Մասնակից:O'micron/Հունաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը հին հունական դիցաբանության և դրա պատմական զարգացման մասին է։ Լրացուցիչ և թեմայի հետ շաղկապված տեղեկատվության համար տե՛ս նաև Հունական աստվածների, ոգիների և այլ առասպելական էակների ցանկ
Ըստ հին հունական հայտնի առասպելներից մեկի՝ տիտաններից Պրոմեթևսը որոշում է Օլիմպոսից կրակը գողանալ և նվիրել մարդկանց, սակայն այդ արարքի համար պատժվում է և գամվում Կովկասյան լեռներին։ Արծիվն ամեն օր ծվատում էր նրա լյարդը, որը գիշերվա ընթացքում նորից վերականգնվում էր։ Պրոմեթևսի տանջանքներին վերջ է տալիս Հերակլեսը, որն ազատում է շղթակված հերոսին։

Հին հունական դիցաբանություն, առասպելական պատմությունների ամբողջություն, որն արտացոլված է հին հույների աշխարհայացքը, ինչպես նաև երևակայական պատկերացումները բնության ու հասարակության մասին։ Այդ պատմություններում ներկայացված են աշխարհաստեղծման մասին հին հույների յուրօրինակ ընկալումները, բնական երևույթների պաշտամունքի օրինաչափությունները, ինչպես նաև աստվածների, առասպելական հերոսների և դիցաբանական այլ արարածների կյանքը, սխրանքները և գործությունեությունը։ Սկզբնական շրջանում՝ Մինոսյան և Միկենյան քաղաքակրթության պարբերափուլում, հին հունական առասպելները սերունդներին են փոխանցվել բանավոր խոսքի միջոցով։ Շուտով ի հայտ են գալիս անտիկ գրականության առաջին և ամենանշանավոր հուշարձանները՝ Հոմերոսի «Իլիականը» և «Ոդիսականը», որոնք գլխավորապես նվիրված էին Տրոյական պատերազմի հերոսների գործերի փառավորմանն ու անցած ուղուն։ Հոմերոսի ժամանակակիցներից Հեսիոդոսի գրչի են պատկանում «Աշխատանքներ և օրեր» ու «Թեոգոնիա» էպիկական պոեմները, որոնք հանդիսանում են հին հունական աստվածների տոհմաբանության և ծագումնաբանության վերաբերյալ կարևոր գրավոր աղբյուրներ։ Հին հունական դիցաբանությանը վերաբերվող սկզբնաղբյուրներ են նաև անտիկ շրջանի պատմողական, դրամատիկական և քնարական երկերը, դասական շրջանի ողբերգություններն ու կատակերգությունները, հելլենիզմի ժամանակահատվածում ստեղծագործող հեղինակների գրավոր հուշարձանները, ինչպես նաև հռոմեացի պատմիչների (օրինակ՝ Պլուտարքոս ու Պավսանիաս) մատենագրական վկայությունները։

Ըստ հին հույների՝ ի սկզբանե անսահման ժամանակից ծնվել է Քաոսը, որից էլ սկզբնավորվել են անմահ աստվածներն ու ամբողջ աշխարհը, ինչպես նաև ահավոր անդունդը, սերը, հավերժական լույսն ու մութ խավարը։ Դիցաբանական այս շրջափուլում ամփոփված են աշխարհաստեղծման գործընթացների մասին այն պատկերացումները, որոնք ընդունված են եղել Հին Հունաստանում։ Հաջորդիվ ծնունդ են առել տիտանները, իսկ տիտանների հաջորդներն էլ դառնում են օլիմպիական աստվածները, որոնց գլխավորում է շանթարձակ Զևսը՝ երկնքի և երկրի տիրակալը։ Ժամանակի ընթացքում ի հայտ են գալիս ջրային և խթոնյան աստվածները, որոնց սերունդներից էլ առաջանում են երկրային հերոսներն ու նիփիաները։ Հին հույները գլխավորապես առասպելներ են հյուսել երկրային հերոսների մասին, որոնց համարել են աստվածային սերունդների։ Նրանցից ամենանշանավորներն են Հերակլեսը, Տրոյական պատերազմի հերոսներ Աքիլեսը, Ոդիսևսը, տրոյացիներից՝ Հեկտորը, ոսկե գեղմը գտնելու համար Սև ծովով դեպի Կողքիս նավարկած արգոնավորդները՝ Յասոնի գլխավորությամբ, Գորգոն Մեդուզային սպանած Պերսևսը, լաբիրինթոսում Մինոտավրոսի նկատմամբ հաղթություն տոնած Թեսևսը և այլոք։

