանից հետո թուրքական 10-հզ-անոց և քրդական 5-հզ-անոց զորքերը, Քեոսե Բինբաշու գլխավորությամբ, հյուսիսից` Կեփ, Սեմալ, Խզըլաղաճ գյուղերի տարածքով ներխուժել են Սասուն, մտել Ալիանք և Շենիկ: Այդ գծի պաշտպանությունը գլխավորել է Հրայր Դժոխքը (Արմենակ Ղազարյան): Անդրանիկի ջոկատը հաստատվել է Տափկ գյուղում՝ խոչընդոտելով Գելիեգուզան շարժվող թշնամու առաջխաղացումը: Իշխանաձորի և Տալվորիկի պաշտպանական ուժերը գլխավորել է Գևորգ Չավուշը, իսկ Չայի գլուխ կոչվող շրջանը պաշտպանել են Հակոբ Կոտոյանը, Սեբաստացի Մուրադը և Սպաղանաց Մակարը: Ապրիլի 11-ին Շենիկի մոտ հակահարված ստանալով՝ թուրքական հրամանատարությունը հայերին առաջարկել է դադարեցնել դիմադրությունը: Ի պատասխան՝ սասունցիները պահանջել են իրագործել 1895 թ-ի «Մայիսյան բարենորոգումները»: 1904 թ-ի ապրիլի 14-ին և 15-ին Մերկեր գյուղի շրջակայքում տեղի ունեցած համառ կռիվներում հայերը թշնամուն ստիպել են նահանջել, սակայն վերջինս հրանոթային կրակ է բացել: Սասունի պաշտպանները և 20 հզ. անզեն բնակիչները հավաքվել են Գելիեգուզանում, որտեղ թուրքերը ապրիլի 17-ին դարձյալ պարտվել են: Երկու օր անց թուրքական զորքն անցել է գրոհի` 12 հրանոթների գնդակոծությամբ: Մի քանի օր դիմադրելուց հետո, երբ սպառվել է զինամթերքը, հայերը թողել են Գելիեգուզանը և քաշվել Ալուճակի բարձունքները: Անզեն ժողովուրդն իջել է Մշո դաշտ, իսկ մարտիկները մինչև մայիսի 14-ը շարունակել են դիմադրությունը: Թուրքերը կոտորել են մոտ 8 հզ. մարդու, ավերել ու կողոպտել շուրջ 2 հզ. տուն: Սասունցիների հերոսական պաշտպանությունը և մեծ տերությունների միջամտությունը սուլթանական կառավարությանը հարկադրեցին ժամանակավորապես հրաժարվել Սասունի հայերին բնաջնջելու մտադրությունից: 1915 թ-ի Սասունի ինքնապաշտպանությունը սասունցիների գոյամարտն էր Մեծ եղեռնի շրջանում: Առաջին համաշխարհային պատերազմը հնարավորություն տվեց երիտթուրքական կառավարությանը իրագործել Սասունը վերջնականապես ընկճելու և հայերին ոչնչացնելու ծրագիրը: Սասունցիները նախապատրաստվեցին ինքնապաշտպանության՝ ունենալով միայն 1000 հին ու նոր մարտական և որսորդական հրացաններ: Սասունի պաշտպանների խմբերը, որոնք գլխավորում էին Փեթարա Մանուկը, Ռուբենը (Տեր-Մինասյան), Կոմսը (Վահան Փափազյան), Իշխան Շառոն, Մուշեղը, Սաղտունցի Հովհաննեսը, Վահան Վարդանյանը, Մշեցի Մճոն (Մկրտիչ Պոլեյան), Իշխանաձորցի Արթինը, Կրպոն, Ստեփան վարդապետը և ուրիշներ, 1915 թ-ի մարտին հետ են շպրտել Տալվորիկի վրա հարձակված թուրքական և քրդական ուժերին: Ապրիլ-մայիսին համառ մարտեր են տեղի ունեցել Խուլփի, Խիանքի, Իշխանաձորի, Արտխոնքի շրջանում: Հայերը թուրք-քրդական գերակշիռ ուժերի և հրանոթային կրակի ճնշման տակ նահանջել են դեպի Անդոկ սարը: Հունիսին թուրքերը հարձակման են անցել Փսանքի շրջանում: Օգնության եկած Տալվորիկի մարտիկները հանկարծակի գրոհով խուճապի են մատնել քրդերին և գրավել ռազմավարական նշանակության Մազի (Սատանի) կամուրջը: Այդուհանդերձ, թուրք-քրդական մեծաքանակ ուժերն աստիճանաբար բոլոր կողմերից սեղմել են պաշարման օղակը: Հուլիսի սկզբին թուրք-քրդական 30-հզ-անոց բանակը մեծ կորուստների գնով գրավել է Կուրտիկը: Հուլիսի 20-ին հայերն ազատագրել են Շենիկը՝ ձեռք բերելով ռազմավար, այդ թվում՝ 3 թնդանոթ: Հրոսակները, համալրվելով Մուշի կոտորածներն իրականացրած թուրք-քրդական ուժերով, հուլիսի 23-ին անցել են նոր հարձակման, գրավել Անդոկի ստորոտի Հրմոյի գոմերը, կոտորել հայերին, հատկապես՝ կանանց ու երեխաներին: Անդոկի, Ծովասարի և Գեբինի լեռներում սասունցիները դիմադրել են մինչև օգոստոսի 3-ը: Ընկճելով Սասունի պաշտպաններին՝ ջարդարարները 60 հզ. հայերից ավելի քան 45 հզ-ին կոտորել են, մնացածները թաքնվել են լեռներում ու ձորերում: 1916 թ-ի գարնանը, երբ ռուսական զորքերը գրավել են Մուշը, մի քանի հազար սասունցիներ իջել են լեռներից և փրկվել կոտորածից:

Վանի ինքնապաշտպանությունը. 1896 թ-ի հունիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբդուլհամիդյան զանգվածային կոտորածների տարիներին նշանավորվել է նաև Վանի ինքնապաշտպանությունը, որը ղեկավարել են քաղաքի ազգային կուսակցությունների տեղական ղեկավարներ Մկրտիչ Ավետիսյանը (Թերլեմեզյան, արմենական), Մարտիկը (Մարտիրոս Սարուխանյան, հնչակյան) և Պետոն (Ալեքսանդր Պետրոսյան, դաշնակցական): Մարտերը հիմնականում տեղի են ունեցել Վանի Այգեստան թաղամասում, որը բաժանվել է 4 պաշտպանական շրջանների՝ 30-ից ավելի դիրքերով: Ինքնապաշտպանական խմբերում ընդգրկվել է 700–900 երիտասարդ. ունեցել են ընդամենը 518 հրացան: Վանեցիներին օգնության են շտապել Վազգենի (Տիգրան Տերոյան) և Ներսեսի (Գրիգոր Եռզիկյան) հայդուկային խմբերը: Հակառակորդը կենտրոնացրել է մոտ 10 հզ. զինվոր՝ զինված արդիական զենքով և հրետանիով: Ինքնապաշտպանական մարտերն սկսվել են հունիսի 3-ին: Հույսը դնելով հրազենի և թվական գերազանցության վրա՝ թշնամին փորձել է շեշտակի գրոհով ճեղքել վանեցիների պաշտպանությունը: Սակայն հանդիպելով հայերի հուժկու հակահարվածին՝ զգալի կորուստներով նահանջել է: Հաջողութամբ հետ մղելով թուրքերի հարձակումները՝ քաղաքի պաշտպանները դիմել են հանդուգն հակագրոհների. նման մի գործողության ժամանակ գրավել են հակառակորդի 2 թնդանոթ: Զենքի և զինամթերքի խիստ պակասը ինքնապաշտպանության ղեկավարներին հարկադրել է համաձայնել Վանում անգլիական հյուպատոսի և թեմական առաջնորդ վարդապետ Սահակ Բագրևանդցու առաջարկությանը՝ դադարեցնել դիմադրությունը: Իշխանությունները խոստացել են հնարավորություն տալ ինքնապաշտպանության կազմակերպիչներին, մասնակիցներին և նրանց միանալ ցանկացողներին անարգել հեռանալ Պարսկաստան: Մոտ 1500 մարդ հունիսի 8-ին Վանից հեռացել է Վարագա լեռ: Մկրտիչ Ավետիսյանի ղեկավարությամբ անզեն բնակչության մի մասը և մարտիկները (շուրջ 1000 հոգի) որոշել են անցնել Պարսկաստան, սակայն շրջապատվել են Սբ Բարդուղիմեոս վանքի մոտ, որտեղ նրանց մեծ մասը զոհվել է: Համառ մարտերից հետո միայն 20 հոգու է հաջողվել հասնել Սալմաստ: Նույն ճակատագրին է արժանացել Պետոյի և Մարտիկի 83 հոգուց բաղկացած ջոկատը: Փրկվել է միայն 1 մարդ, իսկ Վարագա լեռան բարձունքներում ապաստանածները Վազգենի առաջարկով վերադարձել են Վան: Քաղաքից մարտիկների հեռանալուց հետո թուրք զինվորներն ու համիդեականներն անարգել ներխուժել են հայկական թաղամասեր և կոտորել խաղաղ բնակչությանը: Մեկ շաբաթ տևած կռիվների ընթացքում զոհվել է շուրջ 500 հայ, սպանվել 300 թուրք: Առավել ծանր կորուստներ են եղել գյուղերում: Ջարդարարները կոտորել են շուրջ 20 հզ. հայի: 1896 թ-ի վերջին Վանում կրկին կոտորածի փորձ է արվել, որը կանխվել է: Վերջին իրադարձությունը Վանի տարեգրության մեջ անվանել են «Վանի փոքր դեպք», իսկ հունիսյանը՝ «Վանի մեծ դեպք»:

