Տիգրան Պետրոսյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Պետրոսյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տիգրան Պետրոսյան | |
---|---|
Տիգրան Վարդանի Պետրոսյան | |
Պետություն(ներ) | ԽՍՀՄ |
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 17, 1929[1][2][3][…] |
Ծննդավայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][4] |
Մահվան ամսաթիվ | օգոստոսի 13, 1984[3][5] (55 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կոչում | ԽՍՀՄ շախմատի սպորտի վարպետ, միջազգային վարպետ[4] և գրոսմայստեր[4] |
365chess | Tigran_V_Petrosian |
Chesstempo համար | 244290 |
ICCF համար | 244290 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 1958[6], Շախմատային օլիմպիադա 1960[6], Շախմատային օլիմպիադա 1962[6], Շախմատային օլիմպիադա 1964[6], Շախմատային օլիմպիադա 1966[6], Շախմատային օլիմպիադա 1968[6], Շախմատային օլիմպիադա 1970[6], Շախմատային օլիմպիադա 1972[6], Շախմատային օլիմպիադա 1974[6] և Շախմատային օլիմպիադա 1978[6] |
Պարգևներ և մրցանակներ | |
Տիգրան Պետրոսյան Վիքիքաղվածքում | |
Tigran Petrosian Վիքիպահեստում |
Տիգրան Վարդանի Պետրոսյան (հունիսի 17, 1929[1][2][3][…], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][4] - օգոստոսի 13, 1984[3][5], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդահայ շախմատիստ[7], միջազգային գրոսմայստեր (1952) և շախմատի աշխարհի չեմպիոն 1963-1969 թվականներին, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1960), շախմատային տեսաբան և վերլուծաբան, «Շախմատային Մոսկվա» ամսագրի խմբագիր (1963-1966), «64» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր (1968-1977), փիլիսոփայական գիտությունների թեկնածու։ Նրա մականունն էր «Երկաթե Տիգրան», որը նրան շնորհվել է իր գրեթե անհաղթահարելի պաշտպանողական խաղաոճի պատճառով, որտեղ գլխավոր շեշտը դրվում էր ավտանգության վրա[8]։ Պետրոսյանին են վերագրում Հայաստանում շախմատի մասսայականացումը[9][10]։
Պետրոսյանը Շախմատի աշխարհի առաջնության հավակնորդ է եղել 8 անգամ (1953, 1956, 1959, 1962, 1971, 1974, 1977 և 1980 թվականներին)։ Նա 1963 թվականին Միխայիլ Բոտվիննիկի դեմ խաղում հաղթել է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը, 1966 թվականին Բորիս Սպասկու դեմ խաղում հաջողությամբ պաշտպանել է տիտղոսը, իսկ 1969 թվականին նույն Սպասկու դեմ խաղում՝ կորցրել։ Այսպիսով նա աշխարհի գործող չեմպիոն կամ Հավակնորդների մրցաշարի հաղթող է եղել մոտ տասը տարի՝ 3 հաջորդական եռամյա փուլերի ընթացքում։ Նա 4 անգամ հաղթել է ԽՍՀՄ առաջնությունում (1959, 1961, 1969 և 1975 թվականներին)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետրոսյանը ծնվել է Խորհրդային Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում՝ հայկական ընտանիքում, 1929 թվականի հունիսի 17-ին[11]։ Մանուկ հասակում նա իր եղբայր Հմայակի և քույր Վարդուշի նման հիանալի աշակերտ էր և սիրում էր սովորել։ Շախմատ խաղալ սովորել է 8 տարեկանում[12]։ Չնայած իր անգրագետ լինելուն՝ Տիգրանի հայրը՝ Վարդանը, քաջալերել է որդուն, որպեսզի նա շարունակի ուսումը, քանի որ նա կարծում էր, որ շախմատը դժվար թե իր որդուն ինչ-որ հաջողություն բերի կարիերայում[13]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Պետրոսյանը որբացել է և ապրուստ վաստակելու համար ստիպված է եղել ավլել փողոցները[11]։ Այդ ժամանակ էր, որ Պետրոսյանի լսողությունը սկսել է վատանալ․ այդ խնդիրը հետագայում ուղեկցել է նրան ամբողջ կյանքի ընթացքում։ 1969 թվականին Time ամսագրին տված հարցազրույցում նա հիշում էր[14]․
Պետրոսյանը օգտագործել է իր օրաբաժինը, որպեսզի գնի դանիացի գրոսմայստեր Արոն Նիմցովիչի «Շախմատային պրակտիկա»-ն՝ գիրք, որը, ինչպես հետագայում Պետրոսյանը նշել է, իր շախմատիստ դառնալու վրա ունցել է հսկայական ազդեցություն[13]։ Նա գնել է նաև Ռուդոլֆ Շպիլմանի «Զոհաբերության արվեստը շախմատում» գիրքը։ Մյուս խաղացողը, որը Տիգրան Պետրոսյանի վրա ունեցել է մեծ ազդեցություն, եղել է Խոսե Ռաուլ Կապաբլանկան[13]։ 12 տարեկանում նա Արչիլ Էբրալիձեի ղեկավարությամբ սկսել է մարզվել թբիլիսյան Պիոներների պալատում[12][15]։ Էբրալիձեն եղել է Նիմցովիչի և Կապաբլանկայի կողմնակից, և շախմատի հանդեպ նրա գիտական մոտեցումը չէր քաջալերելում վարել ագրեսիվ մարտավարություն և կակածելի կոմբինացիաներ։ Դրա արդյունքում Պետրոսյանը մշակել է ծանրակշիռ դիրքային սկզբնախաղերի ռեպերտուար, ինչպիսիք են Կարո-Կաննի պաշտպանությունը[13]։ Թբիլիսյան Պիոներների պալատում մեկ տարի մարզվելուց հետո նա միաժամանակյա ցուցահանդեսի ժամանակ հաղթել է հրավիրված խորհրդային գրոսմայստեր Սալո Ֆլորին[12][15]։
1946 թվականին Պետրոսյանը ստացել է սպորտի վարպետի կոչում։ Միայն այդ տարվա ընթացքում նա Վրաստանի շախմատի առաջնության ժամանակ ոչ ոքի է խաղացել Պաուլ Կերեսի հետ, ապա տեղափոխվել Երևան, որտեղ հաղթել է Հայաստանի շախմատի առաջնությունը և համամիութենական պատանեկան առաջնությունը։ Պետրոսյանը վարպետի կոչում է ստացել 1947 թվականին ընթացող ԽՍՀՄ առաջնության ժամանակ՝ չնայած չի կարողացել որակավորել եզրափակչի համար[15]։ Նա որոշել է բարելավել իր խաղը՝ ուսումնասիրելով Նիմցովիչի «Իմ համակարգն իրականում» և տեղափոխվելով Մոսկվա՝ ավելի մեծ մրցակցություն փնտրելու համար[12]։
Գրոսմայստեր Մոսկվայում
[խմբագրել | խմբագրել կոդը]1949 թվականին Մոսկվա մեկնելով[16]՝ Պետրոսյանի շախմատային կարիերան արագորեն աճ է գրանցել և խորհրդային մրցաշարերի ժամանակ նրա արդյունքները կայուն կերպով բարելավվել են։ 1951 թվականին տեղի ունեցած ԽՍՀՄ առաջնության ժամանակ նա գրավել է 2-րդ հորիզոնականը, ինչի շնորհիվ վաստակել է միջազգային վարպետի կոչում։ Հենց այս մրցության ժամանակ էր, որ Պետրոսյանն առաջին անգամ հանդիպել է աշխարհի այդ ժամանակվա գործող չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկին։ Խաղալով սպիտակներով և ստանալով մի փոքր ավելի վատ դիրք հենց խաղասկզբից՝ նա պաշտպանվել է։ Երկու անգամ խաղը հետաձգելուց հետո, երբ ընդհանուր առմամբ հակառակորդները տասնմեկ ժամ արդեն խաղացել էին, Պետրոսյանը հասել է ոչ-ոքիի[17]։ Այս մրցաշարի արդյունքում Պետրոսյանը որակավորվել է Ստոկհոլմում անցկացվող միջփնջային մրցաշարին։ Այս մրցաշարում զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը՝ Պետրոսյանը ստցել է գրոսմայստերի տիտղոս և որակավորել 1953 թվականին անցկացվող Հավակնորդների մրցաշար[18]։
1953 թվականին Հավակնորդների մրցաշարում Պետրոսյանը գրավել է 5-րդ տեղը, ինչից հետո նրա կարիերայում սկսել է լճացման ժամանակաշրջանը։ Նա, թվում էր, գոհ էր ավելի թույլ խաղացողների դեմ խաղից և գրոսմայստերի իր կոչման պահպանումից, այլ ոչ թե իր շախմատի բարելավումից կամ աշխարհի չեմպիոն դառնալու փորձից։ Այս ամենն ավելի պատկերավոր է, օրինակ, 1955 թվականի ԽՍՀՄ առաջնությունում․ Պետրոսյանը 19 պարտիաներում անպարտելի էր, բայց հաղթել էր միայն չորս պարտիայում և ոչ-ոքի խաղացել մյուս պարտիաներում, ընդ որում յուրաքանչյուր ոչ ոքի տևում էր քսան քայլ կամ ավելի քիչ։ Թեև նրա հետևողական խաղն ապահովում էր մրցաշարի համեստ արդյունքներ, բայց հասարակությունը, խորհրդային շախմատային ԶԼՄ-ները և իշխանությունները դրան ավելի բարձր էին նայում[18]։ Միջոցառման ավարտին լրագրող Վասիլի Պանովը հետևյալ մեկնաբանությունն է գրել մրցաշարի հավակնորդների մասին․ «Հաղթանակի իրական շանսեր, բացի Բոտվիննիկից և Իմաստովից, մինչև 15-րդ տուրն ունեն Գելլերը, Սպասկին և Թայմանովը։ Ես այդ խմբից միտումնավոր բացառում եմ Պետրոսյանին, քանի որ առաջին իսկ փուլերից վերջինս հասկացրեց, որ խաղում է ավելի թեթև, բայց նաև պատվավոր նվաճման համար՝ տեղ միջփնջային քառյակում[19]։»
Այս լճացման շրջանն ավարտվել է 1957 թվականին ԽՍՀՄ առաջնության ժամանակ, որի ընթացքում Պետրոսյանը խաղացել է 21 խաղ, հաղթլ 7-ը, պարտվել 4-ը և ոչ ոչքիով ավարտել մնացած 10-ը։ Թեև այս արդյունքը բավարար էր միայն 22 մասնակիցներից 7-րդ տեղի նվաճման համար, սակայն մրցաշարային խաղի նկատմամբ նրա ավելի հավակնոտ մոտեցումը մեծ երախտագիտությամբ է ընդունվել խորհրդային շախմատային հանրության կողմից։ 1959 թվականին նա նվաճել է ԽՍՀՄ-ի իր առաջին չեմպիոնությունը, իսկ ավելի ուշ՝ նույն թվականին Հավակնորդների մրցաշարում հաղթել է Պաուլ Կերեսին՝ ցուցադրելով իր հաճախ անտեսված տակտիկական ունակությունները։ Պետրոսյանը 1960 թվականին արժանացել է ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչման, իսկ 1961 թվականին նվաճել է երկրորդ խորհրդային տիտղոսը[20]։ Նրա գերազանց խաղը շարունակվել է մինչև 1962 թվականը, երբ նա հաղթել է Հավակնորդների մրցաշարում, ինչից հետո պիտի տեղի ունենար աշխարհի առաջնության՝ Պետրոսյանի առաջին հանդիպումը[18]։
Աշխարհի չեմպիոն (1963)
[խմբագրել | խմբագրել կոդը]1962 թվականին Ստոկհոլմում անցկացվող միջփնջային մրցաշարին մասնակցելուց հետո Պետրոսյանը որակավորվել է Կյուրասաոյում անցկացվող Հավակնորդների մրցաշարին, որի ընթացքում մրցել է Պալ Բենկոյի, Միրոսլավ Ֆիլիպի, Բոբբի Ֆիշերի, Էֆիմ Գելլերի, Պաուլ Կերեսի, Վիկտոր Կորչնոիի և Միխայիլ Տալի հետ։ Ներկայացնելով Խորհրդային Միությունը՝ Պետրոսյանը հաղթել է մրցաշարը՝ հավաքելով 17½ միավոր․ նրան հաջորդում էին խորհրդային շախմատիստներ Գելլերը և Կերեսը (17 միավոր), ապա Բոբի Ֆիշերը (14 միավոր)[21]։ Ավելի ուշ Ֆիշերը խորհրդային շախմատիստներին մեղադրել էր ոչ ոքիների կազմակերպման մեջ, ինչպես նաև այն բանում, որ նրանք «միավորվել են» իր դեմ, որպեսզի խանգարեն նրան հաղթել մրցաշարում[22]։ Նա որպես այդ պնդման ապացույց բերել է այն փաստը, որ Պետրոսյանի, Գելլերի և Կերեսի միջև խաղացած բոլոր 12 խաղերը ավարտվել էին ոչ ոքիով։ Վիճակագիրները նշել են, որ երբ խորհրդային շախմատիստները խաղում էին միմյանց դեմ, միջինում 19 քայլ էին անում, իսկ մյուս երկրները ներկայացնող շախմատիստների դեմ՝ 39,5 քայլ։ Չնայած Ֆիշերի մեղադրանքները միանշանակ չէին, ՖԻԴԵ-ն հետագայում ճշգրտել է կանոններն ու ձևաչափը, որպեսզի փորձի կանխել Հավակնորդների մրցաշարում տեղի ունեցող ապագա հավանական խարդախությունները[21]։
Հաղթելով Հավակնորդների մրցաշարում՝ Պետրոսյանը իրավունք է ստացել վիճարկել աշխարհի չեմպիոնի տիտղոսը գործող չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի հետ, ինչի համար պիտի խաղար 24 խաղ։ Բացի շախմատով զբաղվելը՝ Պետրոսյանը խաղին նախապատրաստվում էր նաև ամեն օր մի քանի ժամ դահուկ քշելով։ Նա կարծում էր, որ այդպիսի երկար մրցման ժամանակ կարևոր դեր էր խաղալու նաև ֆիզիկական պատրաստվածությունը[21]։ Եթե մրցաշարերում բազմաթիվ ոչ ոքիները կարող էին խանգարել խաղացողին զբաղեցնել առաջին տեղը, ապա դեմ առ դեմ խաղի դեպքում ոչ ոքիները չէին ազդում վերջնական արդյունքի վրա։ Այս առումով Պետրոսյանի խաղի զգուշավոր ոճը լավ էր ընտրված խաղի համար, քանի որ նա կարող էր պարզապես սպասել, մինչև իր հակառակորդը սխալներ թույլ տար, ինչից հետո նա օգուտ քաղեր դրանցից[23]։ Պետրոսյանը, 15 անգամ ոչ ոքիի խաղալով՝ 5:2 հաշվով հաղթել է Բոտվիննիկին՝ ապահովելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը[24]։ Մրցախաղի հաղթողը ստացավ 2000, պարտվողը՝ 1200 ռուբլի։ Մրցախաղի հանդիսավոր փակումից հետո Հայկական ԽՍՀ կոմպոզիտորների միությունը Պետրոսյանին նվիրեց ԳԱԶ-21 նոր ավտոմեքենայի բանալիներ[25]։ Պետրոսյանը մեքենան վարում էր վատ և դժկամությամբ[26]։
Աշխարհի չեմպիոն տիտղոսի պահպանում և կորուստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դառնալով աշխարհի չեմպիոն՝ Պետրոսյանը հանդես է եկել ոչ միայն Մոսկվայի, այլև Խորհրդային Միության համար շախմատային թերթ հրատարակելու օգտին։ Այս թերթը հայտնի է դարձել «64» անվամբ[27]։ Պետրոսյանը, սովորելով Երևանի պետական համալսարանում, ստացել է փիլիսոփայական գիտությունների մագիստրոսի աստիճան․ նրա 1968 թվականի թեզը կոչվում էր «Շախմատային տրամաբանություն․ շախմատային մտածողության տրամաբանության որոշ խնդիրներ»[20]։
1966 թվականին՝ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց 3 տարի անց, Պետրոսյանը պիտի պաշտպաներ իր տիտղոսը Բորիս Սպասկու հետ խաղում։ Պետրոսյանը, ավելի շատ հաղթանակներ տանելով, քան խաղը ոչ ոքի ավարտելով[28], պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը․ դա հաջողվել էր նաև Ալեքսանդր Ալյոխինին, որը 1934 թվականին հաղթել էր Էֆիմ Բոգոլջուբովին[22]։ Այնուամենայնիվ, 1969 թվականին Մոսկվայում անցկացվող Հավակնորդների մրցաշարում Սպասկին հաղթանակի է հասել Էֆիմ Գելլերի, Բենտ Լարսենի և Վիկտոր Կորչնոիի հանդեպ, ինչի արդյունքում հնարավորություն է ստացել ռևանշի հասնել Պետրոսյանի նկատմամբ։ Պետրոսյանը պարտվել է խաղը 12½–10½ հաշվով և կորցրել աշխարհի չեմպիոնի կոչումը։
Հետագա կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1971-1980 թվականներին հավակնորդների մրցախաղերում շարունակել է պայքարը աշխարհի չեմպիոնի կոչման համար։ Մասնակցել է միջփնջային մրցաշարերի․ Բիլ (1976)՝ 2-4-րդ տեղեր, Ռիո դե Ժանեյրո (1979)՝ 1-3-րդ տեղեր։ ԽՍՀՄ հավաքականի կազմում 9 անգամ հաղթել է շախմատի օլիմպիադաներում (1958—1974), 8 անգամ (1957—1983)՝ Եվրոպայի թիմային առաջնություններում։ 16 անգամ մասնակցել է ԽՍՀՄ առաջնություններին, երկրի թիմային առաջնությունների հաղթող է, Մոսկվայի չեմպիոն (1951 և 1956), միջազգային բազմաթիվ մրցաշարերի մասնակից։ ԽՍՀՄ հավաքականի կազմում հանդես է եկել Անգլիայի, Արգենտինայի, Հունգարիայի, ԱՄՆ-ի, ԳՖՀ-ի Շվեդիայի, Հարավսլավիայի և այլ երկրների շախմատիստների դեմ։ 1970 թվականին կայացած «դարի մրցախաղի» (ԽՍՀՄ հավաքականն ընդդեմ աշխարհի հավաքականի) մասնակից է[29]։
Տիգրան Պետրոսյանին են պատկանում բազմաթիվ ռեկորդներ։ ԽՍՀՄ վեց առաջնություն նա անցկացրել է առանց պարտության։ Շախմատի տասը համաշխարհային օլիմպիադայում (1958-1978) նա հասել է տպավորիչ արդյունքի՝ 79 հաղթանակ, 50 ոչ-ոքի և ընդամենը 1 պարտություն։ Հիսուն տարեկանում նա երկրորդ անգամ դարձել է շախմատի միջփնջային մրցաշարի հաղթող (Պորտիշի և Հյուբների հետ համատեղ)[30]։
1964 թվականին Արփադ Էլոն հրապարակել է Էլոյի վարկանիշի առաջին ոչ պաշտոնական միջազգային ցուցակը, որը 2690 վարկանիշով գլխավորում էին Պետրոսյանն ու Ռոբերտ Ֆիշերը[31]։ Զիջելով շախմատային թագը՝ Պետրոսյանը դեռ երկար տարիներ աշխարհի ուժեղագույն շախմատիստների շարքում էր[32]։
1984 թվականից շախմատիստի կենտրոնական տունը կրում է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անունը։
Խաղաոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիգրան Պետրոսյանը պահպանողական, զգույշ և վերին աստիճանի պաշտպանողական խաղաոճով շախմատիստ էր։ Նրա վրա մեծ ազդեցություն է թողել Նիմցովիչի կանխարգելման գաղափարը։ Նա ավելի շատ ջանքեր էր գործադրում հակառակորդի հարձակումները կանխելու համար, քան իր հարձակումները կազմակերպելու համար։ Նա շատ հազվադեպ էր հարձակվում. միայն այն դեպքում էր հարձակվում, երբ զգում էր, որ գտնվում է լիովին անվտանգ դիրքում։ Սովորաբար նա հաղթում էր՝ խաղալով հետևողականորեն, մինչև իր հակառակորդը սխալ թույլ տար։ Այսպիսով, նա հաղթում էր՝ օգտվելով հակառակորդի սխալներից և չբացահայտելով իր թույլ կողմերը։ Համբերատարությունը և պաշտպանվելու վարպետությունը Տիգրան Պետրոսյանին դարձնում էին դժվար պարտվող շախմատիստ։
Ակումբներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փարիզում գործում է Տիգրան Պետրոսյանի անվան ակումբ, որի նախագահն է Ֆրանկ-Վազգեն Բայրամյանը (Ֆրանսիա), պատվավոր նախագահն էր շախմատի միջազգային կազմակերպիչ Գագիկ Հովհաննիսյանը (Հայաստան), քարտուղարն է Հելեն Բայրամյանը (Ֆրանսիա)[33]։
-
Տիգրան Պետրոսյանին նվիրված նամականիշ
-
Տիգրան Պետրոսյան
-
Տիգրան Պետրոսյանի կիսանդրին Օղակաձև զբոսայգում Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան մոտ
-
Տիգրան Պետրոսյանի կիսանդրին Երևանի շախմատի տանը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Петросян Тигран Вартанович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 264.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 OlimpBase
- ↑ Saidy, Anthony (1973 թ․ փետրվար). «Interviewing the Soviet Stars» (PDF). Chess Life & Review. 28 (1–6): 69. «CL&R: The newspaper here called you a Russian. You live in Moscow but you received your degree as Master of Philosophy at Yerevan University in Armenia ... Petrosian: Abroad, they call us all Russians. I am a Soviet Armenian.»