Հին հունական դիցաբանությունն էական ազդեցություն է ունեցել արևմտյան քաղաքակրթության մշակույթի, արվեստի և գրականության ձևավորման գործում։ Հնագույն ժամանակներից մինչ օրս մարդկությունը ոգեշնչվում է հունական դիցաբանությամբ և հնագույն առասպելների առեղծվածայնությամբ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին հունական դիցաբանության մասին տեղեկություններն ամբողջացվել և մշակվել են գրական (մատենագրական) երկերի, ինչպես նաև արվեստի զարգացման երկրաչափական պարբերափուլի (թվագրվում է մ․թ․ա․ 900-800-ական թվականներին) ընթացքում ստեղծված կտավների և սափորների նկարազարդումների ուսումնասիրման միջոցով։ Երբեմն, հետազոտությունների ընթացքում գտնված հնագիտական նմուշներն ու գրական հիշատակությունները միմյանց հակասում են, որոշ դեպքերում՝ հաստատում իրողության հավաստիությունը, սակայն այն, որ հին հունական դիցաբանության մաս կազմող բազմաթիվ տարրեր (այդ թվում՝ դիցաբանական հերոսներ, առասպելներ և պատմություններ) ունեն փաստական և պատմագիտական հավաստիություն՝ միանշանակ է։

Գրական սկզբնաղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կույր բանաստեղծ Հոմերոսը՝ քնարը ձեռքին, լսարանով շրջապատված։ Վերջինիս գրչին են պատկանում անտիկ գրականության առաջին հուշարձանները՝ «Իլիականը» և «Ոդիսականը»։

-Դիցաբանական պատումները հնուց ի վեր կարևոր հենք են հանդիսացել հունական գրականության զարգացման և ինքնատիպության ձևավորման համար։ Այնումենայնիվ, հնագույն ժամանակներից մեզ է հասել հին հունական դիցաբանությանը նվիրված ընդամենը մեկ ամբողջական համալիր աշխատություն (գիտական շրջանառության մեջ հայտնի է «Փսեվդո-Ապոլոնյան գրադարան» անվանմամբ), որը ներկայացնում է աշխարհաստեղծման մասին հին հույների պատկերացումները, աստվածների ծնունդը և գործունեությունը, հերոսների կյանքը և այլն։ Ընդունված է համարել, որ աշխատությունը ստեղծվել է հելլենիստական ժամանակաշրջանում՝ Ապոլոդոր Աթենացու կողմից, թեպետև որոշ ուսումնասիրողներ գտնում են, որ հնարավոր հեղինակի և «Փսեվդո-Ապոլոնյան գրադարան»-ի ընդգրկած ժամանակագրական նկարագրության միջև կան որոշակի տրամաբանական հակասություններ։

Հոմերոսյան դարաշրջանում ստեղծվել են անտիկ գրականության առաջին և ամենանշանավոր հուշարձանները՝ «Իլիականը» և «Ոդիսականը»։ Ներկայումս որոշ գիտնականներ հոմերոսյան վիպերգները ուղղակիորեն համարում են բանահյուսության արդյունքում ձևավորված ժողովրդական, էպիկական ստեղծագործություններ։ Գրական մեծ արժեք են իրենցից ներկայացրել «Հոմերոսի հիմներ» քնարերգական ստեղծագործությունը, որի մաս կազմող բանաստեղծությունները ժամանակի արդյունքում կորուսվել են՝ չհասնելով մեզ։ Հոմերոսի նշանավոր ժամանակակիցներից էր նաև պերճախոս Հեսիոդոսը։ Վերջինիս գրվածքներն իրենց գեղարվեստական արժեքով որոշ չափով զիջում են Հոմերոսի հուշարձաններին, սակայն դրանք ևս անտիկ գրականության փայլուն նմուշներ են՝ օժտված բանաստեղծական ոգեշնչմամբ։ Պահպանվել են այդ ստեղծագործություններից երկուսը՝ «Աշխատանքներ և օրեր» ու «Թեոգոնիա» էպիկական պոեմները։ Մասնավորապես, «Թեոգոնիա» աշխատությունում մանրամասնորեն ամփոփված են աստվածների ծնունդը, ինչպես նաև տիտանների և հսկաների ծագումը։ Բացի այդ, վերջինս ներկայացրել է նաև Պանդորայի և Պրոմեթևսի դիցապատումները։

