Տրանսցենդենտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տրանսցենդենտ (լատ.՝ transcendent-այնկողմնային), միջնադարյան սխոլաստիկական փիլիսոփայությունից ժառանգված տերմին, նշանակում էր այն, ինչը գտնվում է փորձնական ճանաչողությանը մատչելի աշխարհից այն կողմ, իբրև ինքնուրույն և ինքնաբավ (այս իմաստով՝ բացարձակ) էություն, որը կարող է ճանաչվել միայն մտահայեցողական ճանապարհով։

Հակադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրանսցենդենտը հակադրվում է իմանենտին, որը թեպետև նույնպես անմիջականորեն տրված չէ փորձի մեջ, բայց ներհատուկ է առարկայական աշխարհի իրերին, ունի փորձնական դրսևորումներ և ճանաչելի է դրանց միջոցով։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմանուիլ Կանտը «Տրանսցենդենտ» տերմինն օգտագործել է իմացաբանական առումով, բանականության գաղափարները (այսինքն, ըստ էության, սուբստանցին, հոգուն, աշխարհին, որպես ամբողջության, վերաբերող փիլիսոփայական գաղափարները) բնութագրվում են իբրև տրանսցենդենտ, եթե դրանք կիրառվելիս ըմբռնվում են որպես իրական առարկաների հասկացություններ։

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանտի հետևողությամբ, XIX-XX դարերում տեսական բնագիտության և փիլիսոփայության մեջ սուբյեկտիվիստական էմպիրիզմի կողմնակիցները գտնում էին, որ փիլիսոփայության վերացական գաղափարներին (մատերիա, սուբստանց, պատճառականություն և այլն), ինչպես և բնագիտական տեսություններում փորձնական երևույթների բացատրության համար մուծվող վերացական էություններին (եթեր, ատոմ, քվարկ, բազմաչափ և անվերջչափանի տարածություն և այլն) երբեք չպետք է վերագրել բացարձակ օբյեկտիվ, ինքնուրույն, այսինքն՝ տրանսցենդենտ, գոյություն, այլ, քանի որ դրանք արտափորձային են, պետք է ընդունել որպես աշխատանքային միջոցներ (հիպոթեզներ) փորձի բացատրության համար։ Նրանք հետևողական մատերիալիստներին և իդեալիստներին կշտամբում էին տրանսցենդենտ էություններ ընդունելու համար։ Դիալեկտիկամատերիալիստական մեկնաբանությամբ, այդ գաղափարներն ու էություններն օբյեկտիվ, իրական բովանդակություն ունեն, բայց տրանսցենդենտ (ինքնուրույն և ինքնաբավ) չեն, որքանով որ կոնկրետի և վերացականի, երևույթի և էության, փորձի և տեսության միջև սահմանագիծը բացարձակ չէ, դրանց հարաբերությունը դիալեկտիկական է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png