Էդուարդ Շպրանգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Շպրանգեր
գերմ.՝ Eduard Spranger
Ծնվել էհունիսի 27, 1882(1882-06-27)[1][2][3][…] Groß-Lichterfelde, Պոտսդամ, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 17, 1963(1963-09-17)[4][1][2][…] (81 տարեկան) Տյուբինգեն, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունմանկավարժ, հոգեբան, հեղինակ, փիլիսոփա և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Թյուբինգենի համալսարան, Լայպցիգի համալսարան և HU Berlin
Գործունեության ոլորտփիլիսոփայություն[5], մանկավարժություն[5] և կրթական համակարգ[5]
ԱնդամակցությունՊրուսիայի գիտությունների ակադեմիա, Հայդելբերգի գիտությունների ակադեմիա, Բեռլինի գիտությունների ակադեմիա, Ավստրիայի գիտությունների ակադեմիա և Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերHU Berlin[6]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1][5]
Գիտական ղեկավարՖրիդրիխ Պոլսեն[6] և Կառլ Շտումպֆ[6]
Եղել է գիտական ղեկավարGünter Scheele?, Wilhelm Birkemeier?[6], Alfred Buhrow?[6], Elfriede Heineken?[6] և Johannes Otto Kerstan?[6]
Պարգևներ
ՈւսուցիչԱլոիզ Ռիլ
 Eduard Spranger Վիքիպահեստում

Էդուարդ Շպրանգեր (գերմ.՝ Eduard Spranger; հունիսի 27, 1882(1882-06-27)[1][2][3][…], Groß-Lichterfelde, Պոտսդամ, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն - սեպտեմբերի 17, 1963(1963-09-17)[4][1][2][…], Տյուբինգեն, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի կյանքի փիլիսոփա, հոգեբան, մանկավարժ։ Եղել է Բեռլինի, Լայպցիգի և Թյուբինհենի համալսարանների պրոֆեսոր։

Էդուարդ Շպրանգերը հիմնավորել է կյանքի և մշակույթի փիլիսոփայության գաղափարները, մասնավորապես` «ըմբռնող հոգեբանության» օգնությամբ, որը հիմնված էր Վիլհելմ Դիլթայի մշակած «հոգևոր գիտությունների» սկզբունքների և Հայնրիխ Ռիկկերտի մշակած արժեքաբանության սկզբունքների վրա[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շպրանգերը ծնվել է 1882 թվականի հունիսի 27-ին Բեռլինում՝ խաղալիքների խանութի սեփականատեր Կարլ Ֆրանց Ադալբերգ Շպրանգերի (1829-1922) և այդ խանութի վաճառողուհի Հենրիետա Բերտա Շենեբեկի (1847-1909) ընտանիքում։ Պսակադրությունը տեղի է ունեցել 1884 թվականին, սակայն ավագ Շպրանգերը ճանաչել և փաստացիորեն հաստատել է իր հայրությունը։

Երբ լրացել է Էդուարդի վեց տարին, ծնողները նրան տեղավորել են իրական վարժարանում։ Նա գերազանց է սովորել, և 12 տարեկանում իր դասախոսներից մեկի աջակցությամբ տեղափոխվել է «Մոխրագույն վանքի մոտ» վարժարան՝ Բեռլինի հնագույն և հեղինակավոր վարժարաններից մեկը, որն ավարտել է 1900 թվականին։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում Էդուարդը դիտարկել է երաժշտական կրթություն ստանալու հնարավորությունները, սակայն ի վերջո նրա ընտրությունը կանգ է առել փիլիսոփայության վրա, և ընդունվել է Բեռլինի համալսարան, որտեղ սովորել է նաև հոգեբանություն, մանկավարժություն, պատմություն, տնտեսագիտություն, իրավունք, բանասիրություն և երաժշտական տեսություն։ Նրա դասախոսների թվում էին Ֆրիդրիխ Պաուլսենը, Վիլհելմ Դիլթայը, Էրիխ Շմիդտը և Օտտո Հինցեն։