Առասպելապատում գրվածքներով հայտնի են նաև այնպիսի բանաստեղծներ, ինչպիսիք են Պինդարոսը, Բակքիլիդեսը և Սիմոնիդեսը։ Դիցաբանության պատմությունների պատկերավորման գործընթացի արդյունքում ինքնին ձևավորվել է Հին Հունաստանի թատրոնը՝ աթենական դրաման։ Քաղաքակրթության պատմության մեջ իրենց անունը փառքով են պսակել ողբերգակներ Էսքիլեսը, Սոֆոկլեսը և Եվրիպիդեսը, ովքեր իրենց ստեղծագործությունները գլխավորապես նվիրում էին առասպելական կերպարներին և Տրոյական պատերազմի հերոսներին։ Հին հունական գեղարվեստական գրականության վերջին մեծ ներկայացուցիչը, ով նշանավորվում էր որպես դասական շրջանի «կատակերգության հայր», Արիստոփանեսն էր, որի երկերը ևս մեծապես դիցաբանական բնույթ ունեին։

Հնագիտական վկայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարում գերմանացի հնագետ Հենրիխ Շլիմանի կողմից Միկենյան, իսկ 20-րդ դարում բրիտանացի գիտնական Արթուր Էվանսի կողմից Մինոսյան քաղաքակրթությունների բացահայտումից հետո առավել դյուրին կերպով հնարավոր դարձավ ընդհանուր հայտարարի գալ Հոմերոսի հեղինակած էպիկական պոմների հետ կապված հակասական հարցերի շուրջ, ինչպես նաև մանրամասներ գտնել դիցապաշտական ծիսակատարությունների և աստվածների ծննդաբանության մասին։ Ցավոք, Միկենյան և Մինոսյան քաղաքակրթությունների և ծիսակատարությունների մասին ապացույցները բացառապես մոնումենտալ են։

Մ․թ․ա․ 8-րդ դարին թվագրվող կավե սափորները՝ երկրաչափական ոճով, իրենց նկարազարդումներում ներկայացնում են Տրոյական պատերազմի պարբերափուլերը, ինչպես նաև Հերակլեսի սխրագործությունները։ Շատ ժամանակ հնագիտական նմուշների պատկերներում հայտնաբերվում են այնպիսի սցենարային տեսարաններ, որոնք որևէ գրավոր հուշարձանում հիշատակված չեն։ Այսպիսով, հնագիտական նմուշների վերծանումը ամբողջացնում է դիցաբանական բովանդակությունը։

Առասպելաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրենց ամուսիններին հոր թելադրանքով սպանած դանայուհիները Հադեսի խավարչտին թագավորությունում դատապարտված էին լցնել անհատակ կարասը (տակառը):

Ժամանակի ընթացքում հին հունական դիցաբանությունը շարունակականորեն ենթարկվել է փոփոխությունների՝ համապատասխանեցվելով, սինխրոնացվելով մշակութային և քաղաքակրթական զարգացումներին, ինչպես նաև աշխարհաքաղաքական-դարաշրջանային նշանակալի փոփոխություններին։ Որպես հոգևոր մշակույթի մաս և աշխարհը իմաստավորելու ու բացատրելու նախափիլիսոփայական մտածելակերպ՝ Հին Հունաստանում դիցաբանությունը ձևավորվել է մարդկային գիտակցության զարգացման այն շրջափուլում, երբ դեռևս միմյանցից սահմանազատված չեն եղել հավատն ու երևակայությունը։ Չկարողանալով բացատրել բնական ու հասարակական երևույթները՝ հին հույները մտացածին կապեր են վերագրել իրականությանը, ստեղծել է զանազան ոգիների, կենդանակերպ էակների, դյուցազունների և աստվածների մշտափոփոխ hամակարգ։

Արխաիկ դարաշրջանի ծաղկման շրջանում աստվածների և մարդկանց կապը դառնում է առավել հաճախական․ անցկացվում են զուգահեռականներ և դիցապաշտական հենքի վրա առաջանում են դասակարգային հարաբերությունների նոր ձևեր։ Դիցաբանության և կրոնի աղերսների վկայությունն է նաև այն, որ դիցաբանական մտածողության, աշխարհի դիցաբանական իմաստավորման ու գնահատականի հետ է կապվել նաև աստվածների պաշտամունքը, հին հույները կառուցել են աստվածներին նվիրված տաճարներ, կանգնեցրել նրանց արձանները, զոհեր մատուցել, կազմակերպել հատուկ տոնախմբություններ։

Հին հունական դիցաբանության և առասպելաբանության ուսումնասիրությունները սկսվել են ուշ միջնադարում՝ Վերածննդի (Ռենեսանսի) ժամանակաշրջանում և շարունակվում են մինչ օրս։ Այդ ամենի ընդհանրացման արդյունքում պատմականորեն հին հունական դիցաբանության և առասպելաբանության զարգացումը կարելի է բաժանելի մի քանի պարբերափուլերի։ Դրանք են՝

  1. Ծագումնաբանության առասպելներ կամ աստվածների ժամանակաշրջան («Թեոգոնիա», «աստվածների ծագումնաբանություն»)․ այս պարբերափուլի առասպելներում ներկայացված են աշխարհաստեղծման գործընթացները և ծագման հիմքերը, Երկրի վրա անմահ աստվածների և մարդկանց ի հայտ գալը։
  2. Աստվածների և մահկանացուների մերձեցման ժամանակաշրջան․ այս պարբերափուլում ի հայտ են գալիս մարդկանց և անմահ աստվածների միջև առաջին կապերի ձևավորումը։ Երկրի վրա հայտնվում են աստվածային ծագում ունեցող մահկանացուներ՝ իրենց յուրահատկություններով։
  3. Հերոսների ժամանակաշրջան․ այս պարբերափուլում ակնդետ նկատվում է աստվածների գործունեության սահմանափակություն։ Հերոսների ժամանակաշրջանի վերջին նշանավոր իրադարձությունը Տրոյական պատերազմն է, որը որոշ մասնագետների կողմից դիտարկվում է որպես դիցաբանական առանձին շրջան։

Աշխարհաստեղծման մասին պատկերացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհը իմաստավորելու ու բացատրելու համար Հին Հունաստանի նախափիլիսոփայական հասարակությունում մարդկային կյանքը, բնական երևույթները և օրինաչափությունները վերագրվում էին անհայտ ծագման երևույթների։ Այսօրինակ անորոշության պատճառը աշխարհաստեղծման գործընթացների և մարդկանց երևակայական պատկերացումների անհամատեղելիությունն էր։ Հունական դիցաբանությունում աշխարհաստեղծումն ու աստվածների ծագումը ներկայացվում է որպես շարունակական պրոցեսների և պատճառահետևանքային կապի արդյունք։

Աշխարհի ստեղծում և անմահ աստվածների ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկտան (Նիքսը) անձնավորում էր գիշերն ու մթությունը։ Ըստ Հեսիոդոսի՝ Նիքսը Քաոսիդուստրն է, համարվում է աշխարհստեղծման առաջնային ուժերից մեկը։

Աշխարհի ստեղծման և աստվածների առաջացման մասին հին հույների պատկերացումները մանրամասն կերպով իր աշխատությունում («Թեոգոնիա», թարգմանաբար՝ «աստվածների ծագումնաբանություն») ներկայացրել է Հեսիոդոսը (մ․թ․ա․ 8-7-րդ դարերի հին հույն նշանավոր գրող)։ Ըստ հունական դիցաբանության՝ ամեն ինչ սկզբնավորվել է անսահման Քաոսից, որի գոյությունը եղել է հավիտենական։ Քաոսն ապրել է մթության մեջ, որի պատճառով նրա կերպարանքը հնարավոր չէ նկարագրել։ Վերջինիս մեջ է ամփոփված եղել կյանքի կենսատու աղբյուրը և հենց նա էլ ծնել է Երկրի աստվածուհուն՝ Գեային։ Գեան համարվում էր մարդկանց նախամայրը և հողի գրկում թաղված մեռյալների մեծ օթևանը։ Քաոսից է առաջացել Տարտարոսը՝ ահավոր անդունդը, լեցուն հավիտենական խավարով, ինչպես նաև ամեն ինչին կենդանություն տվող սերը՝ Էրոսը։ Սկսելով աշխարհի ստեղծումը՝ անսահման Քաոսը ծնում է նար հավերժական խավարը՝ Էրեբոսը և մութ գիշերը՝ Նիկտային։ Խավարից ու գիշերից սերվում է հավերժական լույսը՝ Եթերը և պայծառ օրը՝ Հեմերան։ Վերջինիս ծննդից հետո գիշերն ու ցերեկը սկսում են հաջորդաբար հերթափոխել և ձևավորվում է օրվա ցիկլը։

