Քարվաճառի ազատագրում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քելբաջարի ազատագրումից)
Քարվաճառի ազատագրում
Qelbajar henaket.jpg
Քարվաճառի ռազմական գործողությունը (1993 մարտի 27- ապրիլի 2)
Թվական 1993
Վայր ԼՂՀ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Պատճառ Ադրբեջանի իշխանությունների հայահալած քաղաքականությունը
Արդյունք Ապրիլի 1-ին Հայկական զորքերը ազատագրեցին Քարվաճառ

Քարվաճառի շրջանում տեղակայված ադրբեջանական ռազմական հենակետի ոչնչացման, բռնազավթված բնակավայրերի ազատագրման և ադրբեջանական բանակի լաչին-քելբաջարյան խմբավորման ջախջախման գործողություն։ Տեղի է ունեցել 1993մարտի 27-ից ապրիլի 2-ը։

Նախապատրաստական ռազմական գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարվաճառն իր դիրքով չափազանց կարևոր էր: Քարվաճառից էր հրետանակոծվում Մարտակերտը, Քարվաճառում տեղակայված թշնամու զինուժը մեծ վտանգ էր Ժահումյանի պարտիզանական ջոկատների համար համալրում հասցնող ինքնաթիռներին: Քարվաճառի ազատագրումը մեկ ուղղությամբ իրականացնել հնարավոր չէր. այն իրագործվեց երեք ուղղություններով միաժամանակյա հարձակմամբ: Վարդենիսի ուղղությամբ կրակակետերի հրետանային հետախուզությունն իրականացվեց հունվարին. պատրաստվեցին քսանից ավելի խոշոր կրակակետերի ու հենակետերի վերաբերյալ բոլոր տվյալները: Իսկ մարտին սկսվեց հրետանու՝ հիմնականում ԲՄ-21, Դ-20, Դ-30 եւ ինքնագնաց հրետանային կայանքների կրակադիրքերի զբաղեցումն ու նախապատրաստումը երեք՝ Զոդի, Ազիզլուի ու Զարքենդի ուղղություններով: Նախապատրաստական գործողություններն այս ուղղություններով ղեկավարում էին այսօր գնդապետներ Ալբերտ Մկրտչյանը, Վոլոդյա Մխիթարյանը եւ գեներալ-մայոր Մարտին Կարապետյանը, իսկ ողջ հրետանու գործողությունը համակարգում էր հրետանու վարչության շտաբի պետ գնդապետ Լևոն Միքայելյանը: Նախապատրաստական աշխատանքներ իրականացվել էին նաև Մարտակերտի ուղղությամբ, քանի որ այս կողմից ևս հարձակում էր պլանավորվում: Նախօրեին պաշտպանության բանակի շտաբը տեղափոխվեց Դրմբոն: Հրետանու մի մասն ուղարկվեց Քարվաճառի ճակատ, իսկ մյուս մասը մնաց պաշտպանելու Մարտակերտի թիկունքն ու հատկապես՝ դեպի Դրմբոն եւ Կուսապատ ձգվող ճանապարհը, որպեսզի թշնամին չկարողանար անցնել Քարվաճառը գրոհող ինքնապաշտպանության ուժերի թիկունք[1]:

Քարվաճառի ազատագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

1993-ի մարտի վերջին իրավիճակը կտրուկ սրվել է հյուսիսարևմտյան ռազմաճակատում։ Ադրբեջանական բանակի հրամանատարությունը հյուսիսարևելյան մարտագծում ղարաբաղյան ուժերի ուշադրությունը շեղելու նպատակով Քարվաճառում տեղակայված խմբավորումներին առաջադրանք է տվել թիկունքից հարվածել Մարտակերտի շրջանում տեղաբաշխված ղարաբաղյան ուժերին։ Դա ստիպել է Պաշտպանության բանակի (ՊԲ) հրամանատարությանը առժամանակ հետաձգել «Պուշկենյալ» բարձունքի գրոհը և հոգալ Լեռնային Ղարաբաղի հյուսիսարևմտյան դարպասների պաշտպանության մասին։ Կարճ ժամանակում ավարտելով զինուժի և տեխնիկական միջոցների վերախմբավորումը՝ ռազմաճակատի հյուսիսարևմտյան հատվածում ստեղծվել է պաշտպանական ուժեղ պատնեշ, որն ի չիք է դարձրել ադրբեջանական զինուժի Մարտակերտի շրջանում խորանալու բոլոր փորձերը։ Մարտի 27-ին ՊԲ ստորաբաժանումները, նախօրոք կանխարգելիչ հետախուզությամբ ուղեկցվող մի շարք հարվածներից հետո, 3 տարբեր ուղղություններով սկսել են Քարվաճառի ռազմական հենակետի ոչնչացման գործողությունը։ Հանկարծահաս հարվածներով ղարաբաղյան ուժերին հաջողվել է նույն օրն ազատագրել թշնամու զավթած Աղդաբան, Չարեքտար, Նարեշտար, Թազաքենդ բնակավայրերը և հասնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանին։ Նպատակ ունենալով ոչնչացնել հակառակորդի կրակակետերը և միաժամանակ ընդլայնել ու վնասազերծել կենսական կարևոր նշանակություն ունեցող Լաչինի միջանցքը` ՊԲ զինուժը մարտի 29-ին մտել է Քարվաճառի շրջանի Ենիքենդ և Աղաջաքենդ գյուղերը։ Մարտի 30-ին ոչնչացվել են հակառակորդի կրակակետերը Բաղրլու, Քեչիլիղայա, Չորման գյուղերում, որտեղից ամիսներ շարունակ պարբերաբար հրետակոծության են ենթարկվել Մարտակերտի շրջանի արևմտյան տարածքները։ Ապրիլի 2-ին հայկական զինուժը ազատագրել է Քարվաճառը Գանձակին կապող խաչմերուկը։ Շրջափակման մեջ է հայտնվել ադրբեջանական բանակի քելբաջարյան խմբավորումը։ Վերջիններիս օգնության հասնելու նպատակով, խաչմերուկի ուղղությամբ շարժվել են հակառակորդի 8 միավոր զրահատեխնիկա և շուրջ 250 հետևակ: Մարտագծի այդ հատվածում գործող ՊԲ-ի 30 զինվորից բաղկացած ջոկատը, իր վրա վերցնելով հարվածը, մտել է անհավասար մարտի մեջ։ Ճակատամարտի ընթացքում հայ մարտիկները ոչնչացրել են 3 միավոր զրահատեխնիկա և մոտ 60 զինվոր։ Հակառակորդի գործադրած շրջափակումը ճեղքելու բոլոր ջանքերն ապարդյուն են անցել։ Մարտակերտի, Մարտունի, Շուշիի պաշտպանական շրջանների և կենտրոնական ենթակայության ուժերի կողմից անցկացված Քարվաճառի ռազմական գործողությունն ավարտվել է Ադրբեջանի զինուժի լաչին-քելբաջարյան խմբավորման լիակատար ջախջախմամբ։ Արևելյան զորախմբի զորամասերի հետ փոխգործողությամբ զարգացնելով հարձակումը` ՊԲ ուժերը ապրիլի 5-ին դուրս են եկել Օմարի լեռնանցք։

Քարվաճառի ազատագրման գործողությանն աչքի ընկած զինվորականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գուրգեն Դալիբալթյան, Հրաչ Անդրեասյան-Արևմտյան ուղղություն
  • Մոնթե Մելքոնյան (Ավո)-Մարտակերտի ճակատ
  • Յուրի Խաչատուրով-Լաչինի միջանցքի ուղղություն
  • Ալբերտ Մկրտչյան
  • Վոլոդյա Մխիթարյան
  • Մարտին Կարապետյան
  • Սանասար Գյուրջյան
  • Արմեն Գրիգորյան
  • Արամ Առուշանյան
  • Վլադիկ Խաչատրյան
  • Ներսես Մուրադյան
  • Ռաֆայել Հակոբյան
  • Մուշեղ Նավոյան
  • Ֆելիքս Բագրատյան
  • Լեոնիդ Մարտիրոսով
  • Արմեն Ազարյան
  • Արթուր Փափազյան

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]