1901 թվականին Շպրանգերի՝ դոկտորական ատենախոսությունը պաշտպանելու առաջին փորձն անհաջող է եղել։ Այդ ժամանակ նրա գիտական ղեկավարը Դիլթայն էր, որը Էդուարդին որպես որակավորման աշխատության թեմա առաջարկել էր «Ֆրիդրիխ Հենրիկ Յակոբիի զարգացման պատմությունը»։ 1905 թվականին Պաուլսենի և Շտումպֆի ղեկավարությամբ Շպրանգերը ստացել է դոկտորի աստիճան՝ պաշտպանելով ատենախոսություն իր կողմից ընտրված «Իմացաբանական պատմություն և հոգեբանական հիմունքները» թեմայով։

Բեռլինի համալսարանում ուսանելու ժամանակ Շպրանգերը ծանոթացել է Կատարինա Հենդլիխի հետ։ Վերջինիս հետ նա ողջ կյանքի ընթացքում ակտիվորեն նամակագրություն է վարել։

Մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշատախտակ տան ճակատին, որտեղ Էդուարդ Շպրանգերն ապրել է 1927-1946 թվականներին
Ֆաբեկշտրասսե, 13, Բեռլին

1909 թվականից Էդուարդ Շպրանգերը փիլիսոփայություն է դասավանդել Բեռլինի համալսարանում։ 1911-1920 թվականներին դարձել է Լայպցիգի համալսարանի, իսկ 1920-1944 թվականներին՝ Բեռլինի համալսարանի պրոֆեսոր։ 1936-1939 թվականներին Ճապոնիայում դասախոսություններ է կարդացել։ 1944 թվականին Շպրանգերը ձերբակալվել և բանտարկվել է Մոաբիթյան բանտում։ 1945 թվականին նշանակվել է Բեռլինի համալսարանի ռեկտոր։ 1946 թվականից մինչև իր հրաժարականը՝ 1953 թվականը, աշխատել է որպես Թյուբինհենի համալսարանի պրոֆեսոր։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականին Շպրանգերն արժանացել է շքանշանի «Գիտության և արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար»։

Կյանքի վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականին մահացել է Էդուարդի մտերիմ ընկեր Կատարինա Հենդլիխը, իսկ 1963 թվականին՝ կինը՝ Սյուզանը։ Շպրանգերը մահացել է կնոջ մահվանից հինգ ամիս անց և թաղվել նրա կողքին՝ Թյուբինհենի քաղաքային գերեզմանատանը։

Փիլիսոփայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Շպրանգերի փիլիսոփայական հայացքները, ինչպես նաև Հայնրիխ Ռիկերտի արժեքների ուսմունքը ձևավորվել են Վիլհելմ Դիլթայի գաղափարների և կյանքի փիլիսոփայության ազդեցության տակ։ «Կյանքի ձևեր» փիլիսոփայական շարադրությունում Շպրանգերը հիմնականում զարգացրել է ամբողջական կամ «կառուցվածքային» հոգեբանության գաղափարները, որը նա «հոգու մասին գիտությունների» և «բնության մասին գիտությունների» նեոկանտյան սահմանազատման ոգով հակադրել է բնագիտական «տարրերի հոգեբանությանը»։

Հոգեբանությունը՝ որպես գիտություն հոգու մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով Վիլհելմ Դիլթայի «Գիտություն հոգու մասին» մեթոդի կողմնակիցը, որը հիմնված է հոգևոր ամբողջականության ինտուիտիվ հասկացության վրա, Շպրանգերը, հիմնվելով հոգեբանական գործընթացները հենց այդ գործընթացների տեսանկյունից մեկնաբանելու մեթոդաբանական դիրքորոշման վրա, առաջ է քաշել «ըմբռնող հոգեբանություն» հասկացությունը։ Ըմբռնող հոգեբանությունը դիտարկում է հոգեկան գործընթացը որպես որոշակի ամբողջականություն իր իմաստաբանական հարաբերություններում, այսինքն՝ մշակույթի որոշակի բովանդակության մեջ նրա ներառվածությունը։ Իր հիմնական՝ «Կյանքի ձևերը», աշխատության մեջ Շպրանգերը ժխտում է այն տարրերի հոգեբանությունը, որոնք հոգեկան գործընթացները բաժանում են բաղադրիչ մասերի և հիմնվում են ֆիզիկայի և ֆիզիոլոգիայի տվյալների վրա։