Էրեբոսից ծնունդ են առնում Թանատոսը՝ մահը, Հիպնոսը՝ քունը, Գերասին՝ ծերությունը, Էրիսը՝ տարաձայնությունը, Կերոսը՝ ճակատագիրը և այլոք։ Գեան՝ Երկիրը, ծնունդ է տալիս երկնքին՝ Ուրանոսին, և անծայրածիր երկինքը տարածվում է երկրի վրա։ Դեպի Ուրանոսն են խոյանում Գեայի ծնած բարձրագագաթ լեռները։ Գեան ծնունդ է տալիս նաև ծովերին, որոնք հայր չունեն։

Ցերեկվա, ժամանակի և լույսի աստվածուհին,Էրեբոսի և Նիկտայի դուստրն Հեմերան։

Երկինքն ու երկիրը՝ Գեան և Ուրանոսը, կյանք են ընծայում նիմփերին, տիտաններին, կիկլոպներին և հարյուրձեռքանի հսկա հեկատոնքեիրներին։ Այսպիսով, վերջիններիս ծննդով նշանավորվում է դիցաբանական երկրորդ սերնդի ձևավորումը։ Տիտանները տասներկուսն էին՝ վեց եղբայր և վեց քույր։ Տիտաններից ավագը Օվկիանոսն էր (նրանից սերվում են օվկիանուհիները), որն ըստ Հեսիոդոսի՝ վերահսկողություն ուներ աշխարհը շրջապատող համաշխարհային հորձանքի նկատմամբ։ Մյուս տիտաններն էին Կեոսը, Կրիոսը, Հիպերիոնը, Հապետոսը, Կռոնոսը և նրանց քույրերը՝ Թեան, Տեթիսը, Հռեան, Թեմիսը, Մնեմոսինեն և Փեբեն։ Տիտանները անձնավորում էին բնական երևույթները։

