Մալդիվներ
Մալդիվներ (դիվեհերեն՝ Dhivehi Raa'je), պաշտոնապես Մալդիվների Հանրապետություն (Dhivehi։ Dhivehi Raa'jeyge Jumhooriyya)[4], նաև հաճախ անվանում են Մալդիվյան կղզիներ, Հնդկաստանից դեպի հարավ 26 ատոլների վրա գտնվող պետություն Հնդկական օվկիանոսում։ Մալդիվյան հանրապետությունը գտնվում է ավելի քան 1192 կորալային կղզիների վրա. հեշտ կառավարման նկատառումներով՝ երկիրը բաժանված է 19 «ատալների»։ Մալդիվին փոքր կղզյակների հիանալի մոզայկա է, որոնք հիացնում են իրենց ձյունափայլ ավազներով լողափերով, արավենիներով և մաքուր ու տաք ջրով։ Մեկ կղզին հնարավոր է շրջանցել մի քանի րոպեի ընթացքում։ Այդ բազմաթիվ կղզիներից միայն 70 ունեն հյուրանոցներ և այլ անհրաժեշտ ինֆրաստրուկտուրաներ։ Շատ կղզիներ անմարդաբնակ են, և միայն տեղի ձկնորսներն են այցելում այնտեղ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մ. թ. I հազարամյակում Մալդիվներում բնակվել են սինհալներ, հնդիկներ, մալայացիներ, որոնք դավանում էին բուդդայականություն։ XII դարից սկսվել է իսլամի ներթափանցումը։ XIV դ. Մալդիվնեի տարածքում առաջացել է սուլթանություն։ 1558 թվականին պորտուգալացիները զավթել են Մալդիվները, սակայն 1573 թվականին վտարվել այնտեղից։ XVII դ. 2-րդ կեսին սուլթանությունն ընկել է Ցեյլոնի հոլանդական կառավարիչների իշխանության տակ, իսկ 1796 թվականին Մալդիվներում հաստատվեց Մեծ Բրիտանիայի ազդեցությունը։ 1887 թվականին Մալդիվները դարձել է բրիտանական պրոտեկտորատ, ունեին ներքին ինքնավարություն։ 1948 թվականին սուլթանի հետ կնքած պայմանագրով Մեծ Բրիտանիան լայն արտոնություններ ստացավ երկրում։ 1956 թվականի վերջին Գան կղզում սկսվեց բրիտանական ռազմական բազայի կառուցում։ 1960 թվականի պայմանագրով Գան կղզին 30 տարով վարձակալման տրվեց Մեծ Բրիտանիային. վերջինս խոստացավ տնտեսական օգնություն ցույց տալ և ճանաչել Մալդիվների կառավարության իրավասությունը երկրի ամբողջ տարածքի նկատմամբ։ 1965 թվականի հուլիսի 26-ին Մալդիվները հռչակվեցին անկախ, մտան ՄԱԿ-ի մեջ։ 1968 թվականին Մալդիվները հռչակվեցին հանրապետություն։ Մալդիվների կառավարությունը վարում է չմիացման քաղաքականություն, հանդես է գալիս Հնդկական օվկիանոսը միջուկային զենքից զերծ գոտու վերածելու օգտին։
Պետական կարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մալդիվները նախագահական հանրապետություն է։ Գործող սահմանադրությունն ուժի մեջ է 2009 թվականի օգոստոսի 7-ին։ Պետության և կառավարության գլուխը նախագահն է, որը հաստատում է խորհրդարանի ընդունած օրինագծերը, նշանակում նախարարներին, դատավորներին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, հայտարարում է արտակարգ դրություն, շնորհում է ներում և այլն։ Օրենսդրական իշխանության բարձրագույն մարմինը միապալատ խորհրդարանն է՝ մեջլիսը։ Ընտրական իրավունքից օգտվում են 21 տարին լրացրած բոլոր քաղաքացիները։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մալդիվյան կղզեխմբի կղզիները միջօրեականի ուղղությամբ ձգվող ստորջրյա լեռնաշղթայի վրա առաջացած 2 զուգահեռ կորալային շղթաներ են (Լաքադիվյան և Չագոս