Jump to content

Կյանքի փիլիսոփայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անրի Բերգսոնը, Վիլհելմ Դիլթայը, Ֆրիդրիխ Նիցշեն և Արթուր Շոպենհաուերը

Կյանքի փիլիսոփայություն, 19-րդ դարի վերջի 20-րդ դարասկզբի փիլիսոփայական ուղղություն, որը կեցության նախահիմքը, աշխարհի նվիրական էությունը համարում է կյանքը։

Կյանքի փիլիսոփայանը բնորոշ է իռացիոնալիզմը. կենսական պրոցեսների, հոգեկան երևույթների ու հասարակական կյանքի ուրույնությունը և դրանց գիտական ճանաչողության դժվարությունները նրան հիմք են տվել պնդելու բնագիտության և առհասարակ բանականության ճանաչողական հնարավորությունների սահմանափակությունը։

Ըստ կյանքի փիլիսոփայության, բանականությունը բացահայտում է երևույթների սոսկ մեխանիզմը, կմախքը, իսկ աշխարհը որպես ամբողջական հարափոփոխ կենդանի պրոցես կարող է տրվել միայն նրա վերապրումի միջոցով, ինտուիցիայի շնորհիվ։ Աշխարհին հասու լինելու այս ձևը, ըստ կյանքի փիլիսոփայության, առավել չափով դրսևորվում է արվեստի մեջ։

Աշխարհի մեխանիստական բացատրությանը հակադրվելու իր միտումով կյանքի փիլիսոփայունը շարունակում է գերմանական ռոմանտիզմի ավանդույթը, սակայն զուրկ է նրան հատուկ հումանիստական ու լավատեսական պաթոսից։ Դա մանավանդ իրավացի է կյանքի փիլիսոփայության՝ Ա. Շոպենհաուերից սերող գծի, հատկապես Ֆ. Նիցշեի համար։ Կյանքի փիլիսոփայության մյուս տարբերակը ներկայացնում է Ա .Բերգսոնը իր համաէսթետիզմով։ Կյանքի փիլիսոփայության այս երկու գծերը նկատելիորեն շեղվում են դասական փիլիսոփայությունից և՝ հարցադրումներով, և՝ շարադրանքի եղանակով, որին բնորոշ են գեղարվեստական խոսքն ու պատկերը։

Կյանքի փիլիսոփայության շրջանակներում ձևավորվել է նաև դասական «ակադեմիական» հոսանք (Վ. Դիլթեյ, Գ. Զիմել, Օրտեգա ի Գասետ, Օ. Շպենգլեր), որը զբաղվել է պատմության («ոգու մասին գիտությունների») մեթոդաբանությամբ, «մշակույթի փիլիսոփայությամբ»:

Կյանքի փիլիսոփայությունը էքզիստենցիալիզմի ակունքներից է:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 489