Տիտանների սերունդներից Կռոնոսը, որն ամենահավակնոտն էր իր եղբայրների ու քույրերի մեջ, մոր՝ Գեայի խարդավանքով, ընդվզում է Ուրանոսի դեմ և տապալում հոր իշխանությունը։ Այնուհետև, Երանության կղզում տեղի ունեցած ճակատամարտում նա խեղում է վերջինիս և ուղարկում ահավոր անդունդ՝ Տարտարոս։ Դրանից հետո Կռոնոսը ազատում է իր վայրենակերպ եղբայրներին՝ կիկլոպներինև հեկատոնքեյրներին։ Հեսիոդոսի վկայությամբ՝ տիտան Կռոնոսի կառավարման տարիները նշանավորվել է որպես աշխարհի պատմության ոսկեդարի ժամանակաշրջան։ Կռոնոսը հոր ճակատագրին չարժանանալու երկյուղից դրդված կուլ էր տալիս իր նորածին երեխաներին՝ Հեստիային, Դեմետրային, Հերային, Հադեսին և Պոսեյդոնին։ Սակայն նրա կինը՝ տիտանուհի Հռեան, չցանկանալով կորցնել իր վերջին զավակին ևս, մոր՝ Գեայի խորհրդով փրկում է իր կրտսեր որդուն՝ Զևսին, որին էլ վիճակված էր տապալելու կռոնոսյան իշխանությունը։ Վերջինս հեռանալով հաստատվում է Կրետե կղզում անձավներից մեկում, որտեղ էլ ծննդաբերում է իր որդուն։ Կրետեում հասակ առնելուց հետո՝ Զևսը մեկնում է Կռոնոսի մոտ և պահանջում փսխել իր եղբայրներին ու քույրերին։ Դրանից հետո Զևսը՝ օլիմպիացիների գլուխն անցած, վիճակ է նետում Կռոնոսին և սկսվում է Տիտանների ճակատամարտը։ Զևսի կողմն էին տիտաններից մի քանիսը և ամենից առաջ՝ տիտան Օվկիանոսը և նրա դուստր Ստիքսը՝ իր զավակների՝ Ձգտման, Հզորության ու Հաղթանակի հետ։ Չկարողանալով պարտության մատնել տիտաններին՝ Զևսը մարտադաշտ է դուրս բերում հարյուրաձեռք հսկաներին, որոնք ահռելի ժայռեր են ուղում իրենց ոսոխների ուղղությամբ։ Արդյունքում՝ Տիտանների ճակատամարտն ավարտվում է Զևսի և իր դաշնակիցների հաղթությամբ, որից հետո վերջինս շղթայում է տիտաններին և նետում Տարտարոս։ Տեսնելով սա՝ Գեան զայրանում է Զևսի վրա (քանզի վերջինս շատ դաժանաբար էր վարվել իր զավակների՝ տիտանների հետ) և երկիր ուղարկում իր և Տարտարոսի որդուն՝ հարյուրգլխանի հրեշ Տիփոնին։ Սակայն Զևսը առանց երկնչելու մեկնվում է մարտի և կայծակների միջոցով տապալում Տիփոնին։ Տիփոնը հրաբուխներ և երկրաշարժեր է առաջացնում Երկրի վրա, իսկ պարտությունից հետո՝ նետվում Տարտարոս և նույնիսկ այնտեղ սպառնում ամեհի։

Օլիմպոսի աստվածների պանթեոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թետիս աստվածուհին աղաչում է շանթարձակ Զևսի խնայել իր որդու՝ Տրոյական պատերազմում աքայացիների կողմում կռվող Աքիլլեսի կյանքը։

Համաձայն դասական շրջանի դիցաբանության՝ Տիտանների ճակատամարտի հաղթական ավարտից հետո ձևավորվում է հունական աստվածների նոր պանթեոնը (թվով երրորդ դիցաբանական սերունդը)։ Տասներկու գլխավոր աստվածներն ու աստվածուհիները բնակվում էին Օլիմպոս լեռան վրա՝ շանթարձակ Զևսի գլխավորությամբ։ Օլիմպոսի մյուս աստվածներն էին Հերան, Պոսեյդոնը, Դեմետրան, Աթենասը, Ապոլլոնը, Արեսը, Հեփեստոսը, Հերմեսը, Արտեմիսը, Ափրոդիտեն (կամ Հեստիան) և Դիոնիսոսը։ Օլիմպիացիներից բացի, սրբազան լեռան վրա են բնակվել նաև անտառների ու արոտավայրերի աստված, հովիվների, որսորդների, մեղվապահների ու ձկնորսների հովանավոր Պանը, բնական երևույթները մարմնավորող Նիմփաները, ջրահարսակերպ Նայադները, ծառերի հովանավոր Դրիասները, ծովային ոգիներ համարվող Ներեուհիները, պտղաբերությունը հովանավորող Սատիրները և այլոք։

Հին հույների գերագույն աստված Զևսը որոտի, ամպրոպի և կայծակի աստվածն էր՝ երկրի տիրակալը։ Նրա կինը՝ Հերա աստվածուհին, միաժամանակ նաև վերջինիս քույրն էր։ Հերան ամուսնության և ընտանիքի հովանավորն էր, ինչպես նաև մայրության, բարոյական մաքրության սրբազան դիցուհին։ Աշխարհի բաժանման ժամանակ՝ տիտանների պարտությունից հետո, Պոսեյդոնին բաժին է հասնում ջրային տարերքը։ Աստիճանաբար նա դուրս է մղում տեղական ծովային հին աստվածներին՝ Ներևսին, Պրոտևսին, Օվկիանոսին և այլոց՝ դառնալով համաշխարհային օվկիանոսի բացարձակ գերիշխանը։ Հողագործության և բերքատվության աստվածուհին Դեմետրան էր, խաղողագործության ու գինեգործության աստվածը՝ Դիոնիսոսը։