Հոգևոր-գիտական հոգեբանության՝ որպես «հոգու մասին գիտություններից» մեկի հիմնական խնդիրը «օբյեկտիվ հոգու» հետ մարդու անհատական հոգևոր կառուցվածքի կապի ուսումնասիրությունն է և, համապատասխանաբար, վերացական մարդու ուղղվածության հիմնական տեսակների բացահայտումը, որը Շպրանգերի մոտ ստացել է «կյանքի ձևեր» բնորոշումը։

Հոգեբանության հիմնական սկզբունքը Շպրանգերի կարծիքով ըմբռնումն է՝ որպես օբյեկտիվ հոգու երևույթների իմաստային բովանդակության անմիջական ընկալման միջոց։ Հետևելով Դիլթայիին՝ Շպրանգերը կարծում է, որ հոգին

մարդկային «Ես»-ի միավորված գործողությունների, փորձառությունների և ռեակցիաների իմաստային փոխկապակցվածությունն է։

Ներքին և հասարակական հոգևոր կյանքի արժեքների կապի վերապրումն իրագործվում է «Ես»-ի գործունեության ակտերում, որոնցում իրացվում է որոշակի արժեքային համակարգ։

Հոգին փոխազդում է ոգու հետ, ընդ որում, հոգևոր աշխատանքի սկզբունքները և օրինաչափությունները ներունակ են հոգու, և սուբյեկտիվ

ամենուր և միշտ կա հետք՝ օբյեկտիվից։

Իր հերթին, Շպրանգերը օբյեկտիվը դուրս է բերել «կենսունակությունից», որը հանդես է գալիս «կառուցվածքի» կամ նույնիսկ «օրգանիզմների» տեսքով։ Նման կառույցներից մեկը հասարակությունն է՝ անհատական ամբողջականությունը, որում ընդգրկված են անհատները։

Բայց ինչպես հասարակությունը, այնպես էլ տարածության ու ժամանակի մեջ գործող այլ կառույցներ ու օրգանիզմներ իրենց իրական կառուցվածքում անճանաչելի են մեզ համար։

Հոգևոր կազմավորումների համար մենք չունենք ճանաչման այլ գործիք, բացի անհատական հոգևոր կառույցից։ Ուստի հասարակությունները, կառույցները, ինչպես գոյություն ունեն, տրանսցենդենտ են մեր ճանաչողության նկատմամբ։

Շպրանգերը բոլոր հոգևոր ձևերը ճանաչելու միակ ճանապարհը համարել է հոգու անհատական կառուցվածքի ընկալումը։ Նա կարծում էր, որ նույնիսկ հասարակական խմբերը դիտելով որպես գերհանրային ձևեր՝ անհնար է հասկանալ դրանց իմաստը այլ կերպ, քան հոգևոր անհատականության սխեմայի միջոցով։ Իսկ քանի որ անհատական հոգևոր կառույցները գոյություն ունեն կյանքի ձևերի տեսքով, այդ ձևերի պրիզմայով հասարակության ընկալումն ու ճանաչումը վերջնական ընկալումն ու ճանաչումն է։ Նրանց վրա չկա ոչ մի բարձրագույն, արտոնյալ ճանաչողական ատյան։

Հիմնվելով այս դատողությունների վրա՝ Շպրանգերը եզրակացրել է, որ սոցիոլոգիան՝ որպես սոցիալական գիտություն, որը կազմավորվել է բնական գիտությունների մոդելի հիման վրա, ի վիճակի չէ հասկանալ գիտությունը, արվեստը, կրոնը, մշակույթը որպես ամբողջություն՝ «լուծելով» դրանք վերացական սոցիալական կառույցներում և փոխազդեցություններում։ Նրա կարծիքով մշակույթի ալֆան և օմեգան անհատականությունն է, մարդը հոգու կրողն է, իսկ սոցիոլոգիայի համար կոնկրետ մարդ գոյություն չունի։ Այդ իսկ պատճառով Շպրանգերը կոչ էր անում ազատվել «սոցիոլոգիական պատրանքից», և սոցիոլոգիայի հանդեպ իր թշնամանքով մոտ էր իր ուսուցչին՝ Դիլթային։ Չնայած նա ընդունում էր սոցիալական ձևերի և մշակութային բովանդակության անքակտելի կապը, բայց վճռորոշ դերը հատկացնում էր ոչ թե հասարակական հարաբերությունների ձևերին, այլ

