Սիմոնիդես Քիոսացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սիմոնիդես Քիոսացի (հին հունարեն՝ Σῐμωνίδη ὁ Κεῖος, մ.թ.ա. 556-467), հին հույն բանաստեղծ։

Սիմոնիդես Քիոսացին խմբական քնարերգության բարձր շրջանի վարպետներից է, որի երգերի մասին Հերոդոտոսը հիշատակում է իր պատմության մեջ։

Սիմոնիդեսը ծնվել է Քիոս կղզու Իսլիդես քաղաքում մ.թ.ա. 556 թվականին։ Սիմոնիդեսի հոր անունը Լեոպրեպես էր, իսկ վերջինիս հայրը բանաստեղծ էր, իսկ քույրը՝ Բաքքիլիդես մեծ բանաստեղծի մայրը։ Սիմոնիդեսը երիտասարդ հասակում աչքի է ընկնում իր բանաստեղծական տաղանդով, նա Կորթեոս քաղաքի խմբի ղեկավարն էր. նրա համբավը տարածվել էր Հունաստանում, երբ Պիսիստրատի որդի Հիպարքոսը բռնապետ է դառնում. իր ազդեցությունը ուժեղացնելու նպատակով պալատ է հրավիրում Հունաստանի նշանավոր գրականագետներին ու փիլիսոփաներին, որոնց թվում նաև Սիմոնեդեսին, որին տալիս է նվերներ և մեծ ռոճիկ։

30 տարեկան հասակում նա գալիս է Աթենք և ապրելով Հիպպարքոսի պալատում, ծանոթանում է ժամանակի արվեստագետների՝ Անակրեոնի և բանաստեղծ Լասոսի հետ. վերջինիս հետ նա մրցում է Դիոնիսյան տոներին։ Բանաստեղծը վայելում էր աթենացիների և պալատական արվեստագետների համակրանքը։ Երբ ընկնում են պիսիստրատըանները, այն ժամանակ Սիմոնիդեսը տեղափոխվում է Սկոպադի պալատը (Թեսալիա) և երկար ժամանակ ապրում է այստեղ։ Այնուհետև նա վերադառնում է Աթենք։ Այս ժամանակ հույները պատերազմում էին պարսիկների դեմ և աշխատում թոթափել պարսկական բռնակալության լուծը։ Թերմոփիլեի և Մարաթոնի ճակատամարտերում ընկած հերոսների մասին նա հեղինակում է իր նշանավոր էլեգիաները, մասնակցում մրցությունների և տանում հաղթանակներ։ Նա ճանապարհորդում է Սիցիլիա, ամբողջ Հունաստանի քաղաքները և մեծ սիրով հյուրընկալվում ամեն տեղ։

Մեռնում է Սիցիլիայում, հասնելով խորին ծերության (89 տարեկան հասակում)։

Սիմոնիդեսը օժտված է եղել սուր հիշողությամբ։ Նրան են վերագրում մնեմոնիկայի (հիշողության ամրապնդման արվեստ) հայտնագործումը։

Սիմոնիդեսի գրիչը բեղմնավոր է եղել։ Գրել է բազմաթիվ ոտանավորներ, էլեգիաներ, էպիգրամներ և այլն։ [1]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Ա.Առաքելյան (1968)։ Հունական գրականության պատմության։ Երևան: «Լույս», էջ 133-133։