Վանի հերոսամարտը. 1915 թ-ի ապրիլ-մայիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին աշխարհամարտում երիտթուրքական իշխանությունների կազմակերպած կոտորածներն արևմտահայերի համար անսպասելի էին, սակայն մի շարք վայրերում նրանք արագորեն համախմբվել և դիմել են ինքնապաշտպանության: Վանի նահանգի Շատախ, Գավաշ, Թիմար, Հայոց ձոր, Արճեշ գավառների բնակիչները 1915 թ-ի մարտին թեժ կռիվներ են մղել թուրքական զորամասերի ու քրդական հրոսակախմբերի դեմ: Բայց նրանք, ի վերջո, տեղի են տվել թշնամու գերակշռող ուժերի առաջ և հարկադրված նահանջել Վան: Ամենատևականն ու արդյունավետը Վանի հերոսամարտն էր: Այդ ժամանակ Վանում բնակվում էր 41 հզ. մարդ, որից 23 հզ-ը՝ հայ, 18 հզ-ը՝ թուրք: Քաղաքը բաժանված էր 2 մասի՝ Այգեստան (20 հզ. հայ) և Քաղաքամեջ (3 հզ. հայ): Թաղամասերը միմյանցից հեռու էին 5–6 կմ, իսկ նրանց միջակայքում բնակվում էին թուրքեր: 1915 թ-ի ապրիլին Վանում կուտակվել էին ավելի քան 70 հզ. վասպուրականցի հայեր: 1915 թ-ի ապրիլին թուրքական զորքերը պաշարել են Այգեստանը, կտրել կապը Քաղաքամեջի հետ: Այգեստանում ինքնապաշտպանությունը ղեկավարելու համար ապրիլի 5-ին կազմվել է Վասպուրականի հայ ինքնապաշտպանության զինվորական մարմին. անդամներն էին Արմենակ Եկարյանը և Գաբրիել Սեմիրջյանը (ռամկավարներ), Գրիգոր Բուլղարացին և Կայծակ Առաքելը (դաշնակցականներ), Հրանտ Գալիկյանը (հնչակյան) և Փանոս Թերլեմեզյանը (անկուսակցական): Արամ Մանուկյանը թեև Զինվորական մարմնի անդամ չէր, բայց ղեկավարել է նրա աշխատանքները: Կազմակերպվել են թիկունքի ստորաբաժանումներ՝ տեղեկատու դիվան, զինաբաշխ և հայթայթիչ մարմիններ, նպաստների հանձնախումբ, Հայկական Կարմիր խաչ, ամրաշեն խումբ, ոստիկանական վարչություն, դատարան, քաղաքապետարան և այլն: Այգեստանում կար զենք կրելու ընդունակ 1500 տղամարդ, ունեին տարբեր տրամաչափերի ու տեսակների 505 հրացան և 549 ատրճանակ: Երիտթուրքերը դեռ 1914 թ-ի օգոստոսի վերջին Վանի նահանգապետ էին նշանակել իր դաժանություններով հայտնի Ջևդեթ բեյին, որի հրամանատարության ներքո կային մոտ 12 հզ. զինվոր, քրդական անկանոն ջոկատներ, չերքեզական հեծելազոր, մի քանի տասնյակ թնդանոթ, գնդացիր: Հաշվի առնելով ուժերի նման հարաբերակցությունը՝ Զինվորական մարմինն ընտրել է պաշտպանական մարտավարություն: Այգեստանը բաժանվել է 7 պաշտպանական շրջանների՝ 79 դիրքերով: Թաղամասը շրջապատվել է կավե պատով, որի մեջ բացվել են հրակնատներ: Փորվել են խրամատներ, կառուցվել դիրքեր, տները վերածվել են պաշտպանական ամրությունների: Պրոֆեսոր Միքայել Մինասյանի գլխավորությամբ պատրաստվել է սև և անծուխ վառոդ, որը հնարավորություն է տվել լիցքավորել փամփուշտներն ու պատրաստել ինքնաշեն նռնակներ: Ինքնապաշտպանական կռիվներն սկսվել են ապրիլի 7-ին՝ թուրք զինվորների հարձակումով: Հայ մարտիկները, չնայած թշնամու հզոր գրոհին, հետ են մղել նրանց` զգալի կորուստներ պատճառելով: Վանեցիները ոչնչացրել են թուրքական մի շարք դիրքեր և ամրություններ, որոնք անմիջականորեն սպառնում էին Այգեստանի ինքնապաշտպանությանը: Չնայած թշնամու գրեթե ամենօրյա կատաղի մարտերին և թաղամասի անընդհատ հրետակոծությանը (օրական արձակել են մոտ 300 արկ)` հակառակորդն ի զորու չի եղել ճեղքելու հայերի պաշտպանությունը: Նույնիսկ Էրզրումից տեղափոխված գերմանացի սպայի կազմակերպած գիշերային գրոհն ապարդյուն էր. թուրքերը, 60–70 զոհ տալով, հետ են շպրտվել: Տղամարդկանց հավասար մարտնչել են կանայք և աղջիկները: 19-ամյա Իսկուհի Համբարձումյանը (Սևո) մարտական առաջադրանքը գերազանց կատարելու համար պարգևատրվել է «Պատվո խաչ» շքանշանով: Երեխաները ոչ միայն սուրհանդակ կամ մատակարար էին Զինվորական մարմնի և դիրքերի միջև, այլև մասնակցել են մարտական գործողություններին: Հայտնի են Բաբկենը (Իսաջանյան), Մարտիրոսը (Գուլօղլյան), Ասլանը (Ասլանյան), Արամը (Թովմասյան, ապագա գրող Լեռ Կամսարը) և ուրիշներ: Չնայած վանեցիների հերոսական դիմադրությանը՝ վիճակը ծանր էր. սուղ էին զինամթերքը և, հատկապես, պարենը: Սուրհանդակներ են ուղարկվել դեպի Վան շարժվող ռուսական բանակ՝ օգնության խնդրանքով: Ինքնապաշտպանություն կազմակերպվել է նաև Քաղաքամեջում: Դիմադրությունը ղեկավարելու համար ստեղծվել է Զինվորական մարմին. անդամներն էին Դավիթ Սարգսյանը, Լևոն Գալճյանը, Հմայակ Կոսոյանը, Միհրդատ Միրզախանյանը, Հարություն Խլղաթյանը և Սարգիս Շահինյանը: Կազմվել են Այգեստանի պաշտպանության համանման ստորաբաժանումներ: Հայերն ունեին տարբեր տրամաչափերի ու տեսակների 101 հրացան և 210 ատրճանակ: Թաղամասը բաժանվել է 4 պաշտպանական շրջանների՝ 25 դիրքերով: Ապրիլի 7-ին հրետանու աջակցությամբ սկսվել է թուրքական գրոհը, որը հաջողությամբ հետ է մղվել: Հայերին հաջողվել է հրկիզել հակառակորդի կարևոր դիրքեր և ամրություններ: Մինչև ապրիլի 10-ը թուրքական հարձակումները եղել են անկանոն, քանի որ թշնամու գլխավոր ուժերը կենտրոնացել էին Այգեստանում: Թուրքական հրամանատարությունը մի քանի օր շարունակ հզոր գրոհներով փորձել է ճեղքել Քաղաքամեջի պաշտպանությունը, սակայն ապարդյուն: Ապրիլի կեսին թուրքերն ակտիվ մարտական գործողություններ չեն վարել, բավարարվել են միայն հրետակոծությամբ՝ օրական արձակելով 250–300 արկ: Վանի մարտերի ընթացքում ինքնապաշտպանական կռիվները շարունակվել են նահանգի այլ վայրերում` հարկադրելով թշնամուն զգալի ուժեր տեղափոխել պաշարված քաղաքից: Միաժամանակ ջարդարարները շարունակել են հայերի կոտորածը, որի ընթացքում սպանվել է 24 հզ. մարդ, թալանվել ու հրդեհվել է հայկական ավելի քան 100 գյուղ: Ռուսական բանակի և հայկական կամավորական ջոկատների առաջխաղացումը հարկադրել է թուրքերին մայիսի 3-ի երեկոյան դադարեցնել Վանի պաշարումը և փախչել: Մայիսի 5-ի երեկոյան քաղաք է մտել հայկական 2-րդ կամավորական ջոկատի հեծելավաշտը՝ Խեչոյի (Խաչատուր Ամիրյան-Գևորգյան) հրամանատարությամբ, իսկ մայիսի 6–7-ը՝ ռուսական բանակը և հայ կամավորական ջոկատները: Մոտ մեկամսյա կռիվների ընթացքում հայկական թաղամասերի վրա արձակվել է ավելի քան 16 հզ. արկ: Սպանվել են մոտ 1000 թուրք զինվոր ու սպա (չհաշված կռիվներին մասնակցած մահմեդական ամբոխի կորուստը), հայերը կորցրել են մոտ 350 խաղաղ բնակիչ (կանայք, երեխաներ, ծերունիներ) և մարտիկներ: Վանի հերոսամարտում իր կազմակերպչական ունակություններով աչքի է ընկել Արամ Մանուկյանը. կռիվների ընթացքում կուտակած փորձը 1918 թ-ին օգտագործել է Երևանի պաշտպանությունը կազմակերպելիս:

Մուսա լեռան հերոսամարտը. 1915 թ-ի օգոստոս[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թ-ի գարնանը թուրքական իշխանություններն սկսել են Արևմտյան Հայաստանի և կայսրության մյուս շրջանների հայ բնակչության տեղահանությունն ու բնաջնջումը: Հուլիսի 30-ին գաղթի հրաման է տրվել նաև Միջերկրականի առափնյա շրջանի՝ Սուեդիայի (Հալեպի նահանգի Անտիոք գավառ) 6 հայկական գյուղերի ավելի քան 6 հզ. բնակչությանը: Մի մասը, ենթարկվելով հրամանին, բռնել է գաղթի ճանապարհը (մեծ մասը զոհվել է), մնացածը՝ մոտ 5 հզ. հոգի, որոշելով պաշտպանվել, բարձրացել է ծովափնյա Մուսա լեռը և ստեղծել ռազմական ճամբար: Դիմադրությունը ղեկավարելու համար ընտրվել է Զինվորական խորհուրդ. ընդգրկվել են Եսայի Յաղուբյանը, Տիգրան Անդրեասյանը, Հաբեթ Իսկենտերյանը, Պետրոս Տմլաքյանը և ուրիշներ: Մեծաթիվ կանանց ու երեխաների համար վրաններ են խփել, հյուղակներ ու խրճիթներ շինել: Հատուկ ուշադրություն են դարձրել դիրքերի ու պատնեշների կառուցմանը: Զինված էր ընդամենը 600 ռազմիկ` սահմանափակ զինամթերքով: Լեռան պաշտպանությունը բաժանվել է 4 շրջանի, որտեղ ամրացել են մարտական ջոկատները: Օգոստոսի 7-ին թշնամին առաջին հարձակումից հետո, կորուստներ կրելով, նահանջել է: Թուրքերի գրոհը, թնդանոթների օգտագործմամբ, կրկնվել է օգոստոսի 10-ին, որը 12-ժամյա համառ մարտերից հետո հայ մարտիկները հետ են մղել: Օգոստոսի 19-ին թշնամին ձեռնարկել է ավելի խոշոր հարձակում՝ 9-հզ-անոց կանոնավոր զորքով ու հրոսակախմբերով: Մարտերը շարունակվել են 2 օր անընդմեջ: Թուրքերը մի քանի կետում ճեղքել են պաշտպանության գիծը, սակայն, տալով մեծ կորուստներ (ավելի քան 1000 սպանված), դարձյալ նահանջել են: Չկարողանալով կոտրել մուսալեռցիների դիմադրությունը՝ առժամանակ հրաժարվել են նոր հարձակումից. 15-հզ-անոց զորքով պաշարել են լեռը, որոշել սովամահ անել հայերին: Պաշարվածների դրությունը խիստ ծանրացել է: Ակնկալելով դաշնակիցների օգնությունը՝ լեռան ծովահայաց կողմում բարձրացրել են սավաններից պատրաստված 2 մեծ դրոշներ՝ մեկը՝ ասեղնագործված կարմիր խաչով, մյուսը՝ «Քրիստոնյաները վտանգի մեջ են» անգլերեն գրությամբ: Անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար դրանց շուրջը վառվել են խարույկներ: Մարտանավ նկատելու դեպքում Մովսես Գրքյանը պետք է լողալով նավ հասցներ թիթեղե տուփի մեջ դրված հատուկ դիմում-աղերսագիրը (անգլերեն): Սակայն երկար ժամանակ հորիզոնում ռազմանավ չի հայտնվել, իսկ թուրքերը պարբերաբար դիմել են հայերին անձնատուր լինելու առաջարկով: Վերջապես սեպտեմբերի 5-ին երևացել է ֆրանսիական «Կիշեն» հեծանավը, որը մակույկ է ուղարկել ափ և վերցրել ժամապահներին: Տեղեկանալով իրավիճակին՝ նավից հրետակոծել են թուրքական դիրքերը և հեռացել՝ հայերին օգնություն հասցնելու խոստումով: Սեպտեմբերի 9-ին թուրքական բանակի հրամանատարը հայերից պահանջել է անձնատուր լինել, չենթարկվելու դեպքում սպառնացել է անցնել հարձակման և բոլորին կոտորել: Սկսվել է նոր, արյունալի գոտեմարտ: Մուսալեռցիներն անցել են հակահարձակման և ջախջախիչ հարված հասցրել թուրքական առաջապահ զորքերին, իսկ մնացածները խուճապահար նահանջել են: Սեպտեմբերի 10-ին 2 ֆրանսիական մարտանավեր սկսել են գնդակոծել թուրքական դիրքերը: Ապա հայերին տեղեկացվել է, որ Ֆրանսիայի կառավարությունը որոշել է նրանց տեղափոխել Պորտ Սաիդ: Սեպտեմբերի 13–15-ը հերոս պաշտպանները (4058 մարդ) փոխադրվել են ֆրանսիական և անգլիական նավեր ու շարժվել դեպի Պորտ Սաիդ, որտեղ նրանց օգնության են հասել եգիպտահայերը: Մուսա լեռան հերոսամարտն արտացոլվել է ավստրիացի նշանավոր գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպում, որը թարգմանվել է շուրջ 30 լեզվով: Այն օրինակ էր Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45 թթ.) տարիներին իտալա-գերմանական զավթիչների դեմ մարտնչող Սլովենիայի պարտիզանների համար. 1942 թ-ին պաշարվելով Ռոգ լեռան բարձունքներում՝ նրանք վճռել են «Հայրենիքի համար կռվել այնպես, ինչպես կռվել են հայերը Մուսա լեռան վրա»: Երեքամսյա դիմադրությունից հետո պարտիզանները ճեղքել են շրջափակումը և փրկվել: Այդ ժամանակից ի վեր Ռոգ լեռը կոչվում է Սլովենիայի Մուսա լեռ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ մուսալեռցիներ, ներգաղթելով Հայաստան, հիմնել են Մուսալեռ գյուղը (Վաղարշապատ քաղաքի մերձակայքում), որտեղ հուշարձան է կանգնեցվել` ի պատիվ Մուսա լեռան հերոս պաշտպանների:

Մալաթիայի և Ուրֆայի ինքնապաշտպանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1890-ական թվականներին կազմակերպված նշանավոր ինքնապաշտպանական կռիվներ եղել են նաև Մալաթիայում, Ուրֆայում (Եդեսիա) և Շապին-Գարահիսարում: Մալաթիայի բնակիչների ընդվզումները գլխավորել է Եղիշե քահանա Խաչատրյանը: Հայերը փախուստի են մատնել ոստիկաններին ու խուժանին: Թուրքերը, համալրվելով, նոր հարձակման են անցել և ի վերջո կարողացել են կոտրել ինքնապաշտպանների դիմադրությունն ու սրի քաշել մոտ 3 հզ. հայի: Ուրֆայում թուրքական զորքերն ու խուժանը 1896 թ-ին փորձել են թալանել ու կոտորել հայերին: Վերջիններս, որ ապրում էին նույն թաղամասում, դիմադրել ու հակահարված են տվել և, ուժեղացնելով պաշտպանական դիրքերը, 3 ամիս մարտնչել հրոսակների դեմ: Սակայն գավառապետը դիմել է նենգության. հայերի մոտ է ուղարկել հազարավոր զինվորների՝ իբր նրանց պաշտպանության համար: Հայերը, հավատալով գավառապետի խոստումներին, ընդունել են նրանց: Եվ զինվորներն ու քրդերն սկսել են կոտորածը. զոհվել է ավելի քան 7 հզ. հայ:

Ուրֆայի հերոսամարտը. 1915 թ-ի սեպտեմբեր–հոկտեմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թ-ի ամռան կեսին Ուրֆա են եկել երիտթուրքեր Ահմեդ և Խալիլ բեյերը՝ կազմակերպելու հայության տեղահանությունը: Ձերբակալելով քաղաքի հայ երևելիներին՝ նրանք բնակիչներից պահանջել են 48 ժամում հանձնել զենքերը: Օգոստոսի 19-ին իշխանությունների սադրանքով մահմեդական ամբոխը դաժանորեն կոտորել է հայերին (շուրջ 400 մարդ): Ուրֆահայերը դիմել են ինքնապաշտպանության: Ստեղծվել է Զինվորական խորհուրդ՝ Մկրտիչ Յոթնեղբայրյանի ղեկավարությամբ: Ինքնապաշտպանները 800 հոգի էին, ըստ այլ աղբյուրների՝ 2 հզ.: Շուրջ 200 կանանցից և աղջիկներից կազմվել է մարտական 3 ջոկատ: Ուրֆայի հերոսամարտի համար բացառիկ նշանակություն են ունեցել հայկական թաղամասի բարձր դիրքը, նեղ փողոցները, քարաշեն ամուր տները: Թաղամասը ծածկվել է բարիկադներով և ամրություններով, բաժանվել 6 պաշտպանական շրջանների՝ 32 դիրքերով, փակվել են թաղամաս տանող 12 փողոցների մուտքերը: Հերոսամարտն սկսվել է սեպտեմբերի 29-ին: Մինչև թուրքական կանոնավոր բանակի հասնելը իշխանությունները ոտքի են հանել քաղաքի և շրջակա գյուղերի մահմեդական բնակչությանը, հիմնականում՝ քրդերին: Հոկտեմբերի 1-ին թշնամին անցել է հարձակման և, տալով 800 սպանված, նահանջել: Հաջորդ հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ի՝ լույս 3-ի գիշերը: Զգալով, որ հնարավոր չէ դիմագրավել հակառակորդի գերակշիռ ուժերին, Զինվորական խորհուրդը վճռել է կազմակերպված նահանջել, հնարավորություն չտալ հարձակվողներին մտնել թաղամաս, ապա շրջապատել և անակնկալ գրոհով ոչնչացնել թշնամուն: Խաժամուժը, տեսնելով, որ հայերը լքել են դիրքերը, ներխուժել է թաղամաս և սկսել կողոպուտը: Սակայն հայ մարտիկները հարձակվել են և ոչնչացրել նրանցից 1200-ին: Նման ծանր կորուստներից հետո իշխանություններն սկսել են հայկական թաղամասի հրետակոծումը: Հոկտեմբերի 4–5-ը Հալեպից Ուրֆա են փոխադրել մոտ 6 հզ. զինվոր, թնդանոթներ և գնդացիրներ. թուրքական շտաբի պետը գերմանացի սպա էր: Հոկտեմբերի 5-ին թուրքական բանակը և մահմեդական խաժամուժն անցել են հարձակման, սակայն լուրջ հաջողության չեն հասել: Հակառակորդը հրետանու շնորհիվ աստիճանաբար իր ձեռքն է վերցրել նախաձեռնությունը: Հերոսամարտի ավարտին հայկական թաղամասի 2300 տնից կանգուն էր մնացել միայն 50-ը: Թուրքական հրամանատարությունն անընդհատ ուժեղացրել է ճնշումը: Հարձակումները հետ են մղվել հակառակորդի համար ծանր կորուստներով: Հրետանին քարուքանդ է արել հայկական բոլոր ամրությունները, և Զինվորական խորհուրդը հրամայել է ամրանալ ամերիկյան բարեգործական հաստատություններում, մայր եկեղեցում և դիմագրավելու համար ավելի հարմար այլ շինություններում: Հոկտեմբերի 19-ին թուրքերին հաջողվել է ճեղքել հայերի պաշտպանությունը և մեկը մյուսի հետևից գրավել դիրքերը: Ի վերջո, հոկտեմբերի 23-ին թշնամուն հաջողվել է ճնշել դիմադրության հիմնական կետերը, սակայն ինքնապաշտպանները, թաքնվելով փլատակներում, նկուղներում, կռվել են մինչև նոյեմբերի կեսը: Բազմաթիվ հայեր, այդ թվում՝ վիրավոր Մկրտիչ Յոթնեղբայրյանը, հակառակորդի ձեռքը չնկնելու համար ինքնասպան են եղել: Մոտ 15 հզ. հայ, հիմնականում՝ կանայք և երեխաներ, աքսորվել է:

Շապին-Գարահիսարի հերոսամարտը. 1915 թ-ի հունիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքական իշխանությունները 1915 թ-ի մայիսից Շապին-Գարահիսարում սկսել են հայերի զանգվածային ձերբակալություններն ու սպանությունները: Նախապատրաստվելով հարձակման՝ թուրք ոստիկաններն ու ասկյարները 1915 թ-ի հունիսի 2-ին շրջապատել են քաղաքի հայկական թաղամասը և սպանել շուրջ 400 մարդու: Իմանալով տեղահանության հրամանի մասին՝ հայերն անցել են ինքնապաշտպանության՝ Ղուկաս Դեովլեթյանի գլխավորությամբ: Առաջին իսկ մարտերում արժանի հակահարված են տվել թուրքական հրոսակախմբերին: Բայց հայերի կացությունը ծանրացել է, երբ թուրքերը հրետակոծել ու հրդեհել են հայկական թաղամասը: Մի քանի օրում հրո ճարակ է դարձել ու ավերվել շուրջ 3 հզ. տուն: Հայերը (ավելի քան 5 հզ. մարդ, հիմնականում՝ կանայք և երեխաներ) հարկադրված թողել են իրենց ավերված տները և նահանջել Շապին-Գարահիսարի մերձակա լեռան հինավուրց բերդը: Ստեղծվել է բերդի պաշտպանությունը ղեկավարող Զինվորական խորհուրդ՝ Ղուկաս Դեովլեթյանի գլխավորությամբ: Բերդի և նրա մատույցների կարևոր կետերի պաշտպանությունը հանձնարարվել է 5–25-հոգանոց մարտական խմբերի: Բնակչությունն ամրացրել է պաշտպանության առաջին գիծը՝ բերդի պարիսպը: Կռվողները քիչ էին (մոտ 500 հոգի), զենքը՝ անբավարար: Շուտով թուրքերը, Սեբաստիայից ստանալով համալրում և թնդանոթներ, գերմանական սպաների ղեկավարությամբ գնդակոծել են բերդը: Սեբաստիայի վալի Մուհամմեդը բանագնացի միջոցով հայերից պահանջել է հանձնվել՝ խոստանալով ներում շնորհել նրանց: Հայերը, սակայն, շարունակել են ինքնապաշտպանությունը: 3 օր անց վալին նորից է հանձնվելու պահանջ ներկայացրել, մերժում ստանալով` ձեռնարկել է նոր հարձակում (20 հզ. հոգով): Մոտ 70-հոգանոց մի ջոկատի հաջողվել է ժայռը մագլցելով հասնել բերդ, սակայն պաշտպանները ոչնչացրել են նրանց: Հայերի դրությունը հետագայում ծանրացել է (սպառվել են զինամթերքը, պարենը, ջուրը): Այդ անհուսալի իրավիճակում հունիսի 25-ին գիշերային հարձակումով և որոշ զոհերի գնով հայ մարտիկները ճեղքել են շրջապատումը՝ հարևան շրջաններից հնարավոր օգնություն ստանալու և պաշարվածներին փրկելու հույսով: Բերդում մնացածները, որպեսզի չհանձնվեն, թույն են խմել: Չնայած հաջորդ օրերի լռությանը՝ թուրքերը չեն համարձակվել մոտենալ, իսկ երբ հունիսի 29-ին (պաշտպանության 27-րդ օրը) ներխուժել են բերդ, հանդիպել են դեռևս ողջ երեխաների, կանանց ու ծերերի, որոնց կոտորել են գազանաբար: Դաժան մարտեր են տեղի ունեցել նաև Շապին-Գարահիսարի դաշտային մի քանի հայաբնակ գյուղերում: Հատկանշական է Բուրգի ինքնապաշտպանությունը: Անհավասար կռվում թուրքերը բնաջնջել են գյուղի հայ բնակչությանը: [2]

Սարգիս Խաչատուրյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչատուրյան Սարգիս Կարապետի (9.8.1886, Մալաթիա —4.3.1947, Փարիզ), հայ նկարիչ: Սովորել է Կարինի Սանասարյան վարժարանում, Հռոմի գեղարվեստի ինստիտուտում (1908—1911) և Փարիզի դեկորատիվ արվեստների դպրոցում (1912—1914): 1915-ի Մեծ եղեռնի արհավիրքներից փրկվելով՝ անցել է Անդրկովկաս, ականատես է եղել մայր ժողովրդի ողբերգությանը, որը դարձել է նրա ստեղծագործության հիմնական թեման: Հ. Թումանյանը, Անդրանիկը և ուրիշներ նրան անվանել են «Հայոց վշտի երգիչ»: 1917-ից անդամակցել է Թիֆլիսի Հայ արվեստագետների միությանը: Սովետական Հայաստանի առաջին փոստանիշերի հեղինակն է: 1920-ական թթ. 1-ին կեսի գործերը մեծ մասամբ նվիրված են Հայաստանի բնությանը, տոնախմբություններին, գաղթականությանը («Արարատը Երևանից», «Գաղթական կանայք», «ճաշի բաժանումը», «Բամբակահավաքը Արարատյան դաշտում», «Հայ որբերն անապատում», «Հայ գաղթականներ», «Վարագա վանքի տոնը», «Սևանա կղզու եկեղեցիները»): Տոնախմբությունները պատկերված են գունագեղ և շարժումով լի, ուր հմտորեն զուգորդված են ազգային տարազների, ճարտ. հուշարձանի հնագիտական և գեղանկարչական արժեքները: Խաչատուրյանը ձգտել է դասական, մասնավորապես իտալական արվեստի սկզբունքները համադրել իմպրեսիոնիստական գեղագիտական ըմբռնումներին, հատկապես՝ լրացուցիչ գույնի և լույսի դերի հարցում: 1924-ին Վիեննայամ հրատարակել է «Արմենիա» ալբոմը: Եղել է իտալական ինտերնացիոնալ արվեստագետների և Վիեննայի գեղարվեստագետների միության անդամ, «Անի» հայ արվեստագետների ընկերության հիմնադիր անդամներից և քարտուղարը: Այս շրջանում նրա ստեղծագործության մեջ գերիշխող է դարձել դիմանկարը («Վավան սեղանի մոտ», Քելեկյանի դիմանկարը ևն): 1931-ին Իրանի կառավարության հրավերով մեկնել է Սպահան՝ վերականգնելու Սեֆյան շրջանի որմնանկարները, միաժամանակ կատարել պատճենահանումներ, որոնք ցուցադրել է Փարիզում և Եվրոպայի այլ քաղաքներում: 1934-ին հիմնադրել է Նոր Ջուղայի հայկական արվեստի թանգարանը: 1937-ին Խաչատուրյանն առաջինն է ձեռնամուխ եղել Հնդկաստանի և Ցեյլոնի VI —XII դդ. վիմափոր տաճարների՝ արվեստագիտությանն անհայտ, անմատչելի որմնանկարների պատճենահանմանը: 1942-ին հնդկական և ցեյլոնյան որմնանկարների պատճենները ցուցադրվել են Լուվրում և Ամերիկայի բազմաթիվ քաղաքներում: Հնդկական մշակույթի այդ մեծարժեք գործերը Խաչատուրյանի շնորհիվ հայտնություն եղան և հարստացրին համաշխարհային արվեստի գանձարանը: Խաչատուրյանն անհատական ցուցահանդեսներ է ունեցել Կ. Պոլսում, Փարիզում, ինչպես և Եգիպտոսի, Իտալիայի, Նիդերլանդների, Անգլիայի և ԱՄՆ-ի բազմաթիվ քաղաքներում: Նրա ստեղծագործությունները պահվում են Փարիզի, Լոնդոնի, Վիեննայի, Բրյուսլի, Նյու Յորքի և այլ թանգարաններում, ՍՍՀՄ-ում՝ Վրաստանի թանգարանում և Հայաստանի պետական պատկերասրահում: Երևանում 1971-ին ցուցադրվել են հնդկական և ցեյլոնյան որմնանկարների պատճենները (37), որոնք Խաչատուրյան-ի այրին՝ նկարչուհի Վավա Խաչատուրյանը, նվիրել է Հայաստանի պետական պատկերասրահին: Խաչատուրյանի աճյունը տեղափոխվել և 1977-ի դեկտ. 28-ին թաղվել է Երևանում: [3]

Հաշվիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշվիչներն այսօր այնքան սովորական են դարձել մեր կենցաղում, որ առանց դրանց դժվար է պատկերացնել մեր կյանքը: Հաշվիչները թվաբանական հաշվարկներ կատարող սարքեր են: Պարզագույն հաշվիչներն օգտագործում են դպրոցում՝ զանազան հաշվարկներ կատարելու, և խանութում՝ դրամ հաշվելու համար: Իսկ գիտնականները, ճարտարագետները, վիճակագիրները և այլ մասնագետներ օգտագործում են բարդ գործողություններ կատարելու կարողունակ հաշվիչներ: Ժամանակակից հաշվիչները սիլիցիումային մանրիկ միկրոսխեմաներով էլեկտրոնային սարքեր են, որոնք կատարում են ցանկացած հաշվարկ: Սովորական հաշվիչը գումարում է, հանում, բազմապատկում ու բաժանում, նաև հաշվում է տոկոսներ: Նրա էլեկտրոնային «ուղեղում» թվերը ներկայացված են էլեկտրոնային փոքրագույն, միացող և անջատվող սխեմաներով: «Ուղեղն» աշխատում է երկուական համակարգով. տասական համակարգի փոխարեն, որտեղ օգտագործվում են 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 թվանշանները, «ուղեղն» օգտագործում է 0 և 1 թվանշաններով հաշվարկման երկուական համակարգ: Հաշվիչ ներմուծված յուրաքանչյուր թվանշան փոխարկվում է երկուական համակարգային կոդի, իսկ գործողությունների արդյունքները երկուականից վերստին փոխարկվում են տասական համակարգի և ցուցադրվում հաշվիչի էկրանին: Հաշվիչի տարատեսակը դրամարկղային սարքն է, որը գումարում է գները և տպագրում չեկը: Դրանց մեծ մասը գները հաշվարկում է ինքնուրույն՝ յուրաքանչյուր ապրանքի վրա փակցված ապրանքակոդերով (բարկոդ): Հաշվիչի «ուղեղը» կարող է միայն գումարել և հանել, իսկ բազմապատկումն ու բաժանումը կատարվում են բազմակի գումարման և հանման եղանակով: Գրպանի որոշ հաշվիչների տարրերն այնքան փոքր են, որ այդ հաշվիչները տեղավորվում են այցեքարտերի պատյանում կամ ձեռքի ժամացույցներում:

Հաշվիչների տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրպանի սովորական հաշվիչները կատարում են պարզագույն հաշվարկներ, ունեն ութանիշ թվեր տեղավորող էկրան և միջանկյալ արդյունքները պահող հիշողություն: Դրանք աշխատում են գալվանական կամ արևի մարտկոցներով: Սեղանի հաշվիչներն զգալիորեն ավելի խոշոր են գրպանի հաշվիչներից: Դրանց մի մասը սնվում է էլեկտրական ցանցից, հաշվարկման արդյունքները տպագրում է թղթե ժապավենին, իսկ տվյալները ցուցադրում էկրանին: Լաբորատոր հաշվիչները մաթեմատիկական ֆունկցիաներ հաշվող կամ վիճակագրական տվյալներ մշակող բարդ սարքեր են:

Հաշվիչների ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի քան 5000 տարի առաջ ի հայտ եկած պարզագույն հաշվիչները՝ համրիչները, այժմ էլ գործածվում են որոշ երկրներում: Հաշվարկները կատարվում են փայտե շրջանակին ներամրացված մետաղալարերին հագցրած շարժվող հատիկներով: Դրանց շարքերն՝ աջից ձախ հերթականությամբ, ներկայացնում են միավորները, տասնավորները, հարյուրավորները և այլն: Համրիչի գյուտը իր ժամանակի խոշոր հայտնագործություններից էր: Առաջին մեխանիկական հաշվիչները ստեղծվել են XVII դարում: Հաշվարկները կատարվում էին լծակների և ատամնանվակների օգնությամբ: Սակայն մինչև XIX դարը այդ հաշվիչները լայն տարածում չգտան: 1830 թ-ին անգլիացի Չառլզ Բեբիջ ստեղծեց, այսպես կոչված, վերլուծական մեքենան, որը ծրագրավորող մեխանիկական հաշվիչ էր: Ցավոք, այդ մեքենան իր ժամանակի համար շատ բարդ էր, խիստ մեծաչափ, և դժվար էր այն աշխատեցնելը: XX դարի 30–40-ական թվականներին ԱՄՆ-ում գիտնականները մշակեցին խոշոր էլեկտրոնային հաշվողական մեքենաներ: Սեղանի առաջին հաշվիչ մեքենան հայտնվեց 1963 թ-ին, իսկ 1970-ական թվականներին սկսվեց գրպանի հաշվիչների զանգվածային արտադրությունը: [4]