անհատական-մարդկային և առարկայական-մշակութային բովանդակություններին[8],

որոնք տեղակայվում են այդ ձևերի մեջ և սահմանում դրանց արժեքը։

Քանի որ սոցիալ-համայնքային և մշակույթի կյանքի միջև հարաբերությունները խզված են, մշակույթի ձևավորումն ու զարգացումը անհատների պարտքն է, որոնք, իրենց հերթին, այն վերագրում են պետությանը։ Այն վերջին հաշվով համարվում է այն ատյանը, որը միավորում է անհատական, այսինքն՝ ներմշակութային ամբողջականությունը օբյեկտիվ, մշակութային միասնության մեջ։ Այս դիրքորոշումը, մասնավորապես, տեսական հիմք է դարձել այն հսկայական աշխատանքի համար, որը Շպրանգերն իրականացրել է մանկավարժության, կրթության կազմակերպման և մշակութային քաղաքականության բնագավառում։

Ուսմունք կյանքի ձևերի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր «Կյանքի ձևեր» աշխատության մեջ Շպրանգերը զարգացրել է մարդկային գոյության հիմնական տեսակների մշակութափիլիսոփայական մեկնաբանությունը։ Այս տեսակները կամ կյանքի ձևերը պատմականորեն անփոփոխ կառույցներ են, որոնք մնում են կյանքի բազմազանության ու փոփոխականության մեջ և կապում անհատական հոգևոր ամբողջականությունը վերանհատական հոգևոր կազմավորումների հետ[9]։

Ըստ Շպրանգերի՝ անհատի ըմբռնումը հնարավոր է պատմական միջավայրի՝ մշակութային երևույթների նկատմամբ նրա վերաբերմունքի հիման վրա։ Առանձնացնելով մարդկային վեց հիմնական արժեքները՝ նա զարգացրել է կյանքի վեց ձևերի կամ մշակութա-հոգեբանական տեսակների մասին պատկերացումները, որոնցից յուրաքանչյուրին համապատասխանում է մոտիվացիայի, իրականության ընկալման, էմոցիոնալ-զգացմունքային ոլորտի կազմակերպման յուրահատուկ կառուցվածք[10]։

  1. Տեսական մարդ՝ նա, ում համար իր կյանքի բոլոր դրսևորումների բնույթը սահմանող գործունեության բարձրագույն ձևը ճանաչումն է։ Բոլոր մյուս արժեքները նրա համար երկրորդական են։ Մոտիվացիայի ոլորտում նա ձգտում է հաղթահարել էմոցիաները, փորձում է անկախ լինել մասնավոր, կոնկրետ նպատակներից, եթե չի կարող դրանք ներառել կյանքի և վարքի օրինաչափությունների համընդհանուր համակարգում։
  2. Տնտեսական մարդ՝ նա, ով կյանքի բոլոր հարաբերություններում կողմնորոշվում է դեպի օգտակարությունը։ Նրա համար ամեն ինչ դառնում է կյանքի պահպանման միջոց, գոյության համար պայքար։ Նա խնայում է նյութը, էներգիան, տարածությունը և ժամանակը, որպեսզի դրանցից առավելագույն օգուտ քաղի իր նպատակների համար։ Նրա մոտիվները տարբերվում են «տեսաբանի» մոտիվներից նրանով, որ տրամաբանության արժեքների փոխարեն որոշիչ դեր են խաղում օգտակարության արժեքները։
  3. Գեղագիտական մարդ՝ նա, ով «իր բոլոր տպավորությունները փոխակերպում է արտահայտությունների»։ Նրա մոտիվացիայի հատուկ ձևը «ձևի նկատմամբ ազատությունն» է, որն արտահայտվում է մասնավոր կարգի շարժառիթներով, ինչպիսիք են ինքնաիրացումը, «ինքն իրեն կառուցելը և ձևավորելը», գեղագիտական տեսունակության ունիվերսալացումը, ձևերի տոտալիզացումը։
  4. Սոցիալական մարդ՝ նա, ում կյանքի կազմակերպման սկզբունքը սերն է բառի կրոնական իմաստով։
  5. Իշխող մարդ՝ նա, ով կարող է գոյություն ունենալ ցանկացած արժեքային ոլորտում։ Նա ցանկանում է և կարող է ներշնչել այլ մարդկանց սեփական արժեքային դիրքորոշումները՝ որպես գործունեության շարժառիթ։ Ընդհանուր առմամբ, այսպիսի մարդու մոտիվացիան ուրիշների նկատմամբ գերակայության հասնելու ձգտումն է։ Մնացած բոլոր մոտիվացիաները օժանդակ են։ Եթե իշխող մարդուն սկսում են առաջ տանել ոչ այնքան ռացիոնալ հաշվարկն ու հանգամանքների իմացությունը, որքան անսահման երևակայությունը, ապա նա կանգնում է իշխող և գեղագիտական մարդու սահմանագծին։ Այսպիսին են եղել համաշխարհային պատմության մեծագույն նվաճողներից շատերը։
  6. Կրոնական մարդ՝ նա, ում ամբողջական հոգևոր կառուցվածքը մշտապես կենտրոնացած է բարձրագույնը հայտնաբերելու և արժեքային ապրման անսահման և բացարձակ բավարարվածություն ստեղծելու վրա[11]։

Շպրանգերը կարծում էր, որ յուրաքանչյուր մարդու մեջ կարող են տարբեր համամասնություններով ներկայացված լինել այս բոլոր արժեքների նկատմամբ կողմնորոշումները, սակայն դրանցից որևէ մեկը գերիշխող է։

Իր մշակութաբանական աշխատանքներում Շպրանգերը դիտարկել է հնությունը, քրիստոնեությունը և գերմանական իդեալիզմը՝ որպես ժամանակակից մշակույթի բովանդակությունը պայմանավորող հիմնական ուժեր։

Անհատական հոգու մասին տիպաբանական պատկերացումներից Շպրանգերը մանկավարժական եզրակացություններ է արել․ երեխաների դաստիարակության ժամանակ ուսուցիչը պետք է ինտուիտիվ հասկանա կողմնորոշման այն տեսակը, որը կարող է առաջատար դառնալ տվյալ երեխայի համար, և զինել նրան համապատասխան օպերացիոն կազմով։ Շպրանգերը ըմբռնող հոգեբանության մեթոդաբանական սկզբունքները իրականացրել է երիտասարդության հոգեբանության ուսումնասիրության ժամանակ։

Շպրանգերի ստեղծած մշակութահոգեբանական տիպաբանությունը հետագայում բազմիցս օգտագործվել է սոցիոլոգների և հոգեբանների կողմից անհատների և խմբերի կյանքի ոճերի վերլուծության համար։ Այս տիպաբանության հիման վրա Գ.Օլպորտի, Պ. Վերնոնի և Գ. Լինդզեյի կողմից մշակվել է արժեքների ուսումնասիրության թեստ, ինչպես նաև ստեղծվել է Ջ. Հոլլանդի հետաքրքրությունների թեստը։ Մշակութահոգեբանական տեսակների մասին պատկերացումների հիման վրա TTI Success Insights ընկերության ղեկավար Բիլ Ջ. Բոննստետերը մշակել է մարդու հիմնական մոտիվատորների առցանց-ախտորոշումը (https://ttisi.ru/about_Motivation PIAV-Personal Interests, Attitudes & Values), որը կիրառվում է անձնակազմի կառավարման՝ աշխատակիցների ընտրության, մոտիվացիայի, աշխատանքի արդյունավետության բարձրացման համար։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Շպրանգերը եվրոպական մշակույթի, պատմության, հոգեբանության, մանկավարժության, փիլիսոփայության և կրոնի հարցերի վերաբերյալ բազմակողմանի աշխատանքների հեղինակ է։

