Մերիլին Մոնրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերիլին Մոնրո (1950-ականներ)

Մերիլին Մոնրո (անգլ.՝ Marilyn Monroe), ի ծնե անունը Նորմա Ջին Մորտենսեն (անգլ.՝ Norma Jeane Mortensen), մկրտվել է որպես Նորմա Ջին Բեյքեր (անգլ.՝ Norma Jeane Baker), (ծնվ. 1926թ. հունիսի 1, Լոս-Անջելես, ԱՄՆ — մահ. 1962թ. օգոստոսի 5, Բրենթվուդ, Կալիֆորնիա, ԱՄՆ), նշանավոր ամերիկյան կինոդերասանուհի, երգչուհի և սեքս-խորհրդանիշ, Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 6-րդ տեղում:

Մոնրոն ծնվել է 1926 թ. հունիսի 1-ին որպես Նորմա Ջին Բեյքեր: Նրա հայրը հայտնի չէ, իսկ մայրը տառապում էր շիզոֆրենիայով: Մանկության մեծ մասը Նորման անց է կացրել մանկատներում, ինչը հետագայում մեծ հետք է թողել դերասանուհու հոգեկան վիճակի վրա:

Կարիերայի սկիզբը [խմբագրել]

Ամուսնու պատերազմ մեկնելուց հետո 19-ամյա Նորման սկսեց նկարահանվել որպես փին-ափ մոդել տղամարդկանց ամսագրերի համար, որոնք ռազմաճակատ էին ուղարկում ամերիկացի զինվորներին քաջալերելու համար: Շուտով այդ ամսագրերից մեկը հայտնվեց ամերիկյան Ֆոքս կինոստուդիայի պրոդյուսեր Բեն Լիոնի մոտ և վերջինս որոշեց պայմանագիր կնքել երիտասարդ աղջկա հետ: Լիոնը գտնում էր, որ դերասանուհի դառնալու համար Նորմա Ջին անունը չափազանց երկար և դժվար հիշվող էր և իր կամքին հակառակ քսանամյա Բեյքերը շուտով վերանվանվեց Մերիլին Մոնրո: Սակայն հաջողության հասնելու ճանապարհը այդքան էլ հեշտ չէր և մի քանի տարի շարունակ Մոնրոին միայն փոքրիկ աննշան դերեն էին հանձնում: Ամեն ինչ փոխվեց, երբ 1954թ.Մերիլինը գլխավոր դեր խաղաց «Ջենթլմենները նախընտրում են շիկահերներին» մյուզիքլում այն ժամանակ շատ հայտնի Ջեյն Ռասելի հետ միասին: Շուտով Մերիլին Մոնրո անունը հայտնի դարձավ ամբողջ Ամերիկայում, այնուհետև և ողջ աշխարհում:

Մահը [խմբագրել]

1962թ. օգոստոսի 5-ին ոստիկանները գտան դերասանուհու անշունչ մարմինն իր սենյակում: Մինչ օրս նրա մահվան պատճառը բազմաթիվ քննարկումների առարկա է: Ոմանք կարծում են, որ Մոնրոն ինքնասպան է եղել, ոմանք համոզված են, որ նրան սպանել են Քենեդի եղբայրների պատվերով: Մերիլինը սիրավեպ է ունեցել և Ամերիկայի նախագահ Ջոն Քենեդիի, և նրա եղբայր Բոբ Քենեդիի հետ: Դերասանուհին որոշ գաղտնի տեղեկություններ ուներ նրանց մասին և սպառնում էր հայտնել դրանք լրագրողներին: Այնուամենայնիվ Մոնրոի մահը մոտ քառասուն տարի անց էլ գաղտնիք է մնում:

Ֆիլմերը [խմբագրել]

Նկարահանվել է 31 ֆիլմերում, այդ թվում` «Ամեն ինչ Եվայի մասին» (All About Eve, 1950), «Նիագարա» (Niagara, 1953), «Ինչպես ամուսնանալ միլիոնատիրոջ հետ» (How to Marry a Millionaire, 1953), «Ջենթլմենները նախընտրում են շիկահերներին» (Gentlemen Prefer Blondes, 1954), «Ոմանք դա տաք են սիրում» (Some Like It Hot, 1959 Խորհրդային կինովարձույթում` «Ջազում միայն աղջիկներն են») և այլն: