Քաոս
Քաոս - հունական դիցաբանության աստվածներից։ Ըստ դիցաբանության` Քաոսից է սկիզբ առնում ամեն ինչը։ Քաոսը ապրել է մթության մեջ, որի պատճառով նրա կերպարանքը հնարավոր չէ նկարագրել։[1]
Ըստ հունական դիցաբանության` ամենից առաջ գոյություն է ունեցել միայն հավիտենական, անսահման մթին Քաոսը։ Նրա մեջ էր ամփոփված աշխարհի կյանքի աղբյուրը։ Ամեն ինչ առաջացել է Քաոսից` ամբողջ աշխարհն ու անմահ աստվածները։ Քաոսից է առաջացել նաև Երկրի աստվածուհին` Գեան։
Քաոսից է առաջացել Տարտարոսը` ահավոր անդունդը, լեցուն հավիտենական խավարով, Սերը` Էրոսը` ամեն ինչին կենդանություն տվող։
Սկսելով աշխարհի ստեղծումը` անսահման Քաոսը ծնեց հավերժական Խավարը` Էրեբոսը և մութ Գիշերը` Նիքսը։ Իսկ Խավարից ու Գիշերից առաջ եկան հավերժական Լույսը` Եթերը, պայծառ օրը` Հեմերան։ Գիշերն ու ցերեկը սկսեցին հաջորդել իրար։[2]