Jump to content

Մցխեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մցխեթաից)
Քաղաք
Մցխեթ
վրաց.՝ მცხეთა
Մցխեթ քաղաքի համայնապատկեր
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄխարեՇիդա Քարթլի
ՄունիցիպալիտետՄցխեթի
ՀամայնքՄցխեթի շրջան
Տվյալ կարգավիճակում1956 թվականից
ԲԾՄ460 մ
Պաշտոնական լեզուՎրացերեն
Բնակչություն7559 մարդ (2023)[1]
Ազգային կազմվրացիներ 96,5 %[2]
Կրոնական կազմՎրաց Ուղղափառ եկեղեցի
Տեղաբնականունմցխեթցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս3300
Փոստային դասիչ3300
Պաշտոնական կայքmtskheta.gov.ge
Մցխեթ (Վրաստան)##
Մցխեթ (Վրաստան)

Մցխեթ (վրաց.՝ მცხეთა, Մցխեթա), քաղաք Վրաստանի Շիդա Քարթլիի մարզում, Մցխեթի շրջանի վարչական կենտրոնը[3]։ Վրաստանի պատմական մայրաքաղաքներից մեկն է։ Բնակչությունը՝ 7559 մարդ (2023)[1]։

Ենթադրվում է, որ քաղաքի անունը ծագել է վրացական մոսխեր ցեղանունից։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Կուրի և Արագվիի միախառնման վայրում, Ռազմավիրական ճանապարհին։ Երկաթուղային կայարան է Թբիլիսի–Սամտրեդիա ճանապարհին, Թբիլիսիից 21 կմ հյուսիս։

Մցխեթը Վրաստանի հնագույն քաղաքներից է։ Այնտեղ կատարված հնագիտական պեղումներով հայտնաբերվել են ամրացված նստավայրերի, քաղաքային թաղամասերի, ինչպես նաև հին գերեզմանոցների (Սամթավրոյի գերեզմանաթմբեր, մ․թ․ա․ 2-1-ին հազարամյակ) մնացորդներ, որոնք վկայում են այդ տարածքում վաղ ժամանակներից (էնեոլիթ) նստակյաց բնակության մասին։ Հայտնաբերվել են նաև Արմազի միջնաբերդի (մ․թ․ա․ առաջին հազարամյակի երկրորդ կես - մ․թ․ առաջին հազարամյակի սկիզբ) ավերակները։

Քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. առաջին հազարամյակի երկրորդ կեսին։ Ըստ լեգենդի՝ քաղաքը հիմնադրել է լեգենդար Մցխեթոսը։ Վրացի պատմիչ Լեոնտի Մրովելին իր «Քարթլիս ցխովրեբա» աշխատության մեջ գրում է․

Քարթլոս արքայի մահվանից հետո նրա կինը երկիրը բաժանել է երկու եղբայրների միջև։ Ավագը՝ Մցխեթոսը, բնակություն հաստատեց Արագվի և Մթկվարի (Կուր) գետերի միախառնման վայրում, կառուցեց քաղաք և կոչեց իր անունով։
Սվետիցխովելի տաճար, 11-րդ դար

19-րդ դարի իսպանացի գրող Խուան Վան Հալենը, որ այս վայրերն այցելել էր, Մցխեթի մասին խոսելիս նաև նշում է, որ Նոյի անմիջական ժառանգներից մեկը՝ Մեսխեթը՝ քաղաքի հիմնադիրը, այն հայտարարեց իր մայրաքաղաքը ոչ միայն այս վայրի հմայքի, այլև տեղանքի հարմար դիրքի պատճառով։

Մ.թ.ա. 4-րդ դարում քարթվելական Ազո (Ազովի) արքայի կողմից քաղաքը հայտարարվել է Քարթլիի (Վիրք) թագավորության մայրաքաղաքը։ Վաղ միջնադարում Մցխեթը եղել է հոգևոր (Վրաց կաթողիկոսի նստավայրն էր 6-րդ դարից), քաղաքական, առևտրական խոշոր կենտրոն, նաև ռազմավարական ամրություն և նշանավոր վարչական կենտրոն։ 5-րդ դարում Քարթլիի մայրաքաղաք է դարձել Թբիլիսին։ Թբիլիսիի, որպես տնտեսական և վարչական կենտրոնի, վերելքի պայմաններում փոքրացել է Մցխեթի և նրա միջնաբերդի դերը, իսկ արաբների հարձակումը արագացրել է այդ գործընթացը։ 6-րդ դարից Մցխեթը Քարթլիի միայն հոգևոր կենտրոնն էր։ 11-12-րդ դարերում այն քաղաքատիպ բնակավայր էր։ Մինչ Սամեբա տաճարի կառուցման ավարտը, Մցխեթում էր գտնվում Վրաստանի պատրարքի ամբիոնը։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սամթավրո վանք, 11-րդ դար

Մեծ Մցխեթի հին շրջաններն են՝ Սարկինե, Ծիծամուրի, Նակուլբակևի, Կարսանի, Մուխտագվերդի, Կալոուբանի Կոդմանի։

Այստեղ են գտնվում Արմազի (Արմազցիխե) բերդի պարսպապատ բնակավայրերի, քաղաքային թաղամասերի մնացորդներ, գերեզմանատներ, Սամթավրո վանական համալիրը (11-րդ դարի գլխավոր վանքը) և Սվետիցխովելի մայր տաճարը։

Մցխեթի մոտ է տեղակայված երկրի հնագույն վանքերից մեկը՝ Ջվարին (6-րդ դար), Շիո Մգվիմի վանքը։ Տարածաշրջանի մշակութային հուշարձանները գտնվում են ՅՈւՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ և համաշխարհային ժառանգության ցանկում են ընդգրկված։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.geostat.ge/en/modules/categories/41/population
  2. Ethnic composition of Georgia 2014
  3. Հովհաննես Բարսեղյան (2006). «Վրացական տեղանունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 46. ISBN 99941-56-03-9.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ломтатидзе Г․ А․, Археологические раскопки в древнегрузинской столице Мцхета, Тбилиси, 1955
  • История Грузии, т․ 1, Тбилиси, 1962․
  • Мцхета: Итоги археологических исследований, Тбилиси, т. 1, 1958
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մցխեթ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 71) (հեղինակ — Հ․ Մկրտումյան)։