20-րդ շախմատային օլիմպիադան անցկացվել է 1972 թվականի սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 13-ը[1]։ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեն պատմության մեջ առաջինը դարձավ միանգամից շախմատային երկու՝ տղամարդկանց 20-րդ և կանանց 5-րդ օլիմպիադաների կազմակերպիչ։ 1963 թվականի հուլիսին քաղաքը տուժել էր ուժեղ երկրաշարժից և ամբողջովին ավերվել էր։ Համեմատաբար կարճ ժամանակում (մոտ 10 տարի) Սկոպյեն միջազգային նշանակալի աջակցության շնորհիվ գրեթե նորովի վերակառուցվեց. այս փաստը դարձավ միջազգային համերաշխության խորհրդանիշ։
Դեռևս քաղաքի վերականգնման նախագծի մշակման ժամանակ նախատեսվել էր ստեղծել ցուցահանդեսային համալիր։ ՖԻԴԵ-ի որոշումը՝ Սկոպյեում անցկացնելու հերթական 20-րդ օլիմպիադան, անհրաժեշտություն առաջացրեց հատուկ օլիմպիական գյուղ կառուցելու՝ բաղկացած 80 քոթեջներից և մեկ ժամանակակից «Պանորամա» հյուրանոցից։ Երկրորդ հյուրանոցը՝ «Կոնտինենտալ»-ը կառուցվել էր ավելի վաղ, երեք ցուցահանդեսային տաղավարներից ոչ հեռու, որոնք երկու օլիմպիադաների մրցումների ժամանակ վերակազմավորվում էին խաղային հրապարակների։ Դրանցից մեկում խաղում էին կանայք, մյուս երկուսում՝ տղամարդիկ։ Մրցախաղային շինությունների կողքին տեղադրված էր մամուլի կենտրոնը՝ 250 հավատարմագրված լրագրողների համար։ Հենց այստեղ էին գտնվում փոստարկղերը և հուշանվերների կրպակները, ինչպես նաև շախմատային գրականությամբ գրախանութներ։ Այս կրպակներից մեկում ցուցադրվել է թանկարժեք մի հուշանվեր՝ սպիտակ և մանուշակագույն բյուրեղապակուց պատրաստված շախմատային հավաքածու։ Սկոպյեի օլիմպիադան դարձավ շախմատային մրցաշարերի պատմության մեջ վիթխարի միջոցառումներից մեկը, որին մասնակցել են ռեկորդային քանակությամբ երկրներ, մասնակիցներ, հյուրեր և սպասարկող անձնակազմ։ Մրցաշարի կազմակերպումը նշանակալի ջանքեր և միջոցներ պահանջեց։ Կազմակերպիչներին մեծագույն օգնություն ցուցաբերեց պետությունը։ Մրցաշարին նախապատրաստվելու երկու տարիների ընթացքում կազմկոմիտեն՝ տնօրեն Ի. Իվանովսկու գլխավորությամբ, հսկայական աշխատանք կատարեց։ Այն շինություններում, ուր անցկացվում էին մրցումները, տեղադրվեցին շախմատային ցուցատախտակներ, որոնք մշտապես բազմաթիվ ուշադրության կենտրոնում էին։ Ամեն օր Օլիմպիադա էր այցելում մոտ 2000 մարդ (ընդհանուր 40 000 տոմս էր վաճառվել)։ 20-րդ օլիմպիադան երկիր-մասնակիցների քանակով՝ 63 դարձավ ռեկորդային։
Սկոպյե են ժամանել մոտ 40 գրոսմաստերներ և մի քանի տասնյակ միջազգային վարպետներ։ Նրանց թվում էին աշխարհի էքս-չեմպիոն Պետրոսյանը (նա գլխավորում էր ԽՍՀՄ-ի թիմը), Տալը, Սմիսլովը։ Սակայն ոչ բոլոր թիմերն էին ներկայացել ուժեղագույն կազմով։ ԽՍՀՄ-ի թիմում չէր Սպասսկին, որը հենց այդ ժամանակ էր ավարտել աշխարհի առաջնության մրցախաղը Ֆիշերի հետ։ Ֆիշերը իր մասնակցության դիմաց պահանջել էր 150 000 դոլար, ավելի քիչ հոնորարներ (20 000 դոլար) ուզել էին Լոմբարդին և Էվանսը։ Սակայն նրանց հայտերը չեն բավարարվել, և նրանք մնացել էին տանը։ Արգենտինական թիմը եկել էր առանց Նայդորֆի, Պաննոյի և Սանգինետտիի։ Փորձառու շախմատիստների բացակայությամբ պայմանավորված նրանց տեղերը զբաղեցրել էին երիտասարդները։ Առաջին անգամ ներկայացողներ հայտնվեցին ԽՍՀՄ-ի, Հունգարիայի, Հարավսլավիայի, ԳԴՀ-ի թիմերում, ԳՖՀ-ի թիմը առաջին անգամ գլխավորում էր Հյուբները։ Նրանցից ոչ բոլորը հանդես եկան հաջողությամբ։
Ըստ կանոնակարգի՝ սեպտեմբերի 18-ին XX օլիմպիադայի գլխավոր մրցադատավոր, ՖԻԴԵ-ի նախագահ Մաքս Էյվեն և նրա տեղակալներ Ալեքսանդր Կոտովը և Բրասլավ Ռաբարը, կիսաեզրափակիչ խմբերում թիմերի բաշխում կատարեցին։ Որոշվեց՝ 63 թիմեր-մասնակիցներին բաժանել ութ կիսաեզրափակիչներում։ Խմբերի բաժանումը առաջին անգամ իրականացվեց համակարգչով, թիմերի միջին գործակիցների հիման վրա՝ Էլոյի համակարգով։ Խոշորագույն գործակիցներ ունեին ԽՍՀՄ-ի, Հարավսլավիայի, Հունգարիայի, ԳՖՀ-ի, Չեխոսլովակիայի, ԳԴՀ-ի, Բուլղարիայի և ԱՄՆ-ի թիմերը։ Նրանք բոլորը գլխավորեցին կիսաեզրափակչի խմբերը։ Յուրաքանչյուր կիսաեզրափակչի երկուական թիմերը կազմվում էին մեկ քառորդ եզրափակիչների՝ 15-16 թիմերով, որտեղ էլ խաղարկվում էին 20-րդ Օլիմպիադայի բոլոր 63 տեղերը։ Հարկ է նշել, որ Սկոպյեում կազմակերպիչների առաջարկությամբ և ՖԻԴԵ-ի նախագահի համաձայնությամբ կիսաեզրափակիչ խաղերի արդյունքները չէին հաշվարկվում վերջնախաղի ժամանակ։ Այնուհետև տեղի ունեցավ կիսեզրափակիչ խմբերի վիճակահանություն։ Բոլիվիայի և Սիրիայի շախմատիստները ժամանեցին հենց առաջին մրցափուլի մեկնարկից առաջ։ Սիրիայի, ինչպես նաև Ուելսի, Իրաքի և Մալազիայի թիմերի համար 20-րդ Օլիմպիադան դեբյուտային էր։
Գերմանական թիմը հաղթել է 7 խաղում և արժանացել կիսաեզրափակչի լավագույն ցուցանիշին։ 2-րդ տեղը գրավեց Արգենտինայի թիմը հաղթելով շատ կարևոր խաղում, ընդդեմ Իսլանդիայի։