Կարակալլայի բաղնիքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կարակալայի բաղնիքներից)
Բաղնիք
Կարակալլայի բաղնիքներ
Terme di Caracalla (it)
ՀիմնադիրԿարակալլա
Հիմնական թվականներ՝212-217
Քարտեզ
Քարտեզ

Կարակալլայի բաղնիքներ (իտալ.՝ Terme di Caracalla), երկրորդ ամենամեծ հասարակական բաղնիքները Հռոմում՝ կառուցված 212-217 թվականներին, Սեպտիմիոս Սևերոսի և Կարակալլայի կառավարման ընթացքում[1]։

Համարվում է, որ 6 տարի շարունակ ամեն օր պահանջվել է 2 հազար տոննա շինանյութ`բաղնիքների կառուցումն ավարտելու համար։ Ըստ արձանագրությունների` բաղնիքների կառուցման գաղափարը պատկանում է Սեպտիմիոս Սևերոսին, իսկ շինարարությունն ավարտվել է, կամ բաղնիքները սկսել են գործել Կարակալլայի ժամանակաշրջանում[2]։ Այսօր «Կարակալլայի բաղնիքները» զբոսաշրջային տեսարժանության վայր է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաղնիքները գործածվել են մինչև 6-րդ դարը, որից հետո համալիրը գրավվեց օստգոթերի կողմից Գոթական պատերազմի ժամանակ, երբ ավերվեցին ջրաբաշխական սարքավորումները[3]։ Բաղնիքներն անվճար էին և բաց էին հանրության համար։ Կառույցը տաքացվում էր ստորգետնյա հնոցով, ածխի և փայտի միջոցով, որն էլ տաքացնում էր ջրմուղը։ Վերջինս օգտագործվել է մինչև 19-րդ դար։ Ակվա Անտոնինիանա ջրմուղը, որը հանդիսանում է Ակվա Մարսիայի ճյուղը, կառուցվել է Կարակալլայի կողմից, որպեսզի սպասարկեր բաղնիքները։ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին բաղնիքների ձևավորումն օգտագործվել է մի քանի ժամանակից շինությունների ոգեշնչման համար, ինչպես օրինակ Լիվերպուլի Սբ. Ջորջի դահլիճը և Փենսիլվանիա կայարանը Նյու Յորք քաղաքում։ 1960 թվականի Ամառային օլիմպիական խաղերը նույնպես անցկացվել են այնտեղ։ Բաղնիքները միակ հնագիտական վայրերն էին, որոնք ավերվեցին Լ'Աքվիլա քաղաքի մերձակայքում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով[4]։ Բաղնիքներն ի սկզբանե զարդարված էին բարձրորակ արձաններով։ Հայտնի «Ֆարնեզյան ցուլ» և «Ֆարնեզյան Հերկուլես» քանդակները վերակառուցվելուց հետո գտնվում են Նեապոլի ազգային հնագիտական թանգարանում, մյուսները՝ տեղի Կապոդիմոնտեի թանգարանում։ Բազմաթիվ արձաններից մեկն էլ Ասկլեպիոսի վիթխարի 4 մետրանոց արձանն է։

Ինտերիեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խճանկարային հատակի մաս, որը հայտնաբերվել է Կարակալլայի բաղնիքներում։

«Կարակալլայի բաղնիքներ» համալիրը ավելի շատ ժամանցային կենտրոն էր, քան պարզապես բաղնիքներ։ Այնտեղ կային նաև հանրային գրադարաններ։ Հռոմի մյուս գրադարանների նման, երկու առանձին և հավասարաչափ կառույցներ կային, մեկում հունարեն լեզվով գրականություն էր, մյուսում՝ լատիներեն։ Դրանք տեղակայված էին բաղնիքային համալիրի արևելյան և արևմտյան կողմերի պատշգամբներում։ Բաղնիքները բաղկացած էին կենտրոնական ցրտարանից, երկու ավազանով ջերմատնից և «տաք սենյակից»։ Կային նաև երկու կենտրոններ, որտեղ զբաղվում էին ըմբշամարտով և բռնցքամարտով։ Բաղնիքի շինության հյուսիսային ծայրում կար ավազան, որը տանիք չուներ, սակայն դրա վերևում բրոնզե հայելիներ էին, որոնք ուղղում էին արևի լույսը դեպի ավազան։ Ողջ կառույցը 6 մետր բարձրությամբ հարթակի վրա էր, որի տակ պահեստներն էին ու վառարանները[5]։ Համալիրի ողջ հյուսիսային պատը հատկացված էր խանութներին։ Կարակալլայի բաղնիքների համալիրը զբաղեցնում է համարյա 25 հա տարածք։ Բաղնիքների կառույցն ունի 228 մ երկարություն, 116 մ լայնություն և 38,5 մետր բարձրություն։ Դրանում տեղավորվում էին 1600 մարդ։ Համալիրի կենտրոնական մասը Հռոմեական օպերային թատրոնի ամառային համերգների տաղավարն է։ Այստեղ է տեղի ունեցել նաև «Երեք տենոր» հանրահայտ եռյակի համերգը 1990 թվականին։

1947-1951 թվականին Հռոմի Գրան Պրի ավտոմոբիլային մրցարշավը տեղի է ունեցել Կարակալլայի բաղնիքների տարածքում։

Բաղնիքների ավերակները դարձել են հանրաճանաչ զբոսաշրջային վայր։ Բաղնիքները բաց են հանրության համար։ Հասանելի չեն որոշակի տարածքներ` խճանկարային հատակների վնասումից խուսափելու նպատակով, թեև արդեն վնասն ակնհայտ է։ Նաև 22 լավ պահպանված սյուների մնացորդները գտնվել են Սանտա Մարիա ին Տրաստևերե եկեղեցում, որտեղ տարվել էին 12-րդ դարում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ancient Roman Baths - Thermae, Baths of - Caracalla, Diocletian, Trajan - Crystalinks». www.crystalinks.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 22-ին.
  2. Walker, Charles, 1980 Wonders of the Ancient World p. 92-3
  3. «Rome Guide tourist information - Monuments · Caracalla Thermal Baths». www.rome-guide.it. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 22-ին.
  4. "L'Aquila earthquake damaged ancient baths inh Rome". Telegraph.co.uk. 2009-04-06.Archived from the original on 9 April 2009. Retrieved 2009-04-06.
  5. Roth, Leland M. (1993). Understanding Architecture: Its Elements, History and Meaning (First ed.). Boulder, CO: Westview Press. ISBN 0-06-430158-3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարակալլայի բաղնիքներ» հոդվածին։