կղզիների միջև)՝ կազմված ավելի քան 2 հազար կղզիներից, որոնց մեծ մասը բնակեցված չէ։ Կղզիները շրջապատված են արգելախութերով։ Կլիման հասարակածային է, մուսսոնային։ Տարեկան ջերմաստիճանը 24-ից 30 °C է, տեղումները՝ մոտ 2500 մմ։ Կան կոկոսյան արմավի, բանանի պուրակներ, հանդիպում են հացի ծառեր։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տնտեսությունը հիմնվում է ձկնորսության և ծովային արդյունագործության վրա, որոնք տալիս են արտահանության արժեքի 97%-ը։ Ձկան և ձկնամթերքների առևտրի վրա իշխում է պետական մոնոպոլիան։ Ձկնորսական նավատորմում կա ավելի քան 4 հազար փոքր, առագաստավոր և թիավոր մակույկ։ Արդյունահանվում են մարգարիտ, խեցիներ, կորալներ։ Գյուղատնտեսությունը թույլ է զարգացած։ Հողը պատկանում է պետությանը։ Վարձակալ հողագործները պետությանն են տալիս բերքի 1/2-ը։ Մշակում են բրինձ, բանջարեղեն, հացի ծառ, մանգո, բանան, ցիտրուսներ, կոկոսյան արմավ։ Անասնապահություն գործնականորեն չկա, որոշ չափով զարգացած է թռչնաբուծությունը։ Արդյունաբերությունը ներկայացված է մի քանի մանր տնայնագործական ձեռնարկություններով։ Կա ձկնորսական նավաշինություն, մրգի պահածոների, կորալե իրերի արտադրություն և այլն։ Տնտեսության մեջ կարևոր դեր ունեն տուրիզմը (800,000 հազար տուրիստ, 2014[5]) և նամականիշերի թողարկումը։ Տրանսպորտային միջոցներն են առագաստային նավերը և մոտորանավակները։ Մալեն «բաց նավահանգիստ է»։ Արտաքին առևտրական գործընկերներն են Շրի Լանկան, Հնդկաստանը, Սինգապուրը։ Արտահանում է ձուկ, կոպրա, ներմուծում՝ պարենային և արդյունաբերական ապրանքներ։ Դրամական միավորը մալդիվական ռուփին է։
Պաշտոնական լեզուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաշտոնական լեզուն Մալդիվերենն է, որը հնդեվրոպական լեզվաընտանիքի Արիական ճյուղին է պատկանում։ Այն նման է սինհալերենին անգլերենին և արաբերենին։ Երկրի կրթված մասը խոսում է անգլերեն և արաբերեն։
Լուսավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթական միասնական համակարգ չունի, տարրական դպրոցներ (ուսուցման տևողությունը 3-4 տարի) ունեն բոլոր կղզիները։ Մալեում կա նախապատրաստական 1 և միջնակարգ 2 դպրոց (5-6 տարի)։ Տարրական դըպրոցներում ուսուցումը տարվում է մալդվիներեն, միջնակարգում՝ անգլերեն լեզուներով։ Կրոնի ուսուցումը պարտադիր է։ Հատուկ միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատություններ չունի։ Մալեում է գտնվում երկրում միակ պետական հանրային գրադարանը (12 հազար կտոր գիրք)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Համաշխարհային բանկի տվյալների բազա — WB.
- ↑ https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/asia
- ↑ Human Development Report — UNDP, 2022.
- ↑ Dictionary.com: Maldives
- ↑ «Տուրիզմը Մալդիվներում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական Վարչություն Արխիվացված 2015-09-18 Wayback Machine
- [1] Արխիվացված 2015-10-04 Wayback Machine
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալդիվներ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 154)։ |