Դեպրեսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դեպրեսիա, տնտեսական կամ արդյունաբերական բոլորապտույտի փուլ, որ հետևում է ճգնաժամի փուլին։ Դեպրեսիայի փուլում ստեղծվում են նախադրյալներ և ձևավորվում պայմաններ աշխուժացման ու հետագա վերելքի փուլին անցնելու համար, ճգնաժամի պատճառած ավերածությունները հաղթահարելու, ընդլայնված վերարտադրությունը վերականգնելու համար։ Գործնականում դեպրեսիան որոշվում է որպես տնտեսության ետճգնաժամային զարգացման ժամանակահատված, որի ընթացքում սկսվում է ավելանալ սպառողական ապրանքների թողարկման ֆիզիկական ծավալը, սակայն դեռևս շարունակվում են կրճատվել իրական կապիտալ ներդրումները։ Դեպրեսիան բնութագրվում է նաև փոխատվական կապիտալի համեմատական ավելցուկով և տոկոսի ցածր մակարդակով, զանգվածային սնանկացումով, իսկ ժամանակակից պայմաններում՝ նաև գների աճի դանդաղումով։

Դեպրեսիայի ընթացքում սկսվում է կապիտալիստական կազմակերպությունների ֆինանսական վիճակի աստիճանական բարելավում, մեծանում են ներդրումներն իրացվելի ակտիվներում, տեղի է ունենում շրջադարձ շահույթի շարժի մեջ, նախնական պատվերներում և այլն։ Էականորեն փոխվում է վերարտադրական կառուցվածքը, տնտեսությունն ազատվում է անարդյունավետ տարրերից և տնտեսական կապերից, պայմաններ են ստեղծվում տնտեսական հետագա աճի համար։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Մ Չոբանյան «Բիզնեսի համառոտ բառարան», 1992թ