Գերմաներեն հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Die Grundlagen der Geschichtswissenschaft. Eine erkenntnistheoretisch-psychologische Untersuchung; Berlin 1905
  • Wilhelm von Humboldt und die Humanitätsidee; Berlin 1909
  • Die Idee einer Hochschule für Frauen und die Frauenbewegung; Leipzig 1916
  • Kultur und Erziehung. Gesammelte pädagogische Aufsätze; Leipzig 1919
  • Lebensformen. Geisteswissenschaftliche Psychologie und Ethik der Persönlichkeit; Halle 1921
  • Psychologie des Jugendalters; Leipzig 1924
  • Über Gefährdung und Erneuerung der deutschen Universität. Sonderdruck aus der Zeitschrift Die Erziehung; Leipzig 1930
  • Volk, Staat und Erziehung. Gesammelte Reden und Aufsätze; Leipzig 1932
  • Goethes Weltanschauung; Leipzig 1933
  • Schillers Geistesart, gespiegelt in seinen philosophischen Schriften und Gedichten; Berlin 1941
  • Die Magie der Seele. Religionsphilosophische Vorspiele; Berlin 1947
  • Pestalozzis Denkformen; Stuttgart 1947
  • Goethes Weltanschauung. Reden und Aufsätze; Leipzig 1949
  • Zur Geschichte der deutschen Volksschule; Heidelberg 1951
  • Aus Friedrich Fröbels Gedankenwelt; Heidelberg 1951
  • Pädagogische Perspektiven. Beiträge zu Erziehungsfragen der Gegenwart; Heidelberg 1951
  • Kulturfragen der Gegenwart; Heidelberg 1953
  • Gedanken zur Daseinsgestaltung (aus Vorträge, Abhandlungen und Schriften); München 1954
  • Mein Konflikt mit der Hitler-Regierung 1933, als Manuskript gedruckt im März 1955, geschrieben bereits 1945
  • Der geborene Erzieher; Heidelberg 1958
  • Der Philosoph von Sanssouci; Heidelberg 1962
  • Das Gesetz der ungewollten Nebenwirkungen in der Erziehung; Heidelberg 1962
  • Menschenleben und Menschheitsfragen. Gesammelte Rundfunkreden; München 1963

Ռուսերեն հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шпрангер Э. Психология юношеского возраста. = Psychologie des Jugendalters // «Педология юности». — М.-Л.: Литература, 1931.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Professorenkatalog der Universität Leipzig (գերմ.) — 2006.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Шпрангер Эдуард // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Mathematics Genealogy Project — 1997.
  7. Charle, Christophe; Schriewer, Jürgen (2004). Transnational Intellectual Networks: Forms of Academic Knowledge and the Search for Cultural Identities. Frankfort/New York: Campus Verlag.
  8. Philosophen-lexikon, Bd 2. — В., 1950. — s. 612–613
  9. Gaus, Gerald F. (1990). Value and Justification: The Foundations of Liberal Theory. New York: Cambridge University Press.
  10. Spranger, Eduard; (translated by) Pigors, P.J.W (1914). Types of Men. G. E. Stechert Company, 1928: Lebensformen; Halle (Saale).{{cite book}}: CS1 սպաս․ location (link)
  11. «Figure: Spranger's dimensions of value». Hfr.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шпрангер Эдуард // Новая философская энциклопедия: в 4 тт. / Под. ред. В. С. Стёпина. — М.: Советская энциклопедия, 2010. — 2816 с. — ISBN 978-5-244-01115-9
  • Шпрангер Эдуард // Философский энциклопедический словарь / Под. ред. Л. Ф. Ильичёва, П. Н. Федосеева, С. М. Ковалёва, В. Г. Панова. — М.: Советская энциклопедия, 1989. — 840 с. — ISBN 5-85270-030-4
  • Кондаков И. М. Шпрангер Эдуард // Психология. Иллюстрированный словарь / Под. ред. А. Г. Маклакова. — М.: Прайм-Еврознак, 2007. — 784 с. — (Большая университетская библиотека). — ISBN 5-93878-262-7
  • Попов Ю. Н. Шпрангер Эдуард // Большая советская энциклопедия: в 30 тт. — М.: Советская энциклопедия, 1969—1978.
  • Попов Ю. Н. Шпрангер Эдуард // Философская энциклопедия: в 5 тт. / Под. ред. Ф. В. Константинова. — М.: Советская энциклопедия, 1960. — 2520 с.
  • Ярошевский М. Г. История психологии: от античности до середины XX века / Под. ред. А. Г. Маклакова. — М.: Академия, 1996. — 416 с. — (Большая университетская библиотека). — ISBN 5-7695-0068-9
  • Croner E.E. Spranger. — B., 1933.
  • Gruhle H.W. Verstehende Psychology. — Stuttgart, 1948.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]