Կյանքի ծագում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կյանքի ծագումը բնագիտության և փիլիսոփայության կենտրոնական պրոբլեմներից մեկը։ Իդեալիստները պնդում են, որ կյանքը արարել է աստված։ Հակառակ դրան, մատերիալիստները գտնում են, որ կյանքն ունի նյութական ծագում և առաջացել է բնության ընդհանուր օրինաչափությունների հիման վրա։

Կյանքի ծագման մասին պատկերացումների զարգացման պատմությունը[խմբագրել]

Մինչև 19-րդ դարի կեսը աբիոգենեզ տերմինի տակ հասկացվում էր ինքնաբերաբար ծագումը, այսինքն անկենդան նյութերց բարդ կազմված կենդանի նյութերի առաջացումը։ Դեռևս 17-րդ դարում հավատում էին որդերի, ձկների, գորտերի և նույնիսկ մկների ինքնածնությանը ցողից, տիղմից, ցեխից։ 1668-ին իտալացի կենսաբան և բժիշկ Ֆրանչեսկո Ռեդին ցույց տվեց, որ հոտած մսի վրա ճանճի թրթուրներն առաջանում են միայն ճանճերի դրած ձվերից։ 18-րդ դարի իտալացի գիտնական Լ. Սպալանցանին հաստատեց, որ եռացրած արգանակում մանրէներ չեն զարգանում։ Այդ միտքը վերջնականապես ապացուցեց ֆրանսիացի գիտնական Լուի Պաստյորը 1861-ին, որի փորձերը, սակայն, չէին ժխտում աբիոգենեզի հնարավորությունը նախկին երկրաբանական ժամանակաշրջաններում։ Գիտնականների մեծ մասի կարծիքով կյանքի առաջացումը երկարատև պրոցես է և տեղի է ունեցել Երկրի վրա հեռավոր երկրաբանական ժամանակաշրջաններում, երբ պայմանները (ճառագայթման ռեժիմը, երկրակեղևի հեղուկ, գազային ու կարծր վիճակների ջերմաստիճանը, քիմիական բաղադրությունը և այլն) խիստ տարբերվել են ժամանակակից պայմաններից։

Կյանքի ծագման տեսությունները[խմբագրել]

Գոյություն ունեն Երկրի վրա կյանքի ծագման հետևյալ տեսությունները՝

Աբիոգենեզը անօրգանական նյութերից կենդանի էակների առաջացման տեսությունն է։ Աբիոգենեզի տարածված տեսություններից մեկը պատկանում է Ալեքսանդր Օպարինին։

Օպարին-Հոլդեյնի տեսությունը[խմբագրել]

Ալեքսանդր Օպարինը (աջից) լաբորատորիայում

Ներկայումս կենսաբանության մեջ ընդունվում է կյանքի աբիոգեն ծագման վարկածը, որը առաջարկվել է Օպարինի կողմից։ Ըստ նրա վարկածի կյանքի ծագման ճանապարհին տեղի են ունեցել էվոլյուցիոն բնույթի խոշոր փոփոխություններ, որոնք տեղի են ունեցել 3 աստիճաններով՝

  1. Կյանքի ծագման ճանապարհին առաջին աստիճանը եղել է անօրգանական նյութերից օրգանական նյութերի աբիոգեն, այսինքն ոչ կենսածին սինթեզը։ Դա տեղի է ունեցել ջրային միջավայրում։ Հավանաբար այսպիսի ջերմաստիճանում և քիմիական այնպիսի միջավայրում, որում հնարավոր էր անօրգանական նյութերից օրգանական նյութերի սինթեզը։
  2. Կյանքի ծագման ճանապարհին երկրորդ աստիճանը եղել է օրգանական մոլեկուլների խտացումը կամ կոացերվացիան։ Ջրային միջավայրում հավանաբար միանման կառուցվածք ունեցող օրգանական մոլեկուլները խմբավորվել են և առաջացրել ավելի խոշոր ագրեգատներ, որոնք կոչվել են կոացերվատներ։ Կոացերվատի ներսում տեղի են ունեցել քիմիական բարդ ռեակցիաներ, որոնց ընթացքում կարող էին առաջանալ գազանման ցնդող նյութեր, կամ ավելի բարդ օրգանական մոլեկուլներ, որոնք նստվածքի ձևով կարող էին մնալ կոացերվատի կազմում։ Քիմիական ռեակցիաների ընթացքում կոացերվատը սկսել է չափերով մեծանալ, դա ինչ որ տեղ կարելի է նմանեցնել սնման պրոցեսին։ Կոացերվատային կաթիլից նյութերի դուրս գալը և ներս մտնելը կարելի է նմանեցնել նյութափոխանակության պրոցեսին։ Հավանաբար կոացերվատի ներսում տեղի ունեցող քիմիական ռեակցիաների ընթացքում առաջացել են այնպիսի օրգանական մոլեկուլներ, որոնք նման են եղել նուկլեինաթթուների և ընդունակ են եղել ինքնավերարտադրման։
  3. Ինքնավերարտադրվող մոլեկուլների առաջացումը կյանքի ծագման ճանապարհին եղել է երրորդ աստիճանը։ Այս դեպքում 1 կոացերվատից կարող էին առաջանալ սրան նման մի քանի այլ կոացերվատներ։

Առաջին կենդանի օրգանիզմը, որը առաջացել է աբիոգեն ճանապարհով կոչվել է պրոբիոնդ։ Այդ օրգանիզմը դեռևս հեռու են եղել բջիջ կոչվելուց, թեպետ նրա մոտ նկատվել են կենդանի նյութին բնորոշ հատկանիշներ։ Օրինակ՝ պրոբիոնդը ընդունակ է եղել նյութափոխանակության, այսինքն համարվել է բաց համակարգ։ Պրոբիոնդը կարողացել է վերարտադրել իր նմանին։ Աստիճանաբար պրոբիոնդի մոտ ձևավորվել է պաշտպանիչ թաղանթ, որից հետագայում էվոլյուցիայի ընթացքում ձևավորվել է պլազմատիկ թաղանթը։

Ստացվում է, որ կյանքի ծագման ճանապարհին առաջին կենդանի օրգանիզմները եղել են աբիոգեն հետերոտրոֆներ։ Ծովի ջրում աբիոգեն ճանապարհով սինթեզված օրգանական մոլեկուլների պակասը հասցրել է այն բանին, որ առաջացել են առաջին ավտոտրոֆ օրգանիզմները, որոնք սնվել են քեմոսինթետիկ եղանակով։ Քեմոսինթեզի առաջացումով օրգանական բնության մեջ սննդառության ուղին բաժանվել է 2 մասի՝ ավտոտրոֆ և հետերոտրոֆ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png