Կռոնոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կռոնոս
Κρόνος
Cronos armé de la faucille (harpè) contre son père et divers médaillons pierre gravée crop.jpg

Դիցաբանություն՝ Հին հունական
Սեռ՝ արական
Այլ մշակույթներում՝ Սատուռն
Հայր՝ Ուրանոս
Մայր՝ Գեա
Ամուսին: Հռեա
Զավակներ՝ Հադես Զևս Պոսեյդոն

Կրոնոս (հուն.՝ Κρόνος), տիտան հին հունական դիցաբանության մեջ։ Ուրանոսի (երկինք) և Գեայի (Երկիր) որդին։ Կրոնոսը մոր՝ Գեայի սադրանքով տապալել է հորը և տիրել աշխարհին։ Կրոնոսը Հադեսի, Զևսի և Պոսեյդոնի հայրն էր։ Հոր ճակատագրին արժանանալու երկյուղից Կրոնոսը կուլ է տվել իր նորածին զավակներին։ Կինը՝ Հռեան, խորամանկորեն փրկել է կրտսեր որդուն՝ Զևսին, որը, հասակ առնելով, Կրոնոսին ստիպել է փսխել զավակներին։ Այնուհետև Զևսը եղբայրների օգնությամբ հաղթել է Կրոնոսին և նետել Տարտարոս։ Ըստ Հեսիոդոսի «Թեոգոնիայի», Կրոնոսի տիրակալության ժամանակը եղել է աշխարհի «ոսկեդարը»։ Այլ զրույցի համաձայն՝ Կրոնոսը տապալվելուց հետո թագավորել է Երանության կղզում։ Մինչհելլենիստական Հունաստանում Կրոնոսը պաշտվել է որպես հունձքի աստված։ Կրոնոսի տաճարը կառուցված էր Աթենքի Ակրոպոլսի ստորոտին։ Հռոմայեցիները Կրոնոսին նույնացրել են Սատուռնի հետ։ Երբեմն հուն. Χρόνος (ժամանակ) բառի նմանությամբ Կրոնոսին սխալմամբ կոչել են ժամանակի աստված։ Կրոնոսը պատկերվել է որպես տարեց այր, գլխաշորով, մանգաղը ձեռքին։ Զավակներին խժռող Կրոնոսի կերպարը արտացոլվել է գեղանկարչությունում (Ռուբենս, Գոյա)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png