- ↑ Vasiliev, 1974, էջ 27
- ↑ Parkinson, Joe (2012 թ․ դեկտեմբերի 3). «Winning Move: Chess Reigns as Kingly Pursuit in Armenia». The Wall Street Journal. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «In Armenia chess is king and grandmasters are stars». The Independent. 2010 թ․ մայիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ 11,0 11,1 Saidy, 1972, էջեր 102–04
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 Sunnucks, 1970, էջեր 353–54
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 Vasiliev, 1974, էջեր 15–22
- ↑ Chelminski, 1969, էջ 42
- ↑ 15,0 15,1 15,2 Clarke, 1964, էջեր 11–12
- ↑ Ennis, Thomas W. (1984 թ․ օգոստոսի 15). «Tigran Petrosian Dies in Moscow: World Chess Champion in 1960's». The New York Times.
- ↑ Vasiliev, 1974, էջ 43
- ↑ 18,0 18,1 18,2 Winter, 1981, էջեր 103–04
- ↑ Vasiliev, 1974, էջ 60
- ↑ 20,0 20,1 Vasiliev, 1974, էջ 7
- ↑ 21,0 21,1 21,2 Schonberg, 1973, էջեր 246–47
- ↑ Evans, Larry (1972 թ․ հուլիսի 9). «Fischer on Russian Cheating». The Register-Guard.(չաշխատող հղում)
- ↑ Vasiliev, 1974, էջեր 11–13
- ↑ Schonberg, 1973, էջ 248
- ↑ «Армянские болельщики подарили отцу ключи от новой машины, а грузинские в ответ — картину». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 6-ին.
- ↑ Петросян Тигран Вартанович. Чемпион мира по шахматам, «Вестник Замоскворечья», 2009
- ↑ Vasiliev, 1974, էջեր 155–86
- ↑ «History of the World Chess Championship – Petrosian vs. Spassky 1966». Chessgames.com.
- ↑ A look back at the 1970 USSR vs. Rest of the World
- ↑ «ТИГРАН ПЕТРОСЯН». Федерация шахмат России (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Великий шахматный "левша"». golosarmenii.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «ТИГРАН ПЕТРОСЯН». web.archive.org. 2012 թ․ հունիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Փարիզում բացվել է Տիգրան Պետրոսյանի անվան ակումբ Արխիվացված 2020-09-28 Wayback Machine, tert.am
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիգրան Պետրոսյան» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիգրան Պետրոսյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիգրան Պետրոսյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 264)։ |
|
- Հունիսի 17 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 13 մահեր
- 1984 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Աշխատանքային արիության համար» մեդալակիրներ
- ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետներ
- Գյումրու պատվավոր քաղաքացիներ
- Անձինք այբբենական կարգով
- Շախմատիստներ այբբենական կարգով
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Անձինք նամականիշերի վրա
- Հայ գրոսմայստերներ
- Հայ լրագրողներ
- Հայ շախմատիստներ
- Շախմատային օլիմպիադաների մասնակիցներ
- Շախմատի Հայաստանի չեմպիոններ
- Շախմատի աշխարհի չեմպիոններ
- Շախմատի գրոսմայստերներ
- Վիրահայ շախմատիստներ
- Փիլիսոփայական գիտությունների թեկնածուներ
- Քաղցկեղից մահացածներ