Ժողովուրդների մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերը երկյուղած են և բարեպաշտ, եկեղեցասեր, ողորմած, բարերար, հյուրասեր, առատասեր, մեծագործ, որոնց մեծագործությունները դարեդար հասարակությանն օգուտ են տվել: Հավատարիմ են և պարզամիտ, և անկեղծ, հայտնի թշնամիներ և հայտնի բարեկամներ: Աշխատասեր և տքնաջան, և երկայնամիտ, և անխոնջ աշխատանքում. օտար ազգերի կողմից սիրված իրենց խոնարհամիտ բնավորության և պարկեշտության համար. ժուշկալ, քաջահմուտ և հաջողակ ազգ ուսման և վարժության մեջ, ուշիմ և ճարտարամիտ՝ թեպետև դպրոցների սակավության պատճառով նրանց մտքի բնական այս կորովը պարապ է մնում: Զորավոր են և ուժեղ, քաջ և ահարկու պատերազմելիս, որոնց աշխատանքից օրինակ են վերցրել բազմիցս բյուր ազգեր, որպես ցուցանում են մեր նախնի պատմագիրները բայց նրանց այս բոլոր գեղեցիկ ձիրքերը հաճախ նսեմանում են ինչ-ինչ պակասությունների պատճառով, որոնք ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս մեր ազգի մեջ, քանզի անփույթ են միմյանց սիրելու և նախանձախնդիր չեն հասարակության միբանական սիրո մեջ, միմյանց փառքի, մեծության և հաջողության համար այնպես չեն ուրախանում, ինչպես որ հարկն է, ուստի և միմյանց օգնելու գործում այնչափ պատրաստակամ չեն: Դյուրությամբ են հարում օտար ազգերի՝ նվաստ և անշուք համարելով ազգը մեր, ուստի և տեղից տեղ ժողովելով խուսափում են իրենք իրենց հայ անվանել: Մեր բարքի այս բոլոր հանգամանքները սովորական են դարձել մեր ազգի մեջ, բայց նայելով այլևայլ վայրերին, որտեղ ցրվել է ազգը մեր, բազմապիսի բարքեր են ձեռք բերել՝ ըստ այն ազգերի, որոնց մեջ բնակվում են:

Վրացիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրացիները հասարակորեն գեղեցիկ են մարմնով, և զորեղ, իսկ մտքով անհանճար, ուստի և զուրկ են արվեստից, որոնք հավետ հանճարի և ճարտարամտության կարիք ունեն. անխոհեմ են և չգիտեն քննել նախորդող պարագաները, այլ հանդուգն նախահարձակ են լինում և գործի մեջ հպատակվում են իրենց իշխանին. զբոսասեր են և գինեսեր, թափառամոլ, անգութ ընտանիքի հանդեպ, ծույլ, խաբեբա, սուտլիկ, մեծաբան և փոփոխամիտ:

Պարսիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարսիկները սրամիտ են և աչալուրջ, ծանրախոս և պերճախոս, նրանց խոսակցական ոճը հակիրճ է, քչով շատ բան են հասկացնում, խորամանկ և նենգամիտ են առավել քան ցանկացած ազգերը. ստախոս և առասպելապատում, շողոքորթ, անհաստատ բարեկամության մեջ, կերակրի և ըմպելիքի մեջ հասարակորեն չափավոր:

Գերմանացիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանացիները պարզամիտ են, բարեպաշտ, զորավոր, քաղցրաբարո, հյուրասեր, մտավարժ և ճարտար պեսպես մեքենայական արհեստների մեջ, ուստի նրանց մեջ զարգացած է մաթեմատիկական գիտությունը, բայց ոչ նույնքան նուրբ և բարձրագույն գիտությունները: Հաջողակ են և քաջահմուտ պատերազմի մեջ, ուստի և անհաղթ, երկայնամիտ և աշխատասեր, հավատարիմ, հոխորտալից և մեծասիրտ, առատասեր, այլև փոքր ինչ շռայլ կերակրի և ըմպելիքի մեջ: Հագուստ-կապուստի մեջ կապկում են ֆրանսիացիներին: [5]

Իշխան ձուկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշխան ձուկը սաղմոսազգիների ընտանիքի ձուկ է և, ըստ գիտնականների, առաջացել է կարմրախայտից: Այն Սևանա լճի էնդեմիկ է, այսինքն՝ ապրում է միայն Սևանում: Ձկան երկարությունը հասնում է մինչև 75 սմ, թեփուկներն արծաթափայլ են, մարմինն ամբողջ երկարությամբ պատված է խոշոր, սև, երբեմն վարդանարնջագույն պտերով: Միսը վադագույն է, համեղ և սննդարար: Սեռահասուն է դառնում 2-5, երբեմն 7 տարեկանում: Ձվադրում է լճում կամ լիճը թափվող գետերում: Սնվում է ջրային կենդանիներով, միջատներով, թրթուրներով, տզրուկներով, փափկամորթներով: Իշխանն ունի էկոլոգյական չորս ռասաներ՝ ձմեռային բախտակ, գեղարքունի, ամառային բախտակ և բոջակ (գաճաճ տեսակը), որոնք միմիանցից տարբերվում են բազմացման առանձնահատկություններով, ինչպես նաև մարմնի ու գլխի ձևով, թեփուկների գունավորությամբ և այլն: Ի տարբերություն ամառային բախտակի, որը բազմանում է մայիս-հունիս ամիսներին, բոջակը բազման է հոկտեմբեր-նոյեմբերին, ձմեռային բախտակը՝ հոկտեմբերի վերջից մինչև հունվարի սկիզբը: Բոջակն ու ձմեռային բախտակը բազմանում են լճի ափամերձ գոտում, ամառային լճում և նրա մեջ թափվող գետերում, իսկ գեղարքունին՝ միայն գետաբերաններում: Իշխանի տնտեսական մեծ նշանակությունը կապված է նրա սննդային բարձր արժեքի և դրանով պայմանավորված մեծ պահանջարկի հետ: Ցավոք, մեր օրերում այս բացառիկ ձկնատեսակը հայտնվել է ոչնչացման եզրին, որը բացատրվում է նրա վերարտադրության համար անհրաժեշտ բնական պայմանների վատթարացմամբ, որի հիմնական պատճառը Սևանա լճի մակարդակի արհեստական իջեցումն է: [6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 6,Երևան, 1980
  2. Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք II
  3. Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 5, Երևան, 1979
  4. «Դպրոցական մեծ հանրագիտարան» Գիրք I,2008
  5. Գիտելիքների շտեմարան, Ա. Փարսադանյան,«ՎՄՎ-ՊՐԻՆՏ 2006»
  6. Դպրոցականի ուղեկից, «ՎՄՎ-ՊՐԻՆՏ» ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ Ա.,2008

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]